Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵ ...

20.10.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.2002  -ից մինչեւ   20.10.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 15.09.05 թիվ 1567-Ն որոշում)

i

040.0643.310502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2002 թվականի N 643

 

i

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

մայիսի 31-ի N 643 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (այսուհետև` ակադեմիա) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն իրականացնում է կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեություն: Ակադեմիան ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 7-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մասին» N 295 որոշմամբ` նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի և Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի բազայի վրա և դրանց իրավահաջորդն է:

i

Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպվել է պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմավորելու մասին» N 471 որոշմամբ:

2. Ակադեմիայի, որպես բարձրագույն ուսումնական հաստատության, հիմնական գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, կենսաբանական, տեխնոլոգիական, տնտեսագիտական, ճարտարագիտական տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով և ուսուցման տարբեր ձևերով (առկա, հեռակա, դրսեկություն)` օրենքներով ու ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

3. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Ակադեմիան այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, մեդալ ու խորհրդանշան և այլ անհատականացման միջոցներ:

5. Ակադեմիայի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայկական գյուղատնտեսական ակադեմիա,

հայերեն կրճատ` ՀԳԱ,

ռուսերեն լրիվ` Առմյանսկայա սելսկոխոզյայստվեննայա ակադեմիյա,

ռուսերեն կրճատ` ԱռմՍԽԱ,

անգլերեն լրիվ` Armenian Agricultural Academy,

անգլերեն կրճատ` A.A.A.

Ակադեմիայի գտնվելու վայրն է` Երևան, 375009, Տերյան 74:

 

II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ակադեմիայի հիմնական խնդիրներն են`

ա) գյուղատնտեսության ոլորտի համար բարձր որակավորում ունեցող տարբեր աստիճանների մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը, վերաորակավորումն ու խորհրդատվությունը.

բ) բնական, տեխնիկական, տնտեսագիտական, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնական ու գիտամեթոդական հետազոտությունների իրականացումն ու ագրարային գիտության բազմակողմանի զարգացումը.

գ) կրթության, գիտության և խորհրդատվության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, նոր ու հեռանկարային մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու արմատավորումը.

դ) գիտական մշակումների արդյունքների ներդրումն արտադրության մեջ և խորհրդատվական աշխատանքների իրականացումը հանրապետության ագրոպարենային համակարգում:

7. Առաջադրված խնդիրներին համապատասխան` ակադեմիան իրավասու է`

ա) իր կազմում, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, ստեղծելու ֆակուլտետներ, իսկ հիմնադրի որոշմամբ` նաև գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող ավագ դպրոցներ և այլն.

գ) շնորհելու ակադեմիայի պատվավոր կոչումները, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ակադեմիայի մեդալով.

դ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, գերատեսչությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների ու ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական համաժողովների, խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն).

ե) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելությունը:

 

III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Ակադեմիայի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան:

Հիմնադիրն ունի ակադեմիայի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Լիազորված պետական մարմինն իրականացնում է ակադեմիայի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

9. Ակադեմիայի կառավարումը հիմնված է ինքնուրույն, միանձնյա և կոլեգիալ կառավարման ձևերի ներդաշնակ զուգակցման, ինչպես նաև նրա գործունեության կարևորագույն հարցերի լուծմանը ակադեմիայի ամբողջ կոլեկտիվի մասնակցության ապահովման սկզբունքների վրա:

10. Ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է` այդ ընթացքում անդամների մասնակի շրջափոխությամբ:

Խորհրդի կազմը չի կարող գերազանցել աշխատողների թվի 10 տոկոսը: Խորհրդի անդամների 65 տոկոսը պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսը` ուսանողները` 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները: Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետների դեկաններ, դեպարտամենտների պետերը, ամբիոնների վարիչները, ակադեմիայի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կոլեկտիվների ժողովների և (կամ) գիտական խորհուրդների կողմից:

Խորհրդի անդամ ուսանողների առաջադրումը և ընտրությունը կատարում է ակադեմիայի ուսանողական խորհուրդը` ֆակուլտետների ներկայացմամբ:

11. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան 2 անգամ: Դրանք համարվում են իրավազոր` անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի կայացնում:

Խորհրդի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

12. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը և կազմակերպում ռեկտորի ընտրությունը.

դ) սահմանված կարգով մշակում և հաստատում է ակադեմիայի գործադիր մարմնի նկատմամբ ընթացիկ վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետև` վերահսկողություն իրականացնող մարմին) ընտրության կարգը, կազմը, աշխատակարգը և կազմակերպում է այդ մարմնի անդամների ընտրությունը.

ե) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ակադեմիայի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

զ) քննարկում և սահմանված կարգով հիմնադրի հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի կանոնադրությունը կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.

է) քննարկում ու հաստատում է ակադեմիայի կառուցվածքը և դրանում կատարվող փոփոխությունները, հաստատում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը.

ը) քննարկում ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվն ու ֆինանսական պլանը.

թ) քննարկում է ռեկտորի հաշվետվությունը ակադեմիայի տարեկան գործունեության մասին և հաստատում այն.

ժ) քննարկում և հաստատում է վերահսկողություն իրականացնող մարմնի տարեկան հաշվետվությունը:

13. Ակադեմիայի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

14. Ակադեմիայի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր աշխատակարգը.

բ) ընդունելության պետական պատվերից դուրս, կրթության պետական կառավարման լիազորած մարմնի համաձայնությամբ, հաստատում է վճարովի հիմունքներով` ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.

գ) հիմնադրի և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտությունների.

դ) քննարկում գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում հաշվետվություններ և գիտական հաղորդումներ` կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

ե) ընդունում է որոշում նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու մասին և այն ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը.

զ) ընդունում է «Ակադեմիայի պատվավոր դոկտոր», «Ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր», «Ակադեմիայի վաստակավոր պրոֆեսոր», «Ակադեմիայի վաստակավոր գիտաշխատող» կոչումները շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, մեդալով պարգևատրելու մասին որոշումներ: Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան` որոշում է ֆակուլտետների դեկանների ընտրության ընթացակարգը: Իրականացնում է դեկանների, դեպարտամենտների պետերի, բաժինների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը` փակ գաղտնի քվեարկությամբ: Սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.

է) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ: Ակադեմիայի գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել խորհրդի անդամների 50 տոկոսը:

Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը, դեպարտամենտների ղեկավարներ, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչներ, գրադարանի տնօրենը, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահն ի պաշտոնե, ինչպես նաև, ռեկտորի նշանակմամբ, այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ակադեմիայի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով): Ի պաշտոնե և ռեկտորի կողմից ընտրվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ակադեմիայի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի: Ակադեմիայի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:

15. Ակադեմիայի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Ակադեմիայի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով իրեն ընձեռված լիազորությունների սահմաններում քննարկում է ակադեմիայի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը: Ակադեմիայի ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի գլխավոր խորհրդականը, ռեկտորատի քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

16. Ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ռեկտորը, որն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

17. Ռեկտորի ընտրությունները կատարվում են խորհրդի կողմից սահմանված կարգով, փակ գաղտնի քվեարկությամբ:

18. Ակադեմիայի ռեկտորը`

ա) ղեկավարում է ակադեմիայի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական և այլ գործունեությունը, առանց լիազորագրի հանդես գալիս ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը.

բ) կազմակերպում է ակադեմիայի և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր, ներկայացնում առաջարկություն խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ.

դ) տարեկան հաշվետվությունը ներկայացնում է խորհրդի հաստատմանը.

ե) ապահովում է ակադեմիայի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

է) սույն կանոնադրությանը համապատասխան` աշխատանքային պայմանագրեր է կնքում սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ.

ը) հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշմամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ակադեմիայի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

թ) կատարում է աշխատանքի բաշխում պրոռեկտորների միջև.

ժ) կնքում է խոշոր գործարքներ` պետական լիազորված մարմնի համաձայնությամբ.

ժա) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.

ժբ) նշանակում և ազատում է պրոռեկտորին, դեպարտամենտների ղեկավարներին, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունները.

ժգ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

ժե) չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից.

ժզ) գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ակադեմիային պատճառված վնասի համար:

19. Ակադեմիայի ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

20. Ակադեմիայի կառուցվածքը սահմանվում է ռեկտորի հրամանով:

21. Ակադեմիայի ինքնուրույն ուսումնական կառուցվածքային ստորաբաժանումներն են դեպարտամենտները, ֆակուլտետները, ամբիոնները, քոլեջը, վարժարանը, ուսումնական կենտրոնները, ուսումնափորձնական տնտեսությունները:

22. Ակադեմիայի ֆակուլտետը`

ա) գործում է իր կանոնադրության հիման վրա: Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից.

բ) կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի գիտական խորհուրդը, դեկանատի խորհուրդը և դեկանը:

Ֆակուլտետի գիտական խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ակադեմիայի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին կամ սահմանված կարգով քննարկում և ակադեմիայի գիտական խորհրդի ընտրությանն է ներկայացնում դեկանի թեկնածուներին, լսում դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

Ֆակուլտետի գիտական խորհրդի, որպես կառավարման մարմնի, կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ:

23. Ֆակուլտետի գիտական խորհուրդը`

ա) ռեկտորին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերացնելու և վերակազմավորելու վերաբերյալ.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի և այլ գործունեությանը վերաբերող հարցերը.

գ) ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` ակադեմիայի գիտական խորհրդում հաստատելու համար.

դ) ընտրում է ակադեմիայի գիտական խորհրդում ընդգրկվող ֆակուլտետի ներկայացուցիչներին.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

24. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են ֆակուլտետի գիտական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:

25. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրության համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

26. Դեկանն ընտրվում է ֆակուլտետի գիտական խորհրդում կամ սահմանված կարգով ակադեմիայի գիտական խորհրդում` փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով: Ընտրության արդյունքների հիման վրա դեկանին պաշտոնի է նշանակում ռեկտորը:

27. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

բ) ապահովում է ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումների կատարումը.

գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

դ) ռեկտորը ֆակուլտետի դեկանի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` մինչև հինգ տարի ժամկետով.

ե) ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի խորհրդի կողմից, որը դեկանի ղեկավարությամբ գործող մարմին է:

28. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրությունների հիման վրա:

29. Ֆակուլտետների ամբիոնները կարող են լինել նաև համաակադեմիական և անմիջականորեն ենթարկվել համապատասխան պրոռեկտորին: Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասպիրանտները, դասախոսները:

30. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան, մրցութային հիմունքներով, մինչև հինգ տարի ժամկետով, ակադեմիայի գիտական խորհրդի նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ, որից հետո ռեկտորի հրամանով նշանակվում է ամբիոնի վարիչ, և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

31. Ակադեմիայի ուսումնափորձնական տնտեսություններն են (մասնաճյուղի կարգավիճակով)`

ա) «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը (մասնաճյուղը), որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում,

բ) «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունը (մասնաճյուղը), որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում:

32. Ակադեմիայի մասնաճյուղերը գործում են ակադեմիայի անունից, և վերջինս պատասխանատվություն է կրում մասնաճյուղերի գործունեության համար:

33. Ակադեմիայի ուսումնական մասնաճյուղերի և մյուս ուսումնական կառուցվածքային ստորաբաժանումներն ստեղծվում են հիմնադրի համաձայնությամբ:

 

V. ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

34. Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) մյուս աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

35. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

36. Ակադեմիայի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:

37. Ակադեմիայում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռքբերում ուսումնափորձնական տնտեսություններում:

38. Ակադեմիայի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում են համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ)` բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի և հետազոտողի:

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ակադեմիայի կառուցվածքում կամ ակադեմիային կից գործող քոլեջների շրջանավարտներին տրվում են կրտսեր մասնագետի որակավորում և համապատասխան ավարտական վկայական (դիպլոմ):

39. Ակադեմիայի ուսումնագիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,

բ) վճարովի ուսուցման վարձավճարներից,

գ) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից,

դ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից,

ե) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված ակադեմիայի միջոցներից,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

40. Ակադեմիայում ագրոպարենային ոլորտի մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհում են մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:

41. Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում ու համակարգվում են ակադեմիայի և ֆակուլտետների մեթոդական խորհուրդների կողմից:

 

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

42. Ակադեմիայի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և այլ աշխատողները, ուսանողները (բակալավր, մագիստրոս և ուրիշներ): Աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

Ակադեմիայի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

43. Ակադեմիայի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու ակադեմիայի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների գիտական խորհուրդներում և մեթոդական խորհուրդներում.

բ) միավորվելու արհմիություններում և հասարակական այլ կազմակերպություններում.

գ) օգտվելու ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:

44. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

45. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար ստեղծվում են գիտական հետազոտությունների, որոնումների, գիտական մտքերի, գաղափարների ու արդյունքների ազատ շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:

46. Ակադեմիայի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

ա) պահպանել և կատարել սույն կանոնադրության և ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնների պահանջները.

բ) կատարել ակադեմիայի մարմնի որոշումները.

գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

դ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել գույքը.

զ) մասնակցել խորհրդատվական աշխատանքներին:

47. Ակադեմիայի գիտամանկավարժական աշխատողները`

ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման,

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության,

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության,

դ) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման,

ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության,

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք ունեն:

Գիտամանկավարժական բնագավառում ակնառու նվաճումների համար ակադեմիայի աշխատողներին շնորհվում են մրցանակներ:

48. Ակադեմիայի ուսանողներ են համարվում քառամյա բակալավրային ուսուցման և հնգամյա դիպլոմավորված մասնագետների պատրաստման ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

49. Ակադեմիայի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) հաճախելու ակադեմիայում կարդացվող դասախոսություններին.

գ) ըստ նախասիրությունների մասնակցելու ակադեմիայում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

դ) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

ե) օգտվելու գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակութային լուսավորչական օղակներից.

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու 2 մասնագիտական որակավորման աստիճան` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին վերաբերող հարցերի լուծման համար.

ը) ընդունվելու ակադեմիայի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում:

50. Արգելվում է ուսանողներին ներգրավել արտադրաուսումնական աշխատանքներում` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության:

51. Ակադեմիայի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքների բոլոր տեսակները.

բ) տիրապետել ապագա բարձր որակավորման մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել ներքին կարգապահական կանոնները:

Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը:

52. Ուսումնական պլանները չկատարող և ուսումնական գործընթացը ժամանակացույցին համապատասխան չիրականացնող, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերող, ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները խախտող ուսանողները կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ակադեմիայից հեռացվելը:

53. Ավարտական վկայականում (դիպլոմ) նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

54. Ակադեմիայի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունն ակադեմիայի կառավարմանը:

55. Ակադեմիայի մագիստրանտ է համարվում քառամյա (բակալավրային) կամ հնգամյա (դիպլոմավորված մասնագետ) բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, ով սահմանված մրցութային կարգով ընդունվել է մագիստրատուրա` երկամյա առկա ուսուցման պայմաններով:

56. Ակադեմիայի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

57. Ակադեմիայի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և որպես դոկտորանտ հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

58. Ակադեմիայի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել հինգ տարուց ավելի ժամկետով:

59. Ակադեմիայի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև այն դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներին:

60. Ակադեմիայի սովորողներ են համարվում հենակետային վարժարանի աշակերտներն ու քոլեջի ուսանողները: Սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են վարժարանի և քոլեջի կանոնադրություններով:

 

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

61. Ակադեմիայի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից` նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

62. Ակադեմիան իրավունք ունի`

ա) օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը.

բ) իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ` որպես սեփականություն հանձնված գույքն օտարելու կամ վարձակալության տալու: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

63. Ակադեմիան, իր գործունեության նպատակին համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան:

64. Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

65. Ակադեմիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը և պետական լիազորված մարմինը:

66. Ակադեմիայի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VIII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

67. Ակադեմիայի վերակազմակերպումը և լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

68. Ակադեմիայի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.2002
N 643
Որոշում