Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 333-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 333-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

    վերաքննիչ քրեական դատարանի որոշում         ՏԴ/0004/11/18

Գործ թիվ ՏԴ/0004/11/18

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ

դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի հուլիսի 9-ին                  ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում 2018 թվականի ապրիլի 10-ին Նիկոլաոս Գիաննակոպուլոսի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

i

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում 2018 թվականի ապրիլի 25-ին հարուցվել է թիվ 38157318 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Նշված քրեական գործով Վարդան Նորիկի Խեչյանը ճանաչվել է տուժող:

2. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ե.Գալստյանի (այսուհետ նաև` Նախաքննության մարմին)` 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ` քրեական գործով վարույթը կարճվել է, և Ն.Գիաննակոպուլոսի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

2.1. Վերոնշյալ որոշման դեմ դիմող Վ.Խեչյանի բողոքը Տավուշի մարզի դատախազ Վ.Գրիգորյանի (այսուհետ նաև` Դատախազ)` 2018 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2.2. 2018 թվականի հոկտեմբերի 22-ին դիմող Վ.Խեչյանը բողոք է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին Նախաքննության մարմնի` 2018 թվականի օգոստոսի 31-ի և Դատախազի` 2018 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումները:

3. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ դիմող Վ.Խեչյանի բողոքը մերժել է:

4. Դիմող Վ.Խեչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), 2019 թվականի մայիսի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 6-ի որոշումը բեկանել և պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու դիմող Վ.Խեչյանի իրավունքների ու օրինական շահերի խախտումները:

5. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. 2018 թվականի ապրիլի 10-ին Ն.Գիաննակոպուլոսի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Նկատի ունենալով, որ Նիկոլաոս Գիաննակոպուլոսի կողմից գնված կովերը և սարքավորումները առկա են, չի հիմնավորվել Վարդան Խեչյանի կողմից Նիկոլաոս Գիաննակոպուլոսի անասուններին, գումարներին կամ գնած սարքավորումներին ապօրինի տիրանալու հանգամանքը, իսկ Նիկոլաոս Գիաննակոպուլոսի ենթադրյալ եկամուտների ակնկալումը դուրս են քրեաիրավական գնահատական տալու առարկայից, առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, ուստի տվյալ պայմաններում Վ.Խեչյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցագործության դեպքը (...)»(1):

______________________

1) Տե՛ս թիվ 38157318 քրեական գործը, թերթեր 195-198:

 

6.1. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ե.Գալստյանը 2018 թվականի օգոստոսի 31-ի` քրեական գործով վարույթը կարճելու և Ն.Գիաննակոպուլոսի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Ինչ վերաբերում է Նիկոլաոս Գիաննակոպուլոսի կողմից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում տալուն, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հանցագործության մասին սուտ մատնության համար, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, այսինքն` հանցագործության սուբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ:

(...) Սուտ մատնության բովանդակությունը կարող է կազմել միայն հանցագործության, այսինքն` քրեական օրենքով նախատեսված արարքի մասին տեղեկությունները (վարչական կամ այլ իրավախախտումների, հակաբարոյական արարքների մասին սուտ տեղեկություններ հաղորդելը հանցակազմ չի պարունակում):

Բացի այդ, Նիկոլաոս Գիաննակոպուլոսը հայտնել է իր կողմից կատարված ներդրումների գումարների և անասունների գլխաքանակի մասին, որին իրավական գնահատական է տրվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերի ժամանակ և 2018 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ քաղաքացիաիրավական բնույթ կրելու հիմքով քրեական գործ հարուցելը մերժվել է, և որոշման օրինականությունը ստուգվել է դատախազի կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում շորթման համար, որը «անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը ոչնչացնելու /վնասելու/ սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջն է», մինչդեռ Նիկոլաոս Գիաննակոպուլոսը Վարդան Խեչյանին հայտնել է, որ եթե վերջինս իրեն չվերադարձնի իր կողմից ներդրած գումարները և բաց թողնված օգուտները, կդիմի ոստիկանություն, որի պարագայում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը, քանի որ իրավապահ մարմիններին դիմելը չի կարող համարվել հանցագործություն (...)»(2):

______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 75-77:

 

i

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Սույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Նիկոլաոս Գիաննակոպուլոսի նպատակը եղել է իր կատարած ներդրումների և կրած վնասների փոխհատուցումը: Նա, իրեն համարելով ենթադրյալ խարդախության կամ հափշտակության զոհ, տուժող, որպես խաբված ներդրող ցանկացել է վերադարձնել իր ներդրումները և ստանալ վնասների փոխհատուցում, որի նպատակով էլ դիմել է իրավապահ մարմնին` տվյալ դեպքում ոստիկանություն: Սույն քրեական գործով նախաքննության մարմինը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունը` ձեռնարկել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար և գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ հանգել է հիմնավոր եզրակացության, որ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը դադարեցման` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

(...) Արդյունքում նախաքննության մարմնի կողմից կայացվել է օրինական և հիմնավորված որոշում` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Տուժող Վարդան Նորիկի Խեչյանի իրավունքների և օրինական շահերի խախտում նույնպես թույլ չի տրվել»(3):

______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 34-36:

 

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը (...) արձանագրում է, որ սույն գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն միանշանակ հաստատված համարելու, որ սույն գործով Նիկոլաոս Գիաննակոպուլոսի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, քրեական գործի նախաքննությունը կատարվել է թերի` դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, ինչի արդյունքում էլ կայացվել է անհիմն, չպատճառաբանված որոշում:

Վերաքննիչ դատարանը (...) արձանագրում է հետևյալը. այն, որ իբրև Վարդան Խեչյանը Նիկոլաոս Գիաննակոպուլոսին հայտնել է, որ կովերը սատկել են, ինչի պատճառով իրեն պատճառվել է 70.500 ԱՄՆ դոլարի նյութական վնաս, իրենց հերքումն են գտել մասնավորապես.

1. Վարդան Խեչյանի ցուցմունքով այն մասին, որ ինքը երբեք չի ասել, որ կովերը սատկել են, այլ ընդհակառակը` ասել է, որ կովերը բազմացել են` 10-ից դարձել 21,

2. Իրինա Մարկոսյանի ցուցմունքով այն մասին, որ Վարդան Խեչյանն ասել է, որ կովերը կան, բայց ստույգ քանակ չի նշել,

3. Արսեն Սարգսյանի ցուցմունքով այն մասին, որ Վարդան Խեչյանը Նիկոլաոս Գիաննակոպուլոսին հայտնել է, որ 10 կովերը կան, ցանկացած պահի կարող են գնալ և տեսնել:

Վերաքննիչ դատարանը (...) արձանագրում է, որ նախաքննական մարմինը` կարճելով սույն քրեական գործի վարույթը և Նիկոլաոս Գիաննակոպուլոսի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելով` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները չի հետազոտել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, քանի որ տուժող Վ.Խեչյանի և վկաներ Իրինա Մարկոսյանի և Արսեն Սարգսյանի ցուցմունքներով հերքվում է Վարդան Խեչյանի կողմից Նիկոլաոս Գիաննակոպուլոսին իբրև հայտնած այն տվյալները, որ կովերը սատկել են, ինչի պատճառով իրեն պատճառվել է 70.500 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հանգամանքներն ուշադրության չեն արժանացել ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ Դատարանի կողմից:

Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը «Թիվ 38157318 քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասին» 21.06.2018 թվականի որոշմամբ արձանագրել է, որ. «(...) դեռևս անհրաժեշտ է ստանալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարության պատասխանը, առերես հարցաքննել Վարդան Խեչյանին և Նիկոլաոս Գիաննակոպուլոսին, կատարել դրանից բխող քրեադատավարական գործողություններ, իրավական գնահատական տալ Նիկոլաոս Գիաննակոպուլոսի արարքին, որից հետո միայն հնարավոր կլինի լուծել քրեական գործի վերջնական ընթացքը (...)»:

Այս կապակցությամբ` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված որոշման կայացումից հետո նախաքննական մարմինը չի կատարել որոշմամբ մատնանշված հանգամանքների կապակցությամբ քննություն, այլ ցուցաբերել է շտապողականություն` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ Նիկոլաոս Գիաննակոպուլոսի կողմից ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում տրված հաղորդման արդյունքում խաթարվել է իրավապահ մարմինների բնականոն գործունեությունը, վերջիններս հարկադրված համապատասխան ուժեր ու միջոցներ են վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար, ինչը կարող էր հանգեցնել անմեղ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, ըստ այդմ էլ` նրանց իրավունքների անհիմն սահմանափակումների:

Քրեական հետապնդման մարմնի կողմից թույլ տրված խախտումները Դատարանի կողմից պատշաճ ստուգման և իրավական գնահատականի չեն արժանացել, ինչի արդյունքում կայացվել է տուժողի իրավունքները և օրինական շահերը խախտող դատական ակտ:

Վերաքննիչ դատարանը փաստում է այն հանգամանքը, որ սույն որոշմամբ արված եզրահանգումները չեն կարող դիտվել որպես հանցանքի կատարման մեջ որևէ անձի մեղքի կանխորոշված լինելու վերաբերյալ դատողություններ, այլ արձանագրում է, որ քրեական հետապնդման մարմինները պետք է պատշաճ ստուգման և իրավական գնահատության արժանացնեն քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բոլոր փաստական տվյալները, և դրանց արդյունքներով գան համապատասխան եզրահանգման (...)»(4):

______________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 98-102:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում` դուրս գալով մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակից և խնդիրներից, սխալ գնահատելով Վ.Խեչյանի իրավունքները և ազատությունները խախտված լինելու մասին իր հետևության հիմքում դրած ապացույցները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

9.1. Բողոքաբերը փաստել է, որ Ն.Գիաննակոպուլոսի արարքում սուտ մատնության հանցակազմն առկա համարելու համար, բացի տուժողի, տուժողի կնոջ, տուժողի ընկերոջ ցուցմունքներից, անհրաժեշտ էր պարզել, թե արդյոք քրեական գործում առկա են նշված ցուցմունքները հաստատող օբյեկտիվ ապացույցներ, և միայն այդ համատեքստում իրավական գնահատական տալ այդ ցուցմունքների արժանահավատությունը:

Այնինչ, բողոքաբերի պնդմամբ` տուժողի, տուժողի կնոջ, տուժողի ընկերոջ ցուցմունքները հաստատող որևէ օբյեկտիվ ապացույց նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել ձեռք բերել, ուստի Վերաքննիչ դատարանը, նշված ցուցմունքներն ըստ էության գնահատելով և ավելի արժանահավատ համարելով, ոչ միայն դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններից` այդպիսով խախտելով անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքները, այլև իրականացրել է ապացույցների սխալ գնահատում` նախապատվությունը տալով որևէ օբյեկտիվ ապացույցով չհաստատվող շահագրգիռ անձանց ցուցմունքներին:

9.2. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ նախաքննական մարմինը դրսևորել է շտապողականություն և մի շարք քննչական գործողություններ, մասնավորապես` Վ.Խեչյանի և Ն.Գիաննակոպուլոսի միջև առերեսում չի կատարել` բողոքաբերը փաստել է, որ նախաքննության ընթացքում քննիչի կողմից առերեսում կատարելու նպատակով մի քանի անգամ ծանուցումներ են ուղարկվել և Վ.Խեչյանին և Ն.Գիաննակոպուլոսին, Ն.Գիաննակոպուլոսը պատշաճ ներկայացել է առերես հարցաքննության, սակայն Վ.Խեչյանը չի ներկայացել, որի պատճառով առերեսում չի կատարվել, իսկ հետագայում էլ առերեսում օբյեկտիվ պատճառներով չի կատարվել, քանի որ Ն.Գիաննակոպուլոսը լքել է ՀՀ տարածքը:

10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 29-ի որոշումը և օրինական ուժ տալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող Վարդան Խեչյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (...)»:

11.1. Վերոնշյալ նորմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) Դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`

ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,

բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել»(5):

______________________

i

5) Տե՛ս Մանվել և Լիդա Հովհաննիսյանների վերաբերյալ թիվ ԱՐԱԴ/0001/11/14 գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի որոշման 13-րդ կետը:

 

11.2. Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին(6):

______________________

i

6) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի վերաբերյալ գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշումները:

 

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` (...)»:

12.1. Սուտ մատնության հանցակազմի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Գալստյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «Քննարկվող հոդվածով նախատեսված հանցագործությունը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է, որը խաթարում է իրավապահ մարմինների բնականոն գործունեությունը, որոնք հարկադրված են լինում ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար կամ կատարված հանցագործությունը քննելիս ընթանալ սխալ ուղիով: Վերջինս կարող է հանգեցնել անմեղ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, նրանց իրավունքների անհիմն սահմանափակումների: Այսպիսով, սուտ մատնության հիմնական անմիջական օբյեկտը արդարադատության բնականոն իրականացմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ լրացուցիչ անմիջական օբյեկտը` անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Հանցագործության օբյեկտիվ կողմը կարող է դրսևորվել երկու ձևով: Առաջին դեպքում հանցավորը հայտնում է տեղի չունեցած հանցագործության մասին: Այս դեպքում արարքը քննարկվող հոդվածով որակելու համար էական չէ հանցանքի կատարման մեջ որոշակի անձի մատնանշելու հանգամանքը: Երկրորդ դեպքում հանցավորը հայտնում է իրականում տեղի ունեցած հանցագործության մասին` մատնանշելով այնպիսի անձի, ով չի կատարել այն:

Սուտ մատնությունը կարող է իրականացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Քննարկվող հանցակազմն առկա է այն դեպքում, երբ երևակայական հանցագործության կամ հանցագործի մասին տեղեկությունները հաղորդվում են այն պետական մարմիններին, որոնք քրեական գործ հարուցելու իրավունք ունեն: Այլ մարմիններին նույնաբովանդակ տեղեկություններ հաղորդելը քննարկվող հանցակազմը չի առաջացնում:

Քննարկվող հանցակազմը ձևական է. հանցագործությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հասցեատերը ստանում է հանցագործության կամ հանցավորի մասին կեղծ տեղեկությունները (...)»(7):

______________________

i

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հեղինե Գալստյանի վերաբերյալ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշումը:

 

12.2. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սուտ մատնության բովանդակությունը կարող են կազմել միայն հանցագործության, այսինքն` քրեական օրենքով նախատեսված արարքի մասին տեղեկությունները (վարչական կամ այլ իրավախախտումների, հակաբարոյական արարքների մասին սուտ տեղեկություններ հաղորդելը հանցակազմ չի պարունակում):

i

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2018 թվականի ապրիլի 10-ին Ն.Գիաննակոպուլոսի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, հետևաբար բացակայում է հանցագործության դեպքը(8): Նշված հաղորդումը ներկայացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով նախաքննության մարմնի` 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Վ.Խեչյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ(9):

______________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը

9) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանն իր 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ մերժել է դիմող Վ.Խեչյանի բողոքը` փաստելով, որ նախաքննության մարմինը ձեռնարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար և գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ հանգել է հիմնավոր եզրակացության, որ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը դադարեցման` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ տուժող Վ. Խեչյանի իրավունքների և օրինական շահերի խախտում թույլ չի տրվել(10):

______________________

10) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը 2019 թվականի մայիսի 29-ի որոշմամբ պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Վ.Խեչյանի իրավունքների խախտումներն այն պատճառաբանությամբ, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, մասնավորապես, տուժող Վ.Խեչյանի, նրա կնոջ և ընկերոջ ցուցմունքները չեն հետազոտվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ նախաքննական մարմինը քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասին 2018 թվականի հունիսի 21-ի որոշման կայացումից հետո չի կատարել նշված որոշմամբ մատնանշված հանգամանքների կապակցությամբ քննություն, այլ ցուցաբերել է շտապողականություն` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ն.Գիաննակոպուլոսի կողմից ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում տրված հաղորդման արդյունքում խաթարվել է իրավապահ մարմինների բնականոն գործունեությունը, վերջիններս հարկադրված համապատասխան ուժեր ու միջոցներ են վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար, ինչը կարող էր հանգեցնել անմեղ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, ըստ այդմ էլ` նրանց իրավունքների անհիմն սահմանափակումների(11):

______________________

11) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ 2018 թվականի ապրիլի 10-ին Ն.Գիաննակոպուլոսի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, և հետևաբար հանցագործության դեպքը բացակայում է: Այլ կերպ` Ն.Գիաննակոպուլոսն ի սկզբանե քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմնին հայտնել է քաղաքացիաիրավական պարտավորությունների ենթադրյալ խախտման մասին տեղեկություններ: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ինչպես իրավաչափորեն արձանագրել է Նախաքննության մարմինն իր` 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ, հանցագործությունից տարբեր այլ իրավախախտումների մասին սուտ տեղեկություններ հաղորդելը սուտ մատնության հանցակազմ չի պարունակում(12):

______________________

12) Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը

 

14.1. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 9.1-րդ և 9.2-րդ կետերում ներկայացված փաստարկներին, ապա վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սույն գործի լուծման տեսանկյունից էական իրավական նշանակություն չունեն:

15. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր չեն դիմող Վ.Խեչյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դիմող Վ.Խեչյանի իրավունքների խախտման փաստն արձանագրելով և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, 358-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով դիմող Վ.Խեչյանի բողոքը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմանը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վարդան Նորիկի Խեչյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 29-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, ուստի չենք կարող նշել հրապարակման օրը, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2021 թվականի հոկտեմբերի 4-ին:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.07.2021
N ՏԴ/0004/11/18
Որոշում