Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ...

 

01.11.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2023 թվականի N 379-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 29-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով որոշում է.

1. Սահմանել`

1) էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության N 2-1, N 2-2, N 2-3, N 2-4, N 2-5, N 2-6, N 2-7, N 2-8, N 2-9, N 2-10, N 2-11, N 2-12, N 2-13, N 2-14, N 2-15, N 2-16, N 2-17, N 2-18, N 2-19, N 2-20, N 2-21 և N 2-22 ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.10.2024 թիվ 327-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

1) 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանում (հիդրոէլեկտրակայանների համալիրում) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը էլեկտրական էներգիայի արտադրության փուլում ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-1 և N 2-6 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,

2) ատոմային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը էլեկտրական էներգիայի արտադրության փուլում ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-2 և N 2-6 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,

3) ջերմային էլեկտրակայանում Էլեկտրական էներգիայի (հզորության) և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ դրանց համակցված արտադրության) լիցենզիա ունեցող անձը (բացառությամբ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի) էլեկտրական էներգիայի արտադրության փուլում ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-3 և N 2-6 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,

4) էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-4 և N 2-10 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,

5) էլեկտրական էներգիայի բաշխման (երաշխավորված մատակարարման) լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-5, N 2-9, N 2-14, N 2-16 և N 2-20 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,

6) հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած` արտադրության լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-3 և N 2-7 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,

7) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-8, N 2-11 և N 2-21 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,

8) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-12, N 2-13 և N 2-15 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,

9) էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-17 ձևով նախատեսված տեղեկատվությունը,

10) էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-18 ձևով նախատեսված տեղեկատվությունը,

11) պետական մասնակցությամբ լիցենզավորված անձը ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-22 ձևով նախատեսված տեղեկատվությունը, իսկ պետական մասնակցությամբ լիցենզավորված այն անձը, որի սակագների հաշվարկներում նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարությունից և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսեր, ներկայացնում է նաև սույն որոշման N 2 հավելվածի N 2-19 ձևով նախատեսված տեղեկատվությունը:

(2-րդ կետը փոփ. 02.10.2024 թիվ 327-Ն որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

8 նոյեմբերի 2023 թ.

ք. Երևան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2023 թվականի նոյեմբերի 8-ի

N 379-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց (այսուհետ` Լիցենզավորված անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության (այսուհետ` Տեղեկատվություն) ներկայացման ընթացակարգը:

2. Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերում մատակարարման (այդ թվում` երաշխավորված մատակարարման) կամ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձը Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացնում լիցենզիայի ուժի մեջ մտնելու պահից սկսած, իսկ արտադրության կամ հաղորդման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձը` համապատասխանաբար արտադրության կամ հաղորդման կամ բաշխման գործունեությունը փաստացի սկսելու պահից:

3. Մեկից ավելի լիցենզավորված գործունեություն իրականացնելու դեպքում Լիցենզավորված անձը Տեղեկատվությունը ներկայացնում է յուրաքանչյուր լիցենզավորված գործունեության համար առանձին:

4. Լիցենզիայի կասեցված լինելու դեպքում Լիցենզավորված անձը լիցենզիայի կասեցման մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվանից մինչև լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու ամսվան նախորդող ամիսն ընկած ժամանակահատվածի համար Տեղեկատվություն չի ներկայացնում:

5. Լիցենզավորված անձը Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով:

6. Էլեկտրոնային եղանակով Տեղեկատվությունը ներկայացվում է փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry), Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով Տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

7. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) կամ էլեկտրոնային փոստով Տեղեկատվությունը ներկայացվում է Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով` էլեկտրոնային ստորագրությամբ: Տեղեկատվությունը լրացվում է Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը: Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում Տեղեկատվությունը ներկայացվում է Փի Դի Էֆ (PDF) ձևաչափով` ստորագրված և սկանավորված:

8. Առձեռն կամ փոստային եղանակով կամ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված PDF ձևաչափով ներկայացման դեպքում, Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացվում նաև Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով` [email protected] էլեկտրոնային հասցեին:

9. Տեղեկատվությունն առձեռն եղանակով ներկայացնելու դեպքում դրա ներկայացման օր է համարվում Հանձնաժողովում Տեղեկատվության և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում` Տեղեկատվության և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում` Տեղեկատվության և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը, իսկ էլեկտրոնային փոստով ներկայացման դեպքում` Տեղեկատվության և ուղեկցող գրության ստացման օրը:

10. Հանձնաժողով ներկայացված Տեղեկատվությունում անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում Հանձնաժողովը տեղեկացնում է Լիցենզավորված անձին և Լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով այդ մասին իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված Տեղեկատվություն կամ Տեղեկատվությանն առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:

11. Տեղեկատվության կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության կամ այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում Լիցենզավորված անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և սահմանված ժամկետներում Տեղեկատվությունը ներկայացնում է Հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում Տեղեկատվությունում կատարում է փոփոխություններ և Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված Տեղեկատվություն` համապատասխան նշումով:

12. Հանձնաժողով ներկայացված Տեղեկատվությունում սխալների, վրիպակների ինքնուրույն հայտնաբերման դեպքում Լիցենզավորված անձը կարող է ներկայացնել ճշգրտված Տեղեկատվություն: Սույն կարգի կիրառության իմաստով հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի Տեղեկատվությունից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված Տեղեկատվություն:

13. Տեղեկատվությունը Լիցենզավորված անձի կողմից կարող է համալրվել նոր տողերով կամ եղած տողերը կարող են տրոհվել բաղկացուցիչ մասերի:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2023 թվականի նոյեմբերի 8-ի

N 379-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 30 ՄՎՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ (ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ) ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

________________

ԻՐՏԵԿ - հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

(2-րդ հավելվածը փոփ. 02.10.2024 թիվ 327-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
08.11.2023
N 379-Ն
Որոշում