020.0675.020207
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1953 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
2 փետրվարի 2007թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1953 թվականի մարտի 31-ին Նյու Յորքում ստորագրված` Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1953 թվականի մարտի 31-ին` Նյու Յորքում և ուժի մեջ մտել 1954 թվականի հուլիսի 7-ին: Կոնվենցիային միանալու նպատակը կանանց վիճակի բարելավման և հասարակությունում նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի իրականացումն է:
2. Կոնվենցիան բաց է ՄԱԿ-ի անդամ և հրավիրված ցանկացած պետության համար:
Կոնվենցիան վավերացնող պետության համար այն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
3. Կոնվենցիայի գործողությունը դադարում է այն օրվանից, երբ Կողմերի քանակը պակասում է վեցից:
Կողմերի միջև վեճերը կարգավորվում են բանակցությունների միջոցով, իսկ հակառակ դեպքում հանձնվում են Միջազգային դատարանի քննությանը:
4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
ա/ իրականացնել կանանց և տղամարդկանց հավասար հիմունքներով բոլոր ընտրություններում քվեարկելու իրավունքը,
բ/ կանանց համար ստեղծել պայմաններ ընտրվելու բոլոր հանրորեն ընտրովի մարմիններում` ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով,
գ/ հնարավորություն տալ կանանց զբաղեցնելու պետական պաշտոններ և կատարելու օրենսդրությամբ սահմանված պետական գործառույթներ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1953 թվականի մարտի 31-ին Նյու Յորքում ստորագրված` Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2 փետրվարի 2007 թվականի
ՍԴՈ-675