Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

14.03.2024 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին

 

ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երկրապահ» հասկացությունը

 

1. Երկրապահ` հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած (անդամագրված) անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված և պատմականորեն ձևավորված բարոյական արժեհամակարգ, որն ընկած է Հայաստանի Հանրապետությունում պատանիների և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքում:

 

Հոդված 2. Երկրապահ կամավորականը

 

1. Սույն օրենքի իմաստով երկրապահ կամավորական են համարվում 1989-1994 թվականների ընթացքում`

1) ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորվելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք` անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, որոնք`

ա. եղել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,

բ. ընդգրկվել են մարդատար օդանավերի կամ ուղղաթիռների անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկում.

2) ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ մարտական գործողությունների անցկացման վայրում մարտական գործողությունների կամ դրանցում ընդգրկված անձանց սպասարկում իրականացրած կամ օժանդակություն ցուցաբերած անձինք:

(2-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-76-Ն օրենք)

 

Հոդված 3. Երկրապահ կամավորականի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության երաշխիքները

 

1. Երկրապահ կամավորականի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության երաշխիքները սահմանվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 4. Երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու կարգը

 

1. Երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

i

2. Պետական կառավարման լիազորված մարմինը երկրապահ կամավորականի կարգավիճակը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը միջգերատեսչական հանձնաժողով են ներկայացվում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում:

3. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու նպատակով ֆիզիկական անձը պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում դիմում` կից ներկայացնելով միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

4. Դիմումի ձևը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

5. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չի տրվում, եթե`

1) չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր փաստաթղթերը.

2) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.

3) առկա է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված մերժման հիմքը.

4) փաստաթղթերը ներկայացվել են սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետից ուշ:

6. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական, ապա միջգերատեսչական հանձնաժողովը դիմողին առաջարկում է քսանօրյա ժամկետում ներկայացնել ամբողջական փաստաթղթերը կամ վերացնել նշված թերությունները:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ամբողջական փաստաթղթերը չներկայացնելու կամ նշված թերությունները չվերացնելու դեպքում դիմումը մերժվում է:

8. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով:

(4-րդ հոդ. փոփ. 23.06.15 ՀՕ-86-Ն օրենք)

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 6. Անցումային դրույթ

 

1. Երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2013 թ. հուլիսի 9
Երևան
ՀՕ-75-Ն

 

 

pin
ՀՀ 19.06.2013
N ՀՕ-75-Ն օրենք