020.1087.300413
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 ապրիլի 2013թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 05.04.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին` Երևանում:
2. Համաձայնագրի նպատակն է` Կողմերի միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը և իրենց պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծումը:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`
* Հայաստանի Հանրապետությունում 49 տարի ժամկետով վարձակալության տրամադրել շենքերի և շինությունների կառուցման համար նախատեսված հողատարածքներ, որոնք բացառապես պետք է օգտագործվեն դեսպանությունների համար և նշված տարածքների օգտագործման համար ամրագրել տարեկան մեկ ԱՄՆ դոլար վարձավճար (հոդված 1, մաս 1),
* երաշխավորել, որ Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքները ծանրաբեռնված չլինեն սեփականության իրավունքից բխող ոչ մի պարտքով և պահանջով, գրավով և այլ սահմանափակումներով, ինչպես նաև նրանց նկատմամբ չներկայացվեն ոչ մի տեսակի պահանջներ և փոխհատուցման իրավունքներ (հոդված 4),
* Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքները չփոխանցել երրորդ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց` առանց թուրքմենական կողմի որոշակի կերպով արտահայտած գրավոր համաձայնության (հոդված 5),
* հողատարածքները և դրանց վրա կառուցված շենքերն ու շինություններն ազատել Հայաստանի Հանրապետությունում գանձվող բոլոր հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարումներից` բացառությամբ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված վարձակալության վճարի (հոդված 7),
* մարել Հայաստանի Հանրապետության շահագործմանը հանձնված` Համաձայնագրով փոխանցված հողատարածքի շահագործման պահպանման ծախսերը (հոդված 8):
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն Համաձայնագիրը բխում է ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով ամրագրված` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքներից և նորմերից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 ապրիլի 2013 թվականի
ՍԴՈ-1087