Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 հունիսի 2011 թվականի N 22

 

1. ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ), ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԻՆ ԵՎ ԱՅԴ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների`

1) բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) բուժաշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն արձանագրային որոշման կիրառումը սույն արձանագրային որոշման 1-ին կետում սահմանված ընկերություններում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 10-ի

նիստի N 22 արձանագրային

որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ), ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարյուր տոկոս` պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական ոլորտի բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` բժշկական հաստատություն) բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգը և պայմանները:

i

2. Սույն կարգը տարածվում է բժշկական հաստատության բժիշկ-մասնագետների և միջին բուժանձնակազմի (բուժքույր, մանկաբարձ, ֆելդշեր, ատամնատեխնիկ) (այսուհետ` բուժաշխատող) ընտրության կարգի նկատմամբ` բացառությամբ հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման գործընթացի, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատակային կրթություն ստացած բժիշկ-մասնագետների նշանակման կարգի:

(2-րդ կետը փոփ. 15.03.12 թիվ 10, 11.12.14 թիվ 52 արձանագրային որոշումներ)

3. Բուժաշխատողը ընտրվում է (նշանակվում) բաց կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

4. Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է բժշկական հաստատության գործադիր մարմինը (տնօրենը)` Բուժաշխատողի թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

5. Մրցույթին կարող է մասնակցել գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն:

6. Մրցույթին չի կարող մասնակցել այն քաղաքացին, ով`

1) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից.

2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

3) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

7. Բուժաշխատողի ընտրության (նշանակման)`

1) պարտադիր պայմաններն են`

ա. միջին բուժանձնակազմի համար միջին մասնագիտական, իսկ բժիշկ-մասնագետների համար` բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն,

բ. բժիշկ-մասնագետների համար հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,

դ. Բժշկական էթիկայի կանոնների իմացություն,

2) լրացուցիչ պայմաններն են`

ա. համակարգչով աշխատելու ունակություն.

բ. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

գ. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Բուժաշխատողի թափուր պաշտոնի հավակնորդների` սույն կարգով նախատեսված պարտադիր պայմանները հավասարապես բավարարելու դեպքում պաշտոնի նշանակելիս հաշվի են առնվում լրացուցիչ պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի առկայությունը միաժամանակ:

8. Սույն կարգի 7-րդ մասի 1-ին կետի ա) ենթակետով սահմանված հետբուհական կրթության առկայության պահանջը (ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա) չի տարածվում այն բժիշկ-մասնագետների նկատմամբ, ում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու ժամանակահատվածում օրենսդրությամբ հետդիպլոմային կրթության պահանջ չի սահմանվել:

9. Բուժաշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենի կողմից ստեղծված աշխատանքային խումբը (այսուհետ` Աշխատանքային խումբ):

10. Մրցույթն անց է կացվում հարցազրույցի միջոցով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Բուժաշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն Աշխատանքային խումբը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց 30 օր առաջ տեղադրում է տվյալ բժշկական հաստատության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքում, ինչպես նաև 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է առնվազն մեկ հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

12. Բուժաշխատողների թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր նշվում է`

1) Բուժաշխատողի թափուր պաշտոնի մասնագիտության անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ,

2) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը, ժամը և վերջնաժամկետը.

3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

13. Մրցույթին մասնակցելու համար Բուժաշխատողների մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Աշխատանքային խմբին թափուր տեղի հավակնորդի կողմից ներկայացվում է`

1) դիմում

2) մեկ լուսանկար 3x4 չափի

3) քաղվածք աշխատանքային գրքույկից (աշխատանքային ստաժ ունենալու դեպքում),

4) ինքնակենսագրություն

5) անձնագրի, միջին մասնագիտական, իսկ բժիշկ-մասնագետի թափուր պաշտոնի մրցույթի դեպքում բարձրագույն և հետբուհական (ում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանվել է հետբուհական կրթության պահանջ (ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա)) մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի), վերապատրաստման վկայականի (դրա առկայության դեպքում) պատճենները,

6) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դիմումատուի ցանկությամբ,

8) օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն:

14. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով և սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերի բնօրինակներով և պատճեններով անձամբ ներկայանում է Աշխատանքային խմբին: Աշխատանքային խումբը քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը, սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ, ընդունում դրանք և տրամադրում է ստացական:

15. Աշխատանքային խումբը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված մատյան: Գրառումը կատարվում է փաստաթղթերի ընդունման օրը:

16. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր մասնակից (այսուհետ` Մասնակից) կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ գրավոր դիմելով Հանձնաժողովին` հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

17. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված օրը, նշված տեղում և ժամկետում:

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԸ

 

18. Բուժաշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

19. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Բուժաշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենի հրամանով` մրցույթը սկսելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Մրցույթը սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, Աշխատանքային խումբը ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթն անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

20. Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից`

1) բժշկական հաստատության ներկայացուցիչ-նախագահ (ով ի պաշտոնե հանդիսանում է մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենը),

2) բժշկական հաստատության ներկայացուցչից (ով ի պաշտոնե հանդիսանում է մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենի բուժական գծով տեղակալը),

3) բժշկական հաստատության ներկայացուցչից (ով հանդիսանում է մրցույթ հայտարարած բժշկական հաստատության մասնագիտության գծով մասնագետ, եթե բժշկական հաստատությունում չկա համապատասխան մասնագետ, ապա տվյալ մասնագիտության գծով մասնագետ հրավիրվում է այլ բժշկական հաստատությունից),

4) բժշկական հաստատության ներկայացուցչից (ով ի պաշտոնե հանդիսանում է մրցույթ հայտարարած բժշկական հաստատության բաժնի կամ բաժանմունքի վարիչ),

5) տվյալ բժշկական հաստատության, որպես ընկերություն, բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող լիազոր մարմնի ներկայացուցչից:

21. Հանձնաժողովի կազմից քվեարկությամբ ընտրվում է քարտուղար:

22. Մրցույթին կարող են մասնակցել նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, մամուլի և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ, ովքեր Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

23. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

24. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար` բժշկական հաստատության տնօրենի կամ նրան փոխարինող անձի հրամանով:

 

V. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Բուժաշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,

2) ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:

26. Հանձնաժողովը`

1) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

2) կազմում է քվեաթերթիկներ, որի ձևը հաստատում է բուժհաստատության տնօրենը.

3) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

4) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

5) ամփոփում է մրցույթի արդյունքները.

6) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

7) հրապարակում է մրցույթի արդյունքները.

8) հաղթող ճանաչված Մասնակցի (Մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

9) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

27. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

28. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացման սույն կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում և մրցույթի ավարտից հետո ներկայացնում է տնօրենին` նշված անձի նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանած կարգով կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

29. Հանձնաժողովի նախագահը`

1) Աշխատանքային խմբից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր բուժաշխատողի թափուր պաշտոնի հավակնորդի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, Հանձնաժողովի կնիքը.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

4) կազմակերպում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

5) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

30. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) ձևակերպում է Հանձնաժողովի եզրակացությունները.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

IX. Հանձնաժողովի անդամը

 

31. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը.

2) բարձրաձայն հայտարարում է իր կողմից տրված հարցի պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

3) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին.

4) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

6) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

32. Մրցույթն անցկացվում է Մասնակիցների հետ հարցազրույցի միջոցով` Բուժաշխատողների լիազորությունների շրջանակներում` Մասնակցի գործնական կարողությունները և պաշտոնեական գործառույթների իմացությունը ստուգելու նպատակով:

33. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցը ձայնագրվում և արձանագրվում է:

34. Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բժիշկ-մասնագետների համար բաղկացած են 20 հարցից, իսկ միջին բուժաշխատողների համար` 15 հարցից: Սույն կարգի 35-րդ և 36-րդ կետերում նշված հարցերը կազմվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

35. Բժիշկ-մասնագետների հարցատոմսը բաղկացած է`

1) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք` 5 հարց.

2) ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում 5 հարց

3) պաշտոնեական գործառույթների շրջանակից - 10 հարց:

36. Միջին բուժաշխատողի հարցատոմսը բաղկացած է`

1) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք` 3 հարց.

2) ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում` 2 հարց

3) պաշտոնեական գործառույթների շրջանակից - 10 հարց:

37. Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

38. Հանձնաժողովի անդամների կողմից բանավոր կարգով կարող են տրվել հարցատոմսի հետ առնչվող ոչ ավելի քան 3 հարակից հարցեր տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված պաշտոնեական գործառույթների շրջանակից:

39. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները:

40. Մասնակիցը ստանում է հարցատոմսը, ծանոթանում և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին: Հարցազրույցի մասնակցին պատրաստվելու համար տրվում է տասնհինգ րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

41. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կամ Հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից հնչեցվում է ճիշտ պատասխանը:

42. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

43. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

44. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո Մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում մասնակցի ազգանունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավել նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

45. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն Մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների հավասար կամ կեսից ավելի կողմ ձայներ:

46. Եթե Մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների հավասար կամ կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

 

XI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

47. Հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, այն կարող է գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

48. Մրցույթի արդյունքները բողոքարկվում է վերադաս մարմնին, որի ենթակայության տակ է գտնվում տվյալ բժշկական հաստատությունը, որտեղ վերադաս մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը և քննում է մրցույթի մասնակցի և/կամ հանձնաժողովի անդամի կողմից ներկայացված բողոքը: Բողոքարկման հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ: Բողոքի քննարկման արդյունքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

49. Մրցույթի անցկացումից և բողոքարկման արդյունքների հրապարակումից հետո մրցույթի արդյունքները հրապարակվում են նույն օրը` անմիջապես:

50. Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի նախագահի կողմից:

51. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) Բուժաշխատողի թափուր պաշտոնի մասնագիտության անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (Մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:

4) սույն կարգի 48-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:

52. Բողոքի քննարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

XII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

53. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածներից մեկին տվյալ բժշկական կազմակերպության տնօրենը, երեք աշխատանքային օրվա ընթացքում` նշանակում է թափուր պաշտոնում` կնքելով նրա հետ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր` սահմանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 3 ամիս փորձաշրջան:

54. Աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո Հանձնաժողովի քարտուղարը բժշկական հաստատության տնօրենին հանձնում է`

1) Հանձնաժողովի կնիքը,

2) Մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

3) քվեարկությունների արդյունքում Մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

4) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

5) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

6) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

7) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (Մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

8) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

9) քվեաթերթիկները.

10) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.

11) այլ փաստաթղթեր:

 

XIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

55. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Մասնակիցների վերաբերյալ որոշումը, կնիքը, ինչպես նաև մրցութային փաթեթը Աշխատանքային խմբին է հանձնում, որից հետո դադարեցնում է իր գործունեությունը:

 

XIV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

56. Մրցույթը սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել` այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով` մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 10-ի

նիստի N 22 արձանագրային

որոշման

 

Ձև

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ

 

       _________________                 «____»_____________ 2011 թ.

        (կնքման վայրը)

                                             `  

      ________________________________________      բաժնետիրական

                                                                        

ընկերությունը (այսուհետ` «Գործատու»), ի դեմս տնօրեն, _______________,

 

որը գործում է ընկերության հիման վրա մի կողմից, և____________________

 

_________________________________ (այսուհետ` «Աշխատող»), մյուս կողմից`

 

կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1 Աշխատողը նշանակվում է _________________________________ պաշտոնում

1.2 Աշխատողն անմիջականորեն ենթարկվում է _____________________________

1.3 Ստացած կրթությունը ______________________________________________

որակավորումը ____________________________________________________

1.4 Աշխատողի համար ____________ փորձաշրջան_______________ ամիս ժամկետով

սահմանվում է, չի սահմանվում

 

1.5 Աշխատողի աշխատանքի վայր է համարվում _____________________________

Գործատուի անվանումը` նշելով

ստորաբաժանումը

1.6 Աշխատողի համար սույն պայմանագրով նախատեսված աշխատանքը համարվում է

 

_____________________________________________________________________

                       (հիմնական, համատեղությամբ)

 

1.7 Աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը ________________________

 

2. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը

 

2.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է _________ ժամկետով:

2.2. Սույն պայմանագրի պայմանների փոփոխումը, ինչպես նաև Պայմանագրի դադարեցումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ:

2.3. Սույն պայմանագիրը կարող է դադարեցվել կամ չեղյալ համարվել միակողմանի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

3. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

3.1 Աշխատողը պարտավորվում է

3.1.1 բարեխղճորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները` սույն պայմանագրին համապատասխան.

3.1.2 կատարել տնօրենի, իր անմիջական ղեկավարի հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունները.

3.1.3 պահպանել Գործատուի ներքին աշխատանքային կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը.

3.1.4 բարեխղճորեն վերաբերվել Գործատուի գույքին, դրան սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել Գործատուին.

3.1.5 օգտագործել իրեն վստահված գույքը, սարքավորումները և նյութերը ճիշտ և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան.

3.1.6 իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում ընդլայնել իր իմացությունների շրջանակը` օրենսդրությամբ սահմանված կարգով անցնելով մասնագիտական կատարելագործում:

3.2 Աշխատողն իրավունք ունի`

3.2.1 սույն Պայմանագրին համաձայն ստանալ վարձատրություն:

3.2.2 պահանջել գործատուից ապահովել օրենսդրությամբ սահմանված իր հանգստի իրավունքը:

3.2.3 իրականացնել ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:

3.3 Գործատուն պարտավորվում է`

3.3.1 Աշխատողին տրամադրել աշխատանք վերջինիս պարտականություններին և որակավորմանը համապատասխան.

3.3.2 ապահովել Աշխատողի համար աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով և սույն պայմանագրով նախատեսված աշխատանքի պատշաճ պայմաններ.

3.3.3 վարձատրել Աշխատողին սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով.

3.3.4 ապահովել Աշխատողի աշխատանքի և հանգստի պայմանները` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով և սույն պայմանագրով նախատեսված կարգով.

3.4 Գործատուն իրավունք ունի`

3.4.1 ստուգել Աշխատողին հանձնարարված աշխատանքների կատարման ընթացքը և Աշխատողի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ որակով կատարելու դեպքում վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

4. Աշխատանքի վարձատրության չափը և կարգը

 

4.1 Աշխատողի ամսական աշխատավարձը սահմանվում է ________________ ՀՀ դրամ:

4.2 Աշխատողին ամսական աշխատավարձը ենթակա է վճարման ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

4.3 վարձատրության մյուս տեսակները (պարգևատրումներ, լրավճարներ) սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. Աշխատանքի և հանգստի ժամանակը

 

5.1 Աշխատաժամանակի տևողությունը կազմում է շաբաթական _____________ ժամ:

5.2 Սույն պայմանագրով աշխատանքային օրվա սկիզբը սահմանվում է ժամը

_____________________ ավարտը` ժամը _______________ :

5.3 Աշխատողի համար սահմանվում է ______________ օրյա աշխատանքային շաբաթ:

5.4 Աշխատողը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքների` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

5.5 Աշխատողին սահմանված կարգով տրամադրվում է __________________________ աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդ:

5.6 Ամենամյա արձակուրդի տրամադրման ժամկետները որոշվում են Աշխատողի և Գործատուի փոխադարձ համաձայնությամբ:

5.7 Աշխատողի խնդրանքով նրան կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1 Սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. Վեճերի լուծումը`

 

7.1 Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Գործատուի և Աշխատողի միջև անմիջական բանակցությունների միջոցով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

8. Այլ դրույթներ

 

8.1 Սույն Պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ:

 

    Գործատու                                       Աշխատող

    ստորագրություն                                 անուն, ազգանուն,

    գտնվելու վայր`                                 անձնագիր

    Կ.Տ.                                           տրված է երբ, ում կողմից

                                                   Սոցիալական քարտ N  

                                                   Հաշվառման վայր`

                                                   Բնակության վայր`

                                                   Հեռ.`

                                                   Ստորագրություն`

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2011
N 22
Արձանագրային որոշում