(սույն օրենքն ուժը կորցրել է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը` 23.03.18 ՀՕ-155-Ն օրենք)
18.07.2015 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 12-ին
i
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
Հոդված 1. |
Հանրաքվեի հասկացությունը |
1. Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը, այսուհետ՝ հանրաքվե) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով:
2. Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
(1-ին հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն օրենք)
Հոդված 2. |
Հանրաքվեի անցկացման սկզբունքները |
1. Հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:
2. Մասնակցությունը հանրաքվեին ազատ է: Քաղաքացիների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:
i
Հոդված 3. |
Հանրաքվեին մասնակցելու իրավունքը |
1. Հանրաքվեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության՝ հանրաքվեի անցկացման օրը 18 տարին լրացած քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրություններին մասնակցելու համար սահմանված կարգով:
i
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.01.2009 թվականից՝ 26.12.08 ՀՕ-3-Ն օրենք)
3. Հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները:
i
4. Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները հանրաքվեին մասնակցում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով:
i
5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանրաքվեն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով, որին կարող են մասնակցել ընտրական օրենսգրքով համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները:
(3-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 4. |
Հանրաքվեի դրվող հարցերը |
1. Հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու հարցերը:
2. Հանրաքվեի չեն կարող դրվել՝
ա) Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների փոփոխության վերաբերյալ հարցերը.
բ) Հանրապետության գործող Նախագահի և գործող Ազգային ժողովի, ինչպես նաև գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետի երկարաձգման կամ կրճատման հարցերը.
գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը:
(4-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն օրենք)
i
Հոդված 5. |
Հանրաքվեի անցկացումը բացառող հանգամանքները |
1. Հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ և ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
2. Հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, միևնույն հարցի կամ միևնույն բովանդակությունն ունեցող հարցի վերաբերյալ չի կարելի անցկացնել կրկնակի հանրաքվե:
(5-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն օրենք)
Հոդված 6. |
Հանրաքվեի մասին օրենսդրությունը |
Հանրաքվեի մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից և իրավական այլ ակտերից:
ԳԼՈՒԽ 2.
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ
i
Հոդված 7. |
Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը, հանրաքվե նշանակելը և անցկացնելը |
1. Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Ազգային ժողովը:
2. Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնություն տալուց հետո նախագիծն ուղարկում է Հանրապետության Նախագահին՝ հանրաքվեի դնելու համար:
3. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու՝ Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, կարող է նախագիծն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:
4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված՝ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:
5. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու՝ իր առաջարկած նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով: Ազգային ժողովն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
i
6. Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի առաջարկած նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, կամ Ազգային ժողովի համաձայնությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:
7. Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 65 օր հետո:
8. Համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով՝ ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
(7-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-161-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 8. |
Օրենքների ընդունման հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը, հանրաքվե նշանակելը և անցկացնելը |
1. Օրենքների ընդունման հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի Ազգային ժողովը կամ կառավարությունը:
2. Ազգային ժողովն օրենքի նախագծին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնություն տալուց հետո նախագիծն ուղարկում է Հանրապետության Նախագահին՝ հանրաքվեի դնելու համար:
3. Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած օրենքի նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, կարող է նախագիծն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:
4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:
5. Հանրապետության Նախագահը կառավարության առաջարկած օրենքի նախագիծն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով՝ հանրաքվեի դնելու համար՝ Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու համար:
6. Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելու համար համաձայնություն տալու վերաբերյալ:
7. Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի առաջարկած նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ կառավարության առաջարկած նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային ժողովի համաձայնությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:
8. Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 65 օր հետո:
9. Համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով՝ ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
(8-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-161-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 8.1. |
Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը և հանրաքվե նշանակելն ու անցկացնելը |
1. Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը:
2. Հանրաքվե նշանակելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է բացահայտել հասարակական կարծիքը:
3. Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական և ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը և հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ:
4. Հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Նույն ժամկետում որոշման տեքստը հանձնվում է զանգվածային լրատվության միջոցներին:
5. Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո:
6. Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ:
7. Զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին, լիազոր մարմին և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված հանրաքվեի մասնակիցների թիվը:
8. Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 16, և ոչ ուշ, քան 19 օր առաջ:
9. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները լիազոր մարմինը տեղամասային կենտրոններում՝ բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում է հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ:
(8.1-ին հոդ. լրաց. 26.12.08 ՀՕ-3-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 9. |
Հանրաքվեի հանձնաժողովների համակարգը |
Հանրաքվեի հանձնաժողովներն են՝
ա) հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը (այսուհետ՝ կենտրոնական հանձնաժողով).
բ) հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովները (այսուհետ՝ ընտրատարածքային հանձնաժողովներ).
գ) հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները (այսուհետ՝ տեղամասային հանձնաժողովներ):
(9-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն օրենք)
i
Հոդված 10. |
Հանրաքվեի հանձնաժողովների կազմավորումը |
1. Հանրաքվեի կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները: Կենտրոնական հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով: Եթե հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված տեղամասային ընտրական հանձնաժողովը:
(10-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն օրենք)
i
Հոդված 11. |
Կենտրոնական հանձնաժողովի լիազորությունները |
1. Կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեն կազմակերպող և հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական հանձնաժողովը՝
1) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.
2) ընդունում է իր և ստորադաս հանձնաժողովների կանոնակարգերը.
3) կազմակերպում և անցկացնում է հանրաքվեի անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը.
4) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի օրենսդրության միատեսակ կիրառման նկատմամբ.
5) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և հանրաքվեի այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, հանրաքվեի հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերով.
6) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում.
7) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում հանձնաժողովների՝ սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին հակասող որոշումները.
8) լսում է հանրաքվեի հանձնաժողովների և պետական մարմինների հաղորդումները հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման մասին.
9) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.
10) կազմակերպում է հանրաքվեի դրվող Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև հանրաքվեի դրվող օրենքի նախագծերի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով.
11) ընդունում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված որոշումներ, հանրաքվեի գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին չհակասող որոշումներ.
12) հրապարակում է ուսումնական ձեռնարկ տեղամասային հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և դիտորդների համար.
13) սահմանում է հանրաքվեի հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.
14) հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը).
15) իրականացնում է վերահսկողություն քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների նկատմամբ.
16) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև հանրաքվեին վերաբերելի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
(11-րդ հոդ. փոփ. 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 12. |
Ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները |
1. Ընտրատարածքային հանձնաժողովի` սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքային հանձնաժողովը`
1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.
2) սահմանում է հանրաքվեի տեղամասերի հերթական համարները` կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական հանձնաժողով.
3) իր և տեղամասային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական հանձնաժողով.
4) քննարկում է տեղամասային հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային հանձնաժողովների` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին հակասող որոշումները.
5) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան` իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում.
6) հետևում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք հանրաքվեի տեղամասերում ներկայացնելուն.
7) վերահսկում է հանրաքվեի տեղամասային կենտրոնների` սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.
8) վերահսկողություն է իրականացնում տեղամասային հանձնաժողովների կողմից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.
9) անվավեր է ճանաչում հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքները.
10) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված և հանրաքվեին վերաբերելի այլ լիազորություններ:
(12-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 13. |
Տեղամասային հանձնաժողովների լիազորությունները |
1. Տեղամասային հանձնաժողովների՝ սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասային հանձնաժողովը՝
1) կազմակերպում է հանրաքվեի դրված հարցի քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները հանրաքվեի տեղամասում.
2) կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.
3) հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակները, հանրաքվեի փաստաթղթերի պարկը և քվեատուփը ներկայացնում է ընտրատարածքային հանձնաժողով.
4) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված և հանրաքվեին վերաբերելի այլ լիազորություններ:
(13-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 14. |
Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը |
Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումն իրականացվում է համապետական ընտրությունների համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
(14-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 26.12.08 ՀՕ-3-Ն օրենքներ)
i
Հոդված 15. |
Հրապարակայնությունը հանձնաժողովների աշխատանքներն իրականացնելիս |
1. Հանրաքվեն նախապատրաստվում և անցկացվում է հրապարակայնորեն՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան՝ սույն օրենքի առանձնահատկությունների հաշվառմամբ:
(15-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 16. |
Հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման կարգը |
Հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը, հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկումը, ընտրատարածքային հանձնաժողովում տեղամասային հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկը կատարվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
(16-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
i
Հոդված 17. |
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմելու կարգը |
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների՝ ընտրողների ցուցակները (այսուհետ՝ ցուցակներ) կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի երկրորդ գլխում համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմելուն, վարելուն, քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելուն, ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին, ցուցակների մատչելիությանը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելուն, ցուցակները ճշտելուն և հանձնաժողովներին ցուցակները տրամադրելուն վերաբերող դրույթներով սահմանված կարգով:
Հոդված 18. |
Տեղամասերը և տեղամասային կենտրոնները |
Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
i
Հոդված 19. |
Հանրաքվեի ֆինանսավորումը |
1. Հանրաքվեի կազմակերպման և անցկացման (ներառյալ՝ ցուցակները կազմելը, հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցում կազմակերպելը), ինչպես նաև հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորման կարգին համապատասխան:
(19-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 5.
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
i
Հոդված 20. |
Քարոզչությունը հանրաքվեի նախապատրաստվելիս |
1. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը), կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները:
Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
2. Պետությունը ապահովում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները՝ ժողովներ, հանդիպումներ և հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով քարոզչություն կատարողներին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք քարոզչություն կատարողներին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար՝ կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով:
i
2.1. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 7 օր հետո մարզպետը, Երևանում՝ Երևանի քաղաքապետը կենտրոնական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների և այլ շինությունների ցանկը, որոնք քարոզչություն կատարողներին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական հանձնաժողովի համացանցային կայքում:
3. Քարոզչությունն սկսվում է հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ, իսկ պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար անցկացվող հանրաքվեի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:
3.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն (պատգամավորական խումբ) իրավունք ունի`
ա) անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե.
բ) վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 180 րոպե՝ քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից կարող են օգտվել՝ սկսած քվեարկության օրվանից 30 օր առաջ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին (պատգամավորական խմբերին) վճարովի և անվճար եթերաժամը տրամադրվում է խմբակցության (պատգամավորական խմբի) ղեկավարի կամ քարտուղարի կողմից եթերաժամ տրամադրողին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
Անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը եթերաժամ տրամադրելու համար սահմանված ժամկետից առնվազն հինգ օր առաջ:
Զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության համար սահմանված կանոնները:
4. Քվեարկության օրը և նրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում:
5. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել՝
ա) պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս.
բ) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին.
գ) հանրաքվեի հանձնաժողովի անդամներին.
դ) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.
ե) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին:
6. Քարոզչությունը կարող է կատարվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային քարոզչական միջոցառումների ձևով (ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, հավաքներ), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով:
7. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձևով հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական այլ տպագիր նյութեր:
8. Քարոզչական պաստառները փակցնելու համար համայնքների ղեկավարները, հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, իսկ պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար անցկացվող հանրաքվեի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, հատկացնում են հատուկ տեղեր: Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն: Այդ տեղերը պետք է հարմար լինեն քվեարկողների այցելության համար և ապահովեն հավասար մակերես «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության համար:
9. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:
Արգելվում է հանրաքվեի անցկացման օրը՝ մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել հանրաքվեի մասնակիցների հարցման արդյունքներն այն մասին, թե հանրաքվեի դրված հարցին «ԱՅՈ» կամ «ՈՉ» են քվեարկել:
10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
11. Արգելվում է՝
ա) անանուն քարոզչական նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ հանրաքվեի հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ՝ ապօրինի գործողությունները դադարեցնելու համար.
բ) քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը քարոզչություն կատարողներին արգելվում է քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ.
գ) քվեարկության և դրան նախորդող օրը տեղամասային կենտրոնում և դրան հարող տարածքում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների վրա ազդեցություն գործել բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաև այլ եղանակներով հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչություն կատարելը.
դ) մինչև քվեարկությունն ավարտվելը հրապարակել հանրաքվեին մասնակցած անձի քվեարկության արդյունքը.
ե) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:
12. Հանրաքվեի հանձնաժողովները հսկում են քարոզչության համար սահմանված կարգի պահպանումը: Դրա խախտման դեպքում հանձնաժողովները կարող են դիմել իրավասու մարմիններ՝ դրանք կանխելու, ինչպես նաև դատարան՝ քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Սույն հոդվածի 11-րդ մասի «ե» կետի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ անկախ հանրաքվեի հանձնաժողովի պահանջից:
(20-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 14.04.11 ՀՕ-102-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
Հոդված 21. |
Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը |
1. Քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձինք կարող են ստեղծել քարոզչության հիմնադրամ՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով:
2. Հիմնադրամի միջոցները հավաքվում են քարոզչության իրավունք ունեցող անձի տված գրավոր դիմումի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում:
3. Հիմնադրամն ստեղծվում է անձնական միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն՝
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.
բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).
գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.
դ) քաղաքացիություն չունեցող անձինք.
ե) բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները.
զ) բաժնետիրական կապիտալում երեսուն տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները:
i
5. Հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100000-ապատիկը:
Քարոզչության հիմնադրամ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի) մուծումների չափը յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25000-ապատիկը: Նրանցից յուրաքանչյուրը կարող է կատարել մուծում միայն մեկ հիմնադրամում: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է քարոզչության հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով կամավոր մուծում:
Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է կենտրոնական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քվեարկության օրվանից 20 օր և 10 օր առաջ, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ 3-րդ օրը:
5.1. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանց՝ հիմնադրամների հաշվին մուծած գումարները, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:
6. Արգելվում է քարոզչության ընթացքում հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:
7. Կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ կենտրոնական հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական գործողությունների վերաբերյալ, որոնք դադարում են քվեարկությունից մեկ օր առաջ:
(21-րդ հոդ. փոփ. 10.06.15 ՀՕ-73-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 6.
ԴԻՏՈՐԴՆԵՐ
i
Հոդված 22. |
Դիտորդական առաքելության իրավունքը և վստահված անձը |
1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝
ա) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը.
բ) միջազգային կազմակերպությունները.
գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները.
դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
Եթե հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա սույն մասի «դ» կետով նախատեսված կազմակերպությունները դիտորդական առաքելության իրավունք ունեն, եթե չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:
2. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով՝ համապետական ընտրությունների համար սահմանված կարգով:
2.1. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների՝ հանրաքվեի վերաբերյալ զեկույցները տեղադրվում են կենտրոնական հանձնաժողովի համացանցային կայքում:
3. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը) և հանրաքվե նախաձեռնողը կարող են ունենալ վստահված անձինք:
Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, հանրաքվեի հանձնաժողովի անդամները:
Հանրաքվե նշանակելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը), ինչպես նաև հանրաքվե նախաձեռնողը մինչև քվեարկության օրվանից 15 օր առաջ կարող են կենտրոնական հանձնաժողով ներկայացնել գրավոր դիմում վստահված անձանց վկայականներ ստանալու համար: Հանձնաժողովը վկայականում նշում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի), ինչպես նաև հանրաքվե նախաձեռնողի անվանումը և ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում տրամադրում է վկայականներ՝ կազմավորված տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցության (պատգամավորական խմբի), ինչպես նաև հանրաքվե նախաձեռնողի կողմից վկայականներում լրացվում են վստահված անձանց անունները, և վկայականները տրամադրվում են վստահված անձանց:
(22-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
Հոդված 23. |
Դիտորդների, վստահված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականություններն ու գործունեության երաշխիքները |
1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգն ու պայմանները, դիտորդների հավատարմագրումը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց կարգավիճակը, գրանցումը, լիազորությունները, իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
(23-րդ հոդ. փոփ. 10.06.15 ՀՕ-73-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 7.
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 24. |
Հանրաքվեի քվեարկության կարգը |
Հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
i
Հոդված 25. |
Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, կնիքները, դրոշմը և քվեատուփը |
1. Հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:
2. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է մեկական քվեաթերթիկ և քվեարկության ծրար: Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում են հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ: Քվեաթերթիկները և ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
3. Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, տպագրատան անվանումը և ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:
Քվեաթերթիկի հատման գծից վերև՝ ելունդի վրա, նշվում են քվեաթերթիկի հերթական համարը, իսկ հատման գծից ներքև՝ «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը՝ յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում՝ նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
Քվեաթերթիկները տեղամասային հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի մինչև երեք տոկոս ավելի քանակով՝ քվեարկության նախորդ օրը, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից երկու քվեաթերթիկ ավելին:
4. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեաթերթիկները տպագրվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 3 օր առաջ՝ լիազոր մարմնի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:
5. Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեարկության ծրարները տեղամասային հանձնաժողովին հատկացվում են քվեարկության նախորդ օրը:
6. Հանրաքվեի հանձնաժողովների կնիքների, դրոշմակնիքի և տեղամասային հանձնաժողովի անդամների անհատական կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական հանձնաժողովը: Դրանք պատրաստվում են կենտրոնական հանձնաժողովի պատվերով:
7. Տեղամասային հանձնաժողովի անդամը և վստահված անձը կարող են ունենալ դրոշմ, սակայն սեփական դրոշմ ունենալը պարտադիր չէ: Տեղամասային հանձնաժողովի անդամը և վստահված անձը սեփական դրոշմը կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում իրենց ստորագրության փոխարեն:
8. Հանրաքվեի քվեաթերթիկները, քվեարկության ծրարները և կնիքները հանձնելու, ինչպես նաև կնիքները վերադարձնելու կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
9. Քվեատուփի նմուշը (չափսերը) հաստատում է կենտրոնական հանձնաժողովը: Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով:
(25-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 26. |
Քվեարկության նախապատրաստումը |
1. Քվեարկության նախապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
2. Տեղամասային կենտրոնում պետք է լինի հանրաքվեի դրվող նախագծի տեքստը:
3. Քվեարկության խցիկը (սենյակը) պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը:
(26-րդ հոդ. փոփ. 28.09.05 ՀՕ-177-Ն օրենք)
i
Հոդված 27. |
Ձերբակալվածների, կալանավորվածների քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը |
Ձերբակալվածների, կալանավորվածների քվեարկության նախապատրաստման ու անցկացման, այդ թվում՝ տեղամասային կենտրոն մուտք գործելու, հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման, քվեարկության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
(27-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն օրենք)
i
Հոդված 28. |
Քվեաթերթիկը լրացնելու կարգը |
1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում կենտրոնական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ՝ «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:
2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ անձի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող մասնակցին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում:
3. Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում:
(28-րդ հոդ. փոփ. 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 29. |
Քվեաթերթիկների վավերականությունը |
1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե՝
1) միաժամանակ «ԱՅՈ» և «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում.
2) որևէ նշում չի ներառում.
3) բացի քվեարկության համար կենտրոնական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ՝ քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում.
4) տեղամասային հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ սեփական դրոշմով դրոշմված կամ անհատական կնիքով կնքված չէ.
5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը: Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է և աներկբա:
2. Քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:
(29-րդ հոդ. փոփ. 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
Հոդված 30. |
Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները, չսահմանված նմուշի քվեաթերթիկները |
1. Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները և չսահմանված նմուշի քվեաթերթիկները որոշվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
(30-րդ հոդ. փոփ. 10.06.15 ՀՕ-73-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 8.
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
i
Հոդված 31. |
Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը |
1. Տեղամասում հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
2. Հանրաքվեն այլ ընտրության կամ տեղական հանրաքվեի հետ նույն օրն անցկացվելու դեպքում տեղամասային հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները:
(31-րդ հոդ. փոփ. 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 32. |
Տեղամասային հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը |
1. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով՝
1) տեղամասում հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում (այդ թվում՝ քվեարկության օրը հանրաքվեի տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում) ընդգրկված քաղաքացիների թվերը՝ առանձին-առանձին.
2) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.
3) քվեարկության մասնակիցների թիվը (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած քաղաքացիների ստորագրությունների թիվը).
4) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները (լրացնում է ընտրատարածքային հանձնաժողովը).
5) մարված քվեաթերթիկների (չօգտագործված և քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տված քվեաթերթիկներ) ընդհանուր թիվը.
6) անվավեր քվեաթերթիկների թիվը.
7) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը:
2. Արձանագրության կազմումը և ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը և ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
(32-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 26.12.08 ՀՕ-3-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 32.1. |
Անճշտությունները որոշելու կարգը |
1. Անճշտությունների չափը հաշվարկվում և արձանագրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
(32.1-ին հոդ. լրաց. 28.09.05 ՀՕ-177-Ն, 26.12.08 ՀՕ-3-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 33. |
Ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունները տեղամասային հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո |
1. Ընտրատարածքային հանձնաժողովում ստուգվում է հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում: Ելակետային են տեղամասային հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:
2. Ընտրատարածքային հանձնաժողովը հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ, ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
3. Ընտրատարածքային հանձնաժողովը հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է կենտրոնական հանձնաժողով:
4. Հանրաքվեի ժամանակ ընտրատարածքային հանձնաժողովն ընտրատարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում կենտրոնական հանձնաժողով:
(33-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 34. |
Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը |
1. Կենտրոնական հանձնաժողովն ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված՝ հանրաքվեի տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում այդ արդյունքները:
2. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ յոթերորդ օրը, հիմք ընդունելով հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ:
3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝
1) հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերը՝ առանձին-առանձին.
2) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակներում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.
3) քվեարկության մասնակիցների թիվը.
4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.
5) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
6) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
7) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
8) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը.
10) անճշտությունների գումարային չափը:
Հանրաքվեի դեպքում անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված հանրաքվեի բոլոր տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:
4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը:
5. Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
6. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ յոթերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է հանրաքվեի արդյունքները և ընդունում որոշում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
(34-րդ հոդ. փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, 28.09.05 ՀՕ-177-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 35. |
Հանրաքվեի արդյունքների ամփոփումը |
1. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին.
2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) հանրաքվեի դրված նախագծի չընդունման մասին.
4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին:
2. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:
3. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:
4. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) հանրաքվեի արդյունքները հաստատելու մասին.
2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին:
5. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները:
6. Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում կամ հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է նոր քվեարկություն:
7. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ մինչև հինգերորդ օրը, ժամը 18.00-ն:
8. Հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում և անցկացվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով:
(35-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն, 10.06.15 ՀՕ-73-Ն օրենքներ)
i
Հոդված 36. |
Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների և հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելը |
1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակումն իրականացվում է կենտրոնական հանձնաժողովի՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե կենտրոնական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել սահմանադրական դատարան:
Եթե կենտրոնական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկվել է սահմանադրական դատարան, ապա «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու կամ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված համարելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:
2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:
(36-րդ հոդ. փոփ. 10.06.15 ՀՕ-73-Ն օրենք)
i
Հոդված 37. |
Հանրաքվեի փաստաթղթերի պահպանումը |
Հանրաքվեի արդյունքների մասին կենտրոնական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:
Հանրաքվեի փաստաթղթերը պահպանվում են առնվազն տասը տարի:
(37-րդ հոդ. փոփ. 28.09.05 ՀՕ-177-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 9.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 38. |
Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար |
Սույն օրենքի դրույթների խախտումն առաջ է բերում ընտրական իրավունքի դեմ կատարված իրավախախտումների համար օրենքով սահմանված պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
Հոդված 39. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1991 թվականի ապրիլի 2-ին ընդունված «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 9 հոկտեմբերի 2001 թ. ՀՕ-225
|