Սեղմել Esc փակելու համար:
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0066/01/17

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

Տ. Սահակյան

Ս. Մարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի ապրիլի 19-ին                  ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Հովհաննես Սուրենի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ պաշտպան Է.Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2016 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ հարուցվել է թիվ 11820616 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

2016 թվականի նոյեմբերի 28-ին նախաքննության մարմնի կողմից թիվ 11820616 քրեական գործով Հովհաննես Սուրենի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, և հայտարարվել է հետախուզում:

1.1. Նախաքննության մարմնի` 2016 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ թիվ 11820616 քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:

2017 թվականի ապրիլի 28-ին Հ.Առաքելյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

1.2. Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

2017 թվականի մայիսի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Դատական քննության արագացված կարգի կիրառմամբ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի փետրվարի 21-ի դատավճռով Հ.Առաքելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և պատիժ է նշանակել` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 8 (ութ) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 3 (երեք) տարի 8 (ութ) ամիս ժամկետով, իսկ կիրառված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:

Նույն դատավճռով տուժող և քաղաքացիական հայցվոր Լիաննա Հակոբյանի քաղաքացիական հայցը բավարարվել է և վճռվել ամբաստանյալ Հ.Առաքելյանից հօգուտ Լիաննա Հակոբյանի բռնագանձել 307.125 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախաքննության մարմնի 2017 թվականի մայիսի 19-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված «Սամսունգ Գալաքսի Ա-5» տեսակի բջջային հեռախոսների տուփերը վերադարձնել տուժող Լ.Հակոբյանին:

2.1. Առաջին ատյանի դատարանը նույն օրը որոշում է կայացրել դատավճռում թույլ տրված անհստակությունն ուղղելու վերաբերյալ, որի համաձայն` դատավճռի եզրափակիչ մասում նշվել է «Պատժի կրման սկիզբը հաշվել 21.02.2019 թ.-ից» նախադասությունը:

3. Պաշտպան Է.Աղաջանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 21-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Է.Աղաջանյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Նախաքննության մարմնի կողմից Հովհաննես Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) Նա 2016թ. սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Լիաննա Համլետի Հակոբյանի վարձակալած` Երևան քաղաքի Արարատյան 4-րդ նրբ. 38/4 տանը, որտեղ մնացել է մինչև 2016թ. սեպտեմբերի 21-ը և նույն օրը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ժամը 05:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված բնակարանից գաղտնի հափշտակել է խոշոր չափերի, ընդհանուրը` 565.000 ՀՀ դրամ արժողության, Լ.Հակոբյանին պատկանող 250.000 ՀՀ դրամ և 240.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ Գալաքսի Ա-5» տեսակի 2 բջջային հեռախոսներ, 35.000 ՀՀ դրամ արժողության մեկ զույգ ոսկյա ականջօղեր, 40.000 ՀՀ դրամ գումար, Լիաննա Հակոբյանի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիրը և 2016թ. սեպտեմբերի 27-ին հեռացել է Հայաստանի Հանրապետությունից»(1):

__________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 70:

 

i

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ է մտել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը (...)

i

Նկատի ունենալով, որ համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված պահանջագրի` Հովհաննես Առաքելյանը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հանցավոր արարք կատարելու մեջ և նշված քրեական գործով դատաքննությունը դեռևս չի ավարտվել` դատարանը գտնում է, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը ամբաստանյալ Հովհաննես Առաքելյանի նկատմամբ կիրառելի չէ:

Դատարանը գտնում է, որ իր նկատմամբ նշանակված պատիժն ամբաստանյալ Հովհաննես Առաքելյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն: (...)»(2):

__________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 41:

 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Հովհաննես Առաքելյանը, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված պահանջագրի, մեկ այլ քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման մեջ, իսկ նշված գործով դատաքննությունը դեռևս ավարտված չէ (...):

i

Դրա հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ «Համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է` հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ` հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո:

Վերոգրյալի համատեքստում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն նշել է, որ ներկա պահին «Համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի ՀՀ օրենքն ամբաստանյալ Հ. Առաքելյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ առկա է նույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իմպերատիվ պայմանի հաղթահարման պահանջ:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին` կապված ամբաստանյալի պաշտպանության իրավունքի և անմեղության կանխավարկածի խախտման հետ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են և առարկայազուրկ, քանի որ օրենսդիրը «Համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի ՀՀ օրենքի կիրառելիությունը պայմանավորել է նույն օրենքով նախատեսված սահմանափակումների և խոչընդոտների բացակայությամբ, ուստի այդպիսի խոչընդոտների առկայության պարագայում վերը նշված ՀՀ օրենքի դրույթների չկիրառումը չի կարող դիտվել որպես անմեղության կանխավարկածի կամ պաշտպանության իրավունքի խախտում:

Վերը նշված պատճառաբանությունների և իրավական վերլուծությունների արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանի պաշտպան Էդ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, ուստի Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի փետրվարի 21-ի դատավճիռը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան: (...)»(3):

__________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 71-72:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Հ.Առաքելյանի գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտում Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի թիվ ԵԴ/0333/01/18 որոշմամբ միևնույն նորմին տրված մեկնաբանությանը:

Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը, բոլոր իրավական հիմքերն ունենալով Հ.Առաքելյանի նկատմամբ կիրառելու Համաներման մասին օրենքի դրույթները, դրանք չի կիրառել, ինչով էլ խախտել է վերջինիս պաշտպանության իրավունքը:

Բողոքի հեղինակի կարծիքով, Համաներման մասին օրենքի դրույթների կիրառումը պայմանավորելով մեկ այլ դատարանի վարույթում գտնվող` Հ.Առաքելյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական դատավճիռ կայացնելու և ազատազրկման ձևով պատիժ նշանակելու դեպքում հանցագործությունների համակցության կանոններով վերջնական պատիժ նշանակելու հանգամանքով` ակնհայտորեն դուրս է եկել ինչպես իր լիազորությունների, այնպես էլ իր վարույթում քննվող քրեական գործի մեղադրանքի սահմաններից:

Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, Հ.Առաքելյանի վերաբերյալ մեկ այլ գործով վարույթի առկայությամբ պայմանավորված, հնարավոր համարելով վերջինիս նկատմամբ մեղադրական դատավճռի կայացումը, ազատազրկման ձևով պատժի նշանակումը, այնուհետև հանցագործությունների համակցության կանոններով վերջնական պատժի նշանակումը, ըստ էության, կանխորոշել է ոչ բարենպաստ դատական ակտի կայացումը, որով խախտել է Հ.Առաքելյանի անմեղության կանխավարկածը:

i

Ըստ բողոքաբերի` Վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանզի Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման հարցի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

i

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է պատժի մասով բեկանել ու փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 6-ի որոշումը, Հ.Առաքելյանի նկատմամբ կիրառել Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նրան ազատ արձակել նշանակված պատժից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը Հ.Առաքելյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ առկա է նույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իմպերատիվ պայմանը հաղթահարելու պահանջ:

i

11. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` Համաներման մասին օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ` հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո: Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կանոնները հանցագործությունների համակցության նկատմամբ կիրառվում են, եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` վեց տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում` վեց տարի ժամկետով ազատազրկումը»:

12. Քրեական գործերի միացման կանոնակարգումների համատեքստում անդրադառնալով Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դրույթների կիրառելիությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, երբ Համաներման մասին օրենքի կիրառելիության հարցը դատաքննության փուլում պայմանավորվում է անձի վերաբերյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և հանցագործությունների համակցության կանոններով պատիժ սահմանելու հետ, ողջամտորեն վտանգվում է անձի անմեղության կանխավարկածը: Տարբեր վարույթներով քննվելու դեպքում հանցագործությունների համակցության կանոնների կիրառման անխուսափելիությունը չի կարող ի սկզբանե կանխորոշվել, քանի որ անձը կարող է ճանաչվել անմեղ և արդարացվել (...)»(4):

__________________________

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Պետրոս Նազարյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ՇԴ3/0056/01/16 որոշման 19-րդ կետը:

 

12.1. Վերահաստատելով վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նույն անձի վերաբերյալ մեկ այլ քրեական գործով վարույթի առկայությունը կոնկրետ գործի շրջանակներում չի կարող մեկնաբանվել որպես համաներման կիրառման արգելք` Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում: Այսպես` համաներման ակտի կիրառման անթույլատրելիությունը պայմանավորելով տվյալ անձի վերաբերյալ մեկ այլ վարույթում քննվող գործի հնարավոր ելքով, այն է` մեղադրական դատավճիռ կայացվելու և հանցագործությունների համակցության կանոններով պատիժ նշանակելու հավանականությամբ, վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, կանխորոշում է այլ վարույթում քննվող գործի ելքը, ինչն անթույլատրելի է և ողջամտորեն վտանգում է անձի անմեղության կանխավարկածը:

i

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ստորադաս դատարանները Հ.Առաքելյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելու անթույլատրելիությունը պայմանավորել են այն հանգամանքով, որ վերջինս մեկ այլ քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ, իսկ նշված գործով դատաքննությունը դեռևս ավարտված չէ: Արդյունքում, ստորադաս դատարաններն արձանագրել են, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ առկա է նույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իմպերատիվ պայմանի հաղթահարման պահանջ(5):

__________________________

5) Տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը:

 

14. Նախորդ կետում մեջբերված հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերով մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ Հ.Առաքելյանի վերաբերյալ քննվող մեկ այլ քրեական գործի առկայության պայմաններում Համաներման մասին օրենքի դրույթները վերջինիս նկատմամբ կիրառելի չեն, իրավաչափ չի կարող համարվել:

Հետևաբար, ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը Հ.Առաքելյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ առկա է նույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իմպերատիվ պայմանը հաղթահարելու պահանջ, հիմնավոր չեն:

i

15. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում`(6) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:

__________________________

i

6) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը:

 

15.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

16. ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)

(...)

4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից` քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

i

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

i

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (...) կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

17. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում(7): Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է(8):

__________________________

i

7) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները:

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը:

 

i

18. ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին(9):

__________________________

9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Միաժամանակ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2016 թվականի նոյեմբերի 28-ին Հ.Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ(10) և նրա նկատմամբ` քննությունից թաքնվելու և գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով, հայտարարվել է հետախուզում(11), իսկ 2017 թվականի ապրիլի 28-ին վերջինս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն(12), և քրեական գործով կասեցված վարույթը նույն օրը վերսկսվել է(13): Այնուհետև` արդեն գործի դատական քննության ընթացքում` 2018 թվականի հունվարի 30-ին, Առաջին ատյանի դատարանը, նկատի ունենալով, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, որոշումներ է կայացրել վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին(14): 2018 թվականի փետրվարի 19-ին Հ.Առաքելյանը հայտնաբերվել է, և Առաջին ատյանի դատարանի` հաջորդ օրվա որոշմամբ քրեական գործի վարույթը վերսկսվել է(15): Այսինքն` Հ.Առաքելյանը սույն գործով վարույթի ընթացքում քննությունից ընդհանուր առմամբ խուսափել է 5 ամիս 21 օր ժամկետով:

__________________________

10) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 70:

11) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 74:

12) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 86:

13) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 89:

14) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 9-10:

15) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 18:

 

i

19.1. ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 2019 թվականի փետրվարի 21-ի դատավճռով, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի օգոստոսի 6-ին(16): Նշված որոշման դեմ ամբաստանյալ Հ.Առաքելյանի պաշտպան Է.Աղաջանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(17):

__________________________

16) Տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը:

17) Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

i

20. Նախորդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա և դրան գումարած` քննությունից խուսափելու 5 ամիս 21-օրյա ժամկետը լրանալու օրվա` 2019 թվականի մարտի 14-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու օրվա դրությամբ Հ.Առաքելյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն արդեն իսկ լրացել էր: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2019 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Հ.Առաքելյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը:

Ուստի, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Հ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում վերջինիս համար առաջացող իրավական հետևանքներն առավել բարենպաստ կլինեն, քան համաներման ակտի կիրառման դեպքում(18)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

__________________________

i

18) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմենակ Ավագյանի գործով 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ԿԴ3/0038/01/17 որոշումը:

 

i

21. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Հ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով, ինչպես նաև համաներման կիրառումը անթույլատրելի համարելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ: Միևնույն ժամանակ, Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ` Հ.Առաքելյանը պետք է ազատվի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցի և իրեղեն ապացույցների տնօրինման մասով ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հովհաննես Սուրենի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի փետրվարի 21-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի օգոստոսի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2. Հովհաննես Սուրենի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Հովհաննես Սուրենի Առաքելյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 19 ապրիլի 2021 թվական:

 

ttp://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=16044073672570510

 

Միասնական կայք` 14.06.21-27.06.21

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.04.2021
N ԵՇԴ/0066/01/17
Որոշում