(ուժը կորցրել է 13.02.03 թիվ 224-Ն որոշում)
i
040.0899.311200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի կանոնադրությունը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 899 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության իրավաբանական ինստիտուտի
I. Ընդհանուր դրույթներ
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1990 թվականի հոկտեմբերի 18-ի N 681 կարգադրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտի վերակառուցման մասին» N 328 որոշմամբ վերակազմակերպվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը (այսուհետև` ինստիտուտ) պետական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր գործունեության նպատակներին, սույն կանոնադրությանը և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան տիրապետում, օգտագործում և տնօրինում է գույքը:
3. Ինստիտուտը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:
4. Ինստիտուտն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ և գանձապետական հաշիվ:
5. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ:
6. Ինստիտուտի լրիվ անվանումն է`
հայերեն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
իրավաբանական ինստիտուտ
ռուսերեն` Յուրիդիչեսկիյ ինստիտուտ մինիստերստվա յուստիցիի րեսպուբլիկի
Առմենիյա
անգլերեն` Law Institute of the Ministry of Justice of the Republic of
Armenia.
7. Ինստիտուտի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մովսես Խորենացու 162 ա:
II. Ինստիտուտի խնդիրներն ու գործառույթները
8. Ինստիտուտի հիմնական խնդիրներն են`
ա) մասնագետների կրթական մակարդակի և գիտամանկավարժական որակավորման բարձրացումը.
բ) տարբեր կրթական ծրագրերի իրականացումը.
գ) իրավագիտության բնագավառում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.
դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորական աշխատանքների իրականացումը.
ե) ինստիտուտի հիմնադրի կողմից պատվիրված օրենսդրական բարեփոխումների ծրագրերի նախագծերի մշակումը.
զ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և նրա համակարգի հիմնարկների գիտական, մեթոդական և փորձարարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:
9. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` ինստիտուտը`
ա) որոշում է ինստիտուտի կառուցվածքը, կազմում ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր.
բ) սահմանված կարգով ստեղծում է գիտահետազոտական կենտրոններ.
գ) շնորհում է ինստիտուտի պատվավոր կոչումներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում ինստիտուտի պարգևներով.
դ) մշակում է իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման իրականացման մեթոդիկան.
ե) մշակում է իրավաբանական կադրերի, պետական կառավարման մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար աշխատողների, մասնագետների որակավորման բարձրացման և որակավորման ստուգման (ատեստավորման) համար անհրաժեշտ նյութեր.
զ) մշակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի ոչ իրավաբանական կրթությամբ կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման, ինչպես նաև նրանց ինքնակրթության կազմակերպման մեթոդները.
է) կազմակերպում է իրավաբանական առաջավոր փորձի ուսումնասիրման ու ներդրման, միջազգային, հանրապետական և այլ գիտաժողովների նախապատրաստման ու անցկացման աշխատանքները.
ը) կազմակերպում է իրավաբանական մասնագիտական գրադարանային ֆոնդի, ուսումնական ձայնատեսադարանների, ֆիլմադարանների ձևավորման և պահպանման աշխատանքները.
թ) իրականացնում է հրատարակչական, տպագրական գործունեություն.
ժ) կնքում է պայմանագրեր` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.
ժա) իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական ծառայություններ:
III. Ինստիտուտի կառավարումը
9. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
10. Ինստիտուտի գիտական խորհուրդն ինստիտուտի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
11. Ինստիտուտի գիտական խորհուրդը`
ա) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում ինստիտուտի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը.
բ) մշակում ու սահմանված կարգով հաստատման է ներկայացնում ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշիվը.
գ) սահմանված կարգով քննարկում և հաստատում է ինստիտուտի տարեկան գործունեության մասին ռեկտորի հաշվետվությունը.
դ) սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում, լուծարում է ինստիտուտի մասնաճյուղեր, գիտահետազոտական կենտրոններ, հաստատում ինստիտուտի կառուցվածքը.
ե) մշակում է դիմորդների ընդունելության կանոնների նախագծերը և դրանք ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին.
զ) ըստ մասնագիտությունների հաստատում է ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը.
է) քննարկում է ինստիտուտի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, ինստիտուտում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքները.
ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ գործառույթներ:
Ինստիտուտի գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, մասնաճյուղերի, գիտահետազոտական կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, սովորողների խորհրդի նախագահը: Ինստիտուտի գիտական խորհրդի կազմի մեջ ռեկտորի նշանակմամբ կարող են մտնել նաև կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, ինստիտուտի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ:
Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ռեկտորի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
Ինստիտուտի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին ներկա է անդամների 2/3-ը: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ինստիտուտի գիտական խորհրդի որոշումները կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամաններով: Որոշման հետ անհամաձայնության դեպքում ռեկտորը մեկ շաբաթվա ընթացքում խորհուրդ է ներկայացնում քննարկված հարցի վերաբերյալ իր առաջարկությունները, որոնք քվեարկվում են ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Ինստիտուտի գիտական խորհրդի կողմից որոշման ընդունումից հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում ռեկտորն արձակում է դրա կենսագործման մասին համապատասխան հրաման:
12. Ինստիտուտի անմիջական ղեկավարումն իրականացնում է ռեկտորը, որին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
13. Ինստիտուտի ռեկտորը`
ա) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը և ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները.
բ) կազմակերպում է ինստիտուտի ղեկավար մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
գ) արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է ինստիտուտի աշխատողների, ունկնդիրների և սովորողների համար.
դ) ներկայացնում է ինստիտուտը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ե) ապահովում է համապատասխան մասնագետների պատրաստումը և գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների կատարումը.
զ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատողներին.
է) կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների ու սովորողների նկատմամբ.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
IV. Ինստիտուտի կառուցվածքը
14. Ինստիտուտի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
ա) ինստիտուտի ֆակուլտետը,
բ) ինստիտուտի ամբիոնը:
15. Ինստիտուտի ուսումնագիտական ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումը ֆակուլտետն է, որը ձևավորվում է ըստ ընդհանուր մասնագիտական կողմնորոշման կամ ըստ գործունեության բնույթի:
Ֆակուլտետի կազմում գործում են ամբիոններ, ինչպես նաև կարող են ստեղծվել ուսումնագիտական լաբորատորիաներ:
16. Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը, որին, մինչև 5 տարի ժամկետով, աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ինստիտուտի ռեկտորը:
Ֆակուլտետի դեկանը`
ա) ղեկավարում է ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությունը.
բ) ներկայացնում է ֆակուլտետը ինստիտուտի կառավարման մարմնում.
գ) սահմանված կարգով ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ դեկանի տեղակալին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, սովորողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.
դ) ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, ավագ դասախոսի, ասիստենտի թափուր պաշտոնների համար մրցույթ անցկացնելու, ֆակուլտետում նոր կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
ե) ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը.
զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:
17. Ամբիոնն ինստիտուտի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային ստորաբաժանում է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին ու հետազոտողներին: Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ինստիտուտի ռեկտորը:
V. Ինստիտուտում ուսումնական և գիտական
գործընթացի կազմակերպումը
18. Ինստիտուտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի աշխատողների ուսուցումը և վերապատրաստումն իրականացնում է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ: Դասընթացները հրավիրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:
Հաշվի առնելով ունկնդիրների զբաղեցրած պաշտոնը, իրավական պատրաստվածության աստիճանը, աշխատանքային փորձը, ինչպես նաև նրանց ցանկությունը` կազմակերպվում է տարբերակված ուսուցում:
Դասընթացները կարող են կազմակերպվել աշխատանքից կտրված և չկտրված, ինչպես նաև մասնակիորեն կտրված և հեռակա ձևերով:
Իրավաբանական կադրերի ուսուցման և վերապատրաստման ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:
19. Վերապատրաստման կամ որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած ունկնդիրներին, մասնագետներին տրվում է համապատասխան վկայական (դիպլոմ):
20. Ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցողները, ունկնդիրները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ: Ինստիտուտում կրթության գործընթացը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով:
21. Սովորողների ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
22. Ինստիտուտում ուսուցումն իրականացվում է ցերեկային և դրսեկության (էքստեռն) ձևերով:
23. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:
24. Ինստիտուտում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:
25. Ինստիտուտի շրջանավարտներին տրվում են համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):
VI. Ինստիտուտի գույքը և ֆինանսատնտեսական
գործունեությունը
26. Ինստիտուտն իր կանոնադրական գործունեությունն ապահովելու նպատակով տիրապետում, օգտագործում և տնօրինում է հիմնադրի կողմից իրեն ամրացված շենքերը, շինությունները, սարքավորումները և այլ անհրաժեշտ գույք:
27. Ինստիտուտը պետական կառավարման լիազորված մարմնի առջև պատասխանատու է իրեն ամրացված սեփականության պահպանման և արդյունավետ օգտագործման համար:
28. Ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պատասխանատու է բնապահպանական նորմերի պահպանման համար:
29. Ինստիտուտի ծախսերն ու եկամուտները նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված նախահաշվին համապատասխան:
30. Ինստիտուտի գույքի և գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են`
ա) կրթական գործունեության ապահովմանն ուղղված պետական բյուջետային միջոցները,
բ) վճարովի ուսուցման դիմաց ստացվող միջոցները,
գ) տարբեր տեսակի գործունեության իրականացումից գոյացած սեփական միջոցները,
դ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր նվիրատվությունները, նպատակային վճարները և կատարած ներդրումները,
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
31. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ինստիտուտի ֆինանսավորումն իրականացվում է հիմնադրի կողմից` պետական պատվերով մասնագետների պատրաստման չափաքանակի սահմաններում:
32. Ինստիտուտի գույքն օտարվում է հիմնադրի համաձայնությամբ:
33. Ինստիտուտը հիմնարկների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա կարող է մատուցել վճարովի կրթական ծառայություններ, իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինել այդ գործունեությունից ստացված եկամուտները:
Վճարովի կրթական ծառայությունները չեն կարող իրականացվել բյուջետային ֆինանսավորմամբ նախատեսված հիմնական կրթական գործունեության շրջանակներում և դրա փոխարեն:
34. Ինստիտուտն իրավունք ունի իր կանոնադրական գործունեության իրականացման նպատակով պատվիրելու աշխատանքներ և ծառայություններ` այդ նպատակի համար նախատեսված միջոցների սահմաններում:
35. Ինստիտուտն աշխատանքի վարձատրության համար ունեցած միջոցների սահմաններում` սահմանված կարգով որոշում է աշխատանքի (ծառայության) դիմաց վճարման ձևն ու համակարգը, հավելավճարի, պարգևատրումների և խրախուսական բնույթի այլ վճարումների չափերը:
36. Ինստիտուտն իրականացնում է իր աշխատանքի արդյունքների օպերատիվ և հաշվապահական հաշվառում, սահմանված կարգով վարում է վիճակագրական ու հաշվապահական հաշվետվություն, հիմնադրին է ներկայացնում տարեկան միջոցների մուտքերի և ծախսերի մասին հաշվետվություն:
VII. Ինստիտուտի վերակազմակերպումն ու գործունեության
դադարեցումը
37. Ինստիտուտի վերակազմակերպումն ու գործունեության դադարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: