Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԴՈՒՇԱՆԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 12 հուլիսի 2022 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

ՀՀ կառավարության ներկայացուցիչ` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռ. Խաչատրյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի մայիսի 5-ի N 603-Ա որոշմամբ հավանություն է տվել «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2022 թվականի մայիսի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ կոնվենցիան, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում` խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման և օգտագործման, ինչպես նաև տիեզերական տեխնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում համագործակցությունն ի շահ Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների զարգացնելու նպատակով:

2. ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 603-Ա որոշման հավելվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է Կոնվենցիան վերապահումով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում առանձին որոշում կայացնելու «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիայի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք միացել են Կոնվենցիային 2018 թվականի սեպտեմբերի 28-ից հետո:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

i

- նպաստել Կողմերի հետ համագործակցության զարգացմանը` Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված ուղղություններով (հոդված 5),

- խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման համատեղ գործունեությունն իրականացնել միջպետական նախագծերի և ծրագրերի հիման վրա (հոդված 6),

- որպես շահագրգիռ Կողմ` միջպետական նախագծերի և ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված միջոցների և արտաբյուջետային աղբյուրների հաշվին (հոդված 8):

4. Կողմերի միջև հարաբերություններում Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո դադարում են գործել «Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման համատեղ գործունեության մասին» 1991 թվականի դեկտեմբերի 30-ի համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 30-ին) և «Տիեզերական ծրագրերի կատարման շահերից ելնելով` տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների պահպանման և օգտագործման կարգի մասին» 1992 թվականի մայիսի 15-ի համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ին):

 

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

12 հուլիսի 2022 թվականի

ՍԴՈ-1656

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 12 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.07.2022
N ՍԴՈ-1656
Որոշում