Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 հունիսի 2012 թվականի N 25

 

i

6. «ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:

(վերնագիրը փոփ. 19.06.14 թիվ 26 արձանագրային որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2012 թ. հունիսի 22-ի նիստի

N 25 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

2013-2015 թթ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Ծրագրի նպատակը

Ծրագիրն իրականացվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքի էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգի և դրանց բաղադրիչների պահպանության, բնական և արհեստական վերարտադրության և օգտագործման ապահովման նպատակով:

 

2. Իրավիճակի նկարագրությունը

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը կազմավորվել է 1958 թ-ին, ՀՍՍՀ ՄՍ հունվարի 29-ի N 20 որոշմամբ` 200 հա տարածքի վրա: Այն գտնվում է ՀՀ Արարատի մարզի, Արարատյան գոգավորության նախալեռնային թեք հարթություններում, Գոռավան գյուղական համայնքի վարչական սահմաններում` 1100-1200 մ բարձրության վրա:

i

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի կանոնադրությունը և տարածքի չափը հաստատվել են ՀՀ կառավարության 2007 թ.-ի հունվարի 25-ի «Խոր Վիրապ» պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. մայիսի 30-ի N 925-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 975-Ն որոշմամբ: Համաձայն այդ որոշման, «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը, առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության, հանձնվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայությանը` պահպանության և վերականգնման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

i

ՀՀ կառավարության 2011 թ.-ի մարտի 31-ի N 324-Ն որոշմամբ հաստատվել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագծի սխեման: Ներկայումս արգելավայրը զբաղեցնում է 95.99 հա տարածք:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը գրանցված է 2011 թ-ի հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03 031-1-1 մատյանի 000 0026 համարի տակ: Կադաստրային համարն է 03-031-0249-0090:

Պետական արգելավայրի պահպանության օբյեկտներն են մնացորդային սորուն ավազների եզակի բուսական և կենդանական տեսակները:

Արգելավայրը ձևավորվել է Արարատյան հարթավայրի ՈՒրծի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ռելիկտային ալլյուվյալ նստվածքների մի քանի տեղամասերի վրա, ծովի մակերևույթից 920-980 մ բարձրության վրա:

Պահպանության օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի (Calligonum polygonoides) միակ ամբողջական աճման էկոհամակարգը, իր յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակներով:

Տարածքը պատկանում է Հայաստանի Երևանյան ֆլորիստիկ շրջանին: Արգելավայրի բուսականության հիմնական տիպը ավազային ջուզգունային անապատն է: Արգելավայրի շրջակայքում տեղակայված ուժեղ քարքարոտ տեղամասերում ներկայացված են կիսաանապատային բուսականության պետրոֆիլ տարբերակները: Սա միակ տեղամասն է Փոքր Կովկասում որտեղ ներկայացված են ջուզգունի համակեցությունները, և խիստ հազվագյուտ է ողջ Կովկասի համար: Արգելավայրը Երևանյան ֆլորիստիկ շրջանի հազվագյուտ տեսակներով ամենահարուստ տարածքն է, որը պահանջում է անհետաձգելի պահպանության միջոցառումներ: Արգելավայրը անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների բացարձակ թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում (10 տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում): Ընդհանուր առմամբ արգելավայրի տարածքում աճում են 160 տեսակի անոթավոր բույսեր:

Շնորհիվ բնորոշ, յուրահատուկ ֆլորիստիկ բազմազանության և հազվագյուտ ու անհետացող բուսատեսակների ներկայացվածության մեծ աստիճանի, արգելավայրը հանդիսանում է առանձնահատուկ կարևորություն ունեցող օբյեկտ Հայաստանի ֆլորայի և բուսականության պահպանության համար, ինչի պատճառով էլ առաջնահերթ անհրաժեշտություն է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության ռեժիմի բարելավումը:

Էնդեմիկ ներկայացուցիչներից են Salsola tamamschjanae, Acantholimon araxanum: Այստեղ աճում են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և արժեքավոր մի շարք այլ տեսակներ:

Ողնաշարավորների ֆաունան հաշվվում է մոտ 20 տեսակ, այդ թվում Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում գրանցված այնպիսի տեսակներ, ինչպիսիք են միջերկրածովային կրիան (Testudo graeca), պարսկական կլորագլուխը (Phrinocephalus persicus) և Դալի մկնիկը (Meriones dahli): Վերջինը հանդիսանում է Հայաստանի համար էնդեմիկ տեսակ: Անողնաշար կենդանիների ֆաունան ուսումնասիրված է ոչ բավարար, սակայն հենց այս Արաքսի հարթավայրի տարածքից նկարագրված է գիտության համար բզեզների 6 նոր տեսակ, որոնք աշխարհում ուրիշ ոչ մի վայրում չեն հանդիպում, մոտ 20 տեսակներ հանդիսանում են Արաքսի հարթավայրի էնդեմիկներ:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքում անողնաշարավորների ֆաունան, ըստ փորձագիտական գնահատականի, կազմում է մոտ 700 տեսակ: Առավել լավ ուսումնասիրված կարգաբանական խմբերից` փափկամարմինների (Mollusca) տեսակների թիվը կազմում է 7, միջատներից` բզեզներինը (Coleoptera)` մոտ 200, ուղղաթևերինը (Orhtoptera)` 28 և ցերեկային թիթեռներինը (Lepidoptera- Rhopalocera)` 18 տեսակ: Տարածքից հայտնի են Հայաստանի համար էնդեմիկ հանդիսացող 12 տեսակ բզեզներ, այդ թվում` արաքսյան գնայուկ բզեզը (Zuphium araxidis Khnz.), Ռեյտտերի հացաբզեզը (Anisoplia reitteriana Sem.), կովկասյան փարավոնը (Pharaonus caucasicus Rtt.), կովկասյան (Glaphyrus caucasicus Rtt.), վեդիական (Tanyproctus vedicus Kalashian) և արաքսյան (Tanyproctus araxidis Rtt.) բնդեռիկները, արաքսյան չրխկանը (Cardiophorus araxicola Khnz.), վեդիական (Sphenoptera vediensis Kalashian), Խնձորյանի (Sph. khnzoriani Kalashian) ոսկեբզեզները, արաքսյան (Agrilus araxenus Khnz.), Ռյաբովի ծաղկեփոշեկերները (Mycetocharina rjabovi Khnz.) և Սեմենովի սևամարմինը (Cyphostetha semenovi Rtt.):

Այս տեսակների գոյությունը կապված է ավազուտային բիոտոպների հետ, որոնք Հայաստանում գրավում են աննշան տարածություններ (մոտ 300 հա)` հանդիսանալով Արալիխի ավազուտների ռելիկտային զանգվածը:

Վերջին 10 տարիների ընթացքում արգելավայրի վիճակը կտրուկ վատացել էր:

Չնայած 1958 թվականից Գոռավանի ավազուտները առանձնացվել են որպես պետական արգելավայր, սակայն առ այսօր, ոչ մի բնապահպանական միջոցառում այստեղ չի իրականացվել: Ավելին` արգելավայրի տարածքում շինարարական նպատակով իրականացվում էր ավազի արդյունահանում: Գարնանային և աշնանային արածեցումը հանդիսանում էր մշտական ճնշող գործոններից մեկը: Վերջին տարիներին իրավիճակը` կապված արածեցման ժամանակահատվածի և կառուցվածքի փոփոխության հետ, վատթարացել էր, որը գործնականում իրականացվում էր կլոր տարին և բացասական մեծ ազդեցություն են թողել բուսականության վրա: Արգելավայրի տարածքում ջեռուցման համար (վառելափայտ) ակտիվ կերպով հատվում էր ջուզգունը, որից պահպանվել է մոտ 300 թուփ` ընդ որում, դրանցից շատերն էլ գտնվում են ճնշված վիճակում: Ըստ վերջին դիտարկումների հազվագյուտ ու անհետացող բույսերի և կենդանիների տեսակների բնական վերարտադրությունը գրեթե չի կատարվում: Առանց առկա իրավիճակի փոփոխության այս համակեցությունը մի քանի տարվա ընթացքում կարող է դադարեցնել իր գոյությունը:

Այս յուրօրինակ համակեցության պահպանության համար անհրաժեշտ են իրատեսական գործնական միջոցառումներ, որոնցից լավագույնը արգելավայրի պահպանության հատուկ ռեժիմի կիրառումն է հստակ ամրակայված սահմանների առկայության պայմաններում, որը կընդգրկի ոչ միայն բուն ավազուտները, այլ նաև հնարավոր կդարձնի կիրառել պահպանման գոտու ռեժիմը հարակից քարքարոտ կիսաանապատային տեղամասերի վրա:

Սույն ծրագիրը բխում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի բնապահպանական բազմաֆունկցիոնալ նշանակությունից և արգելավայրի պահպանության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից:

Ներկայումս տեղի բնակչության հետ առկա են մի շարք հակասություններ: Այդ հակասությունները հիմնականում պայմանավորված են արգելավայրի ու Գոռավան համայնքի սահմանների վերածածկմամբ և արգելավայրային ռեժիմի կիրառմամբ, համայնքի համար նախատեսված արոտավայրերը և խոտհարքները տանող ճանապարհների բացակայությամբ և այլն:

 

3. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

Սույն ծրագրի իրականացումը նախադրյալներ կստեղծի մի շարք բնապահպանական և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուծման համար:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքները և միջոցառումները թույլ կտան վերականգնել դեգրադացված լանդշաֆտները և տնտեսական գործունեության արդյունքում վնասված տարածքների կենսաբազմազանությունը, ինչպես նաև բարձրացնել արգելավայրի պահպանության աշխատանքների կոորդինացման և ղեկավարման արդյունավետությունը:

Անցած տարիների ընթացքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ինչպես Գոռավան համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ընդլայնման ոլորտում, այնպես էլ արգելավայրի բնական էկոհամակարգերի վիճակի փոփոխության առումով: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչպես արգելավայրի տարածքի, այնպես էլ բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների տարածման վերաբերյալ, ինչը կստեղծի նախադրյալներ արգելավայրի և դրա կենսաբազմազանության արդյունավետ պահպանման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում նախապայմաններ կստեղծվեն ջուզգունի տնկարանային տնտեսության հիմնման և զբոսաշրջության զարգացման համար, որոնք իրենց հերթին համայնքի բնակչության համար լրացուցիչ աշխատատեղերի հնարավորություն կտան և կստեղծվեն նախադրյալներ արգելավայրին հարակից բնակավայրերի զարգացման համար:

Արգելավայրում կարճատև հանգստի համար ծրագրով նախատեսված ենթակառուցվածքի ստեղծումը նախադրյալներ կապահովի ռեկրեացիոն գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա բնապահպանական աշխատանքների արդյունավետությունը և կնվազեն համայնքի բնակչության հետ գոյություն ունեցող հակասությունները:

Ընդհանուր առմամբ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` արգելավայրի պահպանության և օգտագործման ռեժիմների կիրառման արդյունավետության բարձրացման համար:

 

4. Ծրագրի խնդիրները և նախատեսվող աշխատանքները

4.1. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

ա) «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքի և դրա պահպանական գոտու ներկա սահմանների վերաբերյալ ուսումնասիրություն, արդյունքների վերլուծություն.

բ) արգելավայրի տարածքում և նրա պահպանման գոտում բնական պաշարների գույքագրում և քարտեզագրում.

գ) հարակից համայնքային հողերի սահմանների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում.

դ) արգելավայրի և նրա պահպանման գոտիների ամփոփ նկարագրական բացատրագրերի մշակում.

ե) համագործակցություն և ներդաշնակ գործողությունների իրականացում մարզի, համայնքների, արգելավայրի և դրան հարակից գոտիներում իրականացվող ծրագրերի հետ.

զ) արգելավայրի և նրա պահպանման գոտում բույսերի և կենդանիների էնդեմիկ, հազվագյուտ և վտանգված տեսակների, դրանց աճելավայրերի և ապրելավայրերի վիճակի ու դրանց վատթարացման պատճառների ուսումնասիրում և բացահայտում

է) «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը, այդ թվում հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

ը) վայրի բույսերի և կենդանիների տեսակների բնական միջավայրի պահպանությունը.

թ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

ժ) ջուզգունի, միջերկրածովային կրիայի, պարսկական կլորագլխի, ինչպես նաև այլ բուսական և կենդանական օբյեկտների էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, մոնիտորինգը և վերարտադրությունը.

ժա) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

 

4.2. Ծրագրով նախատեսվող աշխատանքներն են`

ա) արգելավայրի և նրա պահպանման գոտիներում հանդիպող հազվագյուտ և արժեքավոր բույսերի ու կենդանիների տարածվածության ուսումնասիրում և նկարագրություն (Քարտեզագրական նկարագրում).

բ) արգելավայրի և նրա պահպանման գոտիներում հանդիպող հազվագյուտ և արժեքավոր բույսերի ու կենդանիների տեսակների, դրանց աճելավայրերի և ապրելավայրերի վիճակի ու դրանց վատթարացման պատճառների ուսումնասիրում և բացահայտում.

գ) նախատեսել և առանձնացնել արգելավայրի մի շարք տարածքներում անասունների համար անցուղիներ.

դ) ցանկապատել արգելավայրի մի շարք հատվածներ` անասունների մուտքը կանխարգելելու նպատակով.

ե) ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ մշակել և կառուցել/առանձնացնել արգելավայրում զբոսաշրջության համար նախատեսվող երթուղիներ.

զ) ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո տեղադրել համապատասխան տաղավարներ արգելավայրի առանձնացված մասերում կարճատև հանգստի կազմակերպման նպատակով.

է) իրականացնել խնամքի և սանիտարական մաքրման աշխատանքներ ջուզգունի բնական վերաճը ապահովելու նպատակով.

ը) տնկարանային տնտեսության կազմակերպում 2 հա տարածքի վրա,

թ) տնկել ջուզգունի տնկիներ արգելավայրի բուսականությունից զուրկ տեղամասերում:

 

4.3. Ծրագրի ժամկետները`

 

Ծրագրում ներառված միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2015-2017 թթ. ժամանակահատվածում` դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` ստորև նշված ժամանակացույցով`

 

._____________________________________________________________________.

|NN |         Միջոցառումները                |Միջոցառում-|Միջոցառում-  |

|ը/կ|                                       |ների       |ների         |

|   |                                       |իրականացման|իրականացման  |

|   |                                       |ժամկետը    |շրջանակներում|

|   |                                       |           |կատարվող     |

|   |                                       |           |աշխատանքների |

|   |                                       |           |ծավալը       |

|___|_______________________________________|___________|_____________|

|1. |Արգելավայրի տարածքի հազվագյուտ,        |2015 թ.    |      X      |

|   |անհետացող, էնդեմիկ բուսատեսակների      |           |             |

|   |գույքագրում և  նշագրված ցուցակների     |           |             |

|   |կազմում                                |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|2. |Արգելավայրի տարածքի քարտեզագրում և     |2015 թ.    |95.99 հա     |

|   |բուսատեսակների կադաստրի ստեղծում       |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|3. |Խնամքի, մշակման, պաշտպանական,          |2015 թ.    |մինի տրակտոր`|

|   |պահպանության և  այլ անհրաժեշտ          |           |1 հատ        |

|   |աշխատանքների համար տրանսպորտային միջոցի|           |ավտոմեքենա` 1|

|   |ձեռքբերում                             |           |հատ          |

|___|_______________________________________|___________|_____________|

|4. |Ջուզգունի բնական վերաճն ապահովելու     |2015 թ.    |95.99 հա     |

|   |նպատակով խնամքի և  սանիտարական մաքրման |           |             |

|   |աշխատանքների իրականացում               |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|5. |Ջուզգունի բուսակներ աճեցնելու նպատակով |2015 թ.    |2 հա 400 մ   |

|   |տնկարանային տնտեսության հիմնում:       |           |             |

|   |Տնկարանի տարածքի ցանկապատում           |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|6. |Արգելավայրի պահպանման գոտում աճող      |2015 -     |4 հա         |

|   |ջուզգունի բնական վերաճի տնկիներով,     |2017 թթ.   |             |

|   |ինչպես նաև  հիմնադրվող տնկարանում      |           |             |

|   |աճեցված տնկիներով արգելավայրի          |           |             |

|   |բուսականությունից զուրկ տարածքներում   |           |             |

|   |տնկման աշխատանքներ                     |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|7. |Տարածքի ցանկապատում, ինչպես նաև  բնական|2015 -     |1.5 կմ       |

|   |ցանկապատի ստեղծում                     |2017 թթ.   |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|8. |Հակահրդեհային միջոցառումների համար     |2015 թ.    |      X      |

|   |անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների   |           |             |

|   |ձեռքբերում                             |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|9. |Ցուցապաստառների, ցուցանակների և        |2015 թ.    |50 հատ       |

|   |ուղեցույցների ձեռքբերում և  տեղադրում  |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|10.|Տնակի գնում և  տեղադրում               |2015 թ.    |2 տնակ       |

|___|_______________________________________|___________|_____________|

|11.|Տարածքի ցանկապատում և  անասնապահության |2015 -     |0.5 կմ       |

|   |նպատակով արգելավայրին հարակից          |2017 թթ.   |             |

|   |արոտավայրերի օգտագործումը              |           |             |

|   |չխոչընդոտելու համար անցուղիների        |           |             |

|   |առանձնացում                            |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|12.|Արգելավայրի ռեժիմին համապատասխան       |2016 -     |             |

|   |զբոսաշրջության տարրեր ձևերի            |2017 թթ.   |             |

|   |կազմակերպում և  համապատասխան           |           |             |

|   |ենթակառուցվածքի ստեղծում               |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|   |ա. «Գոռավանի ավազուտներ» պետական       |2016 թ.    |3 հատ`       |

|   |արգելավայրի մասին ուղեցույցների,       |           |1000-ական    |

|   |բուկլետների և  ֆոտոալբոմների պատրաստում|           |տպաքանակով   |

|   |և  տպագրում                            |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|   |բ. կարճատև  հանգստի կազմակերպման       |2016 -     |ցուցանակներ` |

|   |նպատակով առանձնացված մասերում հանգստյան|2017 թթ.   |ըստ անհրա-   |

|   |գոտիների, համապատասխան տաղավարների,    |           |ժեշտության   |

|   |ցուցանակների տեղադրում                 |           |տաղավարներ` 5|

|   |                                       |           |հատ          |

|___|_______________________________________|___________|_____________|

|13.|Արգելավայրի տարածքում անտառտնտեսական   |           |             |

|   |աշխատանքների իրականացում`              |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|   |տնկարանի խնամք                         |2016 թ-ից  |2 հա         |

|___|_______________________________________|սկսած      |_____________|

|   |ոռոգման ցանցի ընթացիկ նորոգում         |           |10 կմ        |

|___|_______________________________________|           |_____________|

|   |ոռոգման աշխատանքներ                    |           |200.0 խմ     |

|___|_______________________________________|           |_____________|

|   |հողի նախապատրաստում                    |           |15 հա        |

|___|_______________________________________|           |_____________|

|   |տնկանյութի աճեցում (ջուզգունի          |           |20.0 հազ. հատ|

|   |բուսակների աճեցում)                    |           |             |

|___|_______________________________________|___________|_____________|

|14.|Արգելավայրի տարածքում գտնվող           |2015 -     |             |

|   |«Դամբարանադաշտ» պատմամշակութային       |2017 թթ.   |             |

|   |հուշարձանի անխաթար պահպանությունն      |           |             |

|   |ապահովելու նպատակով դրա պահպանական     |           |             |

|   |գոտու սահմանների առանձնացում հատուկ    |           |             |

|   |նշաններով                              |           |             |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 19.06.14 թիվ 26 արձանագրային որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2012
N 25
Արձանագրային որոշում