040.0485.120514
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2014 թվականի N 485-Ն
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1856-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1856-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային» բառերը փոխարինել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային» բառերով.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Թույլատրել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի և այլ մասնագետների պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
5) հրատարակչական, տպագրական գործունեություն և դրա արդյունքների իրացում.
6) համալսարանի աշխատողների, սովորողների հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.
7) խորհրդատվական ծառայությունների մատուցում.
8) համակարգչային ծրագրերի, լեզուների և այլ դասընթացների ուսուցման կազմակերպում.
9) մշակութային գործունեության իրականացում.
10) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 30-ի
N 485-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2002 թվականի սեպտեմբերի 12-ի
N 1856-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, հումանիտար գիտությունների և տեխնիկայի ու մշակույթի տարբեր ուղղություններով` կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով և ուսուցման տարբեր ձևերով (առկա, հեռակա, հեռավար, դրսեկություն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Համալսարանի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է:
3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ: «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:
4. Համալսարանը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Համալսարանը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:
6. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանումներով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
7. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` «ՎՊՀ» ՊՈԱԿ.
3) ռուսերեն լրիվ` «Վանադզօռսկիյ գօսուդառստվեննիյ ունիվեռսիտետ իմենի Օ. Տումանյանա» գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա.
4) ռուսերեն կրճատ` «ՎԳՈՒ» ԳՆՕ
5) անգլերեն լրիվ` «Vanadzor State University after H. Toumanyan» State Non Profit Organization.
6) անգլերեն կրճատ` «SUV» SNPO:
8. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 36:
II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
9. Համալսարանի խնդիրներն են`
1) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը.
2) բնական, հասարակագիտական և հումանիտար մասնագիտությունների բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.
3) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումն ու արմատավորումը.
4) գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը և տարածումը, հայագիտության զարգացումը.
5) կրթության գործընթացի անընդհատության, հաջորդականության, շարունակականության, մրցակցության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
6) ուսուցման տարբեր շրջանակներում, ձևերում և մակարդակներում սփյուռքահայ սովորողների առավելագույն հնարավոր ընդգրկումը.
7) ուսուցման բոլոր մակարդակներում համապարփակ և համակարգված եղանակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային և էլեկտրոնային միջոցների կիրառումը.
8) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում.
9) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն տալու միջոցով.
10) սովորողին ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը.
11) գիտության, կրթության, տնտեսության և մշակույթի զարգացմանը նպաստելը.
12) գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների, ստեղծագործական ու մշակութային գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.
13) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.
14) կրթության որակի ապահովման և վերահսկման համակարգի ներդրումը.
15) սովորողների մեջ մասնագիտական բարձր որակների, պատշաճ վարքի ու վարվելակերպի, քաղաքացիական կեցվածքի և հայրենասիրության, ստեղծագործական ունակությունների արմատավորումը.
16) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
10. Համալսարանն առաջադրված խնդիրներին համապատասխան իրավասու է`
1) որոշելու իր կառուցվածքը, կառավարման սկզբունքները, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.
2) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը` ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը, մշակելու համալսարանի ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները.
3) սահմանելու և շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ.
4) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական հիմնարկների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների ու ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային և այլ գործունեության կազմակերպում, գիտական խորհրդակցությունների անցկացում և այլն).
5) վարձակալության հանձնելու սեփականության իրավունքով պատկանող կամ իրեն ամրացված գույքը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
6) ֆինանսների կառավարում, ներառյալ` աշխատավարձի, կրթաթոշակի վճարում, ուսման վարձի փոխհատուցում, ուսանողական նպաստների տրամադրում, բարձրագույն ուսումնական հաստատության պահպանմանը և զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.
7) իրականացնելու բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր.
8) մշակելու և հաստատելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական և առարկայական ծրագրեր, հրատարակելու ուսումնական ու գիտական գրականություն.
9) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի և կարգի ընտրության հարցերը.
10) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.
11) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության այլ ծրագրեր:
11. Համալսարանը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի և այլ մասնագետների պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
5) հրատարակչական, տպագրական գործունեություն և դրա արդյունքների իրացում.
6) համալսարանի աշխատողների, սովորողների հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.
7) խորհրդատվական ծառայությունների մատուցում.
8) համակարգչային ծրագրերի, լեզուների և այլ դասընթացների ուսուցման կազմակերպում.
9) մշակութային գործունեության իրականացում.
10) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում:
III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման ու կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի անձնակազմի և սովորողների մասնակցության սկզբունքների հիման վրա:
13. Համալսարանի հիմնադիրն իրավասու է վերջնական լուծում տալու համալսարանի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
14. Պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)`
1) վերահսկողություն է իրականացնում համալսարանի գործունեության նկատմամբ.
2) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
15. Համալսարանի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24 է:
16. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները:
17. Կառուցվածքային ստորաբաժանման`
1) կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրել համալսարանի ցանկացած աշխատող.
2) կողմից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազորված մարմին.
3) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
18. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները:
19. Համալսարանի ուսանողության խորհրդի կողմից`
1) խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (այդ թվում` ասպիրանտ).
2) ընտրվում են ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացվում լիազորված մարմին.
3) ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
20. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
21. Լիազորված մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության և գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
22. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
23. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Նիստերը համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով:
24. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ` անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահն համալսարանում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
25. Համալսարանի խորհրդի նախագահը հրավիրում է խորհրդի նիստերը, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի արձանագրությունները և որոշումները, իրականացնում խորհրդի աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:
26. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
1) իր դիմումի համաձայն.
2) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
3) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.
4) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
5) որպես սովորող առաջադրվելու դեպքում` սովորողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
27. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորված մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
28. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության պահանջներին համապատասխան: Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:
29. Խորհուրդը`
1) քննարկում և հաստատում է համալսարանի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը.
2) հաստատում է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը.
3) լսում և գնահատում է համալսարանի տարեկան գործունեության մասին ռեկտորի հաշվետվությունը.
4) ընտրում է համալսարանի ռեկտորին.
5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություն համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.
6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի ընտրությունների ընթացակարգերը:
30. Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ)` ռեկտորի նախագահությամբ գործող` համալսարանի ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
31. Համալսարանի գիտական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:
32. Գիտական խորհուրդը`
1) հաստատում է իր կանոնակարգը.
2) համալսարանի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.
3) քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական ու գիտամեթոդական աշխատանքների մասին.
4) հաստատում է ֆակուլտետների դեկանների ու ամբիոնների վարիչների ընտրության ընթացակարգը և ժամկետները.
5) իրականացնում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված` սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ.
6) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, ներքին կարգապահական կանոնները, ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտեր.
7) քննարկում է համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը, հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների.
8) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, համալսարանի շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.
9) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, ակադեմիայի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերի նախագծեր, ինչպես նաև ուսման վարձավճարների չափեր.
10) ներկայացնում է առաջարկություններ համալսարանի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.
11) անհրաժեշտության դեպքում ստեղծում է հանձնաժողովներ` սահմանելով դրանց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունը, աշխատանքի կարգը.
12) ռեկտորի ներկայացմամբ` որոշում է ստեղծել, վերակազմակերպել, լուծարել ֆակուլտետներ, ինչպես նաև ֆակուլտետներ, ամբիոններ և կառուցվածքային ստորաբաժանումներ.
13) շնորհում է գիտական կոչումներ և հաստատում գիտամանկավարժական համակազմի պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
33. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը, աշխատակազմի ղեկավարը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, մասնաճյուղերի, ուսումնական և գիտական այլ ստորաբաժանումների ղեկավարները, ուսանողական խորհրդի նախագահը, ուսանողական խորհրդի անդամները և ֆակուլտետների կողմից ընտրված այլ անդամները` գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն:
34. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում, իսկ որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
35. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության ոլորտներին վերաբերող հարցերը, խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը: Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, արհեստակցական միության նախագահը, կազմակերպության իրավաբանը:
36. Սույն կանոնադրությանը համապատասխան` համալսարանի ընթացիկ գործունեության ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում համալսարանի աշխատանքի արդյունքների համար:
37. Համալսարանի ռեկտորն առանց լիազորագրի գործում է համալսարանի անունից, ներկայացնում նրա շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում և միջազգային կազմակերպություններում:
38. Համալսարանի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
39. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Այդ արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:
40. Համալսարանի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
41. Ռեկտորը`
1) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.
2) սահմանում է համալսարանի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
3) հրավիրում է համալսարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովներ, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր.
4) տնօրինում է համալսարանի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
5) տալիս է համալսարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու համալսարանի մյուս աշխատողներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունները, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և ենթարկում կարգապահական տույժերի.
8) արձակում է հրամաններ և կարգադրություններ, այդ թվում` սովորողների ընդունելության, հեռացման, վերականգնման, արձակուրդ ձևակերպելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու մասին, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) կազմավորում է համալսարանի խորհրդակցական մարմիններ, ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների և կազմակերպության բոլոր աշխատողների հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.
10) տարեկան հաշվետվություն է ներկայացնում համալսարանի խորհրդին.
11) համալսարանի խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը.
12) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.
13) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է համալսարանի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է համալսարանի հաստիքացուցակը, հաստիքացուցակում կատարում փոփոխություններ, սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.
14) սահմանում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, ապահովում հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.
15) սահմանում է կազմակերպության գնումները համակարգող պատասխանատու ստորաբաժանումը, գնահատող հանձնաժողովը, հաստատում է գնման ընթացակարգի արձանագրությունը, հաստատում է գնման պայմանագիրը.
16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
42. Ռեկտորի բացակայության դեպքում լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ ռեկտորի լիազորություններն իրականացնում է պրոռեկտորներից մեկը կամ ռեկտորին ներկայացվող պահանջները բավարարող այլ անձ:
IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
43. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը և այլ ստորաբաժանումներ: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը սահմանվում է սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով: Համալսարանը կարող է ունենալ նաև մասնաճյուղեր:
44. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:
45. Համալսարանի ֆակուլտետները գործում են իրենց կանոնադրությունների հիման վրա: Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Ֆակուլտետը, իր խնդիրներին և իր կողմից մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան, մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից: Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական ու այլ ստորաբաժանումներից:
46. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունն ու այն ներկայացնում գիտական խորհրդի հաստատմանը, լսում է ֆակուլտետի դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:
47. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան;
48. Ֆակուլտետի խորհուրդը`
1) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու ու լուծարելու վերաբերյալ.
2) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցերը.
3) գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.
4) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.
5) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.
6) ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են դրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների, սովորողների (ասպիրանտների) և հայցորդների համար:
49. Ֆակուլտետի դեկանը`
1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային, մշակութային և այլ գործունեությունը.
2) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.
3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի դեկանի տեղակալների թեկնածուներին.
4) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ սովորողներին կուրսից կուրս փոխադրելու, հեռացնելու, վերականգնելու, արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված և ֆակուլտետի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
50. Ֆակուլտետի դեկանն ընտրվում է 5 տարի ժամկետով` գիտական խորհրդի սահմանած կարգին համապատասխան: Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում առավել, բայց ոչ պակաս, քան ֆակուլտետի խորհրդի մասնակից անդամների կեսից ավելին ձայներ հավաքած թեկնածուն: Ֆակուլտետի դեկանի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր:
51. Համալսարանի ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) համալսարանի ֆակուլտետների ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրության հիման վրա: Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից, դասախոսներից: Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է գիտական խորհրդի կողմից մրցութային հիմունքներով` մինչև 5 տարի ժամկետով: Ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է ամբիոնների վարիչների ընտրության ընթացակարգով: Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի կրթական, գիտական և այլ աշխատանքները, ներկայացնում նրա կոլեկտիվը համալսարանի, ֆակուլտետի, համալսարանական ստորաբաժանումների, ինչպես նաև ոչ համալսարանական կազմակերպությունների հետ հարաբերություններում: Ամբիոնը կարող է լինել նաև համահամալսարանական և անմիջականորեն ենթարկվել համապատասխան պրոռեկտորին: Ամբիոնի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է իր կանոնադրությամբ: Ամբիոնի կրթական և գիտական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի մյուս աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով: Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների` մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը:
52. Համալսարանի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով:
V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
53. Սովորողների ընդունելությունը համալսարան կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
54. Համալսարանում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա և դրսեկության ձևերով: Բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
55. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:
56. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:
57. Համալսարանի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում են համապատասխան որակավորում և համապատասխան ավարտական փաստաթուղթ (ատեստատ, վկայական, դիպլոմ):
58. ՈՒսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
59. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:
60. Համալսարանը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, փառատոներ, այլ միջոցառումներ:
61. Համալսարանում կարող են գործել գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
62. Համալսարանի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) հանրապետության ու օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.
3) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.
4) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված ՎՊՀ-ի միջոցներից.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
63. Համալսարանի սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և այլ ակտերով:
64. Համալսարանի սովորողների համար ստեղծվում են գիտական ազատ ուսումնասիրությունների համար նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:
65. Համալսարանի սովորողներ են համարվում առաջին և երկրորդ աստիճանների ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական, ինչպես նաև հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար սահմանված կարգով համալսարան ընդունված և ռեկտորի կողմից հրամանագրված անձինք (այդ թվում նաև հայցորդներ), որոնց հետ կնքվում է պայմանագիր:
66. Համալսարանի սովորողն իրավունք ունի`
1) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.
2) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.
3) ընտրելու և ընտրվելու համալսարանի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետի խորհրդում և այլ ընտրովի մարմիններում.
4) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը.
5) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.
6) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է համալսարանում կամ այլ ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատությունում` այդ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
7) անվճար օգտվելու համալսարանի գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, ստեղծագործական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին և սեմինարներին.
8) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.
9) բողոքարկելու համալսարանի կառավարման մարմինների որոշումները, հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
10) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի սահմանած կարգով ստանալու սահմանված չափի, այդ թվում` անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.
12) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերին, համալսարանի հետ կնքելու պայմանագիր ուսումնառության պայմանների վերաբերյալ.
13) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
14) մեկ ուսումնական տարվա ընթացքում առնվազն 2 անգամ գտնվելու արձակուրդում` առնվազն 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.
15) փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում` օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.
16) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի սահմանած կարգով.
17) անկախ ընդհատման պատճառից` սահմանված կարգով վերականգնվելու համալսարանում` բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման.
18) համալսարանի սովորողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ:
67. Համալսարանի սովորողը պարտավոր է`
1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.
2) տիրապետել ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.
3) կատարել համալսարանի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունները.
4) հաճախել համալսարանում անցկացվող դասախոսություններին, գործնական (սեմինար) պարապմունքներին.
5) ժամանակին վճարել ուսման վարձը (վճարովի հիմունքներով կրթություն ստացող սովորողը), որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանը: ՈՒսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում սովորողը կարող է հեռացվել համալսարանից:
68. Այն սովորողը, ով չի կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում է ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում է համալսարանի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող է ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:
69. Արգելվում է սովորողին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
70. Սովորողին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելն առանց նրա համաձայնության արգելվում է:
71. Համալսարանի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած սովորողին շնորհվում է համապատասխան մասնագիտական որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ և ներդիր):
72. Հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է համալսարանի` սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:
73. Սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է ուսանողական խորհուրդը, որի կանոնադրությունը հաստատում է լիազորված մարմինը:
VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
74. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների թեմաներ ընտրելու և դրանք իրենց ընտրած մեթոդներով իրականացնելու:
75. Համալսարանում սահմանվում են գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս) կազմ, գիտական աշխատողներ, վարչական, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:
76. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են համալսարանի կանոնադրությանը և կանոնակարգերին համապատասխան:
77. Համալսարանի գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոններում տեղակալումն իրականացվում է համաձայն աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա:
78. Համալսարանի աշխատողն իրավունք ունի`
1) ունենալու գիտական հետազոտություն կատարելու ակադեմիական ազատություն.
2) ազատ որոշելու պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակությունն ու ծրագրերը.
3) համատեղությամբ կատարելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ.
4) համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու համալսարանի համապատասխան պաշտոններում և կառավարման մարմիններում.
5) մասնակցելու համալսարանի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
6) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայություններից.
7) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.
8) բողոքարկելու համալսարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ` մասնագիտական գործունեության համար.
10) համալսարանի աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:
79. Համալսարանի աշխատողները պարտավոր են`
1) ապահովել կրթական և գիտական գործընթացների արդյունավետությունը.
2) ապահովել համալսարանի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.
4) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.
5) առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ` սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ մասնագիտական որակավորման բարձրացում:
80. Համալսարանի վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, ներքին կանոնակարգերով և կարգապահական կանոններով:
VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
81. Համալսարանի գույքն ձևավորվում է հետևյալ աղբյուրներից`
1) պետական գույք, որը հանձնվել է համալսարանին անհատույց օգտագործման համար.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի համար, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցներից.
3) միջոցներ, որոնք գոյանում են համալսարանի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.
4) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումներ (այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ, կտակած գույք).
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
82. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթն ուղղվում է համալսարանի կանոնադրական խնդիրների իրականացմանը:
83. Համալսարանի եկամուտները և ծախսերը նախատեսվում և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
84. Համալսարանն իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության տալու ամրացված գույքը: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
85. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում լիազորված մարմինը և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
86. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազորված մարմնի կողմից:
IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
87. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:
88. Համալսարանի լուծարման դեպքում համալսարանի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»: