Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ...

 

 

020.0284.090201

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 փետրվարի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի և 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի, 21/1/ հոդվածի, 25 հոդվածի 1-ին կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել 2001 թվականի հունվարի 23-ին սահմանադրական դատարանում մուտքագրված` Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և արձանագրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1993 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այսուհետև` ԿԽՄԿ) գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և ԿԽՄԿ-ի կարգավիճակը սահմանելու նպատակով: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ճանաչել, որ`

ա) ԿԽՄԿ-ի կարգավիճակը համեմատելի է միջկառավարական կազմակերպությունների կարգավիճակին, նա համարվում է իրավաբանական անձ, իրավունք ունի պայմանագրերով ստանձնել պարտավորություններ, հարուցել դատական հայցեր, տնօրինել շարժական և անշարժ գույք: ԿԽՄԿ-ն, ինչպես նաև նրա սեփականությունն օժտված են դատական և վարչական անձեռնմխելիությամբ.

բ) ԿԽՄԿ-ի սեփականությունը, արխիվներն ու նրա կողմից պահվող բոլոր տեսակի փաստաթղթերը, որտեղ էլ դրանք գտնվեն և ում կողմից էլ օգտագործվեն, անձեռնմխելի են` ոչ մի մարմնի կողմից ենթակա չեն խուզարկման, բռնագրավման, առգրավման.

գ) ԿԽՄԿ-ն պաշտոնական նպատակներով կարող է օգտագործել իրեն հարմար հաղորդակցության միջոցներ, ՀՀ իրավասու իշխանությունների թույլտվությամբ իր շենքերում տեղակայել ռադիոհաղորդակցության սարքավորումներ, ՀՀ տարածքում օգտագործել շարժական սարքեր` ազատելով գանձումներից և վճարումներից.

դ) ԿԽՄԿ-ն իրավունք ունի տնօրինելու ազգային կամ արտասահմանյան տարադրամ, բացելու հաշիվներ ցանկացած տարադրամով, կատարելու անարգել փոխանցումներ, ազատվում է բոլոր տեսակի հարկերից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հարկերը հանդիսանում են կենցաղային սպասարկման համար վարձ, ինչպես նաև` իր օգնության ծրագրերի համար նախատեսված ապրանքների ներմուծման և արտահանման մաքսատուրքերից, ՀՀ տարածք բերվող կամ նրա տարածքի վրայով օգնության բեռների օդային փոխադրման և վայրէջքի վճարումներից.

ե) ԿԽՄԿ-ի պատվիրակության` ՀՀ քաղաքացիներ չհանդիսացող անդամները և նրանց ընտանիքներն ունեն այն կարգավիճակը, որ տրված է Հայաստանի Հանրապետությունում ներկայացված միջազգային միջկառավարական կազմակերպությունների` ՀՀ քաղաքացիներ չհանդիսացող աշխատակիցներին: Նրանք օգտվում են ձերբակալման կամ ազատազրկման, անձնական բնակավայրերի, մեքենաների, փաստաթղթերի և այլ անձնական իրերի անձեռնմխելիությունից, իսկ պատվիրակության այն անդամները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, օգտվում են միայն դատական անձեռնմխելիությունից, եթե նրանց կողմից կատարված գործողություններն առնչվում են իրենց պարտականությունների իրականացմանը.

զ) պատվիրակությունը նախապես տեղեկացնում է իրավասու իշխանություններին Հայաստանի Հանրապետությունում աշխատող անձնակազմի պաշտոնների և պարտականությունների մասին` հարգելով ՀՀ գործող օրենքներն ու կանոնները:

Համաձայնագրում նախատեսված են Կողմերի միջև ծագած վեճերի լուծման, լրացուցիչ համաձայնագիր կնքելու, սույն համաձայնագրում ուղղումներ կատարելու, այն չեղյալ հայտարարելու կարգն ու ձևերը:

2. Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում դրանում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որն ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 19-ին երևանում` համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

3. Համաձայնագիրը բխում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից, այդ թվում 1949 թվականի Ժնևի մարդասիրական իրավունքի վերաբերյալ կոնվենցիաներից և կից արձանագրություններից:

Նկատի ունենալով ԿԽՄԿ-ի գործունեության ոլորտները, համաձայնագրի դրույթները կարող են նպաստել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» 2000 թվականի հուլիսի 19-ին ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

9 փետրվարի 2001 թվականի

ՍԴՈ-284

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.02.2001
N ՍԴՈ-284
Որոշում