(ուժը կորցրել է 24.10.01 ՀՕ-249)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «18» մայիսի 1992թ. Հ.Ն-0628-I
i
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը (ստորև` դիվանագիտական ներկայացուցչություն) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստորաբաժանումն է:
i
Դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը հիմնվում է Վիենայի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայի, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի, Հայաստանի Հանրապետության երկկողմ համաձայնագրերի և օրենսդրության վրա:
Հոդված 2. Դիվանագիտական ներկայացուցչության պարտականություններն են.
i
ա) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել դիվանագիտական ներկայացուցչությունն ընդունած պետությունում (ստորև` դեսպանընկալ պետություն) և ապահովել պաշտոնական հարաբերությունները այդ պետության հետ.
բ) դեսպանընկալ պետությունում պաշտպանել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների իրավունքներն ու շահերը.
գ) բանակցություններ վարել դեսպանընկալ պետության կառավարության հետ.
դ) օրինական միջոցներով հավաքել, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցել տեղեկություններ դեսպանընկալ պետության քաղաքական, տնտեսական և այլ իրադարձությունների մասին.
ե) օժանդակել դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների գործունեության արդյունավետ իրականացմանը.
զ) նպաստել Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև բարեկամական կապերի հաստատմանը, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ համագործակցության զարգացմանը:
Դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հանձնարարությամբ կարող է կատարել նաև հյուպատոսկան ծառայություն:
Հոդված 3. Դեսպանընկալ պետություն մեկնելիս Հայաստանի Հանրապետության դեսպանին և դեսպանորդին հանձնվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրված և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ ամրագրված հավատարմագիր, որը, ժամանելուց հետո, նա հանձնում է դեսպանընկալ պետության ղեկավարին:
Դեսպանընկալ պետություն մեկնելիս Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարին հանձնվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը, որը, ժամանելուց հետո, նա հանձնում է դեսպանընկալ պետության արտաքին գործերի նախարարին:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության դեսպանները և դեսպանորդները իրենց պարտականությունների կատարմանն են անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին իրենց հավատարմագիրը հանձնելուց և այդ պետության արտաքին գործերի նախարարին իրենց ժամանման մասին ծանուցելուց ու հավատարմագրի կրկնօրինակը նրան հանձնելուց հետո:
Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի նախարարին հանձնելուց անմիջապես հետո:
i
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարը կարող են ետ կանչվել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ:
i
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը (դեսպանը, դեսպանորդը) կարող է ետ կանչվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` կառավարության անդամների լիազորությունները դադարեցնելու սահմանված կարգով:
Խորհրդականը, առաջին քարտուղարը, երկրորդ քարտուղարը, երրորդ քարտուղարը և կցորդը կարող են ետ կանչվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով:
i
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչի գործունեությունը համարվում է դադարեցված`
դիվանագիտական ներկայացուցչին ընդունված կարգով ետ կանչելու դեպքում,
դիվանագիտական ներկայացուցչի հրաժարական տալու դեպքում,
դիվանագիտական ներկայացուցչի մահվան դեպքում,
դեսպանընկալ պետության կողմից դիվանագիտական ներկայացուցչին անցանկալի անձ (պերսոնա նոն գրատա) հայտարարելու դեպքում:
i
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պատկանելության դասը, ինչպես նաև ներկայացուցչության անդամների թվակազմը համաձայնեցվում են դեսպանընկալ պետության հետ:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը միաժամանակ կարող է հավատարմագրված լինել մի քանի օտարերկրյա պետություններում` վերջիններիս համաձայնությամբ:
Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը միաժամանակ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ցանկացած միջազգային կազմակերպությունում:
i
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, ներկայացուցչության դիվանագիտական, վարչատնտեսական և սպասարկման անձնակազմը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները օգտվում են Վիենայի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության ու դեսպանընկալ պետության միջև կնքված երկկողմ համաձայնագրերով նախատեսված արտոնություններից ու անձեռնմխելիությունից:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ֆինանսավորման, շենքի և այլ հարցերի լուծումը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև կնքված համաձայնագրերով:
i
Հոդված 11. Սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերի հակասության դեպքում գործում են միջազգային պայմանագրերի նորմերը: