ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
15 օգոստոսի 2023 թվականի N 107-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանի`
1) 1-ին կետում «Հավելվածի» բառը փոխարինել «Հավելված 1-ի» բառերով:
i
2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 1.1-ին կետով.
i
«1.1 Սահմանել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն Հավելված 2-ի»
3) Հավելվածի`
ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված 1» բառերով:
բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում` էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է մշտապես հասանելի լինեն դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում և պաշտպանված լինեն կիբերհարձակումներից:
ա. «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` ԿԶՆԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առնվազն 1 ամիս առաջ վերանայում է դասագրքերի համար օգտագործված հղումները և դրանց հասանելիությունը և փոփոխություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ` Նախարարություն):
բ. Նախարարությունը դասագրքերի համար օգտագործված հղումների և դրանց հասանելիության փոփոխության վերաբերյալ ԿԶՆԱԿ-ից ստացված տեղեկատվությունը տրամադրում է հրատարակչին` սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջը ապահովելու համար:»:
i
գ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «176 էջը (11 մամուլ)» բառերից հետո ավելացնել «, մասերի բաժանված լինելու դեպքում` յուրաքանչյուր մասը` 112 էջը (7 մամուլ)» բառերը.
դ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`.
i
«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով կարող են սահմանվել դասագրքերի գործածության այլ ժամկետներ:»:
i
ե. 16.1-ին կետում «այն դասագիրքը,» բառերը փոխարինել «դասագրքին հավակնող այն ուսումնաօժանդակ նյութը (այսուհետ` ուսումնական նյութ),» բառերով, իսկ «տարբերակը» բառից հետո լրացնել «(համաձայն Հավելված 2-ի)» բառերով.
i
զ. 19-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն)» բառերը փոխարինել «Նախարարության» բառով.
i
է. 20-րդ և 21-րդ կետերում «ներկայացված դասագրքերի» բառերը փոխարինել «ներկայացված ուսումնական նյութերի» բառերով.
ը. 21-րդ կետի 1-ին ենթակետում «դասագրքում նյութի» բառերը փոխարինել «ուսումնական նյութի բովանդակության» բառերով.
թ. 21-րդ կետի 2-րդ ենթակետում «ներկայացված դասագրքերի» բառերը փոխարինել «ներկայացված ուսումնական նյութերի» բառերով, իսկ «դասագրքերի բովանդակային» բառերը` «ուսումնական նյութերի բովանդակային» բառերով.
i
ժ. 21.1-ին կետում «դասագրքերը» և «դասագրքի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ուսումնական նյութերը» և «ուսումնական նյութի» բառերով.
i
ի. 22-րդ կետում «դասագրքերը» բառը փոխարինել «ուսումնական նյութերը» բառերով, իսկ «նյութ» բառը` «գրականություն» բառով.
i
իա. 30-րդ կետում «ներկայացված դասագրքերի» բառերը փոխարինել «ներկայացված ուսումնական նյութերի» բառերով.
իբ. 36-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4) հայոց լեզվի մասնագետ (բացառությամբ` օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները),».
i
իգ. 38-րդ կետում «ներկայացված դասագրքի» բառերը փոխարինել «ներկայացված ուսումնական նյութի» բառերով, իսկ «անձ» բառից հետո ավելացնել «, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ» կետադրական նշանն ու բառերը:
i
իդ.»Հավելված 1»-ից հետո լրացնել նոր «Հավելված 2»` հետևյալ բովանդակությամբ.
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2022 թվականի հունիսի 9-ի
N 20-Ն հրամանի
ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Դասագրքերի հրատարակման տառատեսակային ձևավորման պարամետրերը տրվում են ԴԻԴՈ տպաչափական համակարգում` 1 կետաչափը հավասար է 0.376 մմ երկարության:
2. Հայկական տառատեսակի ոճն ու բնութագիրը պետք է համապատասխանեն «Հայկական համակարգչային տառատեսակներ» ՀՀ ստանդարտին (ՀՍՏ 311-2009):
3. Դասագրքերի առավելագույն զանգվածն է (քաշը).
1) I-IV դասարանների դասագրքերի համար` 300 գրամ.
2) V-VI դասարանների դասագրքերի համար` 400 գրամ.
3) VII-IX դասարանների դասագրքերի համար` 500 գրամ.
4) X-XII դասարանների դասագրքերի համար` 600 գրամ:
4. Դասագրքերը հրատարակվում են փափուկ կազմով: Կազմի համար օգտագործվում են երեխաների առողջության վրա վնասակար ազդեցություն չունեցող նյութեր: Փափուկ կազմի թղթի նվազագույն չափօրինակին համապատասխանում է կավճապատ և սպիտակեցված կոշտ թուղթը կամ եռապատիկ շերտով սպիտակեցված ստվարաթուղթը: Թղթի մակերեսը մի կողմից պետք է լինի երեսպատված 12 մկ ացետատի լամինատով: Կազմի թուղթը պետք է ունենա առնվազն 340 մկ հաստություն: Կազմի թուղթը ծալելիս թելքի ուղղությունը պետք է զուգահեռ լինի կազմի կռնակին:
5. Տպագրական թուղթը պետք է լինի օֆսեթ: Տպագրական թղթի նվազագույն չափօրինակին համապատասխանում է ոչ փայտային հիմք ունեցող թուղթը կամ, եթե անթափանցիկությունը բարձրացնելու նպատակով ավելացվել է մանրացված փայտախյուս, ապա թուղթը պետք է լինի սպիտակեցված, արտադրված մամլական կամ ջերմամեխանիկական եղանակով, չպետք է ունենա 30%-ից ավելի թելք, պետք է լինի համասեռ: Թուղթը պետք է լինի ճշգրիտ կտրված, ունենա բարձր անթափանցիկություն, որպեսզի հնարավոր լինի տպագրել չորս գույնի տեքստեր` առանց երկկողմանի թափանցիկության: Դասագրքի համար պետք է օգտագործվի նվազագույնը 70 գր/մ2-ից մինչև 80 գր/մ2 թուղթ: Նվազագույն թափանցիկությունն ըստ ISO 2471-ի պետք է լինի 88%-90%: Տպագրված մամուլները ծալելիս թղթի թելքի ուղղությունը պետք է լինի զուգահեռ կռնակին:
6. Դասագիրքը պետք է լինի գունավոր, տպագրված օֆսեթ եղանակով, տպագրական չորս գույների համադրության մեթոդով (CMYK): Դասագիրքը պետք է ունենա 170մմx240մմ (70x100/1/16) կամ 206մմx260մմ (84x108/1/16) ձևաչափերը: Դասագրքի կազմելու ձևը թելակարով մամուլներն են, որոնք կազմին սոսնձվում են բարձրորակ երկարակյաց և առաձգական սոսնձով: Կազմի մեջքի և դիմացի ծալքի հեռավորությունը պետք է լինի 6 մմ, կազմի կռնակի ծալվածքը պետք է լինի 90:
7. Դասագիրքը պետք է ունենա տեխնիկական էջ և տիտղոսաթերթ:
8. Դասագրքի բացված զույգ էջերի միջև լուսանցքը 26 մմ է, ընդ որում` յուրաքանչյուր կից էջի նվազագույն լուսանցքը 10 մմ է: Էջերի լուսանցքների վրա, բացի կից էջի լուսանցքից, տեղադրվում են առաջադրանքների պայմանական նշաններ, պատկերներ, ինչպես նաև տեքստ (50 տպատառ ծավալով), հիմնական շարվածքից 5 մմ հեռավորության վրա: Էջի վերին, արտաքին և ստորին լուսանցքները նվազագույնը 10 մմ է` պատկերների պարագայում պահպանելով լուսանցքի եզրագիծը կամ օգտագործելով լուսանցքը մինչև էջի եզրը:
9. Դասագրքում նեղ նկարվածքով տպատառեր կիրառվում են միայն վերնագրերում:
10. Դասագրքերի տպագրության ժամանակ հիմնական և լրացուցիչ տեքստերի համար չեն կիրառվում նեգատիվային (բաց/շրջված) տառատեսակներ: Տեքստը տպագրվում է ստվերագիծ չունեցող, ոչ աղճատված, դյուրընթեռնելի տպատառերով: Գունավոր ֆոնի վրա թեք, շեղ, գունավոր տառատեսակներ չեն կիրառվում` պատկերը և տեքստն ակնառու դարձնելու համար: Տպագրության ժամանակ հիմնական և լրացուցիչ տեքստերի շարվածքը չի կարող լինել երկուսից ավել սյունակով և երեքից ավել գույնով:
11. Տարրական դպրոցի դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերի և որևէ հատվածի ընդգծման համար (բացի վերնագրերից) կիրառվում է միևնույն տեսակաշարի տպատառային ձևավորման առավելագույնը 4 տարբերակ, որոնք իրարից տարբերվում են բնութագրող որևէ մեկ հատկորոշչով, կամ տառի չափով, կամ տեսակաշարով, կամ նկարվածքով, կամ գունային ընդգծվածությամբ: Միջին և ավագ դպրոցների դասագրքերի հիմնական և լրացուցիչ տեքստերի ձևավորման համար կիրառվում է միևնույն տառատեսակի տարբեր նկարվածքներ (ոճեր):
12. Տարրական դասարանների դասագրքերում քարտեզների մակագրությունների համար կիրառվում են նվազագույնը 10, միջին դասարանների դասագրքերի համար` նվազագույնը 9, իսկ ավագ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 8 կետաչափի տպատառեր /անհնարինության պարագայում տալ QR-ով կամ այլ նյութերի միջոցով:
13. Եթե տեքստը էջի վրա տեղադրված է պատկերի աջ կողմում, ապա տողերը գտնվում են մեկ ուղղահայաց գծի վրա` բացառությամբ վերնագրի և նոր տողի:
14. Դասագրքերը տպագրվում են առանց տեղեկատվության կորստի և դյուրընթեռնելիության խաթարմանը հանգեցնող հետևյալ թերությունների.
1) չտպագրված մասեր (պատկերի էլեմենտների կորուստ), ներկերի լղոզվածություն, բծեր.
2) քերծվածքներ, կրկնակի տպագրություն.
3) սոսնձի ներհոսք էջերի միջև, որը հանգեցնում է էջերի սոսնձման և տեքստի կամ պատկերի վնասման.
4) դասագրքերի մասերի կամ կազմի թերություններ:
15. Այբբենարաններին ներկայացվող պահանջներ.
1) տեքստի տառատեսակի չափը` նվազագույնը 18 կետաչափ.
2) տեքստի տողի նվազագույն երկարությունը` 117 մմ.
3) տեքստի միջտողային նվազագույն տարածությունը` 7 կետաչափ.
4) տառատեսակի խումբը` առանց ծայրատների, քիչ կոնտրաստով.
5) տառատեսակի ոճը` նորմալ կամ լայն, կիսաթավ, ուղիղ.
6) պատկերների մակագրության համար կիրառվում է 12 կետաչափից ոչ պակաս չափի տառատեսակ, դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 մմ հեռավորության վրա.
7) էջի վրա տողադարձերի առավելագույն քանակը չպետք է գերազանցի 4-ը.
8) չեն կիրառվում շեղագիր տպատառեր.
9) Այբբենարանի այբուբենային էջերի վրա պատկերազարդումների ընդհանուր մակերեսը առնվազն 50% է, իսկ հետայբուբենային մասում` նվազագույնը 30%.
10) վայելչագրության մասում, գրելու ունակությունների յուրացման համար (տառերի մասնիկներ, տառեր, տառերը միացնող մասնիկներ, առանձին բառեր), փոքրատառերի հորիզոնական ուղղորդիչ գծերի միջև առավելագույն հեռավորությունը 8 մմ է, իսկ նվազագույնը` 5 մմ.
11) տառերի նմուշները և նրանց տարրերը պատկերելու համար կիրառվում են հոծ գիծ կամ կետագիծ, ինչպես նաև գրելու ժամանակ ձեռքի շարժման ուղղությունը ցույց տվող սլաքներ: Տառի օրինակները պատկերելու համար օգտագործվում է միայն մեկ գույն.
12) ձեռագիր տառատեսակի կիրառման դեպքում վերջինիս չափը 2 կետաչափով ավելի է հիմնական տեքստի տառատեսակի չափից.
13) բոլոր տիպի Այբբենարաններում ձեռագիր տառատեսակները պետք է լինեն նույնը:
16. Տարրական դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ.
1) տեքստի տառատեսակի չափը` առաջին և երկրորդ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 14 կետաչափ, երրորդ և չորրորդ դասարանների դասագրքերի համար` նվազագույնը 12 կետաչափ.
2) տեքստի տողի նվազագույն երկարությունը` առաջին և երկրորդ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 108 մմ, երրորդ և չորրորդ դասարանների համար` նվազագույնը 81 մմ.
3) տեքստի միջտողային նվազագույն տարածությունը` 7 կետաչափ.
4) տառատեսակի խումբը` առանց ծայրատների.
5) տառատեսակի ոճը` նորմալ կամ լայն, կիսաթավ.
6) պատկերների մակագրության համար կիրառվում է 12 կետաչափից ոչ պակաս չափի տառատեսակ, դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 մմ հեռավորության վրա.
7) դասագրքի բառարանային մասը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև պահպանվում է նվազագույնը 9 մմ տարածություն, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում` 6 մմ:
17. Միջին և ավագ դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ.
1) տեքստի տառատեսակի չափը` հինգերորդ և վեցերորդ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 10 կետաչափ, յոթից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար` նվազագույնը 9 կետաչափ.
2) տեքստի տողի նվազագույն երկարությունը` 50 մմ.
3) տեքստի միջտողային նվազագույն տարածությունը` 3.5 կետաչափ.
4) տառատեսակի խումբը` բոլոր խմբերը.
5) տառատեսակի ոճը` նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ կիսաթավ.
6) պատկերների մակագրության համար կիրառվում է 12 կետաչափից ոչ պակաս չափի տառատեսակ, դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 մմ հեռավորության վրա.
7) դասագրքի վարժությունների, խնդիրների և բառարանային մասը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև պահպանվում է նվազագույնը 9 մմ տարածություն, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում` 6 մմ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 17 օգոստոսի 2023 թվական: