(ուժը կորցրել է 06.11.01 ՀՕ-262 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
10 հունիսի 1996 թ.
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի գործողության սահմանները |
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի (հետագայում` բանկեր) վրա և սահմանում է բանկերն անվճարունակ ճանաչելու հիմքերը և սնանկացման ընթացակարգը, բանկերի ավանդատուների և վարկատուների, սնանկացման այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականություններն այդ ընթացակարգում:
Հոդված 2. |
Բանկերի սնանկացման իրավական կարգավորումը |
Բանկերի սնանկացման ընթացակարգը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և օրենքով սահմանված դեպքերում և սահմաններում` այլ իրավական ակտերով:
Հոդված 3. |
Բանկերի անվճարունակությունը |
i
Բանկն անվճարունակ է, եթե`
ա) ի վիճակի չէ բավարարել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (հետագայում` կենտրոնական բանկ) խորհրդի հիմնավորված կարծիքով ի վիճակի չի լինի բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները կամ կատարել ստանձնած պարտավորությունները և (կամ).
բ) սպառել է իր հիմնական կապիտալը կամ դրա զգալի մասը:
/փոփ. 30.06.96 օրենք/
Հոդված 4. |
Բանկերի սնանկացումը |
1. Բանկի սնանկացումը սույն օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ հարուցվող ընթացակարգն է, որը սկսվում է նախնական խնամակալության նշանակումով և նպատակաուղղված է բանկի պարտատերերի պահանջների առավել մեծ չափով բավարարմանը:
i
2. Բանկերի սնանկացում հարուցելու նախաձեռնության իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկը պատասխանատու է սնանկացման ընթացակարգը ժամանակին կազմակերպելու և վերահսկելու համար: Սույն օրենքի դրույթները խախտող Կենտրոնական բանկի գործողությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման դատական կարգով:
3. Բանկի պարտատերերն իրավունք ունեն դիմել Կենտրոնական բանկ` բանկի նկատմամբ սնանկացման ընթացակարգ սկսելու միջնորդությամբ: Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված դիմումը և կայացնում է որոշում` միջնորդությունն ընդունելու և բանկի նկատմամբ սնանկացման ընթացակարգ սկսելու կամ միջնորդությունը մերժելու մասին:
Կենտրոնական բանկը կարող է միջնորդությունը մերժել, եթե բացակայում են սույն օրենքի 3 հոդվածով սահմանված հիմքերը:
4. Բանկի պարտատերերը վերոհիշյալ միջնորդությամբ կարող են դիմել Կենտրոնական բանկ` իրենց պահանջների բավարարման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելուց հետո:
ԳԼՈՒԽ 2.
ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. |
Բանկի նախնական խնամակալության նշանակումը |
i
1. Սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը բացահայտելուց հետո հինգ օրվա ընթացքում Կենտրոնական բանկի խորհուրդը սկսում է անվճարունակ բանկի նախնական խնամակալությունը և նշանակում է նախնական խնամակալ մինչև 60 օր ժամկետով:
2. Սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը բացահայտելուց հետո Կենտրոնական բանկն անմիջապես տեղեկացնում է բանկին` նրա նկատմամբ սնանկացման գործընթաց սկսելու իր մտադրության մասին: Բանկն իրավունք ունի մինչև Կենտրոնական բանկի որոշման կայացումը ներկայացնել իր բացատրությունները:
3. Անվճարունակ բանկի նախնական խնամակալությունն իրականացվում է բանկի ֆինանսական վիճակը, դրա առողջացման հնարավորությունը գնահատելու և այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակահարմարությունը պարզելու համար:
4. Բանկի նախնական խնամակալություն սկսելու պահից մինչև սույն օրենքով նախատեսված սնանկացման ընթացակարգի ավարտը բաժնետերերին (մասնակիցներին) շահաբաժիններ վճարելն արգելվում է:
/փոփ. 30.06.96 օրենք/
Հոդված 6. |
Նախնական խնամակալի լիազորությունները |
1. Բանկի ղեկավարները և ծառայողները պարտավոր են նախնական խնամակալին տրամադրել նրա կողմից պահանջվող բանկի գործունեությանը վերաբերող տեղեկությունները, թեկուզ և դրանք լինեն առևտրային կամ բանկային գաղտնիք, ինչպես նաև ցանկացած այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են նպաստել բանկի ֆինանսական վիճակի առողջացմանը և պարտավորությունների առավել մեծ չափով բավարարմանը:
2. Նախնական խնամակալն իրավասու է իրականացնել սույն օրենքի 13 հոդվածի 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված իրավունքները և կրում է սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված պարտականությունները:
Հոդված 7. |
Նախնական խնամակալության մասին ծանուցումը |
Նախնական խնամակալություն սկսելուց հետո եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը ծանուցում է`
ա) բանկին, նրա մասնաճյուղերին և ներկայացուցիչներին նախնական խնամակալություն սկսելու և նախնական խնամակալ նշանակելու օրվա մասին.
բ) բանկերի սնանկացման գործերը քննող դատարանին` կցելով բանկի անվճարունակությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկը:
Հոդված 8. |
Նախնական խնամակալի եզրակացությունը |
Նախնական խնամակալն իր նշանակումից 40 օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հիմնավորված եզրակացություն, որը ներառում է`
ա) բանկի ընթացիկ ֆինանսական վիճակի վերլուծությունը` ներառյալ ակտիվների և պասսիվների կազմը, կառուցվածքը և գնահատականը, վարկերի և այլ ներդրումների իրական արժեքը.
բ) բանկի պարտավորություններն առավել մեծ չափով բավարարելու նպատակով բանկի ֆինանսական վիճակի առողջացման հնարավոր ուղիները` ներառյալ բանկի կամ նրա պարտավորությունների վերակազմավորմանը վերաբերող միջոցառումների մանրամասն և հիմնավոր ծրագիրը.
գ) բանկը լուծարելու մասին հիմնավորված առաջարկությունը, եթե բանկը կամ նրա պարտավորությունները վերակազմավորելու միջոցով նրա ֆինանսական վիճակը 18 ամսվա ընթացքում առողջացնելու արդյունքում բանկի պարտատերերի պահանջները չեն բավարարվի առավել մեծ չափով, քան նրա անմիջական լուծարման և նրա ակտիվների և պասսիվների իրացման դեպքում.
դ) նախնական խնամակալությունը վերացնելու մասին առաջարկությունը, եթե բանկը նախնական խնամակալության ընթացքում դադարել է անվճարունակ լինելուց և առկա են նրա ֆինանսական վիճակի առողջացման կայուն միտումները:
Հոդված 9. |
Կենտրոնական բանկի որոշումը նախնական խնամակալի եզրակացության հիման վրա |
1. Ելնելով սույն օրենքի 11 հոդվածով սահմանված հատկանիշներից և այն հանգամանքից, թե որ դեպքում է հնարավոր առավել կարճ ժամանակահատվածում պահպանել, վերադարձնել և հավաքագրել բանկի միջոցների առավել մեծ քանակ` բանկի պարտատերերի պահանջներն առավել մեծ չափով բավարարելու նպատակով, Կենտրոնական բանկը սույն օրենքի 8 հոդվածով սահմանված եզրակացությունը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) բանկը վերակազմավորելու և բանկի խնամակալությունը հաստատելու հայցով դատարան դիմելու.
բ) բանկը լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու հայցով դատարան դիմելու,
գ) նախնական խնամակալությունը դադարեցնելու և դրա մասին բանկին և դատարանին ծանուցելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո Կենտրոնական բանկը դատարան դիմելիս նրա հաստատմանն է ներկայացնում նաև խնամակալի թեկնածությունը:
3. Դատարանի կողմից խնամակալի թեկնածությանը համաձայնություն չտալու դեպքում եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը պետք է ներկայացնի նոր թեկնածություն:
i
Հոդված 10. |
Դատարանի որոշումները և դրանց իրավական հետևանքները |
1. Կենտրոնական բանկը սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված հայցով դատարան դիմելիս ներկայացնում է նախնական խնամակալի եզրակացությունը, իր խորհրդի որոշումը և խնամակալության ծրագիրը: Կենտրոնական բանկն իր որոշման մասին ծանուցում է բանկի բոլոր պարտատերերին ու բաժնետերերին և հրապարակում է այդ որոշումը պաշտոնական մամուլում` նշելով դատարանում գործը քննելու ժամկետը: Ծանուցման կամ հրապարակման ծախսերն ընդգրկվում են խնամակալի կատարած ծախսերում:
i
2. Կենտրոնական բանկի հայցը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարանը քննում է այն և, ելնելով սույն օրենքի 11 հոդվածով սահմանված հատկանիշներից և այն հանգամանքից, թե որ դեպքում է հնարավոր պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով առավել կարճ ժամանակահատվածում պահպանել, վերադարձնել և հավաքագրել միջոցների առավել մեծ քանակ, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) բանկը վերակազմավորելու և խնամակալություն հաստատելու,
բ) բանկը լուծարելու և բանկի լուծարային կառավարիչ նշանակելու մասին:
3. Դատարանը վերացնում է նախնական խնամակալությունը և բանկը վերադարձնում է բաժնետերերի (մասնակիցների) և խորհրդի կառավարմանն ու տնօրինմանը, եթե գտնում է, որ նախնական խնամակալության ընթացքում բանկը դադարել է անվճարունակ լինել, և առկա են նրա ֆինանսական վիճակի առողջացման կայուն միտումները:
4. Դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայցի քննության ընթացքում բանկի նախնական խնամակալությունը շարունակվում է:
5. Դատարանի կողմից խնամակալությունը հաստատելու մասին որոշումն ընդունելու պահից խնամակալը ձեռք է բերում սույն օրենքի 13 հոդվածով սահմանված այն իրավունքները, որոնք նախատեսված են դատարանի կողմից հաստատված խնամակալության ծրագրով:
i
6. Դատարանի կողմից բանկի խնամակալությունը կամ լուծարումը հաստատելու մասին որոշումն ընդունելու պահից դատարաններում կասեցվում են բանկի նկատմամբ կամ բանկի հայցով մինչև այդ հարուցված բոլոր գործերը, ինչպես նաև բանկի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանների այն որոշումների կատարումը, որոնք կայացվել են նախնական խնամակալությանը նախորդած 90 օրվա ընթացքում:
/փոփ. 30.06.96 օրենք/
Հոդված 11. |
Խնամակալություն կամ լուծարում սկսելու հատկանիշները |
Խնամակալություն կամ լուծարում սկսելիս Կենտրոնական բանկը և դատարանը ելնում են հետևյալ հատկանիշներից`
ա) խնամակալի նշանակումից հետո 18 ամսվա ընթացքում բանկի ֆինանսական կայունությունը (կայուն վճարունակությունը) վերականգնելու հնարավորությունից և տվյալ պահին ակտիվների իրական գումարից.
բ) խնամակալի նշանակումից հետո 18 ամսվա ընթացքում բանկը որպես գործող կառուցվածք` իր բոլոր ակտիվներով և պասսիվներով վաճառելու հնարավորությունից.
գ) խնամակալի նշանակումից հետո 18 ամսվա ընթացքում բանկի ակտիվները և պասսիվներն աստիճանաբար իրացնելու հետևանքով սպասվող գումարից.
դ) բանկն անմիջապես լուծարելու և նրա ակտիվների ու պասսիվների իրացման հետևանքով սպասվող գումարից:
ԳԼՈՒԽ 3.
ԲԱՆԿԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. |
Խնամակալության խնդիրները |
1. Խնամակալը բանկը կառավարում է իր անունից` ելնելով ավանդատուների շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ բանկի ակտիվների /միջոցների/ առավելագույն չափը պահպանելու կամ կենտրոնացնելու համար:
2. Խնամակալը`
ձգտում է վերականգնել բանկի կայուն ֆինանսական վիճակը.
վաճառում է բանկը որպես միասնական և գործող միավոր` իր բոլոր ակտիվներով և պասսիվներով.
կազմակերպում է մեկ կամ մի քանի բանկերի կողմից բանկի ակտիվների մի մասի գնումը և պարտավորությունների մի մասի ստանձնումը` պահպանելով բանկը որպես գործող միասնական ամբողջություն:
Հոդված 13. |
Խնամակալության ծրագիրը: Խնամակալի իրավունքները |
i
1. Խնամակալը գործում է խնամակալության ծրագրին համապատասխան: Խնամակալության ծրագիրը, դրանում կատարվող լրացումները և փոփոխությունները Կենտրոնական բանկի ներկայացմամբ հաստատում է դատարանը:
2. Խնամակալն ունի այն նույն իրավունքները և պարտականությունները, ինչպիսիք սահմանված են բանկի բաժնետերերի (մասնակիցների) և բանկի խորհրդի անդամների և նախագահի, գործադիր տնօրենի, նրա տեղակալների, բանկի խորհրդի անդամների և նախագահի, բանկի վերահսկիչ հանձնաժողովի կամ հսկիչի, բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների (հետագայում` ղեկավարների) համար` բացառությամբ այն դեպքերի, երբ խնամակալ նշանակելիս սույն օրենքով կամ դատարանի կողմից սահմանափակվում են նրա իրավունքները:
3. Խնամակալության ծրագրի հիման վրա խնամակալության ընթացքում խնամակլն իրավունք ունի`
ա) կասեցնել բանկի ղեկավարներին կատարվող վճարումները` բացառությամբ աշխատավարձի.
բ) կասեցնել բանկի բաժնետերերի (մասնակիցների) և ղեկավարների լիազորությունները.
գ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բանկի ակտիվների հափշտակումները կանխելու նպատակով.
դ) իրականացնել բանկի` որպես գործող միասնական ամբողջության կամ բանկի ակտիվների և պասսիվների մի մասի վաճառքը.
ե) պարտատերերի դիմումի համաձայն թույլ տալ բանկի միևնույն հերթի պարտատերերի նկատմամբ բանկի պարտավորությունների համամասնական պակասեցում և դրանց բավարարում այն դեպքում, եթե պարտատերերի պահանջները կբավարարվեն այնքանով, որքանով որ դրանք կբավարարվեին տվյալ պահին բանկի լուծարման դեպքում: Սույն ենթակետով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո բանկի պարտավորությունները համարվում են կատարված, և պարտատերերը չեն օգտվում սույն օրենքի 25, 26 և 29 հոդվածներով սահմանված իրավունքներից.
զ) իրականացնել բանկի վերակազմավորումը, այդ թվում` նոր արժեթղթերի թողարկման միջոցով, որոնք բաշխվում են ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր բաժնետերերի (մասնակիցների) միջև: Այդ արժեթղթերի անվանական արժեքը և դրանց տեսակները և ձևերը սահմանում է խնամակալը.
i
է) վարձակալությունը դադարեցնելու իր մտադրության մասին նախնական ծանուցումից հետո 30-օրյա ժամկետում դադարեցնել անշարժ գույքի վարձակալության հետ կապված բանկի` որպես վարձակալի ցանկացած պարտավորություն: Վարձատուներն իրավունք չունեն բանկին ներկայացնել վարձակալական վճարի որևէ պահանջ` բացառությամբ մինչև վարձակալության դադարեցման օրը ձևավորված վարձակալական վճարի պարտքը, կամ պահանջել վարձակալության դադարեցմամբ պատճառված վնասների փոխհատուցում: Խնամակալության ընթացքում վարձակալության հետ կապված ծախսերը մտնում են խնամակալի ծախսերի մեջ:
4. Խնամակալի գործողությունները կարող են գանգատարկվել դատարան:
i
/փոփ. 30.06.96 օրենք/
Հոդված 14. |
Խնամակալի պարտականությունները |
1. Խնամակալը պարտավոր է`
ա) կատարել դատարանի և Կենտրոնական բանկի` իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումները, կարգադրությունները և հանձնարարությունները.
բ) տեղեկացնել Կենտրոնական բանկին խնամակալության ընթացքի մասին, առնվազն երկու շաբաթը մեկ ներկայացնել ֆինանսական հաշվետվություն և տեղեկություններ հետագա գործողությունների վերաբերյալ.
գ) ընդունել և իր տնօրինության տակ գտնվող փաստաթղթերին կցել սույն օրենքի 17 հոդվածով սահմանված բաժնետերերի (մասնակիցների) և պարտատերերի ներկայացրած դիմումները, բացատրությունները և այլ փաստաթղթերը.
դ) խնամակալության ավարտից հետո Կենտրոնական բանկ և դատարան ներկայացնել հաշվետվություն խնամակալության արդյունքների մասին: Հաշվետվությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո Կենտրոնական բանկի և խնամակալի խնամակալության հետ կապված պարտականությունները դադարում են:
2. Խնամակալը պատասխանատվություն չի կրում խնամակալության ընթացքում բանկի վիճակի վատթարացման համար, եթե դա տեղի չի ունեցել իր ապօրինի գործողությունների հետևանքով:
Հոդված 15. |
Սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված գործարքներով ստացված միջոցների միակողմանի հատուցումը |
1. Դատարանը խնամակալի հայցով կարող է որոշել, որ սույն օրենքի 16 հոդվածով սահմանված կարգով վերադարձվի բանկի ակտիվները նվազեցնող հետևյալ գործարքներով օտարված գույքը կամ դրանց կատարման պահին դրամական համարժեքը`
ա) նախնական խնամակալությանը նախորդած երեք տարվա ընթացքում բանկի ղեկավարների և բաժնետերերի (մասնակիցների) կամ նրանց հետ փոխկապակցված անձանց օգտին կատարված անհատույց փոխանցումը կամ օտարված գույքը.
բ) նախնական խնամակալությանը նախորդած երեք տարվա ընթացքում բանկի բաժնետերերին (մասնակիցներին) բաշխված շահաբաժինները կամ այլ անձանց օգտին կատարված անհատույց փոխանցումը կամ օտարված գույքը.
գ) նախնական խնամակալությանը նախորդած երեք տարվա ընթացքում կատարված այն գործարքները, որոնց արդյունքում բանկի կողմից տրամադրված գույքը կամ այլ միջոցների արժեքը էականորեն գերազանցել են փոխարենը ստացված գույքի կամ այլ միջոցների արժեքը.
դ) նախնական խնամակալությանը նախորդած 90 օրվա ընթացքում բանկի` նախկինում ստանձնած պարտավորությունների դիմաց բանկի կատարած փոխանցումը կամ գույքի օտարումը:
i
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործարքներով գույքի կամ իրավունքների գրավադրման դեպքում գրավառուի իրավունքները չեղյալ են համարվում:
3. Գործարքները չեն կարող անվավեր ճանաչվել, եթե դրանց արդյունքում կողմերը փոխանակել են էապես հավասար արժեքներ կամ գործարքը կատարելուց հետո գործարքի կողմ հանդիսացող անձը բանկին համարժեք կամ ավելի մեծ չափով նոր չապահովված վարկ է տրամադրել, ավանդ է ներդրել կամ այլ փոխառություն է տրամադրել, և բանկը չի մարել այն մինչև նախնական խնամակալական կառավարում նշանակելը:
4. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հայցը խնամակալը կարող է ներկայացնել նախնական խնամակալության նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում:
5. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հայցը ներկայացնելու իրավունք ունի նաև լուծարային կառավարիչը` իր նշանակման պահից վեցամսյա ժամկետում:
Հոդված 16. |
Սեփականության իրավունքների փոխանցման հետ կապված գործարքներով ստացվածի միակողմանի հատուցման իրավական հետևանքները |
1. Սույն օրենքի 15 հոդվածի 1-ին կետով սահմանված գործարքների կողմ հանդիսացող անձինք պարտավոր են բանկ վերադարձնել գործարքով ստացված միջոցները կամ, եթե դրանք չեն պահպանվել, ապա ստանալու պահին դրանց համարժեք գումարը: Այդ պարտավորությունը կատարած անձը բանկի նկատմամբ ձեռք է բերում պահանջի իրավունք` վերադարձրած միջոցների չափով:
2. Սույն օրենքի 15 հոդվածի 1-ին կետով սահմանված գործարքների կողմ հանդիսացող անձանցից տվյալ գործարքով ստացված միջոցները ձեռք բերած երրորդ անձինք պարտավոր են դրանք բանկ վերադարձնել այն դեպքում, եթե նրանք չեն հատուցել գործարքը կնքելու պահին ստացված միջոցների շուկայական արժեքը: Երրորդ անձինք բանկի նկատմամբ պահանջի իրավունքներ են ձեռք բերում վերադարձրած միջոցների չափով:
i
Հոդված 17. |
Խնամակալությունը կամ լուծարումը դադարեցնելու միջնորդությունը |
1. Հիմք ընդունելով բանկի ֆինանսական վիճակի առողջացման միտումները, խնամակալի կամ լուծարային կառավարչի նշանակումից հետո 30 օրվա ընթացքում խնամակալությունը կամ լուծարումը դադարեցնելու միջնորդությամբ դատարան կարող են դիմել`
մեկ կամ մի քանի բաժնետերեր (մասնակիցներ), որոնց սեփականության իրավունքով պատկանում է բանկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի ոչ պակաս, քան 25 տոկոսը.
անձը կամ անձինք, որոնց պատկանում է բանկ ներդրված ավանդների ամբողջ գումարի ոչ պակաս, քան 5 տոկոսը.
վարկատուները, որոնց ներկայացրած պահանջների գումարը կազմում է բանկի պարտավորությունների ընդհանուր գումարի ոչ պակաս, քան 5 տոկոսը:
2. Գործի դատական քննության ընթացքում բանկի խնամակալությունը կամ լուծարումը չի ընդհատվում և շարունակվում է առանց սահմանափակումների:
i
3. Միջնորդությունը ստանալուց հետո դատարանը 30-օրյա ժամկետում քննում է այն և կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
միջնորդությունը մերժելու,
խնամակալությունը կամ լուծարումը դադարեցնելու և բանկը բաժնետերերին (մասնակիցներին) վերադարձնելու մասին:
ԳԼՈՒԽ 4.
ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
Հոդված 18. |
Բանկի լուծարումը և լուծարային կառավարիչ նշանակելը |
1. Բանկը լուծարելու և բանկի լուծարային կառավարիչ նշանակելու մասին Կենտրոնական բանկի հայցը ստանալուց հետո դատարանը երկշաբաթյա ժամկետում քննում է այն և կայացնում է որոշում` սույն օրենքի 10 հոդվածին համապատասխան:
2. Լուծարային կառավարչին նշանակում է դատարանը` Կենտրոնական բանկի և սույն օրենքի 17 հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտատերերի կողմից ներկայացված թեկնածուների թվից: Դատարանի կողմից լուծարային կառավարիչ չնշանակելու դեպքում 5-օրյա ժամկետում պետք է ներկայացվեն նոր թեկնածուներ:
3. Լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի վճիռը կամ որոշումը կարող է գանգատարկվել սույն օրենքի 17 հոդվածում նշված անձանց կողմից:
Հոդված 19. |
Բանկի լուծարային կառավարիչ նշանակելու հիմքերը |
Բանկի լուծարային կառավարիչ է նշանակվում սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված հետևյալ հիմքերից թեկուզ մեկի առկայության դեպքում`
եթե խնամակալության 18 ամսվա ընթացքում ակնհայտ է դառնում, որ բանկը լուծարելու դեպքում հնարավոր է պահպանել ավելի շատ ակտիվներ, քան խնամակալությունը շարունակելիս.
եթե խնամակալության 18 ամսվա ընթացքում չի հաջողվել վաճառել բանկը կամ վերականգնել նրա ֆինանսական դրությունը (կայուն վճարունակությունը):
Հոդված 20. |
Բանկի լուծարային կառավարիչ նշանակելու մասին ծանուցումը |
Բանկի լուծարային կառավարիչ նշանակելուց հետո եռօրյա ժամկետում դատարանը`
ծանուցում է բանկին, նրա մասնաճյուղերին ու ներկայացուցչություններին` լուծարում սկսելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին.
համապատասխան տեղեկություններ է հրապարակում մամուլում:
Հոդված 21. |
Բանկի լուծարային կառավարչի իրավունքները և պարտականությունները |
1. Բանկի լուծարային կառավարիչն իրավունք ունի`
ա) իրականացնել բանկի կառավարումը.
բ) շարունակել կամ կասեցնել ցանկացած գործարք կամ բանկային գործառնություն.
գ) դադարեցնել կամ սահմանափակել ցանկացած պարտավորության մարումը.
դ) կնքել աշխատանքային պայմանագրեր կամ լուծել դրանք.
ե) լինել հայցվոր և պատասխանող դատարանում.
զ) վաճառել բանկի ցանկացած միջոց: Լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների 5 տոկոսը գերազանցող ցանկացած միջոցը կամ միջոցները մեկ գործարքով կամ միմյանց հետ կապված մի քանի գործարքներով վաճառելու համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի թույլտվությունը.
է) Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ մերժել լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների 5 տոկոսը գերազանցող որևէ պահանջ.
ը) իրականացնել խնամակալի` սույն օրենքի 15 և 16 հոդվածներով նախատեսված իրավունքները:
2. Լուծարային կառավարիչն առնվազն ամիսը մեկ անգամ իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ և դատարան: Հաշվետվությունը պետք է ընդգրկի տեղեկություններ սույն հոդվածի 1-ին կետով նշված գործողությունների ծրագրի, բանկին ներկայացվող պահանջների և վաճառված ակտիվների ընդհանուր գումարի, ակտիվների հետագա վաճառքի կանխատեսումների մասին, ինչպես նաև Կենտրոնական բանկի և դատարանի կողմից պահանջվող այլ տեղեկություններ:
3. Լուծարային կառավարիչը կատարում է նաև սույն օրենքի 14 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված պարտականությունները:
4. Լուծարային կառավարիչը որոշում է պարտատերերին վճարվելիք գումարների չափը և վճարման հաջորդականությունը` սույն օրենքի 29 հոդվածի համաձայն:
5. Լուծարային կառավարչի գործողությունները կարող են գանգատարկվել §
i
դատական կարգով:
Հոդված 22. |
Լուծարային կառավարման իրավական հետևանքները |
1. Դատարանի կողմից բանկը լուծարելու և բանկի լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշումն ընդունելու պահից`
ա) Կենտրոնական բանկն անվավեր է ճանաչում բանկի բանկային գործունեության լիցենզիան` այդ մասին ծանուցելով պետական գրանցումն իրականացնող մարմնին.
բ) բանկը զրկվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքից.
գ) կասեցվում են բանկի բաժնետերերի (մասնակիցների) բաժնետիրոջ (մասնակցի) իրավունքները.
դ) դադարեցվում է բանկի բոլոր տեսակի պարտքերի դիմաց տոկոսների և այլ հատուցման հաշվարկումը.
ե) դադարեցվում է տոկոսային, վարձակալական և այլ վճարների, բոլոր տեսակի հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գանձումը.
զ) անվավեր են ճանաչվում բանկի պարտավորություններն այնքանով, որքանով նվազել են բանկի գործուն (իրական) ակտիվները (ընդհանուր ակտիվները, բացի անհուսալի և արժեզրկված ակտիվներից), և բանկի ընդհանուր կապիտալը չի ծածկում այդ պակասորդը.
i
է) կալանք է դրվում բանկի բոլոր հաշիվների վրա, և թույլատրվում են միայն պարտապանների կողմից բանկին կատարվող վճարումները:
i
2. Դատարանը բանկը լուծարելու և բանկի լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշումն ընդունելիս կարող է 6 ամսով երկարացնել բանկի կողմից պահանջներ ներկայացնելու հայցային վաղեմության լրացած ժամկետը:
Հոդված 23. |
Լուծարման գործընթացը |
1. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո մեկ ամսվա ընթացքում իրականացնում է բանկի միջոցների հաշվեգրում և արդյունքների մասին տեղեկացնում է լուծարային կառավարիչ նշանակած դատարանին: Դատարանը հրապարակում է այդ փաստաթղթերը պաշտոնական մամուլում:
2. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո 3 ամսվա ընթացքում իրավունք ունի լուծել`
ա) ցանկացած անձի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը.
i
բ) ծառայություններ մատուցելու վերաբերյալ կնքված պայմանագրերը.
գ) անշարժ գույքի վարձակալության հետ կապված բանկի` որպես վարձակալի պարտավորությունները: Վարձատուներն իրավունք չունեն բանկ ներկայացնել վարձակալական վճարի որևէ պահանջ` բացառությամբ մինչև վարձակալության դադարեցման օրը ձևավորված վարձակալական վճարի պարտքը, ինչպես նաև պահանջել վարձակալության դադարեցմամբ պատճառված վնասների փոխհատուցում: Բանկի լուծարման ընթացքում վարձակալության հետ կապված ծախսերը մտնում են լուծարային կառավարչի ծախսերի մեջ:
3. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո 2 ամսվա ընթացքում`
ա) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ բանկին ի պահ հանձնված գույքը դրա սեփականատերերին վերադարձնելու և այդ կապակցությամբ վերջնական հաշվարկներ կատարելու ուղղությամբ: Այդ գույքի սեփականատերերը լուծարային կառավարչի ծանուցումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր են վերցնել բանկին ի պահ հանձնված գույքը, հակառակ դեպքում այն համարվում է չպահանջված, դատարանն ի պահ է վերցնում և միջոցառումներ է ձեռնարկում դրա օրինական տերերին հայտնաբերելու համար.
բ) սահմանում է պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու երկու ամսից ոչ պակաս ժամկետ և այդ մասին տեղեկացնում է ավանդատուներին, վարկատուներին, բանկի այլ պարտատերերին:
4. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո իննամսյա ժամկետում հրապարակայնորեն վաճառում է բանկի միջոցները աճուրդի կարգով:
5. Աճուրդի կարող են հանվել սնանկ ճանաչված բանկի գործուն ակտիվները: Գործուն ակտիվների, անհուսալի ու արժեզրկված միջոցների ցանկը, դրանց գումարային մեծությունն աճուրդից առաջ սահմանում է լուծարային կառավարիչը` հաշվի առնելով դրանց գնահատման վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը:
Հոդված 24. |
Լուծարվող բանկի միջոցների ձեռքբերման սահմանափակումները |
Լուծարվող բանկի միջոցների աճուրդային վաճառքին կարող են ներկա գտնվել, բայց գույք ձեռք բերելու իրավունք չունեն լուծարվող բանկի ղեկավարները, լուծարային կառավարիչը:
Հոդված 25. |
Լուծարվող բանկի պարտատերերի պահանջների քննարկումը |
Պարտատերերի պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո երկամսյա ժամկետում լուծարային կառավարիչը`
ա) մերժում է չհիմնավորված պահանջները.
բ) հաշվարկում է բանկի հաշվեկշռում արտացոլված կամ բանկին ներկայացված հիմնավորված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր գրանցված ավանդատուին, վարկատուին կամ այլ պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և պահանջների բավարարման հերթականությունը` սույն օրենքի 30 հոդվածին համապատասխան.
գ) դատարան ներկայացնելու համար պատրաստում է պահանջների ցանկը և պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.
դ) տեղեկացնում է այն անձանց, որոնց պահանջները դատարանին ներկայացվող ցանկում ընդգրկվել են ոչ լրիվ, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով տեղեկացնում է պահանջների ցանկը դատարան ներկայացնելու օրվա մասին:
Հոդված 26. |
Պահանջների ցանկի դեմ առարկությունները |
i
1. Սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված պահանջների ցանկը դատարան ներկայացնելու պահից 20-օրյա ժամկետում բանկի ցանկացած ավանդատու, վարկատու կամ այլ պարտատեր, բաժնետեր (մասնակից) իրավունք ունի դատարան ներկայացնել առարկություններ սույն օրենքի 25 հոդվածում նշված ցանկերի, գործողությունների կամ դրանց իրականացման ծրագրի դեմ:
i
2. Վերոհիշյալ առարկությունները դատարանը քննում է մեկամսյա ժամկետում և իրավասու է ցանկերում ընդգրկված ավանդատուներից, վարկատուներից կամ այլ պարտատերերից, ինչպես նաև լուծարային կառավարչից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր` պահանջների օրինականությունը ստուգելու նպատակով:
3. Առարկության ընդունման դեպքում լուծարային կառավարչի կողմից ներկայացված և մերժված պահանջների ցանկերում դատարանը կատարում է համապատասխան փոփոխություններ: Այն պահանջները, որոնց օրինականությունը չի ապացուցվել, դատարանը չի քննարկում:
Հոդված 27. |
Լուծարային միջոցները |
Պարտատերերի պահանջները բավարարվում են լուծարային միջոցների հաշվին, որտեղ ընդգրկվում են`
ա) սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքը (միջոցները).
բ) գրավի առարկա համարվող գույքը` պայմանագրով նախատեսված բանկի պարտավորության դրամական արժեքը գերազանցող մասով.
գ) լուծարային կառավարչի հայցով դատարանի կողմից գործարքի անվավեր ճանաչման հետևանքով բանկին վերադարձված միջոցները.
դ) բանկի բաժնետերերի (մասնակիցների) և ղեկավարների միջոցները օրենքով սահմանված լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվության չափով:
i
Հոդված 28. |
Գրավով ապահովված պարտավորությունների արտահերթ բավարարումը |
1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են արտահերթ` գրավի իրացումից ստացված գումարի սահմաններում:
2. Եթե պարտավորության արժեքը գերազանցում է գրավի արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այդ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:
i
Հոդված 29. |
Բանկի պարտավորությունների մարման հերթականությունը |
1. Լուծարված բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հաջորդականությամբ`
առաջինը` խնամակալի, լուծարային կառավարչի և Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի դրույթների կիրառման ընթացքում կատարված անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը.
երկրորդը` այն պարտատերերի պահանջները, որոնք բանկին վարկ կամ ավանդ են տրամադրել բանկի նախնական խնամակալության նշանակումից հետո.
երրորդը` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները` մինչև 200.000 դրամ կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.
չորրորդը` երրորդ հերթում չընդգրկված բանկային ավանդները.
հինգերորդը` բանկերի այլ պահանջները, որոնք բխում են վճարահաշվարկային և թղթակցային հարաբերություններից` բացառությամբ միջբանկային վարկերից բխող պահանջների.
վեցերորդը` աշխատանքային գործունեության ընթացքում բանկի աշխատակիցների առողջությանը կամ կյանքին պատճառված վնասների հետ կապված պահանջները.
յոթերորդը` բանկի աշխատակիցների աշխատավարձը, բացառությամբ բանկի ղեկավարների, բայց ոչ ավելի բանկի աշխատակիցների համար սահմանված աշխատավարձի եռապատիկից.
ութերորդը` պետական բյուջեի նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.
իններորդը` պարտատերերի այլ պահանջները:
2. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ:
3. Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:
4. Եթե լուծարային միջոցները չեն բավարարում որևէ հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարելու համար, ապա դրանք բավարարվում են համամասնորեն:
5. Սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացված պահանջները բավարարվում են ներկայացված բոլոր պահանջների բավարարումից հետո: Գրավով ապահովված նման պահանջների տոկոսագումարները հաշվարկվում են դրանք սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված կարգով գրանցելու պահից` գրավի արժեքի սահմաններում:
6. Բոլոր պահանջների բավարարումից հետո բանկի մնացած միջոցները բաշխվում են բաժնետերերի (մասնակիցների) միջև` նրանց մասնաբաժիններին համամասնորեն:
Հոդված 30. |
Դատարան ներկայացվող հաշվետվությունը |
1. Բանկի լուծարային միջոցների բաշխումից հետո լուծարային կառավարիչը հաշվետվություն է ներկայացնում դատարան:
2. Լուծարային կառավարչի հաշվետվությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո Կենտրոնական բանկը և լուծարային կառավարիչը բանկի լուծարման հետ կապված պարտականություններ չեն կրում: Կենտրոնական բանկը համապատասխան գրառում է կատարում բանկերի գրանցամատյանում և այդ մասին ծանուցում է պետական գրանցումն իրականացնող մարմնին:
ԳԼՈՒԽ 5.
ԽՆԱՄԱԿԱԼԻՆ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 31. |
Խնամակալին և լուծարային կառավարչին ներկայացվող պահանջները |
1. Խնամակալը և լուծարային կառավարիչը պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական չափանիշներին:
2. Խնամակալ կամ լուծարային կառավարիչ չի կարող նշանակվել այն անձը, որը`
ա) ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, կամ, որի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկելը.
բ) տվյալ պահին քրեական գործով հանդես է գալիս որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
գ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է տվյալ բանկի սնանկացման ելքում կամ, որի անաչառության մասին կան հիմնավոր կասկած հարուցող այլ հանգամանքներ.
դ) ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) ճանաչվել է սնանկ:
3. Մինչև խնամակալի կամ լուծարային կառավարչի նշանակումը, անձը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի տեղեկություններ, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել որպես խնամակալ կամ լուծարային կառավարիչ պաշտոնավարելու ընթացքում նրա անձնական շահերի բախման փաստը: Այդպիսի տեղեկությունները պետք է ներառեն հետևյալ տվյալները`
ա) այն բանկից ստացած վարկերի մասին, որոնց նկատմամբ անձը պետք է նշանակվի խնամակալ կամ լուծարային կառավարիչ, այդ բանկում աշխատելու կամ նրա կապիտալում մասնակցություն ունենալու մասին.
բ) այն անձանց հետ ֆինանսական, գործնական կամ անձնական կապերի մասին, որոնք շահագրգռվածություն ունեն խնամակալվող կամ լուծարվող բանկի կամ նրա միջոցների նկատմամբ, ինչպես նաև հետագայում այդպիսի անձանց հետ կամ այդպիսի ձեռնարկություններում աշխատելու մասին.
գ) վերջին հինգ տարում բանկի նկատմամբ նյութական պարտավորությունները չկատարելու դեպքերի մասին և դրանց նկարագրությունը (հանգամանքները).
դ) ցանկացած այլ գործարար և ֆինանսական շահերի մասին, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տվյալ անձի վրա` որպես խնամակալ կամ լուծարային կառավարիչ պաշտոնավարելու ընթացքում.
ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ:
4. Խնամակալը կամ լուծարային կառավարիչը պետք է ձեռնպահ մնա`
ա) ցանկացած գործողությունից, որի հետևանքով կարող է շահերի բախում տեղի ունենալ.
բ) ուղղակի կամ անուղղակի ձևով ծառայություններ, աշխատանքներ, նվերներ ընդունելուց կամ դրանց ընդունումը հօգուտ այն անձանց միջնորդելուց, որոնց շահերը կարող են բախվել խնամակալի կամ լուծարային կառավարչի այս կամ այն պարտականության կատարման հետ.
գ) իրենց հսկողությանը հանձնված միջոցներն ի շահ այլ անձանց օգտագործելուց.
դ) իր պարտականությունների կատարման հետ կապված ծառայողական տեղեկություններ հրապարակելուց:
5. Խնամակալին կամ լուծարային կառավարչին արգելվում է բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հաղորդումը` բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված դեպքերի:
i
6. Խնամակալի և լուծարային կառավարչի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով: Գանգատի քննարկման ողջ ժամանակահատվածում խնամակալությունը կամ լուծարումը շարունակվում է առանց սահմանափակումների:
Հոդված 32. |
Խնամակալի կամ լուծարային կառավարչի վարձատրությունը |
i
Խնամակալի կամ լուծարային կառավարչի վարձատրության չափը, նրա կողմից կատարվող ծախսերի նախահաշիվը Կենտրոնական բանկի ներկայացմամբ հաստատում է դատարանը:
i
Հոդված 33. |
Պատասխանատվությունը խնամակալի կամ լուծարային կառավարչի կողմից պատճառված վնասի համար |
Խնամակալի կամ լուծարային կառավարչի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում պատճառված վնասը փոխհատուցվում է օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 34. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
i
Հոդված 35. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներգործությունը սնանկացման ընթացակարգում գտնվող բանկերի վրա |
Սույն օրենքով նախատեսված դատավարության ժամկետներին համապատասխան լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-419 հոդվածներում:
Հոդված 36. |
Օրենքի կիրարկումը |
Սույն օրենքի կիրարկումն ապահովելու համար մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացնում բանկերի սնանկացման վերաբերյալ գործեր քննող դատարանների ցանկը, իսկ Կենտրոնական բանկն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ընդունում է սույն օրենքով նախատեսված նորմատիվ ակտերը:
i
Հոդված 37. |
Բանկերի սնանկացման վերաբերյալ գործերը քննելու իրավունք ունեցող հանրապետության շրջանային /քաղաքային/ ժողովրդական դատարանները |
Մինչև Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մասին օրենքների ընդունումը բանկերի սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հանրապետության հետևյալ շրջանային /քաղաքային/ ժողովրդական դատարանները`
ա/ Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Երևան քաղաքում.
բ/ Գյումրի քաղաքի Շիրակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Շիրակի մարզի տարածքում.
գ/ Վանաձորի քաղաքային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Լոռվա մարզի տարածքում.
դ/ Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Տավուշի մարզի տարածքում.
ե/ Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Արագածոտնի մարզի տարածքում.
զ/ Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Կոտայքի մարզի տարածքում.
է/ Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Գեղարքունիքի մարզի տարածքում.
ը/ Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Արմավիրի մարզի տարածքում.
թ/ Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Արարատի մարզի տարածքում.
ժ/ Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Վայոց ձորի մարզի տարածքում.
ժա/ Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Սյունիքի մարզի տարածքում:
/լրաց. 16.11.96 օրենք/
Հոդված 38. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
i
1. Սույն օրենքը, բացառությամբ 36 հոդվածի, ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 1-ից:
2. Օրենքի 36 հոդվածն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
/փոփ. 16.11.96 օրենք/
29 հունիսի 1996 թ.
ՀՕ-67