ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2020 թվականի N 199-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«Ինքնավար էներգաարտադրող-սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի` իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը` մինչև 500 կՎտ-ը:».
i
2) Կանոնների 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5-րդ ենթակետով.
«5) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
1) Վէքդ = ՆՄօծդ ԱՏօրդ - ՀԱդ,
որտեղ`
Վէքդ-ը ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի (փոխհոսքերի) քանակն է (կՎտժ), որը հաշվարկվում է ցերեկային և գիշերային փոխհոսքերի համար առանձին և հաշվի է առնվում հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտում.
ՆՄօծդ-ը մատակարարի և ինքնավար էներգաարտադրողի նախորդող տարվա նույն ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքի տարբերության միջին օրականն է` դրական նշանով, եթե ինքնավար էներգաարտադրողի սպառումը գերազանցում է մատակարարին առաքված էլեկտրաէներգիայի քանակը և բացասական նշանով, եթե մատակարարին առաքված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է ինքնավար էներգաարտադրողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակին,
ԱՏօրդ-ը առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 33 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 33-ի,
ՀԱդ-ը հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում դարձափոխիչային առևտրային հաշվիչի (ցերեկային, գիշերային) ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է, իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է:
Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում ինքնավար էներգաարտադրողը սպառում կամ առաքում չի ունեցել, ապա էլեկտրական էներգիայի փոխհոսքերի միջին օրական տարբերությունն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին սպառում կամ առաքում ունեցած ամսվա միջին օրական ծախսին:».
i
3) Կանոնների 59.4 կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նման դեպքերում մատակարարը պարտավոր է վերահաշվարկին վերաբերող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին` առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա ավարտից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում:».
4) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ` 59.7 կետով.
i
«59.7 Ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Գ. Բաղրամյան