Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Ծ ...

27.04.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.07.2017  -ից մինչեւ   27.04.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 13.04.2023 թիվ 543-Ն որոշում)

040.1543.091106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2006 թվականի N 1543-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

XI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

104. Կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Կալանավորված անձինք և դատապարտյալները կարող են ներգրավվել ցանկացած աշխատանքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված աշխատանքների:

105. Կալանավորված անձինք և դատապարտյալները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունեն աշխատանքի վարձատրության իրավունք: Ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթվա դեպքում` կալանավորված անձանց կամ դատապարտյալների աշխատանքը վարձատրվում է աշխատաժամանակին կամ կատարված աշխատանքին համապատասխան:

106. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները, բացի կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների հետ ունեցած աշխատանքային հարաբերություններից, նման հարաբերությունների մեջ կարող են մտնել նաև այլ գործատուների հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և տվյալ գործատուի միջև համաձայնության առկայությունը:

107. Կալանավորվածներին պահելու վայրերում, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում կազմակերպվում են աշխատանքային զբաղվածության խցեր` կալանավորված անձին խցային պայմաններում աշխատանքներում ներգրավելու նպատակով:

Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները կարող են աշխատանքներում ներգրավվել նաև իրենց խցերում, եթե այդ աշխատանքների իրականացմամբ չեն խախտվում տվյալ խցում առկա մյուս կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքները` պահպանելով սանիտարահիգիենիկ, աշխատանքային անվտանգության և հակահրդեհային կանոնները:

108. Կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներում կարող են կազմակերպվել արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության աշխատանքային զբաղվածության խցեր կամ գոտիներ:

109. ՈՒղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում կարող է ներգրավվել միայն առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը: Համապատասխան պայմանագրում պարտադիր պետք է նշվեն նաև տվյալ աշխատանքներում ներգրավված դատապարտյալի` ուղղիչ հիմնարկից դուրս գտնվելու ժամերը:

110. Առանց վարձատրության ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար, դատապարտյալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, հիմնարկի պետն ընդունում է որոշում նրան տվյալ աշխատանքներում ներգրավելու մասին: Որոշման մեջ նշվում են ընդունման օրը, վայրը, համառոտ բովանդակությունը` կատարվող աշխատանքներում ներգրավվող դատապարտյալների թիվը, աշխատանքների բնույթը, աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու ծառայությունները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:

111. Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքներում ներգրավվում է ոչ հանգստյան ժամերին` օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:

 

XII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

112. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին կրթությունը` պետության հաշվին, իսկ բարձրագույն և հետբուհական կրթությունը` նրանց հաշվին կազմակերպելու համար:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կարող է կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպել նաև ոչ նրանց հաշվին` համագործակցելով այլ կազմակերպությունների հետ:

Կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկներում կրթությունը կազմակերպվում և իրականացվում է պետական կրթական ծրագրերին համապատասխան:

113. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական կրթությունն իրականացվում է դրսեկության և հեռավար ձևերով` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

Դրսեկության ձևով կարող են իրականացվել նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի հանրակրթությունը և նախնական մասնագիտական կրթությունը` բացառությամբ անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների:

i

114. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների նախնական մասնագիտական ուսուցումը կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկում կազմակերպելիս` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը`

1) իրականացնում է կրթություն չունեցող, ինչպես նաև մասնագիտություն չունեցող և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառում,

2) ստեղծում է ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ,

3) վերահսկում է ուսումնական հաստատության անձնակազմի կողմից սույն կանոնակարգի պահանջների պահպանումը,

4) ապահովում է ուսումնական հաստատության անձնակազմի անվտանգությունը` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում գտնվելու ընթացքում:

(114-րդ կետը փոփ. 10.01.08 թիվ 25-Ն որոշում)

115. ՈՒսումնական հաստատության ղեկավարությունը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին սահմանված կարգով կարող է ներկայացնել միջնորդություն` դրականորեն բնութագրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին խրախուսանքի ներկայացնելու համար:

116. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների կրթությունը խրախուսվում և հաշվի է առնվում նրանց ուղղման աստիճանը որոշելիս:

117. Կալանավորված անձի և դատապարտյալի կրթությունը չպետք է խոչընդոտի սույն կանոնակարգի պահանջների կատարմանը:

 

XIII. ԳՐՔԵՐԻՑ, ԱՄՍԱԳՐԵՐԻՑ ԵՎ ԹԵՐԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

118. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օգտվում է կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում եղած պարբերական մամուլից և գրականությունից:

Կալանավորված անձինք կամ դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի աշխատողի միջոցով` իրենց հաշվին կամ բաժանորդագրության ձևով ձեռք բերված գրականությունից և պարբերական մամուլից, որի համար կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետին:

Բաժանորդագրության ձևակերպումը կատարում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը: Բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվից: Բաժանորդագրությունը ձևակերպվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի փոստային հասցեով:

119. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում կազմակերպվում են գրադարաններ:

Կալանավորվածներին պահելու վայրում և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում` գրադարանում առկա գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների` գրադարանավարին տրված պատվերների հիման վրա:

Կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալներն օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:

 

XIV. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՈՐԾ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

120. ՈՒղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միավորումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:

121. Դատապարտյալների ինքնագործ միավորման կազմավորման հիմքը նրանց կողմից ուղղիչ հիմնարկի պետին ներկայացված համապատասխան դիմումն է, որում նշվում են միավորման տեսակը, անդամների թիվը, գործունեության նպատակները և խնդիրները:

122. ՈՒղղիչ հիմնարկի պետը համապատասխան դիմումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանում նշված տեղեկատվության իրական նպատակները և ընդունում որոշում ինքնագործ միավորման կազմավորումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին:

123. Դատապարտյալների ինքնագործ միավորում կազմավորելու մասին դիմումը կարող է մերժվել, կամ ստեղծված միավորումը կարող է ապակազմավորվել, եթե այն կրում է ձևական բնույթ, հակասում է պատիժը կատարելու նպատակներին, կարգին և պայմաններին, հետապնդում է շահադիտական կամ հակաօրինական այլ գործողություններ կատարելու նպատակներ: Տվյալ դեպքում հաշվի են առնվում միավորման մեջ ընդգրկվող կամ ընդգրկված դատապարտյալի կամ դատապարտյալների անձը, պատիժը կրելու ընթացքում նրա կամ նրանց ցուցաբերած վարքագիծը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

124. Դատապարտյալների ինքնագործ միավորումը պետք է ունենա ղեկավար կամ առնվազն երեք անձից բաղկացած ղեկավար խումբ, որոնք ընտրվում են միավորման մեջ ընդգրկված անդամներից, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայությամբ անցկացված բաց քվեարկության արդյունքների հիման վրա անդամների կողմից տրված ձայների քվեների պարզ մեծամասնությամբ:

125. Ինքնագործ միավորման ղեկավարի կամ ղեկավար խմբի անդամների փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում ուղղիչ հիմնարկի վարչակազմին, և տասնհինգ օրվա ընթացքում` սահմանված կարգով անցկացվում են նոր ընտրություններ:

126. Դատապարտյալների ինքնագործ միավորման անունից հանդես է գալիս միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը: Համապատասխան այլ միությունների և կազմակերպությունների հետ կապն ու համագործակցությունն իրականացվում են նրանց միջոցով:

127. Դատապարտյալների ինքնագործ միավորումն իր գործունեությունն իրականացնում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի գիտությամբ և սերտ համագործակցությամբ: Արտաքին աշխարհի հետ կապն ապահովում է հիմնարկի վարչակազմը:

128. Ինքնագործ միավորումների անդամները չեն օգտվում լրացուցիչ արտոնություններից և չեն ազատվում դատապարտյալի համար ուղղիչ հիմնարկի օրվա կարգացուցակով նախատեսված` պարտադիր համարվող միջոցառումներից:

129. Դատապարտյալների ինքնագործ միավորումը համապատասխան միջոցառման կազմակերպման համար նախօրոք դիմում է ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որն ստեղծում է անհրաժեշտ պայմաններ` դատապարտյալների ինքնագործ միավորման կողմից կազմակերպված միջոցառումների բնականոն անցկացման համար: Անցկացվող միջոցառումը ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե այն դուրս է գալիս որոշված նպատակների սահմաններից ու վտանգում է դատապարտյալների և ուղղիչ հիմնարկում գտնվող այլ անձանց անվտանգությունը:

130. Դատապարտյալի` ինքնագործ միավորման մեջ ընդգրկվելը խրախուսվում և հաշվի է առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս:

 

XV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐՈՆԱԿԱՆ ԾԵՍԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ

 

i

131. Կալանավորված անձանց և դատապարտյալներին երաշխավորվում է մտքի, խղճի և կրոնի ազատություն:

Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները կրոնական ծիսակատարությունները, որպես կանոն, կատարում կամ դրանց մասնակցում են դրանց համար հատուկ հատկացված սենյակներում: Թույլատրվում է միայն այնպիսի ծեսերի կատարումը, որոնք չեն խախտում սույն կանոնակարգի պահանջները կամ այլ անձանց իրավունքները:

(131-րդ կետը փոփ. 10.01.08 թիվ 25-Ն որոշում)

132. Կալանավորված անձինք և դատապարտյալները հնարավորության դեպքում կարող են կրոնական ծիսակատարությունները կատարել կամ դրանց մասնակցել` դրանց համար նախատեսված վայրերում:

133. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ, հանձնուքներով ստանալ, ձեռք բերել, իրենց մոտ պահել կրոնական գրականություն, կրոնական պաշտամունքի առարկաներ` բացառությամբ ծակող ու կտրող առարկաների ձև ունեցող կամ թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված կամ պատմական կամ մշակութային արժեք ներկայացնող իրերի, և օգտվել դրանցից:

134. Իր կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են հասարակական անվտանգության, առողջության ու բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

135. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող է կազմակերպել կրոնական միջոցառումներ:

136. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին հոգևոր օգնություն ցույց տալու համար` կալանավորված անձանց կամ դատապարտյալների միջոցներով, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել հոգևորականներ:

 

XVI. ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

137. Կալանավորված անձին կամ դատապարտյալին փաստաբանի կամ պաշտպանի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների կամ այլ անձանց հետ տեսակցություն տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի, իսկ նրա հանձնարարությամբ նաև` տեղակալի որոշմամբ` օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան:

Արգելվում է կալանավորված անձին ազգականների, զանգվածային լրատվության միջոցների կամ այլ անձանց հետ տեսակցությունների տրամադրումը` քրեական վարույթն իրականացնող մարմնի` տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշման մասին գրավոր իրազեկման դեպքում:

(137-րդ կետը փոփ. 04.02.16 թիվ 87-Ն, 09.02.17 թիվ 120-Ն որոշումներ)

i

138. Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցություն տրամադրելու անհրաժեշտ պայման են հանդիսանում կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը և տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող, իսկ երկարատև տեսակցության համար` նաև նախկինում համատեղ բնակվելու իրավունքը, ինչպես նաև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հավաստող փաստաթղթերի առկայությունը:

Սույն կետով նախատեսված փաստաթղթերը և կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանց հետ տեսակցություններ տրամադրելու համար, քանի դեռ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացվել:

(138-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 766-Ն որոշում)

139. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում բացասական բնութագրվող, ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող, աշխատանքի կամ ուսման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող, տույժ ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին:

Տեսակցության թույլտվությունը մերժվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի պատճառաբանված որոշմամբ:

i

140. Կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս և հինգ անչափահաս անձանց:

Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ առավելագույնը չորս չափահաս և հինգ անչափահաս անձանց հետ, իսկ երկարատև տեսակցություն` առավելագույնը չորս չափահաս անձանց և դատապարտյալի չորս անչափահաս եղբայրների, քույրերի, զավակների և թոռների հետ:

Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև կամ երկարատև տեսակցություն տրամադրվում է առանց տեսակցողների թվի սահմանափակման:

(140-րդ կետը փոփ. 25.02.16 թիվ 167-Ն որոշում)

141. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը տեսակցության եկած անձանց ծանոթացնում է տեսակցության անցկացման կարգին և պայմաններին: Տեսակցության եկած անձանց կողմից բերված սննդամթերքը, իրերը և առարկաները, որոնք սույն կանոնակարգով արգելված չեն, կալանավորված անձին կամ դատապարտյալին են փոխանցվում որպես ծանրոց, հանձնուք կամ փաթեթ:

142. Տեսակցության եկած անձանց նախազգուշացվում է սույն կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցնելու հնարավորության մասին:

143. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և դատապարտյալների համար նախատեսված երկարատև տեսակցությունների: Տեսակցությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել նշված անձանց կողմից կալանավորված անձին կամ դատապարտյալին սույն կանոնակարգով նախատեսված արգելված իրերի կամ առարկաների փոխանցման կամ փոխանցման փորձի կատարման փաստի հայտնաբերման դեպքում:

Դատապարտյալներին տրամադրված երկարատև տեսակցությունների ժամանակ դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կարող են կատարվել ստուգայցեր` չոտնահարելով դատապարտյալի արժանապատվությունը և չխախտելով հանգստի ու քնի իրավունքը:

i

144. Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10.00-17.00-ը ընկած ժամանակահատվածում: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Սույն կարգը տարածվում է նաև ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր իրենց մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթում ունեն մեղադրյալի կարգավիճակ:

(144-րդ կետը փոփ. 04.02.16 թիվ 87-Ն որոշում)

145. Տեսակցության ժամանակահատվածում` կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ չի տարածվում կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում սահմանված օրվա կարգացուցակը:

i

146. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում տեսակցության համար կահավորվում են հատուկ սենյակներ, որոնք հնարավորինս պետք է հարմարեցված լինեն երեխաների ժամանցի համար:

(146-րդ կետը փոփ. 10.01.08 թիվ 25-Ն որոշում)

147. Օրենքով սահմանված կարգով միմյանցից անջատ պահվող կալանավորված անձանց տեսակցությունը կազմակերպվում է այնպես, որպեսզի բացառվի միմյանց հետ շփումը:

i

148. Փաստաբանի կամ պաշտպանի» բառերով, ինչպես նաև նույն կետի երկրորդ հետ տեսակցություններն անցկացվում են կալանավորվածներին պահելու վայրի տեսակցության կամ քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված սենյակներում:

Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունների ժամանակ պետք է պահպանվեն օրենքի և սույն կանոնակարգի պահանջները:

(148-րդ կետը փոփ. 04.02.16 թիվ 87-Ն որոշում)

149. Իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալին իր դիմումի հիման վրա փաստաբանների կամ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեսակցություն է տրամադրվում առանց դրա քանակի սահմանափակման, աշխատանքային օրերին, դատապարտյալին կարճատև տեսակցություն տրամադրելու համար օրենքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

i

150. Արգելվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տեսակցության համար խցերից դուրս բերելը` հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու ժամանակ, օրակարգով սննդի ընդունման համար, ինչպես նաև քնի համար նախատեսված ժամերին` բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

(150-րդ կետը փոփ. 04.02.16 թիվ 87-Ն որոշում)

151. Տեսակցություն տրամադրելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն անձնական քարտում կատարում է գրառում` նշելով տեսակցություն տրամադրելու ամսաթիվը և տեսակցության եկած անձանց տվյալները:

Տեսակցության համար ներկայացված դիմումները կցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

 

XVII. ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

152. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է ստանալ և ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականներից, իսկ այլ անձանց կողմից հասցեագրվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում: Սույն կանոնակարգի 138-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանցից ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ ստանալու համար, քանի դեռ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացվել:

Ծանրոցներ, հանձնուքներ ու փաթեթներ ստանալու և ուղարկելու թույլտվությունը տալիս է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ` քրեակատարողական այլ ծառայող:

(152-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1032-Ն, 21.07.16 թիվ 766-Ն որոշումներ)

i

152.1. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ կարող են փոխանցվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի (www.ced.am) (այսուհետ` կայքէջ) միջոցով` պատվերներ կատարելով (այսուհետ` առցանց պատվեր): Առցանց պատվեր կատարող անձը կայքէջի միջոցով ծանոթանում է առցանց պատվեր կատարելու ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրին, որով սահմանված պայմանների ընդունումից հետո կարող է կատարել առցանց պատվեր:

(152.1-ին կետը լարց. 22.10.15 թիվ 1236-Ն որոշում)

i

152.2. Առցանց պատվեր կատարելու գործընթացն իրականացվում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով (այսուհետ` հիմնադրամ): Առցանց պատվերի կատարման մասին պայմանագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(152.2-րդ կետը լարց. 22.10.15 թիվ 1236-Ն որոշում)

152.3. Առցանց պատվեր կատարելու համար պատվիրատուն կայքէջի «Կատարել պատվեր» կոճակի միջոցով ձևակերպում է առցանց պատվերի կատարման մասին հայտը` նշելով ազգանունը, անունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, քրեակատարողական հիմնարկի անվանումը, կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

(152.3-րդ կետը լարց. 22.10.15 թիվ 1236-Ն որոշում)

152.4. Առցանց պատվերն ստանում է հիմնադրամը և փոխանցում համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողն ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի առկայությունը տվյալ քրեակատարողական հիմնարկում, ստանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու մասին, իսկ կալանավորված անձի դեպքում նախքան համաձայնությունն ստանալն ստուգում է տվյալ կալանավորված անձի համար տվյալ ամսվա ծանրոցի, հանձնուքի և փաթեթի թույլատրելի քաշի առկայությունը: Ընդ որում, կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է որոշակի ժամկետով հետաձգել պատվերի ընդունումը կամ մասնակի ընդունել կամ փոխարինել պատվերի առարկան` նախապես հիմնադրամի աշխատողի միջոցով ստանալով պատվիրատուի համաձայնությունը: Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժման դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կամ, նրա հանձնարարությամբ, այլ ծառայող ընդունում է համապատասխան որոշում` նշելով առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու պատճառները, անունը, ազգանունը, պաշտոնը և կոչումը: Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման ընդունումից հետո քրեակատարողական հիմնարկի ծառայողը որոշման պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է հիմնադրամին: Հիմնադրամի աշխատողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման պատճենը հետադարձ ծանուցմամբ ուղարկում է պատվիրատուին:

(152.4-րդ կետը լարց. 22.10.15 թիվ 1236-Ն որոշում)

152.5. Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը հիմնադրամի աշխատողից ընդունում է ցուցակով պատվիրված ապրանքը և սահմանված կարգով մեկօրյա ժամկետում փոխանցում դատապարտյալին կամ կալանավորված անձին: Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատվիրված ապրանքներն ստանալուց հետո ստորագրում է ցուցակի երկու օրինակը, որոնցից մեկ օրինակը տրվում է հիմնադրամի համապատասխան աշխատողին:

(152.5-րդ կետը լարց. 22.10.15 թիվ 1236-Ն որոշում)

153. Այն առարկաների և սննդամթերքի ցանկը, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալներին արգելվում է ծանրոցներով, հանձնուքներով կամ փաթեթներով ստանալ, սույն կանոնակարգով սահմանված կարգով ձեռք բերել, սահմանվում է սույն կանոնակարգով (N 2 ձև):

154. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:

155. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ քաղաքացիների մուտքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, բողոքների և առաջարկությունների արկղ: Տեսանելի վայրերում փակցվում են քաղվածքներ, հանձնուքների, ծանրոցների և փաթեթների հանձնման կարգը լուսաբանող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, ինչպես նաև ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:

156. Ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (N 8 ձև): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողին: Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:

157. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները բացվում են, և դրանց պարունակությունը զննվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում ծանրոցում, հանձնուքում կամ փաթեթում առկա առարկաների և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:

158. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողը, ընդունելով ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:

159. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում ծանրոց, հանձնուք կամ փաթեթ հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:

160. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում:

161. Ծանրոցները, հանձնուքները կամ փաթեթները հասցեատիրոջն են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:

i

162. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները, փաթեթները և ծանրոցները վերցվում են պահպանության և նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների, ծանրոցների և փաթեթների մեջ պարունակվող սննդամթերքը:

(162-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1032-Ն որոշում)

163. Հանձնուքները, փաթեթները և ծանրոցները չեն ընդունվում`

i

1) եթե հասցեատեր կալանավորված անձը կամ դատապարտյալն ազատ է արձակվել կամ մահացել է,

2) հանձնուքի, փաթեթի կամ ծանրոցի քաշի` սահմանված չափին անհամապատասխանության դեպքում,

3) հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացվելու դեպքում,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.07.11 թիվ 1032-Ն որոշում) կալանավորված անձի կամ դատապարտյալի` պատժախցում գտնվելու ընթացքում, եթե հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը պարունակում է շուտ փչացող ապրանքներ,

5) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցն ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում:

Սույն կետով նախատեսված դեպքերում ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները վերադարձվում են այն հանձնողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:

(163-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1032-Ն որոշում)

164. Կալանավորվածներին պահելու այլ վայր կամ ուղղիչ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելու վայրի հասցեով:

165. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ուղարկելու նպատակով դրա մասին դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որում նշվում է ուղարկվող ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի պարունակությունը:

166. Վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը` կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:

Ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

167. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց դրա սահմանափակման:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց, բացառությամբ այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` առանց դրանց սահմանափակման:

168. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից իր դրամի ազատ տնօրինումը:

 

XVIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

169. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն առանց քանակի սահմանափակման պարտավոր է ընդունել կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից ներկայացվող առաջարկությունները, դիմումներն ու բողոքները:

170. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ուղարկվում են հասցեատերերին` հանձնման պահից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրեն հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

171. Առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանները ստորագրությամբ հանձնվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին, իսկ նրա ցանկության դեպքում` կցվում նրա անձնական գործին:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները կցվում են համապատասխանաբար կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

172. Կալանավորված անձի կամ դատապարտյալի առաջարկությունները, դիմումները և բողոքները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ուղարկելու հետ կապված ծախսերը կատարում է կալանավորված անձը կամ դատապարտյալը:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում գումարի բացակայության դեպքում այդ ծախսերը կարող են կատարվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ:

173. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը կալանավորված անձից կամ դատապարտյալից վերցնելով նրա առաջարկությունները, դիմումները և բողոքները համապատասխան մատյանում կատարում է գրառում դրանք վերցնելու մասին, որի մասին ստորագրում է նաև կալանավորված անձը կամ դատապարտյալը` համաձայն N 9 ձևի:

 

i

XVIII.I. ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՀԱՑԱԴՈՒԼ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ) ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(XVIII.I. գլուխը լրաց. 06.07.17 թիվ 782-Ն որոշում)

 

173.1. Հացադուլը կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից գիտակցաբար և սեփական կամքով ցանկացած տեսակի սննդամթերքից և (կամ) ջրից որոշակի ժամկետով կամ անժամկետ հրաժարվելն է, ինչի մասին վերջինս բանավոր կամ գրավոր հայտարարություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմ:

173.2. Հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը ենթակա է անհապաղ արձանագրման քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Հացադուլ իրականացնելը չի հանգեցնում կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման և նրա համար չի կարող առաջացնել անբարենպաստ հետևանքներ:

173.3. Հացադուլ իրականացնելու փաստը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արձանագրվելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հաղորդում է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին և դատախազության համապատասխան ստորաբաժանում, իսկ կալանավորված անձի դեպքում` նաև քրեական վարույթն իրականացնող մարմին` նշելով հացադուլ իրականացնող անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման համար նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը կամ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, կալանավորման կամ պատժի սկիզբը, հացադուլի պատճառը, հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը (դրա առկայության դեպքում), այն սկսելու տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:

173.4. Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դրա մասին անհապաղ տեղեկացնում է նրա փաստաբանին (եթե հացադուլ իրականացնող անձն ունի փաստաբան), նրա մերձավոր ազգականներից մեկին կամ նրա կողմից ընտրված անձին: Հացադուլ իրականացնող անչափահաս անձի դեպքում նրա համաձայնությունը չի պահանջվում:

173.5. Հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարության մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հայտնելուց հետո իրենց իրավասության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են իրականացնում ավագ բուժաշխատողը (այսուհետ` բժիշկ) և սոցիալական կամ հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը:

173.6. Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում նա ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց` հնարավորինս հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները` անկախ ուղղիչ հիմնարկի տեսակից (բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների): Խուցը պետք է առնվազն ապահովված լինի սույն կանոնակարգի 46-րդ կետով նախատեսված պայմաններով:

173.7. Հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում հացադուլ իրականացնող անձը գտնվում է մշտական (ամենօրյա) բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող անձին նրան հասկանալի լեզվով ներկայացնում է սննդամթերքից և (կամ) ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:

173.8. Մինչև հացադուլի դադարեցումը բժիշկը յուրաքանչյուր օր պարզում է հացադուլ իրականացնող անձի կողմից սննդամթերքի և (կամ) ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) տրամադրելու վերաբերյալ համաձայնության առկայության կամ բացակայության հանգամանքը և դրա մասին կատարում գրառում նրա բժշկական քարտում:

173.9. Հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում հացադուլը դադարեցնելու նպատակով: Նրան տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումը չեն կարող պայմանավորվել հացադուլը դադարեցնելու միտումով:

173.10. Հացադուլ իրականացնող անձի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում վերջինիս առանց իր համաձայնության տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա: Բժշկական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվեն մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում` պահպանելով հացադուլ իրականացնող անձի հիմնական իրավունքները և ազատությունները:

173.11. Հացադուլ իրականացնող անձի հարկադիր կերակրումն արգելվում է:

173.12. Հացադուլ իրականացնելու ընթացքում հացադուլ իրականացնող անձին օրվա կարգացուցակով նախատեսված ժամերին առաջարկվում է օրվա սննդաբաժինը, իսկ հրաժարվելու դեպքում նշում է կատարվում քրեակատարողական հիմնարկի օրվա ճաշացանկից չօգտվողների ցուցակում:

173.13. Հացադուլ իրականացնող անձի տեղափոխումն այլ քրեակատարողական հիմնարկ, քննչական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում, բուժաշխատողի ուղեկցությամբ:

173.14. Հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող անձի հայտարարությունից կամ անհրաժեշտ սննդամթերքը և (կամ) ջուրն ընդունելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաղորդում է ներկայացնում 173.3-րդ կետում նշված պետական մարմիններին և պաշտոնատար անձանց: Բժշկի կողմից հացադուլ իրականացնող անձի բժշկական քարտում հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող անձի հայտարարության կամ անհրաժեշտ սննդամթերքը և (կամ) ջուրն ընդունելու մասին կատարվում է համապատասխան գրառում:

 

XIX. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

174. Կալանավորված անձին և դատապարտյալին թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց ստացվող և ուղարկվող նամակագրության սահմանափակման:

175. Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

176. Բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում սարքավորվում են փոստարկղեր, որոնք հիմնարկի վարչակազմի համապատասխան ներկայացուցչի կողմից նամակների առկայության ստուգման նպատակով բացվում են աշխատանքային յուրաքանչյուր օրվա ավարտին: Կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում նամակները հանձնվում են վարչակազմի ներկայացուցչին: Նամակները փոստարկղ են գցվում կամ տրվում են ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին` փակ վիճակում:

177. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի նամակը հասցեատիրոջն ուղարկելը կատարվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից` նամակի ստացման կամ այն ուղարկելու համար հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

178. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով նրա բացակայությամբ ստացված նամակները ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում են նրա գտնվելու նոր վայրը:

179. Բացի նամակներ ուղարկելու իրավունքից, կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի օգտվելու փոստային այլ հաղորդումներ իրականացնելու հնարավորություններից: Այդ նպատակով կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին` նախապես տալով համաձայնություն` իր հաշվին փոստային հաղորդումներ իրականացնելու համար:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի` փոստային հաղորդման իրականացումը կազմակերպող ներկայացուցիչը նախապես ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում դրամի առկայության հանգամանքը և բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում կազմակերպում այն:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում փոստային հաղորդումն իրականացնելու մասին դիմումը մերժվում կամ իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին` վերջինիս պետի թույլտվությամբ:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի փոստային հաղորդման իրականացումը կազմակերպվում է հաջորդ օրվանից ոչ ուշ, եթե դրան չեն խոչընդոտում ստեղծված հանգամանքները (տրանսպորտի անսարքությունը կամ բացակայությունը, եթե հիմնարկը կամ կալանավորվածներին պահելու վայրը գտնվում է կապի բաժանմունքից բավականին հեռու, հանգստյան կամ տոն օրերը և այլն):

 

XX. ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

i

(վերնագիրը փոփոխվելու է 01.11.18 թվականից` 14.12.17 թիվ 1599-Ն որոշում)

 

180. Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր հաշվին օգտվել համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկի տարածքում տեղակայված հեռախոսակապից, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերից: Կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:

Հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ:

181. Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է ձեռք բերել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:

i

182. Կալանավորված անձին կամ դատապարտյալին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով:

Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն:

Չի թույլատրվում գիշերային ժամերին հեռախոսակապից օգտվել:

Արգելվում են կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսազրույցները:

Ամուսիններ կամ մերձավոր ազգականներ հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսազրույցները թույլատրվում են, եթե կալանավորված անձանց դեպքում առկա չէ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը հեռախոսազրույցներն արգելելու մասին:

(182-րդ կետը փոփ. 10.01.08 թիվ 25-Ն որոշում)

183. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը, հաշվի առնելով կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, կարող է երկարացնել հեռախոսակապից օգտվելու տևողությունը` ևս 10 րոպեով:

184. Հեռախոսակապից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որտեղ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անվանական տվյալները, հեռախոսակապից օգտվելու հաճախականությունը և տևողությունը:

185. Կալանավորված անձը կամ դատապարտյալը հեռախոսակապից օգտվելու համար դիմում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որն այն տրամադրում է նախօրոք սահմանված հերթականությամբ:

i

185.1. Օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Կալանավորված անձին տեսազանգից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:

(185.1-ին կետն ուժի մեջ է 01.11.18 թվականից` 14.12.17 թիվ 1599-Ն որոշում)

185.2. Հասարակական կարգի, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշմամբ տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ` դրա մասին նախապես տեղյակ պահելով կալանավորված անձին կամ դատապարտյալին:

(185.2-րդ կետն ուժի մեջ է 01.11.18 թվականից` 14.12.17 թիվ 1599-Ն որոշում)

185.3. Կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումի հիման վրա տեսազանգից օգտվելու հնարավորությունը տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով:

(185.3-րդ կետն ուժի մեջ է 01.11.18 թվականից` 14.12.17 թիվ 1599-Ն որոշում)

185.4. Տեսազանգից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որտեղ նշվում են կալանավորված անձանց և դատապարտյալների անվանական տվյալները, տեսազանգից օգտվելու հաճախականությունը և տևողությունը, տեսազանգից հրաժարվելու դեպքերը և պատճառները:

(185.4-րդ կետն ուժի մեջ է 01.11.18 թվականից` 14.12.17 թիվ 1599-Ն որոշում)

185.5. Տեսազանգը կազմակերպվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի` դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:

(185.5-րդ կետն ուժի մեջ է 01.11.18 թվականից` 14.12.17 թիվ 1599-Ն որոշում)

 

XXI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

186. Կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ սահմանված կարգով մուտք գործած զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը համապատասխանաբար տվյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությամբ կարող է իրականացնել նրա լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանումը, տեսանկարահանումը կամ հարցազրույցն իրականացվում է տեսակցության համար նախատեսված սենյակում և, միաժամանակ, մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի մասնակցությամբ` բացառությամբ աշխատանքային, մշակութային, կրթական, մարզական և նման այլ միջոցառումների ժամանակ իրականացվող լուսանկարահանման, տեսանկարահանման կամ հարցազրույցի:

(186-րդ կետը փոփ.29.01.10 թիվ 64-Ն որոշում)

187. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանումը, տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ներկայացուցչի ներկայությամբ:

188. Լուսանկարահանման, տեսանկարահանման և հարցազրույցի ընթացքը վաղաժամկետ կարող է դադարեցվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրավախախտումը կանխելու կամ անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

XXII. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

189. Կալանավորված անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Քրեական վարույթն իրականացնող մարմինն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին և կալանավորված անձին:

Դատապարտյալներին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: ՈՒղղիչ հիմնարկի պետն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը:

(189-րդ կետը փոփ. 05.03.09 թիվ 222-Ն որոշում)

190. Կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր դիմումի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերը փաստող անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա: Որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը, դատապարտյալի դեպքում` նաև պատժաչափը և պատիժը կրելու ժամանակը:

191. Մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդությամբ տառապող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը առողջության պատճառով անընդհատ խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս կալանավորված անձին կամ դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ:

192. Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում 6 անգամ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել 3 օրը:

193. Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստացած կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական` համաձայն օրինակելի ձևի (ձև N 10), նրան բացատրվում է մեկնման կարգը և նախազգուշացվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այդ կապակցությամբ, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է արձանագրություն` համաձայն օրինակելի ձևի (ձև N 11), որը ստորագրվում է նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

194. Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանավորման կամ պատիժը կրելու ժամկետի մեջ:

195. Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը կամ դատապարտյալը:

196. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուն պես նրան տրված վկայականը վերցվում է և կցվում նրա անձնական գործին:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը համարվում է սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող, եթե վերադառնալու ժամկետին հաջորդող հաշվառման ժամանակ նա չի գտնվել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում:

197. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը կարճաժամկետ մեկնման ժամանակահատվածում հիվանդացել է կամ ստացել այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնց դեպքում պահանջվում է ստացիոնար բուժում, ապա այդ նպատակով նա տեղափոխվում է բուժական ուղղիչ հիմնարկ, իսկ դրա անհնարինությունից կամ անհետաձգելիությունից ելնելով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բուժական հաստատություն:

Բուժական ուղղիչ հիմնարկ կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բուժական հաստատություն ընդունվելիս կալանավորված անձը կամ դատապարտյալը չի համարվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող:

 

XXIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

198. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի իր ներկայացուցչի միջոցով կամ անձամբ մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

199. Կալանավորված անձը կամ դատապարտյալը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին:

200. Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձի կողմից քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու ցանկության մասին հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:

201. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել իր ներկայացուցչի միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համապատասխան լիազորագիր տալ իր ներկայացուցչին, որը հաստատվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով:

202. Եթե անձը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, ապա կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հնարավորություն է ընձեռում կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գործարքի մեջ մատնանշված կողմերի ներկայությունն ապահովելու համար:

203. Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում կարող է տրամադրվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը:

204. Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:

205. Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացնելու համար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատասխանատվություն չի կրում:

206. Կալանավորված անձի կամ դատապարտյալի ամուսնության գրանցման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

207. Ամուսնության գրանցումից հետո կալանավորված անձին տրվում է տեսակցություն, իսկ դատապարտյալին` երկարատև տեսակցություն:

 

XXIV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

208. Նյութական վնաս պատճառող կալանավորված անձին կամ դատապարտյալին հայտնաբերելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կատարում է ուսումնասիրություններ:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով նյութական վնաս պատճառած անձին հայտնաբերելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տնտեսական հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան ներկայացուցիչը կազմում է արձանագրություն նյութական վնաս պատճառելու մասին, որպես կանոն, 2 օրինակից, իսկ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից արձանագրության մեկ օրինակ ստանալու մասին ցանկություն հայտնելու դեպքում` 3 օրինակից:

Արձանագրությունն ստորագրում են այն կազմող համապատասխան քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև այն անձը, ով պատճառել է նյութական վնասը:

Արձանագրությունը պետք է բովանդակի կալանավորված անձի կամ դատապարտյալի նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու կամ մերժելու հանգամանքը, ինչպես նաև նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու դեպքում` վերջինիս անձնական հաշվից կամավոր հատուցելու համաձայնությունը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից արձանագրությունը չստորագրվելու դեպքում դրա մասին նշվում է արձանագրության մեջ:

Արձանագրության մեկ օրինակը փոխանցվում է տվյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ֆինանսական հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը` կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվից գումարը պահելու նպատակով, երկրորդ օրինակը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին, իսկ երրորդը` հանձնվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին` վերջինիս ցանկությամբ:

i

209. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից պատճառված նյութական վնասը կարող են հատուցել նրանց մերձավոր ազգականները կամ այլ անձինք` վերջիններիս համաձայնությամբ: Կալանավորված անձին ուղղիչ հիմնարկ ուղարկելու դեպքում նրա կողմից չհատուցված նյութական վնասը կարող է հատուցվել կալանավորված անձի անձնական հաշվին ստացվող միջոցներից: Կալանավորված անձանց հաշվին դրամի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ վնասը հատուցված է մասնակիորեն` նյութական վնաս պատճառելու մասին արձանագրությունն ուղարկվում է նրա գտնվելու վայրի ուղղիչ հիմնարկ:

(209-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1032-Ն որոշում)

210. Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու, ինչպես նաև կալանավորված անձի կալանքից կամ դատապարտյալի պատժից ազատվելու դեպքում նրանց կողմից չհատուցված վնասը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XXV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

211. Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի միջոցները կիրառվում են համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան:

212. Կալանավորված անձանց նկատմամբ, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսանքի միջոցներից, կարող են կիրառվել հետևյալ խրախուսանքի միջոցները`

ա) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից,

բ) լրացուցիչ հեռախոսազրույցի կամ հեռախոսազրույցների տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից,

գ) լրացուցիչ ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն:

213. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշման պատճենը կցվում է նրա անձնական գործին:

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2006
N 1543-Ն
Որոշում