ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 2023 թվականի N 1135-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-495-Ն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-500-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» N 439-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածում`
1) 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Ազդարարել» բաժինը նախատեսված է միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հանցագործության (կոռուպցիոն բնույթի դեպքերի) և շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար:».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հաղորդում ներկայացնելիս` լրացվում է հետևյալ հարցերը պարունակող հարցաշարը`
1) այն մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ կամ որի աշխատողի մասնակցությամբ, ըստ ազդարարի, ենթադրաբար կատարվել է հանցագործություն կամ թույլ է տրվել շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված ենթադրյալ խախտում (պարտադիր).
2) ենթադրյալ հանցագործություն կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված ենթադրյալ խախտում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).
3) ենթադրյալ հանցագործությանը կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված ենթադրյալ խախտմանն առնչություն ունեցող այլ անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).
4) ենթադրյալ հանցագործության կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված ենթադրյալ խախտումը կատարելու ամսաթիվը, իսկ եթե դա հայտնի չէ, ապա` այն ժամանակագրական միջակայքը, երբ տեղի է ունեցել ենթադրյալ հանցագործությունը կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների` կամ այլ անհամատեղելիության պահանջների կամ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված ենթադրյալ խախտումը (պարտադիր).
5) ենթադրյալ հանցագործության կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված ենթադրյալ խախտման մանրամասները` նշելով, ինչ պայմաններում է կատարվել համապատասխան արարքը:».
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«10. «Հարթակի միջոցով բացահայտված հանցագործություններ (կոռուպցիոն բնույթի դեպքեր) և շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումներ և լրացուցիչ վիճակագրական տվյալներ» բաժինը ներկայացնում է միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների շրջանակներում ազդարարման վարույթների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն:
Սույն բաժնում ներկայացվում են նաև լրացուցիչ վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված հաղորդումների թվի` ըստ տարիների, անանուն և տվյալների ներկայացնելու եղանակով ներկայացված ազդարարումների տոկոսային հարաբերակցության, իրավասու այլ մարմիններին վերահասցեագրված տոկոսային ազդարարումների հարաբերակցության, կոռուպցիոն բնույթի դեպքերի և շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումների տոկոսային հարաբերակցության, մերժված ազդարարումների և ստացված ազդարարումների տոկոսային հարաբերակցության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումներով հարուցված վարույթների թվի վերաբերյալ:
Սույն բաժնում ներբեռնվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող ազդարարման հետ կապված հաշվետվությունը և վիճակագրությունը:»:
2. Որոշման N 2 հավելվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`
i
«2.1. Միասնական էլեկտրոնային հարթակին ապահովվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունը` վերջինիս կողմից վարվող հաշվետվությունը և վիճակագրությունը ներբեռնելու նպատակով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ կետով`
i
«9.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթ հարուցելը մերժելու, ինչպես նաև վարույթի ընթացքում որոշման կայացնելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով Գլխավոր դատախազությունը կարող է հարցմամբ դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը վերազինելու և ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հուլիսի 6
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2023 թվական: