ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
6 օգոստոսի 2020 թվականի N 38
ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը աշխատելու է ընդհանուր հարկման դաշտում, և հաշվարկային փաստաթղթերով ձեռք է բերելու տեղական թեյ (չփաթեթավորված), օրինակ` ուրց: Փաթեթավորելուց և ապրանքային տեսքի բերելուց հետո վաճառելու է այն: Մեկ տուփի պարունակությունը (նետտո քաշը) լինելու է 40 գրամ, իսկ փաթեթավորման հետ միասին 110 գրամ (+-6 գրամ):
Դեպք 1.
1 տուփի պարունակությունը (նետտո քաշը) լինելու է 40 գրամ, իսկ փաթեթավորման հետ միասին 108 գրամ:
Դեպք 2.
1 տուփի պարունակությունը (նետտո քաշը) լինելու է 40 գրամ, իսկ փաթեթավորման հետ միասին 116 գրամ:
i
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի`
ԱՏԴ ՄԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող` մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով պարունակություն ունեցող` տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման: Արդյո՞ք վերը նշված թեյը ենթակա է տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման թե ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու,
- 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող` մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով պարունակություն ունեցող` տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:
Ելնելով վերոգրյալ կարգավորումներից` հայտնում ենք, որ գրությամբ ներկայացված 2 դեպքում էլ տվյալ ապրանքը ենթակա չէ դրոշմապիտակներով դրոշմավորման, քանի որ դրանց պարունակությունը չի գերազանցում 100 գրամը (ըստ գրության 40 գրամ է):
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ