040.0258.230498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 1998 թվական թիվ 258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 331 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 331 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 16-ի թիվ 89 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
ա) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դիմումները քննարկվում են մարզի առանձին համայնքների բնակիչներին վարկ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո:
3. Վարկի տրամադրման հետ կապված հարցերի քննարկման նպատակով մարզպետի որոշմամբ (կարգադրությամբ) ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ».
i
բ) կարգի 4-րդ կետից հանել «դիմումների և կնքված վարկային պայմանագրերի» և «կնքված վարկային, գրավի, երաշխավորության պայմանագրերի, բանկային երաշխիքների» բառերը.
i
գ) հանել կարգի 5-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններից «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում», առաջին պարբերությունից` «մարզպետարանից», երկրորդ պարբերությունից` «թերի են» և «մարզպետարանին և» բառերը.
դ) կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Հանձնաժողովը դիմումը բավարարելու դեպքում 5-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է դիմողին` նշելով հատկացվող վարկի գումարի չափը, մարման ժամկետը, և առաջարկում դիմել գործակալ բանկին` վարկային պայմանագիր կնքելու համար».
ե) ուժը կորցրած ճանաչել կարգի 8, 9, 10, 11, 12 և 13-րդ կետերը.
i
զ) կարգի 14-րդ կետում «վարկատուի» բառը փոխարինել «գործակալ բանկի» բառերով, նույն կետը «վարկային» բառից հետո լրացնել «գրավի (այդ թվում` կառուցվող կամ վերակառուցվող բնակարանի գրավի)» բառերով.
i
է) կարգի 15-րդ կետում «վարկի տրամադրման տարվա սղաճի ցուցանիշն ընդունվում է որպես 1 գործակից» բառերը փոխարինել «վարկի տրամադրման տարվանից սկսած առաջին 5 տարվա համար ինդեքսավորում չի կատարվում» բառերով.
i
ը) կարգի 17-րդ կետում «Վարկը տրամադրվում է 3-10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «Գործակալ բանկի կողմից վարկը տրամադրվում է մինչև 25 տարի ժամկետով` ըստ հանձնաժողովի որոշման» բառերով.
i
թ) կարգի 18-րդ կետի առաջին պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը, իսկ երկրորդում «ամսական» բառը փոխարինել «կիսամյակային» բառով.
ժ) կարգի 19-րդ և 20-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Որպես գործակալ բանկեր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մրցույթով ընտրված այն բանկերը, որոնք համաձայն են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրենց հատկացվող վարկային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունից վարկավորել հանձնաժողովի կողմից որոշված վարկառուներին: Գործակալ բանկը պատասխանատվություն է կրում հատկացված վարկերի վերադարձման ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու համար` առանց ստանձնելու վարկերի վերադարձման ռիսկը, և պարտավոր է վարկի ապահովման համար վարկառուի հետ կնքել գրավի (այդ թվում կառուցվող կամ վերակառուցվող բնակարանի գրավի) պայմանագիր: Գործակալ բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով, որով որոշվում է նաև գործակալության վճարի չափը:
20. Մարզպետը վարկառուների ցուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որը վարկառուների ցուցակն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 20 տոկոսը փոխանցում է գործակալ բանկի թղթակցային հաշվին: Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի մնացած մասը գործակալ բանկ է փոխանցվում տվյալ վարկի առաջին մասի օգտագործման վերաբերյալ վարկառուի հաշվետվությունը մարզպետի և գործակալ բանկի կողմից հատուցվելու մասին համապատասխան ծանուցումն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:
Գործակալ բանկը վարկի գումարի առաջին 20 տոկոսը վարկառուին է հատկացնում ամբողջությամբ, իսկ մնացած մասը` վարկառուի և մատակարարի կամ կապալառուի միջև կնքված պայմանագրի համաձայն գնված շինությունների հանձնման-ընդունման ակտերի կամ շինարարական աշխատանքների որոշակի փուլերի կատարողական ակտերի հիման վրա»:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարկային պայմանագրի կողմերի համար գործում է նախկին կարգը, ընդ որում, կնքված վարկային պայմանագրում, վարկառուների համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են սույն որոշմամբ սահմանված համապատասխան փոփոխություններ` կապված վարկի մարման ժամկետների և արժեզրկման հետ:
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության քննարկմանը ներկայացված դիմումները ենթակա են 5-օրյա ժամկետում համապատասխան մարզպետարաններ վերադարձման: