040.1467.261112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 2012 թվականի N 1467-Ն
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախկինում շնորհված որակավորումների համապատասխանեցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի նոյեմբերի 22-ի
N 1467-Ն որոշման
ԿԱՐԳ
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով կարգավորվում են նախքան Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» N 332-Ն որոշմամբ հաստատված որակավորումների ազգային շրջանակը (այսուհետ` ՈԱՇ) ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում ուսումնական հաստատությունների կողմից շնորհված որակավորումների` ՈԱՇ-ով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթության (այսուհետ` մասնագիտական կրթություն) մասնագիտությունների ցանկերով հաստատված որակավորումների համապատասխանեցման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների և հիմնական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների` նախկինում շնորհված որակավորումների համապատասխանեցման կարգը տարածվում է ուսուցման բոլոր ձևերով կրթություն ստացած շրջանավարտների վրա:
II. ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ
3. Հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից տրված տարրական կրթության մասին տեղեկանքը, հիմնական կրթության վկայականը և միջնակարգ կրթության ատեստատը հավասարազոր են ՈԱՇ-ի համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 4-րդ աստիճաններին:
4. Եթե մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթով ամրագրված որակավորումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերով հաստատված որակավորումներին`
1) մինչև 3 տարի տևողությամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրի ավարտական փաստաթուղթը (դիպլոմը) հավասարազոր է ՈԱՇ-ի 3-րդ աստիճանին, իսկ 3 և ավելի տևողությամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրի ավարտական փաստաթուղթը (դիպլոմը)` ՈԱՇ-ի 4-րդ աստիճանին.
2) հիմնական կամ միջնակարգ կրթության հիմքով միջին մասնագիտական ծրագրերի ավարտական փաստաթուղթը (դիպլոմը) հավասարազոր է ՈԱՇ-ի 5-րդ աստիճանին` անկախ կրթական ծրագրի տևողությունից.
3) բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրի ավարտական փաստաթուղթը (դիպլոմը) հավասարազոր է ՈԱՇ-ի համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 8-րդ աստիճաններին.
4) մինչև 2011 թվականը ներառյալ շնորհված` դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:
5. Եթե մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթով ամրագրված որակավորումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերով հաստատված որակավորումներին, ապա օտարերկրյա պետությունների որակավորումների ճանաչման լիազոր մարմինը գնահատում է որակավորման համապատասխանությունը ՈԱՇ-ին և տալիս տեղեկանք: