ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-119 (ՏԴ)
Քաղաքացիական գործ թիվ Տ4-2191 2008 թ.
Նախագահող դատավոր` Ե. Սողոմոնյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Ռեյլ էքսպրես» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) և «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի` 4.960.632 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
i
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից և «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ից բռնագանձել` 4.960.632 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 01.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:
Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել կողմերի միջև կնքված պայմանագիրը, որի արդյունքում եկել է այն եզրահանգման, որ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում փոխադրվող բեռը հասցեատիրոջը հասցնելու համար:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
i
Դատարանը, մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 855-րդ և 871-րդ հոդվածները, գտել է, որ սույն քաղաքացիական գործով Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է տրանսպորտային առաքման, այլ ոչ թե` փոխադրման պայմանագիր, որի դեպքում պատասխանատվության հարցը որոշվում է Օրենսգրքի 26-րդ գլխի կանոններով: Այդ հիմքով Տնտեսական դատարանը հղում կատարելով Օրենսգրքի 408-րդ, 417-րդ հոդվածներին, հանգել է այն եզրահանգման, որ վերջինս պատասխանատվություն չի կարող կրել բեռի կորստի համար և հաստատված է համարել, որ Կազմակերպության մեղքը դատաքննությամբ չի ապացուցվել:
Մինչդեռ, Ընկերության և «Ռեյլ Էքսպրես» ՍՊԸ-ի միջև հարաբերություններում բացակայում է Օրենսգրքի 871-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային առաքման պայմանագրի բնույթ տվող տարրը, քանի որ ըստ պայմանագրի` Ընկերությունը պետք է վճարեր բեռի յուրաքանչյուր խմբաքանակի համար, իսկ Կազմակերպությունը փոխարենը պետք է իրականացներ բեռի փոխադրումը: Այսինքն` Կողմերի միջև առկա են փոխադրման իրավահարաբերություններ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կազմակերպության և Ընկերության միջև կնքված «Տրանսպորտային առաքման» 20.01.2007 թվականի պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր) Կազմակերպությունը պարտավորվել է իրականացնել երկաթուղային վագոնների (բեռի) փոխադրում:
2) Պայմանագրի 2.1.1 կետի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության անունից և հանձնարարությամբ իրականացնել գործողություններ և աշխատանքներ, որոնք կապված են Պայմանագրով սահմանված բեռան տրանսպորտային առաքման հետ:
3) Պայմանագրի 2.1.3 կետի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է ապահովել ընդունված բեռան պահպանումն ու ամբողջականությունը, իսկ նրա կորստի և/կամ վնասի դեպքում մեկամսյա ժամանակահատվածում իր ակտիվների հաշվին ամբողջովին վերականգնել կորցված (չառաքված) բեռը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:
Նույն օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:
Սույն քաղաքացիական գործով Կազմակերպության և Ընկերության միջև 20.01.2007 թվականին կնքված Պայմանագրի վերոնշյալ 2.1.3. և 2.1.1 կետերի տառացի նշանակությունից հետևում է, որ Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է տրանսպորտային առաքման և բեռնափոխադրման պայմանագրերի տարրեր պարունակող խառը պայմանագիր: Պայմանագրում Կազմակերպության պատասխանատվությունը առաքվող բեռի համար սահմանվել է բեռնափոխադրման պայմանագրերի համար սահմանված կարգով, որին համապատասխան էլ պետք է կարգավորվեն առաքվող գույքի կորստի հետ կապված իրավահարաբերությունները:
i
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ կողմերի միջև կնքվել է տրանսպորտային առաքման պայմանագիր և որ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում փոխադրվող բեռը հասցեատիրոջը հասցնելու համար: Վճռաբեկ դատարանը, բազմիցս անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների ճիշտ և միատեսակ կիրառման խնդրին (տե՛ս, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2504/ՏԴ գործով, գումար բռնագանձելու պահանջով Վճռաբեկ դատարանի որոշումը), որի պատճառով սույն քաղաքացիական գործով նպատակահարմար չի գտնում կրկին անդրադառնալ այդ հարցի մեկնաբանմանը:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ, 241-րդ, 241.1-րդ և 241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան