Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՓԱԿ ...

 

 

040.1674.221203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2003 թվականի N 1674-Ն

 

«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 65 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական կենսունակությունը պահպանելու, մետրոպոլիտենի համակարգն անխափան շահագործելու և կառավարման համակարգը բարեփոխելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` «Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերություն)`

ա) 2003-2007 թվականների ընթացիկ գործունեության բարելավման միջոցառումների ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.

բ) 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումներին` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) 2004 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծվում է տնօրենների խորհուրդ, և ընկերության կանոնադրությամբ տնօրենների խորհրդին վերապահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն լիազորություններ` բացառությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունը հանդիսացող հարցերի,

բ) «Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է 4 անդամից և ձևավորվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ` հետևյալ սկզբունքով`

խորհրդի մեկ անդամը նշանակվում է Երևանի քաղաքապետի կողմից` հաշվի առնելով արհեստավարժ լինելը (այլ տեղերում չաշխատող և այլ վճարովի աշխատանք չկատարող), մեկ անդամը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, մեկ անդամը ընկերության գործադիր տնօրենն է, որը չի կարող ընտրվել խորհրդի նախագահ, իսկ խորհրդի մեկ անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կողմից,

գ) «Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ուղևորափոխադրման սակագինը, ընկերության տնօրենների խորհրդի առաջարկությամբ, սահմանվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ` համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ,

դ) հաշվի առնելով ծրագրի փաստացի կատարման ընթացքը, համակարգի շահագործման համար անհրաժեշտ նորմատիվային ծախսերը և այլ գործոններ` անհրաժեշտության դեպքում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ, «Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի կողմից կարող են կատարվել փոփոխություններ ֆինանսական հոսքերի կանխատեսումներում:

(2-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1577-Ն որոշում)

3. Երևանի քաղաքապետին`

ա) սահմանված ժամկետներում ապահովել սույն որոշման 2-րդ կետով և ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` մետրոպոլիտենի կայարաններում պոմպերի միջոցով արտամղվող ջրի հետագա օգտագործման (վաճառքի) համար.

գ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ` իրականացնել կապիտալ ծախսերի կատարման ուսումնասիրություններ և մշակել «Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության զարգացման ծրագիր, որը նպատակաուղղված կլինի հաշվառման նոր տեխնիկական համակարգի ներդրմանն ու զարգացմանը, ընկերության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, էներգախնայողություն ապահովող նոր, հիմնական միջոցներով համալրմանը, և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցություններ վարել ծրագրի ֆինանսավորման համար միջոցների ներգրավման նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային ուղևորատար տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 65 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետից հանել «և մետրոպոլիտենով» բառերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 6-ի

N 1674-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. Ներածություն

 

Երևանի մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1981 թ. մարտին, ներկայումս ունի 12.1 կմ ընդհանուր երկարություն, 10 կայարան և շահագործվում է 70 վագոն: Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: երևանի մետրոպոլիտենն ունի մասնագիտացված մասնաճյուղեր (ազդանշանային և կապի, էլեկտրատեխնիկական, էլեկտրագնացքների շահագործման ու նորոգման և այլն), ինչպես նաև ասոցիացված ընկերություններ:

Ընկերության 2003-2007 թվականների ընթացիկ գործունեության բարելավման միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի N 271 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի համակարգմամբ մշակված Հանրային ծառայությունների ոլորտների ինտեգրացված ֆինանսական առողջացման ծրագրի (ԻՖԱԾ) դրույթների վրա և նպատակաուղղված է համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով բարելավել ընկերության ընթացիկ ֆինանսական վիճակը, կառուցվածքային ու կառավարման մեխանիզմները` առաջիկա 4-5 տարիներին ֆինանսական կենսունակության ապահովման նպատակով:

Ծրագրով նախատեսված միջոցառումները փոխկապակցված են ընկերության ֆինանսական հոսքերի հաշվարկների հետ, թեև առանձին միջոցառումներ (կառավարման համակարգի ամբողջական բարեփոխում, ներդրումային ծրագրերի իրականացում և այլն) նախատեսվում է իրականացնել ավելի երկարատև ժամանակահատվածում կամ դրանց ազդեցությունը կգնահատվի լրացուցիչ և կարտացոլվի հաշվարկներում` հետագա փուլերում: Այնուհանդերձ երկարաժամկետ հատվածում մետրոպոլիտենի հետագա զարգացման հարցերը չեն դիտարկվել որպես այս ծրագրի նպատակ և չեն քննարկվել:

Ներկայումս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Տրանսպորտի վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգմամբ շվեդական Սվեկո ինտերնեյշնլ ընկերության կողմից իրականացվում է Երևանի քաղաքային տրանսպորտի համապարփակ ուսումնասիրություն, որի արդյունքում ենթադրվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2004 թվականի I եռամսյակում քաղաքային տրանսպորտի ռազմավարության ներկայացում` ներառյալ այս կամ այն ձևերի կիրառման նպատակահարմարության և դրանց համակցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

Հարկ է նշել նաև, որ ընկերության տեխնիկական վիճակը (մասնավորապես, շարժակազմի և շարժասանդուղքի տեխնիկական վիճակը) գնահատվում է որպես վատթար, լուրջ հիմնախնդիրներ են նաև մետրոպոլիտենի կայարաններում ջրահեռացումը, ազդանշանային և անվտանգության համակարգերի արդիականացումը:

Համակարգի տեխնիկական և ֆինանսական ճգնաժամային վիճակն առավելապես հետևանք է կառավարման համակարգի լուրջ թերությունների: Անցած տասնամյակում ոլորտում համակարգված և արդյունավետ քաղաքականություն չի մշակվել, և, ըստ էության, բացակայել են համարժեք քայլերը կառավարման համակարգի բարեփոխումների ոլորտում:

Ընկերության զարգացման համար ներդրումային միջոցառումների (որոնք ուղղված կլինեն ուղևորափոխադրման հաշվառման ընդհանուր համակարգի ներդրմանն ու զարգացմանը, ընկերության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, նոր, էներգախնայողություն ապահովող հիմնական միջոցներով համալրմանը) իրականացմանն ուղղված ուսումնասիրության և ծրագրերի կազմման աշխատանքներ այս փուլում չեն իրականացվել: Նման ուսումնասիրության, ներդրումային ծրագրերի մշակման, ուղևորափոխադրման հաշվառման ընդհանուր համակարգի ներդրման, կառավարման ու կառուցվածքային բարեփոխումների ֆինանսավորման իրատեսական աղբյուր կարող են լինել միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների կողմից տրամադրվող դրամաշնորհները:

 

2. Երևանի մետրոպոլիտենի 1998-2002 թթ. ֆինանսական

գործունեության վերլուծությունը

 

1990-1994 թթ. ընթացքում էներգետիկ ճգնաժամի և վերգետնյա տրանսպորտի կանոնավոր աշխատանքի խափանման պայմաններում Երևանի մետրոպոլիտենի ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալները տարեկան 51.1 մլն ուղևորից ժամանակավորապես աճել են` 1994 թ. հասնելով վերջին տասնամյակում առավելագույն ցուցանիշի` 71.4 մլն ուղևոր: Այնուհետև` 1995-2001 թթ. ուղևորափոխադրումների ծավալները կրճատվել են մինչև 15.3 մլն ուղևորի: ՈՒղևորահոսքի նվազման միտումը հիմնականում պայմանավորված է տրանսպորտի մյուս տեսակների (մասնավորապես, միկրոավտոբուսների) մրցակցության պայմաններում մետրոպոլիտենի պակաս ճկունությամբ, ինչպես նաև համապատասխան մարմինների կողմից տրանսպորտի ոլորտի նկատմամբ համակարգված մոտեցման բացակայությամբ:

Ընդհանուր եկամուտը 1998 թ. կազմել է 807 մլն դրամ, այնուհետև, յուրաքանչյուր տարի մոտ 130 մլն դրամով նվազելով, 2001 թ. կազմել է մոտ 473 մլն դրամ: 2002 թ. գրանցվել է ուղևորահոսքերի որոշակի աճ (ընդհանուր եկամուտը կազմել է 538 մլն դրամ):

Ոչ հիմնական գործունեությունից եկամուտը 2002 թ. կազմել է 78.6 մլն դրամ: Չնայած այն հանգամանքին, որ մետրոպոլիտենը 2002 թ. չի ստացել անվճար ուղևորափոխադրումների դիմաց փոխհատուցում, այնուհանդերձ, ընդհանուր ֆինանսական ճեղքվածքի ֆինանսավորման համար տրամադրված սուբսիդիայի գումարը բավարարել է նաև այս գծով չստացված գումարների (114 մլն դրամ) հետևանքով առաջացող ճեղքվածքի ծածկմանը:

1998-2001 թթ. ընթացքում ընթացիկ շահագործման և պահպանման ծախսերը (առանց ամորտիզացիոն հատկացումների) պահպանվել են համեմատաբար կայուն մակարդակի վրա և կազմել են համապատասխանաբար` 1058 մլն դրամ, 1142 մլն դրամ, 1206 մլն դրամ և 1039 մլն դրամ, որոնց դիմաց վճարումների էական հետաձգումներ չեն ունեցել:

Սկսած 1998 թվականից` տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի ծախսի խնայողություն (1998 թ.` դրանք կազմել են 442,8 մլն դրամ, 1999 թ.` 398,2 մլն դրամ, 2000 թ.` 366,1 մլն դրամ, 2001 թ.` 350,1 մլն դրամ, իսկ 2002 թ.` 351 մլն դրամ): Էլեկտրաէներգիայի գծով ծախսերն այդ ժամանակահատվածում կազմել են ընթացիկ շահագործման ծախսերի միջին հաշվով 26,8%-ը:

Ընդհանուր առմամբ, Երևանի մետրոպոլիտենը էական կրեդիտորական պարտքեր չի կուտակել:

2003 թ. հունվարի 1-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի կրեդիտորական պարտքերը կազմել են շուրջ 150 մլն դրամ, որոնք ընթացիկ փոխանցվող պարտքեր են և կազմում եմ փաստացի վճարումների մոտ 13%-ը:

2002 թ. գործունեության ընթացքում հաշվեգրված ծախսերը կազմել են 1.05 մլրդ դրամ` ծրագրված 1.2 մլրդ դրամի դիմաց (հիմնականում աշխատավարձի և սոցիալական ապահովագրության վճարների հաշվին), իսկ վճարումները կազմել են 1.13 մլրդ դրամ:

2002 թ. մետրոպոլիտենի ընդհանուր ֆինանսական ճեղքվածքը կազմել է մոտ 800 մլն դրամ, որը ֆինանսավորվել է նույն գումարի սուբսիդիայի հաշվին:

2000 թվականից սկսած տեղի է ունեցել ընկերությանը սուբսիդիայի տրամադրման գործընթացի կատարելագործում, այսինքն` յուրաքանչյուր տարվա բյուջեում սուբսիդիայի հաշվարկի համար եկամուտների և ծախսերի հաշվեկշռի կանխատեսումների փոխարեն հիմք է ընդունվել դրամական հոսքերի հաշվեկշիռը (ճեղքվածքը): Սուբսիդիայի գումարը 2003 թվականին նվազել է մինչև 697 մլն դրամ (1999 թ. 816 մլն դրամի փոխարեն):

1998-2002 թթ. ընթացքում մետրոպոլիտենին տրամադրվել է մոտ 4 մլրդ դրամ սուբսիդիա, սակայն նույն ժամանակահատվածում ընկերությունն իր գործունեության արդյունքում ունեցել է 3.7 մլրդ դրամի ճեղքվածք: Այդ ժամանակահատվածում սուբսիդիան նախատեսված է եղել ներառելով ամորտիզացիայի հաշվարկը, սակայն կապիտալ ծախսերի ավարտուն և հաստատված ծրագրի բացակայության պատճառով ակնհայտ չէ կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ միջոցների օգտագործման նպատակայնությունը:

Հիմնական գործունեությունից առաջացած ճեղքվածքի մի մասը կարող էր փակվել նաև ոչ հիմնական գործունեությունից ստացվող եկամուտների հաշվին: Սակայն, մետրոպոլիտենում գովազդների տեղադրումից և վարձակալումից ստացվող եկամուտները բավականին ցածր են եղել, քանի որ այդ գործունեությամբ զբաղվել են միջնորդ կազմակերպություններ, որոնք մեծածախ հիմունքներով վարձակալել են տարածքը մետրոպոլիտենից և ենթավարձակալության հանձնել գովազդի տեղադրման, առևտրային կետերի ստեղծման, ինչպես նաև որպես գրասենյակային տարածքներ վարձակալելու նպատակով: Նման եղանակով մասնավոր ընկերությունների միջոցով որոշակի տեսակի գործունեության ծավալման հիմնական թերությունն այն է, որ մեծածախ վարձակալը կամ գովազդային կազմակերպությունը չի ընտրվել մրցույթային եղանակով, այլ նրան տրվել է իրավունք միայն այն հիմքի վրա, որ մետրոպոլիտենը հանդիսացել է նշված ընկերությունների հիմնադիրներից մեկը:

Մինչև 2003 թ. մետրոպոլիտենում գովազդային գործունեությամբ է զբաղվել «Մետրո Դիզայն» ընկերությունը: Գովազդային տարածքների շահագործումից մետրոպոլիտենի տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 2 մլն դրամ: 2003 թ. սկզբից մետրոպոլիտենը գովազդային գործունեությունն իրականացնում է ինքնուրույն և ակնկալվում է, որ մինչև 2003 թ. վերջն այդ գործունեությունից ստացված եկամուտը կկազմի 8-10 մլն դրամ:

Նույնիսկ այդ պայմաններում 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ ոչ հիմնական գործունեության գծով կուտակվել են 13.6 մլն դրամի չափով դեբիտորական պարտքեր:

Վերլուծվող ժամանակահատվածում ընկերության ինչպես ընթացիկ ֆինանսատնտեսական գործունեության մեջ, այնպես էլ կառավարման համակարգում էական փոփոխություններ չեն կատարվել: Մասնավորապես, չի իրականացվել ընկերության ընթացիկ ֆինանսատնտեսական գործունեության ծրագրավորում (միայն 2002 թ. համար կատարվել է տարեկան նախահաշվի հաստատում հիմնադրի կողմից), առկա չէ ծրագրի կատարման ընթացքի մոնիտորինգի հաստատված ընթացակարգ և դրա իրականացման համար պատասխանատու մարմին կամ կառույց, բացակայում է վերստուգիչի ինստիտուտը, որը, որպես անկախ մարմին, պետք է եզրակացություններ ներկայացներ գործունեության ընթացքի և արդյունքների մասին:

Մինչդեռ նմանատիպ ընկերություններում, հաշվի առնելով այլ երկրների փորձը, որպես հաջող կառավարման ձև, կիրառվում է կառավարման կորպորատիվ համակարգը:

 

3. Ծրագրի նպատակները

 

Սույն ծրագրի հիմնական խնդիրը ընկերության ընթացիկ անխափան գործունեության, համակարգի կառավարելիության բարձրացման և ֆինանսական կայունության ապահովումն է:

Այդ համատեքստում 2003-2007 թթ. ընթացքում ծրագրի հիմնական նպատակներն են`

ա) ընկերության ընթացիկ գործունեության մեջ ծրագրավորման համակարգի ներդրումը,

բ) առկա ռեսուրսների օգտագործման միջոցով ընկերության գործունեության արդյունավետության (ծախսերի օպտիմալացման և ոչ հիմնական գործունեությունների գծով լրացուցիչ եկամուտների ստացման) բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը և իրականացումը,

գ) կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը, որը տվյալ փուլում ենթադրում է կորպորատիվ կառավարման համակարգի ներդրում:

 

4. Ֆինանսական հոսքերի կառավարումը

 

4.1. Ֆինանսական ծրագրի ենթադրություններ

 

1. Չնայած այն հանգամանքին, որ սույն ԻՖԱԾ-ի շրջանակներում մշակվել են միայն Երևանի մետրոպոլիտենի ոչ հիմնական գործունեությունից ստացվող եկամուտների ավելացման մեխանիզմներ, սակայն խիստ կարևոր է ընդհանրապես քաղաքային տրանսպորտային համակարգի նկատմամբ ընդհանուր քաղաքականությունը և դրա իրագործման ծրագրի մշակումը, որը պետք է հաշվի առնի քաղաքում վերջին տարիների ընթացքում ձևավորված ուղևորահոսքերի ուղղությունները, պիկերն ու ուղևորափոխադրումների պահանջարկը, բնապահպանական և օդի աղտոտման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հանրային տրանսպորտի տարբեր տեսակների երթուղիների ու դրանց ուղևորավարձերի համադրելիության ծրագիրը: Երևանում էլեկտրատրանսպորտի միասնական համակարգը պետք է մշակվի այնպես, որ մետրոպոլիտենի հանգուցային կայարաններից էլեկտրատրանսպորտի երթուղիները տարածվեն դեպի ծայրամասերը:

Քաղաքային տրանսպորտային համակարգի նկատմամբ ընդհանուր քաղաքականության խնդիրների վերաբերյալ լուծումներ կարող են ձևավորվել վերը նշված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:

2. Հաշվի առնելով մետրոպոլիտենի հատուկ նշանակությունը, որպես տրանսպորտի միջոց նրա ոչ ճկուն լինելը և ինքնուրույն սակագնային քաղաքականության վարման դժվարությունները (չնայած ծրագրում նշված ծախսերի օպտիմալացման, եկամուտների ավելացման միջոցառումներին)` ընկերությունն իր գործունեության արդյունքում միջին ժամկետ հատվածում շահութաբեր չի լինի, և այդ ընթացքում կառավարությունը պետք է սուբսիդավորի ընկերության ընթացիկ գործունեությունը:

3. ՈՒղեվարձը 2003 թ. սեպտեմբերի 1-ից նախատեսվել է 50 դրամ, որը կպահպանվի մինչև ծրագրի ավարտը:

4. Կանխատեսվել է, որ ուղևորափոխադրումները 2003 թ. կկազմեն 16 մլն ուղևոր, քանի որ 2002 թ. առաջին կիսամյակի համեմատ 2003 թ. առաջին կիսամյակում ուղևորափոխադրումների ծավալներն աճել են մոտ 600 հազար ուղևորով: Հետագա տարիներին ուղևորափոխադրումների ծավալները կանխատեսվել են նույն մակարդակի վրա:

5. ՀՀ կառավարության կողմից նախապատրաստվել է անվճար և զեղչ սակագներով մատուցված ծառայությունների դիմաց ընկերություններին փոխհատուցումների տրամադրման կարգը 2004 թվականի հունվարի 1-ից առանձին խմբերի քաղաքացիներին անմիջական փոխհատուցում տրամադրելու համապատասխան կարգով փոխարինելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ: Ենթադրվել է, որ 2004 թ. սկսած ամբողջությամբ կառևտրայնացվի ուղևորափոխադրման գործընթացը, և ընկերությունն ամբողջությամբ կստանա ուղևորափոխադրումից հասույթը:

6. Եկամտային մասում վարձակալությունից եկամուտները գնահատվել են` ելնելով վարձակալության համար նախատեսված 1300 ք.մ մակերեսի 2004 թ. շուրջ 65%-ից մինչև 2007 թ. շուրջ 70% զբաղվածության հասնելու ենթադրությունից: Արդյունքում վարձակալությունից ստացվող համախառն եկամուտը 2003 թ. գնահատվող շուրջ 52 մլն դրամի փոխարեն 2007 թ. կհասնի շուրջ 72 մլն դրամի:

7. Գովազդից ստացվող եկամուտները գնահատվել են գովազդային շուկայի նախնական ուսումնասիրության արդյունքների հիման վրա: 2007 թ. գումարը գնահատվել է մոտ 50 մլն դրամի սահմաններում` 2003 թ. ակնկալվող մոտ 8-10 մլն դրամի փոխարեն:

8. Կանխատեսվել է, որ էլեկտրաէներգիայի ծախսը չի ավելանա տարեկան 18 մլն կՎտ. ժ-ից, իսկ միջին սակագինը վերցված է 18.6 դրամ/կՎտժ. (սակագների փոփոխություն չի նախատեսվել):

9. Ամսական միջին աշխատավարձը 2002 թ. մոտ 32 հազար դրամի փոխարեն 2006 թ. կանխատեսվել է մոտ 60 հազ. դրամ: Միաժամանակ, յուրաքանչյուր տարի, ոչ հիմնական եկամուտների` նախատեսվածից ավելի բարձր լինելու դեպքում նպատակահարմար է լրացուցիչ ստացված գումարները (կամ որոշ մասը) ևս ուղղել աշխատողների խրախուսմանը:

10. Ենթադրվել է, որ ընթացիկ շահագործման և պահպանման այլ ծախսերը 2002 թ. 222 մլն դրամի փոխարեն 2003 թ. կկազմեն շուրջ 360 մլն դրամ, իսկ այնուհետև կաճեն սղաճի տեմպին զուգընթաց:

11. Կապիտալ ծախսերը 2003 թ. համար ընդունվել են 130 մլն դրամի չափով, այնուհետև յուրաքանչյուր տարի դրանց գումարն աճում է սղաճին զուգընթաց:

 

4.2. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

Ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկով մինչև 2007 թ. ընկերության գործունեության արդյունքները կբնութագրեն հետևյալ ցուցանիշները`

1. ընկերության եկամուտները 654 մլն դրամից (2003 թ.) կաճեն մինչև 959 մլն դրամ (2007 թ.), որը հիմնականում պայմանավորված կլինի անվճար ուղևորափոխադրման վերացմամբ և դրա հաշվին վճարովի ուղևորափոխադրումից, ինչպես նաև գովազդից ու վարձակալությունից եկամուտների ավելացմամբ,

2. ընկերության ընթացիկ շահագործման և պահպանման ծախսերը 1283 մլն դրամից (2003 թ.) կաճեն մինչև 1723.6 մլն դրամ (2007 թ.), որը հիմնականում պայմանավորված կլինի աշխատավարձերի ու դրանից բխող սոցապ վճարների ավելացմամբ,

3. արդյունքում 2004 թ. Երևանի մետրոպոլիտենը կունենա 622.2 մլն դրամի ճեղքվածք, որն անհրաժեշտ կլինի ֆինանսավորել պետական բյուջեի սուբսիդիայի հաշվին:

 

4.3. Եկամուտների բարելավումը

 

Հիմնական գործունեությունից ստացվող եկամուտների աճ ապահովելու ուղիներն են` ուղեվարձի բարձրացումը, ուղևորափոխադրումների աճի ապահովումը կամ, հնարավորության դեպքում, դրանց համակցումը: Երևանի քաղաքապետի 2003 թ. օգոստոսի 28-ի N 1652-Ն որոշմամբ 2003 թ. սեպտեմբերի 1-ից մետրոպոլիտենով մեկ ուղևորի փոխադրման սակագինը սահմանվել է 50 դրամ:

Երևանի մետրոպոլիտենի գործունեության բարելավման ծրագրում առանցքային դեր է հատկացվում գովազդային գործունեության համար տարածքների տրամադրման և տարածքների վարձակալությունից ստացվող եկամուտների ավելացման մեխանիզմների մշակմանը, որոնց կիրառման արդյունքում` մետրոպոլիտենի կողմից իրականացվող գովազդային ու վարձակալական գործառույթները կդառնան առավել արդյունավետ և թափանցիկ: Դրա արդյունքում հնարավորություն կստեղծվի ավելացնել մետրոպոլիտենի ոչ հիմնական գործունեությունից ստացվող եկամուտները, ինչը մեծածավալ հաստատուն ծախսերի առկայության պայմաններում կմեղմի ընկերության ընթացիկ ֆինանսավորման համար պետական բյուջեի բեռը:

Մետրոպոլիտենի համար լրացուցիչ եկամուտների ապահովման նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է, որ առևտրային և վարչական տարածքների վարձակալության հանձնման գործունեությունը մետրոպոլիտենն իրականացնի ինքնուրույն ու պարզեցված ընթացակարգով, իսկ գովազդների տեղադրման գործունեությամբ զբաղվի մրցութային եղանակով ներգրավված գովազդային գործունեության փորձ ունեցող ընկերություն:

Մետրոպոլիտենում տեսանելի գովազդի համար նախատեսված են կայարանների գծային պատերը, շարժասանդուղքների ճաղաշարքերում տեղադրված վահանակները, շարժասանդուղքների թեք ընթացքային պատերը, նախասրահային, մուտքային և կառամատուցային մակերեսները, կայարանների ցուցափեղկերը, մետրոյի մուտքի դռների ապակիները (նախատեսված է A8 ֆորմատի կպչուն պիտակների համար), հսկիչների խցիկների տանիքներին տեղադրված վահանակները, վագոնների պատուհանները և վագոնների ներսում տեղադրված վահանակները:

Գովազդային գործունեությունից ստացվող եկամուտների թափանցիկության ապահովման և գումարների ավելացման նպատակով անհրաժեշտ է գովազդային գործունեության համար տարածքների տրամադրման գործընթացն իրականացնել Հայաստանի գովազդային ընկերությունների շրջանում մրցութային եղանակով` ընկերության տնօրենների խորհրդի կողմից մշակված փաստաթղթերի փաթեթի (մրցույթի կազմակերպման կարգ, պայմանագրերի օրինակելի ձևեր և այլն) հիման վրա:

Մրցույթի արդյունքների ամփոփման համար ստեղծված մրցույթին հանձնաժողովում կարևորվում է ինչպես ընկերության, այնպես էլ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների ընդգրկվածությունը:

Մրցույթի անցկացման կարևոր նախապայմաններից է համարվում, ուղևորների հոսքից կախված, մետրոպոլիտենի կայարանների բաժանումն ըստ գոտիականության, մրցույթում հաղթած ընկերության հետ առավել երկար ժամանակահատվածով գովազդի տեղադրման թույլտվության պայմանագրի կնքումը (մասնավորապես, երեք տարի ժամկետով, այդ ժամկետն երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ) և ֆինանսական հարաբերությունների կարգավորումը կանխավճարային սկզբունքով:

Նախատեսվում է նաև, որ մետրոպոլիտենն իրավունք կունենա յուրաքանչյուր կայարանում առավելագույնը մեկ քառակուսի մետր մակերեսի վրա և շարժակազմերի յուրաքանչյուր վագոնում A4 չափսի երկու թղթի չափով անվճար տեղադրելու իր գովազդը, որը նաև կօգտագործվի ներկայացնելու առկա ազատ առևտրային տարածքներն ու դրանցում գործունեություն ծավալելու նպատակով թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և կարգը:

Վերը նշված միջոցառումները 2004 թվականին իրականացվելու արդյունքում հնարավոր կլինի էապես ավելացնել մետրոպոլիտենի հասույթը` գովազդային մակերեսների շահագործումից` 2003 թ. ակնկալվող մոտ 8-10 մլն դրամի փոխարեն 2007 թ. այն հասցնելով տարեկան մոտ 50 մլն դրամի: Այս արժեքը հիմք է ընդունված մետրոպոլիտենի ֆինանսական առողջացման ներկայացվող ծրագրում: Ենթադրվում է, որ այս թիվը ենթակա է ճշտման` կախված մրցույթի փաստացի արդյունքից:

Ոչ հիմնական գործունեությունից մետրոպոլիտենի կողմից ստացվող եկամուտների հիմնական մասը գոյանում է պահասրահների և առևտրային ու վարչական տարածքների վարձակալումից ստացվող գումարներից: Եթե գովազդի դեպքում գովազդային գործունեության իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի ներգրավվի մասնագիտացված ընկերություն, ապա, հաշվի առնելով մետրոպոլիտենի առանձնահատկությունները, մասնավորապես, տարածքների մասնատվածությունը և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, նպատակահարմար է, որ վարձակալման գործունեությամբ մետրոպոլիտենը շարունակի զբաղվել ինքնուրույն` կատարելով սակայն որոշակի փոփոխություններ տարածքների տրամադրման ու առևտրային գործունեության թույլտվության ընթացակարգի պարզեցման ուղղությամբ` ընկերության տնօրենների խորհրդի կողմից մշակված և հաստատված փաստաթղթերի փաթեթի (վարձակալության տրամադրման կարգ, պայմանագրերի օրինակելի ձևեր և այլն) հիման վրա:

Անհրաժեշտ է վերանայել փաստացի իրականացվող գնային քաղաքականությունը և 1 ք.մ առևտրային տարածքի համար գինը սահմանել` հիմնվելով գոտևորման սկզբունքի վրա (բացառությամբ պահասրահների):

Անհրաժեշտ է նաև պարզեցնել առևտրային տարածքների և պահասրահների տրամադրման կարգը` ֆիզիկական ու իրավաբանական անձանցից պահանջվող փաստաթղթերի շարքը սահմանափակելով գրանցման վկայականով, կանոնադրությամբ (իրավաբանական անձի դեպքում) և տվյալ գործունեության համար անհրաժեշտ լիցենզիայով (եթե տվյալ գործունեության համար այն պահանջվում է): Ներկայումս պահանջվող ընկերության վերջին 5 տարվա հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձևի փոխարեն վարձակալողների հետ աշխատել կանխավճարային հիմունքներով:

Նշված միջոցառումների կատարման շնորհիվ վարձակալությունից մետրոպոլիտենի հասույթը 2002 թ. տարեկան 40 մլն դրամի մակարդակից հնարավոր կլինի հասցնել տարեկան 60-80 մլն դրամի` կախված տարածքների զբաղվածության աստիճանից:

Մետրոպոլիտենի գործունեության բարելավմանը վերաբերող խնդիրներից է նաև մետրոպոլիտենի կայարաններում աշխատող պոմպերի միջոցով արտամղվող ջրի հետագա օգտագործման (վաճառքի) հարցը: Տարեկան մետրոպոլիտենի տարածքից դրենաժային համակարգ արտամղվում է մոտ 25-28 մլն խ.մ ջուր: Կախված արտամղվող ջրի որակից` այն կարելի է օգտագործել տարբեր նպատակներով (ջուրը կարող է օգտագործվել Երևանի զբոսայգիների ոռոգման կամ շատրվանների և ջրավազանների ջրամատակարարման նպատակով):

 

4.4. Շահագործման ծախսերի բարելավումը

 

Ինչ վերաբերում է ընթացիկ ծախսերի մակարդակին, ապա դրանք արդեն իսկ բավականին ցածր են` համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ` աշխատողների թվաքանակի և նրանց միջին աշխատավարձի մակարդակի առումով: Այդ կապակցությամբ կարևորվում է մինչև 2006 թ. մետրոպոլիտենի աշխատողների միջին աշխատավարձերի բարձրացումը մինչև 60 հազար դրամ, որն անհրաժեշտ կլինի որակյալ կադրերի պահպանման կամ ներգրավման համար: Միաժամանակ, կարևորվում է ընկերության կադրերի վերապատրաստման և մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով առկախ խնդիր է մնում ընթացիկ շահագործման ծախսերի, արտադրական պաշարների մնացորդների նորմատիվների, աշխատավարձի ու հավելյալ վարձատրության կարգի մշակման և տեղայնացման հարցը: Այստեղ պետք է հաշվի առնվի Երևանի մետրոպոլիտենի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակը, գնացքներին կցվող վագոնների միջին քանակը, դրանց թերբեռնվածությունը, ինչպես նաև Երևանի ռելիեֆի ազդեցությունը և այլն: Այդ նպատակով առաջնահերթ միջոցառումներից մեկը տեխնիկական աուդիտի անցկացումն է:

Այդ կապակցությամբ կարևորվում է 2004 թվականի ընթացքում ընթացիկ շահագործման ծախսերի, արտադրական պաշարների մնացորդների նորմատիվների, աշխատավարձի և հավելյալ վարձատրության կարգի մշակումն ու հաստատումը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ծախսի հիմնավորման և լավարկման (օպտիմալացման) նպատակով տեխնիկական աուդիտի անցկացման առաջադրանքի մշակման աշխատանքների ապահովումը, դրա իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

 

5. Կառավարման և կառուցվածքային բարեփոխումները

 

Կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ դրույթները հիմնականում նպատակաուղղված են ընկերության կառավարման համակարգի բարելավման միջոցառումների նախանշմանը, որի համար հիմնական նախապայման է հանդիսանում պետության կողմից հանրային ծառայությունների ոլորտների նկատմամբ (ինչպես ջրային և էներգետիկ ոլորտներում) քաղաքականության իրականացման, կառավարման և կարգավորման գործառույթների տարանջատումը:

Պետական կարգավորման առումով, մետրոպոլիտենի գործունեության լիցենզավորման պահանջ դրված չէ, առկա է միայն սակագների սահմանման գործառույթը: Սակայն ներկայումս հստակորեն սահմանազատված չեն այնպիսի կարևոր գործառույթների իրականացումը, ինչպիսիք են ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, կառուցվածքի և վարձատրության չափերի սահմանումն ու փոփոխությունը, ներքին կանոնակարգերի հաստատումը (ներառյալ գործունեության ներքին և արտաքին աուդիտի, ֆինանսական հաշվետվությունների ու տեղեկատվության հրապարակման և տարածման միասնական սկզբունքների սահմանումը), ընկերության տարեկան բյուջեի հաստատումն ու վերանայումը, իսկ կառավարման բնույթի որոշ գործառույթներ (ընկերության ընթացիկ ֆինանսատնտեսական գործունեության ծրագրավորում և կատարման ընթացքի մոնիտորինգ, ամբողջ համակարգի կառավարման պայմանագրային համակարգի ներդրման ընթացակարգերի սահմանում ու կառավարիչների հետ պայմանագրերի կնքում) ընդհանրապես չեն իրականացվում:

Կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգի ներդրման կարևոր տարրերից է համարվում արհեստավարժ տնօրենների խորհրդի ստեղծումը, որին կվերապահվի հիշյալ իրավասություններից բխող` որոշումների կայացման իրավունքը: Իսկ այս ոլորտում պետական քաղաքականությունը պետք է իրականացվի Երևանի քաղաքապետարանի կողմից` համագործակցելով պետական կառավարման մարմինների հետ: Մասնավորապես, շահագրգիռ պետական կառավարման մարմինների (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություններ, ՀՀ տարածքային կառավարման և արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն) հետ փոխհամաձայնեցված` Երևանի քաղաքային ուղևորատար տրանսպորտի երթուղիների գլխավոր սխեմայի վերանայման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս ձևավորված չէ պրոֆեսիոնալ տնօրենների խորհուրդների ինստիտուտը և կադրային բազան բավարար չէ, սկզբնական շրջանում կարևորվում է տնօրենների խորհրդի ստեղծումը` արհեստավարժ և ներկայացուցչական սկզբունքների համակցմամբ: Այսինքն տնօրենների խորհրդի անդամներից մի քանիսը կընտրվեն պրոֆեսիոնալ հիմունքներով, իսկ մնացածները կներկայացնեն պետական կառավարման շահագրգիռ մարմինները:

Տնօրենների խորհրդի անդամների վարձատրությունն անհրաժեշտ է նախատեսել ընկերության վարչական աշխատակազմի պահպանման ծախսերում, իսկ 2004 թ.` նպատակահարմար է լուծել դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցների հաշվին:

Կորպորատիվ կառավարման կարևոր հանգուցակետ է նաև ընկերությունը կառավարման կամ հանձնառության պայմանագրով մասնավոր հատվածին (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում` այլ հավասար պայմաններում, աշխատանքային կոլեկտիվին վերապահելով նախապատվության իրավունք) հանձնելու գործընթացի իրականացումը: Կառավարման կամ հանձնառության պայմանագրով ընկերության կառավարման իրավունքը կարող է վերապահվել այն անձին, որը, բացի երաշխիքային առաջարկներից, կներկայացնի լավագույն հայտային առաջարկը և կստանձնի ըստ տարիների մշակված ծրագրում նախանշված կատարողական ցուցանիշների (տեխնիկական, ֆինանսական, կազմակերպական) իրականացումը: Ծրագրում պետք է նախատեսվի նաև ֆինանսական պատասխանատվության կամ խրախուսման մեխանիզմներ` կախված ծրագրի կատարման ընթացքից:

Այս պարագայում 2004 թվականի ընթացքում կարևորվում է «Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունում կառավարման նոր համակարգի ներդրման ապահովումը և կառավարչի ներգրավման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակումը:

 

6. Ծրագրի մոնիտորինգը

 

Ծրագրի հետևողական կատարումը պետք է գտնվի ընկերության տնօրենների խորհրդի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հսկողության ներքո` տնօրենների խորհրդի կազմում` նշված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների ընդգրկված լինելուն զուգահեռ: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ձևերին համապատասխան` ընկերությունը պետք է ամսական տեղեկատվություն ներկայացնի վերը նշված երկու պետական կառավարման մարմիններին: Միաժամանակ, կարևորվում է որակյալ խորհրդատվական և աուդիտորական ծառայություններից օպերատիվորեն օգտվելու ճկուն համակարգի ստեղծման ու գործադրման նշանակությունը:

Պետական կառավարման մարմինները կոչված են ի հայտ բերելու այդ աշխատանքները, մասնակցելու դրանց իրականացման տեխնիկական առաջադրանքների մշակմանը և հաստատմանը, ներգրավելու կատարող խորհրդատվական կառույցներին, ընդունելու դրանց մատուցված ծառայություններն ու կայացնելու համապատասխան որոշում` ապահովելով իրագործման ընթացքի նկատմամբ մոնիտորինգը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 6-ի

N 1674-Ն որոշման

 

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ

 

(մլն դրամ)

._________________________________________________________________________.

|                             | 2002* |  2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 |

|                             |(փաստա-|(գնահա-|(նախա-|(նախա-|(նախա-|(նախա-|

|                             | ցի)   | տում) | գիծ) | գիծ) | գիծ) | գիծ) |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ   |-664,4 |-629,2 |-488,5|-559,4|-757,5|-764,6|

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|1.1. ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |-596,1 |-629,2 |-488,5|-559,4|-757,5|-764,6|

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Մուտքեր ընթացիկ              |538,6  |654,2  |900,0 |952,0 |956,0 |959,0 |

|գործունեությունից            |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Եկամուտներ                   |538,6  |654,2  |900,0 |952,0 |956,0 |959,0 |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|ՈՒղևորափոխադրումից  եկամուտ  |460,0  |541,7  |775,0 |800,0 |800,0 |800,0 |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|ՈՒղևորափոխադրում  (մլն մարդ) |11,5   |12,5   |15,5  |16,0  |16,0  |16,0  |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|ՈՒղևորափոխադրման  սակագինը   |40     |43     |50    |50    |50    |50    |

|(դրամ)                       |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Այլ եկամուտ, այդ թվում`      |78,6   |112,5  |125,0 |152,0 |156,0 |159,0 |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Վարձակալությունից եկամուտ    |42,0   |52,5   |70,0  |67,0  |70,0  |72,0  |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Գովազդից եկամուտ             |15,7   |25,0   |30,0  |50,0  |51,0  |52,0  |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Այլ                          |20,9   |35,0   |25,0  |35,0  |35,0  |35,0  |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Ելքեր ընթացիկ                |1134,7 |1283,3 |1388,5|1511,4|1713,5|1723,6|

|գործունեությունից            |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Ընթացիկ շահագործման և        |1013,2 |1261,5 |1385,5|1466,4|1669,6|1681,2|

|պահպանման ծախսեր             |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Էլ. էներգիա (ԱԱՀ-ով)         |188,8  |334,8  |335,0 |334,8 |334,8 |334,8 |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Աշխատավարձ և  սոցապ.         |603,2  |568,7  |696,0 |755,0 |947,0 |947,0 |

|հատկացումներ                 |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Տոկոսավճարներ                |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Այլ ծախսեր                   |221,3  |358,0  |354,5 |376,5 |387,8 |399,4 |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Հարկեր                       |121,5  |21,8   |3,0   |45,0  |43,8  |42,4  |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|1.2. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ          |-68,3  |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ                 |       |       |      |      |      |      |

|ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ           |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Մուտքեր ժամանակաշրջանի սկզբի |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|դրությամբ կուտակված դեբ.     |       |       |      |      |      |      |

|պարտք. մարումից              |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Զուտ ելքեր ժամանակաշրջանի    |-68,3  |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|սկզբի դրությամբ կուտակված    |       |       |      |      |      |      |

|կրեդ. պարտք. և  այլ պարտավ.  |       |       |      |      |      |      |

|մարումից                     |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Էլ. էներգիայի գծով           |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|աշխատավարձի գծով             |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|սոցապ. վճարների գծով         |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Վարկային պարտավորությունների |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|գծով                         |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|այլ մատակարարների գծով       |-68,3  |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|հարկային պարտավորությունների |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|գծով                         |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ|0      |0      |0     |0     |0     |0     |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Մուտքեր ֆինանսական           |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|գործունեությունից            |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Պետական ներդրումային ծրագրեր |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Բանկային վարկեր              |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Բյուջետային վարկեր           |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Այլ                          |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Ելքեր ֆինանսական             |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|գործունեությունից            |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Բանկային վարկերի մարում      |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Բյուջետային վարկերի մարում   |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Այլ                          |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|3.  ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ             |-127,1 |-130,4 |-133,7|-136,9|-140,6|-144,8|

|ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ              |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Մուտքեր ներդրումային         |0,0    |0,0    |0,0   |0,0   |0,0   |0,0   |

|գործունեությունից            |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Ելքեր ներդրումային           |-127,1 |-130,4 |-133,7|-136,9|-140,6|-144,8|

|գործունեությունից            |       |       |      |      |      |      |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Կապիտալ ծախսեր               |-127,1 |-130,4 |-133,7|-136,9|-140,6|-144,8|

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|ԶՈՒՏ ՄՈՒՏՔԵՐ                 |-791,4 |-759,6 |-622,2|-696,3|-898,1|-909,4|

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Պետական աջակցություն         |800,0  |697,0  |622,2 |696,3 |898,1 |909,4 |

|_____________________________|_______|_______|______|______|______|______|

|Ճեղքվածք (-), ավելցուկ (+)   |8,6    |-62,6  |0,0   |0,0   |0,0   |0,0   |

._________________________________________________________________________.

 

* 2002 թ. ծախսերը բերված են փաստացի դրամական վճարումների տեսքով, իսկ փաստացի հաշվեգրված ծախսերը հետևյալ չափերով են`

 

._____________________________________.

|Ելքեր ընթացիկ                |1356,2 |

|գործունեությունից            |       |

|_____________________________|_______|

|Ընթացիկ շահագործման և        |1229,9 |

|պահպանման ծախսեր             |       |

|_____________________________|_______|

|Էլ. էներգիա (ԱԱՀ-ով)         |351,1  |

|_____________________________|_______|

|Աշխատավարձ և  սոցապ          |575,3  |

|հատկացումներ                 |       |

|_____________________________|_______|

|Տոկոսավճարներ                |0,0    |

|_____________________________|_______|

|Այլ ծախսեր                   |303,5  |

|_____________________________|_______|

|Հարկեր                       |126,3  |

._____________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2003
N 1674-Ն
Որոշում