040.0927.280710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2010 թվականի N 927-Ն
ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 07.04.2022 թիվ 442-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված տվյալների տրամադրումը համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներին` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից պետական հաշվառում իրականացվող տրանսպորտային միջոցների մասով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 07.04.2022 թիվ 442-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 22-ի
N 927-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 07.04.2022 թիվ 442-Ն որոշում)
1. Սույն կարգով սահմանվում են պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 07.04.2022 թիվ 442-Ն որոշում)
2. Տրանսպորտային միջոցների պետական հաշվառում իրականացնող ոստիկանության բնագավառում պետական լիազոր մարմնի իրավասու ծառայության տարածքային uտորաբաժանումները (այսուհետ` ոստիկանության մարմիններ) պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները` տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, թողարկման տարեթիվը, պետհամարանիշը, պատկանելությունը (ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի մասին տեղեկությունները), ինչպես նաև հաշվառման տվյալների փոփոխությամբ վերասարքավորված տրանսպորտային միջոցի տվյալները փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հաշվառման տվյալների փոփոխությունների (այդ թվում` վերահաշվառման, հաշվառումից հանելու կամ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության) վերաբերյալ տվյալները ոստիկանության մարմիններն ամիսը մեկ փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:
4. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունները զննություն անցած տրանսպորտային միջոցների և դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:
5. Տարածքային զինվորական կոմիսարիատներում սույն կարգի 2-4-րդ կետերում նշված տվյալների հիման վրա կազմվում է տրանսպորտային միջոցի հաշվառման քարտ, որի ձևը սահմանվում է պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
6. Համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատները ոստիկանության մարմինների հետ համատեղ` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, իսկ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների հետ` տարեկան մեկ անգամ, համադրում են հաշվառված և տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատներում առկա տվյալների հետ: