Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.06.1996  -ից մինչեւ   20.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 08.12.99 թիվ ՀՕ-28 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

i

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի առարկություններով
և առաջարկություններով
13 մայիսի 1996 թ.

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը կարգավորում է գիտության, գրականության և արվեստի երկերի (հեղինակային իրավունք), կատարումների, հնչյունագրերի (ֆոնոգրամ), հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների (հարակից իրավունքներ) ստեղծման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենսդրությունը

 

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության մասը կազմող սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

 

i

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ա) հեղինակ` ֆիզիկական անձ, որի ստեղծագործական աշխատանքի արդյունքն է երկը.

բ) երկ` գիտության, գրականության կամ արվեստի բնագավառներում հեղինակի կողմից ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ համատեղ իրականացված ստեղծագործական աշխատանքի ուրույն արդյունք, որն արտահայտված է որոշակի օբյեկտիվ ձևով.

գ) կոլեկտիվ երկ` ֆիզիկական կամ իրավաբանական անձի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ երկու կամ ավելի անձանց կողմից ստեղծված երկ.

դ) տեսալսողական երկ` միմյանց հետ կապակցված պատկերների շարք (ձայնային ուղեկցությամբ կամ առանց դրա), որը հնարավոր է դիտել, իսկ ձայնային ուղեկցությամբ` նաև լսել: Տեսալսողական երկ են համարվում կինեմատոգրաֆիական և համանման արտահայտված այլ երկերը (հեռուստաֆիլմեր, տեսաֆիլմեր, դիաֆիլմեր և այլն).

ե) տվյալների բազա` տվյալների (հոդվածների, հաշվարկների, փաստերի և այլ նյութերի) ամբողջություն, որը ստեղծագործական աշխատանքի արդյունք է և համակարգված է այնպես, որ տվյալները հնարավոր լինի գտնել և մշակել համակարգչի միջոցով.

զ) բացառիկ իրավունք` իրավունք, որի դեպքում բացի հեղինակային իրավունք կամ հարակից իրավունքներ կրողներից, ոչ ոք չի կարող օգտագործել երկը, դրա համար չունենալով սահմանված կարգով նախատեսված թույլտվություն` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

է) լույսընծայում (հրապարակում)` երկի հրատարակում, հրապարակային կատարում, հրապարակային ցուցադրում, հեռարձակում` անսահմանափակ թվով անձանց համար.

ը) վերարտադրում` երկի կամ հնչյունագրի մեկ կամ ավելի օրինակների պատրաստում` ցանկացած առարկայական տեսքով, այդ թվում` ձայնագրության և տեսագրության.

թ) վերգծագրական վերարտադրություն ( ռեպրոդուկցիա)` գրավոր կամ այլ գրաֆիկական երկի բնօրինակի կամ օրինակի վերարտադրում` ցանկացած չափի (մեծացված կամ փոքրացված) ֆոտոպատճենահանման կամ տեխնիկական այլ միջոցներով, բացառությամբ հրատարակչականի: Վերգծագրական վերարտադրությունը չի ընդգրկում էլեկտրոնային (ներառյալ թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթերցման ձևերի գրանցումը.

ժ) կատարող` դերասան (թատրոնի, կինոյի և այլն), երգիչ, երաժիշտ, դիրիժոր, պարող կամ այլ անձ, որը կատարում է դեր, երգում է, ասմունքում, կարդում, նվագում, կատարում է արվեստի կամ գրականության երկեր, կրկեսային, էստրադային, տիկնիկային և համանման այլ համարներ.

ժա) հնչյունագիր (ֆոնոգրամ)` կատարումների կամ այլ հնչյունների բացառապես հնչյունային գրառում.

ժբ) հնչյունագիր ստեղծող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ իրականացվել է կատարման կամ այլ հնչյունների առաջին ամրագրումը.

ժգ) հեռարձակող կազմակերպության հաղորդում` հաղորդում, որն ստեղծվել է եթերային կամ կաբելային հեռարձակման կազմակերպության կողմից կամ նրա պատվերով և միջոցնրով` այլ կազմակերպության կողմից.

ժդ) հրապարակային կատարում` երկի, կատարման, հնչյունագրի, հեռարձակող կազմակերպության հաղորդման մատուցում` խաղի, երգի, պարի կամ այլ միջոցներով և ձևերով, ինչպես անմիջական (կենդանի կատարում), այնպես էլ ցանկացած սարքերի կամ գործընթացների օգնությամբ (բացառությամբ հեռարձակման)` այն տեղերում, որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, որոնք չեն պատկանում ընտանիքի, մտերիմների շրջանակին, անկախ այն բանից` նրանք ներկա են միաժամանակ նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում.

ժե) հրապարակային ցուցադրում` երկի բնօրինակի կամ օրինակի, կատարման, հեռարձակող կազմակերպության հաղորդման ցուցադրում անմիջականորեն կամ էկրանի վրա ժապավենների, սլայդի, հեռուստակադրի կամ այլ սարքերի և գործընթացների օգնությամբ (բացառությամբ հեռարձակման)` այն տեղերում, որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, որոնք չեն պատկանում ընտանիքի, մտերիմների շրջանակին` անկախ այն բանից` նրանք ներկա են միաժամանակ նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում: Տեսալսողական երկի հրապարակային ցուցադրում նշանակում է նաև այդ երկի առանձին կադրերի ցուցադրում` առանց դրանց հաջորդականությունը պահպանելու.

ժզ) հրապարակային հաղորդում` երկի, կատարման, հնչյունագրի, հեռարձակող կազմակերպության հաղորդման, պատկերների և (կամ) հնչյունների այնպիսի հաղորդում եթերում կամ հաղորդագծով կամ այլ եղանակով, երբ հիշյալ պատկերները կամ հնչյունները կարող են ընդունվել այն անձանց կողմից, որոնք չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների շրջանակին` այն տեղերում, որոնց հեռավորությունը հաղորդման սկզբնակետից այնպիսին է, որ առանց նշված հաղորդման այդ պատկերները կամ հնչյունները չեն կարող ընդունվել նշված վայրերում կամ այլ տեղերում` անկախ այն բանից, թե վերոհիշյալ անձինք կարող են պատկերները կամ հնչյունները ընդունել միաժամանակ նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Հոդված 5. Հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երկերը

 

Սույն օրենքով պահպանվում են գիտության, գրականության և արվեստի բնագավառներում ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված երկերի հեղինակների հեղինակային իրավունքները` անկախ այդ երկերի նշանակությունից, արժանիքներից, բովանդակությունից, նպատակից, ծավալից, ինչպես նաև արտահայտման եղանակից:

Հեղինակային իրավունքի օբյեկտ կարող են լինել`

ա) գրական, այդ թվում նաև գիտական երկերը, բոլոր տեսակի համակարգչային ծրագրերը (գործողությունների համակարգերը, ելքային տեքստը, օբյեկտային կոդը, էլեկտրոնային տեղեկատվության համակարգերը և այլն).

բ) դրամատիկական և երաժշտադրամատիկական երկերը, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները և բեմական ցուցադրման համար ստեղծված այլ գործերը.

գ) տեքստով և առանց տեքստի երաժշտական երկերը.

դ) պարարվեստի և մնջախաղի երկերը.

ե) տեսալսողական երկերը (կինոֆիլմեր, հեռուստատեսային ֆիլմեր, տեսասլայդային ֆիլմեր և այլ կինո-հեռուստատեսային երկեր).

զ) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և կերպարվեստի այլ երկերը.

է) ճարտարապետության, քաղաքաշինության, այգե-պուրակային երկերը.

ը) լուսանկարչական և նման միջոցներով ստեղծված երկերը.

թ) դեկորատիվ կիրառական արվեստի երկերը.

ժ) պատկերազարդումները, քարտեզները, պլանները, ուրվագծերը, աշխարհագրության, երկրաբանության, տեղագրության և գիտության այլ բնագավառներին վերաբերող երկերը.

ժա) ածանցյալ երկերը (թարգմանություններ, մշակումներ, ռեֆերատներ, համառոտ բնութագրումներ, տեսություններ, ամփոփումներ, ադապտացված գործեր, վերադաշնակումներ, բեմականացումներ, ինչպես նաև գիտության, գրականության և արվեստի երկերի այլ վերամշակումներ).

ժբ) երկերի ժողովածուները, ժողովրդական բանահյուսության մշակումները, հանրագիտարանները, անթոլոգիաները, տվյալների կամ այլ նյութերի բանաքաղումը (կոմպիլացիա), ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող այլ կազմածո և կոլեկտիվ երկերը.

ժգ) դիզայնի երկերը, տառատեսակները.

ժդ) ճարտարապետական-գեղարվեստական լուծումների երկերը (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը).

ժե) այլ երկերը.

ժզ) երկի մասերը, հատվածները:

Հեղինակային իրավունքի օբյեկտը պետք է արտահայտվի հետևյալ ձևերով`

ա) գրավոր (ձեռագիր, մեքենագիր, նոտագիր և այլն).

բ) բանավոր (հրապարակային ելույթներ, ճառեր, քարոզներ, դասախոսություններ և այլն).

գ) ձայնագրությունների (մեխանիկական, մագնիսային, թվային, օպտիկական և այլն).

դ) պատկերների (նկար, ուրվանկար, գծագիր, պլան, կինոկադր, հեռուստատեսային կամ ֆոտոկադր և այլն).

ե) ծավալատարածական (քանդակ, նմուշ, կառուցվածք և այլն).

զ) այլ` ընկալելու հնարավորություն տվող, օբյեկտիվ ձևերով:

 

Հոդված 6. Սույն օրենքով չպահպանվող օբյեկտները

 

i

Հեղինակային իրավունքը չի տարածվում ժողովրդական ստեղծագործությունների, տեղեկատվական բնույթ ունեցող հաղորդումների, պաշտոնական փաստաթղթերի (օրենքներ, դատավճիռներ, օրենսդրական, վարչական և դատական բնույթի այլ տեքստեր), ինչպես նաև պաշտոնական թարգմանությունների, պետական խորհրդանիշերի ու նշանների (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշեր և այլն) վրա:

i

Հեղինակային իրավունքը չի տարածվում նաև բուն գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, համակարգերի, առաջարկվող լուծումների, արարողակարգերի, տեսակետների, օբյեկտիվորեն գոյություն ունեցող երևույթների, հայտնագործությունների, գյուտերի, սովորական տվյալների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են երկերում:

 

Հոդված 7. Հեղինակային իրավունքի տարածքային կիրառումը

 

Հեղինակային իրավունքը տարածվում է այն երկի վրա`

ա) որի հեղինակային իրավունքի կրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ իրավաբանական անձն է, կամ էլ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձը` անկախ երկի ստեղծման կամ առաջին լույս ընծայման վայրից.

բ) որն առաջին անգամ լույս է ընծայվել Հայաստանի Հանրապետության տարածքում` անկախ այդ իրավունքը կրողի քաղաքացիությունից և բնակության վայրից: Երկը համարվում է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ լույս ընծայված նաև այն դեպքում, եթե այն այլ վայրում առաջին անգամ լույս ընծայվելուց հետո 30 օրվա ընթացքում լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում.

գ) որը լույս չի ընծայվել, սակայն բնօրինակը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

դ) այլ երկի վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի:

 

Հոդված 8. Հեղինակային իրավունքի առաջացումը: Հեղինակության կանխավարկածը

 

Երկի նկատմամբ հեղինակային իրավունքն առաջանում է երկի ստեղծման փաստով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, երկի գրանցումից և որևէ այլ ձևականության պահպանումից:

Հեղինակային իրավունք կրողն իր հեղինակային իրավունքի մասին տեղեկացնելիս կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանման նշանը, որը տեղադրվում է երկի յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է շրջանակի մեջ վերցված լատինական «C» տառից, հեղինակային իրավունքը կրողի անունից և երկի առաջին հրատարակության տարեթվից:

Երկի առաջին լույս ընծայման ժամանակ որպես հեղինակ նշված անձը ճանաչվում է տվյալ երկի հեղինակ, եթե դատական կարգով այլ բան չի ապացուցվում:

Անանուն կամ կեղծանունով լույս ընծայված երկի (բացառությամբ դեպքերի, երբ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում) հրատարակիչը, որի անունը կամ անվանումը նշված է երկի վրա, այլ ապացույցներ չլինելու դեպքում համարվում է հեղինակի ներկայացուցիչ և այդ կարգավիճակով իրավասու է պաշտպանել հեղինակի իրավունքները և ապահովել դրանց իրականացումը: Հրատարակչի այդ իրավունքը գործում է մինչև հեղինակի բացահայտման պահը:

 

Հոդված 9. Հեղինակային իրավունքի և սեփականության իրավունքի հարաբերակցությունը

 

Երկի նկատմամբ հեղինակային իրավունքի վերաբերյալ սահմանված կարգը տարբերվում է սեփականության իրավունքի վերաբերյալ սահմանված կարգից:

Հեղինակի կողմից երկի` որպես առարկայական օբյեկտի, օտարումը չի նշանակում հեղինակային իրավունքի օտարում:

 

Հոդված 10. Համահեղինակություն

 

Երկու կամ ավելի հեղինակների համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված երկի վերաբերյալ հեղինակային իրավունքը պատկանում է հեղինակներին համատեղ` անկախ երկի կառուցվածքից:

Համահեղինակությամբ ստեղծված երկի առանձին մասը ճանաչվում է ինքնուրույն, եթե այն կարող է օգտագործվել երկի մյուս մասերից անկախ:

Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավասու է երկի իր կողմից ստեղծված ինքնուրույն նշանակություն ունեցող մասն օգտագործել իր հայեցողությամբ, եթե համահեղինակների միջև չկա այլ պայմանավորվածություն:

Երկն ամբողջությամբ օգտագործելու իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ: Համահեղինակների փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև եղած համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երկի հեղինակային իրավունքը պատկանում է բոլոր հեղինակներին համատեղ, իսկ ստացվող եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար:

Համահեղինակությամբ ստեղծված երկի նկատմամբ հեղինակային իրավունքը ճանաչվում է, եթե համահեղինակներից թեկուզ մեկը սույն օրենքով օգտվում է հեղինակային իրավունքից:

Համահեղինակությամբ ստեղծված և անբաժանելի ամբողջականություն հանդիսացող երկի համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի առանց հիմնավորված պատճառաբանությունների արգելել երկի օգտագործումը:

 

Հոդված 11. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները

 

Հեղինակն իր երկի նկատմամբ ունի անձնական ոչ գույքային հետևյալ իրավունքները`

ա) ճանաչվել երկի հեղինակ.

բ) արգելել իր անվան հիշատակումը, եթե ցանկանում է մնալ անանուն.

գ) հանդես գալ կեղծանունով.

դ) հրապարակել երկը.

ե) երկի անձեռնմխելիության իրավունքը (արգելել երկի հնարավոր աղավաղումները, աղճատումները կամ այլ ոտնձգությունները):

Անկախ հեղինակի գույքային իրավունքներից և երկի օգտագործման համար նրա բացառիկ իրավունքների զիջումից, անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են բացառապես հեղինակին:

 

i
Հոդված 12. Հեղինակի կամ հեղինակային իրավունքը կրող այլ անձի գույքային իրավունքները

 

Հեղինակին կամ հեղինակային իրավունքը կրող այլ անձին է պատկանում երկը ցանկացած ձևով և ցանկացած միջոցներով օգտագործելու բացառիկ իրավունքը:

Հեղինակը կամ հեղինակային իրավունքը կրող այլ անձը կարող է թույլատրել կամ արգելել երկի օգտագործումը հետևյալ ձևերով`

ա) վերարտադրման.

բ) հրապարակային կատարման կամ հրապարակային հաղորդման.

գ) հրապարակային ցուցադրման.

դ) հեռարձակված երկի հրապարակային կրկնման.

ե) թարգմանության.

զ) վերամշակման, հարմարեցման, վերակառուցման, վերադաշնակման, նկարազարդման և նման այլ փոփոխություններով.

է) վաճառքի կամ այլ եղանակներով օտարման, վարձույթով կամ ժամանակավոր օգտագործման հանձնման (սույն կետում նշված դրույթները չեն տարածվում կառույց հանդիսացող երկի վրա).

ը) օրինակների ներմուծման կամ արտահանման.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործողություններով:

Հեղինակն իրավունք ունի հրաժարվել երկի լույս ընծայման վերաբերյալ նախօրոք ընդունած որոշումից (հետ կանչման իրավունք), որի դեպքում նա պարտավոր է փոխհատուցել պատճառած վնասը, ներառյալ` կորցրած օգուտը:

Սույն հոդվածի երրորդ մասի դրույթը տարածվում է նաև ծառայողական երկի վրա, եթե հեղինակային պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Երկի բնագրի և օրինակների տարածման իրավունքը պատկանում է հեղինակին կամ հեղինակային իրավունքը կրող այլ անձին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից:

Ճարտարապետական, քաղաքաշինական, այգե-պուրակային երկի հեղինակների բացառիկ իրավունքն է մասնակցել դրանց պրակտիկ իրականացմանը, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Հեղինակային իրավունքի կրողն իրավասու է իր երկի օգտագործման դիմաց պահանջել վարձատրություն` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն օրենքի 13-18 հոդվածներով:

Հեղինակային վարձատրության հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են հեղինակային պայմանագրով, ինչպես նաև հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպությունների և օգտագործողների միջև կնքված պայմանագրերով: Հեղինակային վարձատրության նվազագույն չափերը կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 13. Երկի ազատ օգտագործումը

 

Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով թույլատրվում է`

ա) մեջբերման կարգով (բնագիր կամ թարգմանաբար) լույս ընծայված երկի հատվածների վերարտադրումը և տարածումը` նպատակն արդարացնող ծավալով.

բ) լույս ընծայված երկի վերարտադրում կրթական հրատարակություններում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներում, ձայնագրություններում և տեսագրություններում` կրթական նպատակն արդարացնող ծավալով.

i

գ) ընթացիկ քաղաքական, տնտեսական, սոցիալական և կրոնական հարցերին վերաբերող և մամուլում հրատարակված հոդվածների վերարտադրումը զանգվածային լրատվության միջոցներով, եթե նման օգտագործումը նախապես չի արգելվել հեղինակի կողմից.

դ) հրապարակավ արտասանած քաղաքական ելույթների, զեկույցների, հայտարարությունների և այլ նմանօրինակ երկերի վերարտադրումը զանգվածային լրատվության միջոցներով` նպատակն արդարացնող ծավալով.

ե) լրատվական տեսություններում և հաղորդագրություններում ընդգրկված իրադարձությունների ընթացքում տեսանելի կամ լսելի երկերի վերարտադրումը տվյալ տեսության և հաղորդագրության մեջ` նպատակն արդարացնող ծավալով.

զ) երկի օգտագործումը դատական և վարչական վարույթներում` նպատակն արդարացնող ծավալով.

է) երաժշտական երկի հրապարակային կատարումը` պաշտոնական, կրոնական, ինչպես նաև կենցաղային արարողությունների ժամանակ.

ը) լույս ընծայված երկի վերարտադրումը կույրերի համար նախատեսված, ուռուցիկ-կետային տառերով, շահույթ չհետապնդող հատուկ հրատարակումներում, բացառությամբ հատկապես այդպիսի տպագրության համար ստեղծված երկերի:

 

Հոդված 14. Անձնական նպատակով երկի օգտագործումը

 

Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում է հրապարակված երկի անձնական նպատակով օգտագործումը, եթե դրանով չեն վնասվում հեղինակի օրինական շահերը: Սույն դրույթը չի տարածվում ճարտարապետական երկերի, տվյալների բազայի կամ դրա էական մասերի, համակարգչային ծրագրերի օգտագործման վրա, ինչպես նաև գրքերի (ամբողջությամբ) և նոտային տեքստերի վերգծագրական վերարտադրման վրա:

Անձնական օգտագործման համար համակարգչային ծրագրի կամ տվյալների բազայի վերարտադրման և վերափոխման վերաբերյալ համակարգչային ծրագրի կամ տվյալների բազայի տնօրինող անձի իրավունքները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 15. Երկի օգտագործումը վերգծագրական վերարտադրման եղանակով

 

Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով թույլատրվում է`

ա) լույս ընծայված երկի վերգծագրական վերարտադրում (1 օրինակ) գրադարանների և արխիվների կողմից` կորցված կամ վնասված օրինակների վերականգնման կամ փոխարինման նպատակով, ինչպես նաև այլ գրադարաններում երկի օրինակի կորստյան դեպքում նրանց օրինակ տրամադրելու համար.

բ) ժողովածուներում, պարբերական հրատարակություններում լույս ընծայված առանձին հոդվածների, փոքրածավալ երկերի և այլ երկերից կարճ հատվածների վերգծագրական վերարտադրում գրադարանների և արխիվների կողմից կրթական նպատակով (պահանջի դեպքում), ինչպես նաև կրթական հաստատությունների կողմից` լսարանային պարապմունքների համար:

 

Հոդված 16. Այցելության համար բաց վայրերում տեղադրված երկի ազատ օգտագործումը

 

Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում է վերարտադրել, հեռարձակել ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի այն երկը, որը տեղադրված է ազատ այցելության վայրում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ երկը հանդիսանում է տվյալ վերարտադրության հիմնական օբյեկտ և երբ տվյալ վերարտադրությունն օգտագործվում է կոմերցիոն նպատակով:

 

Հոդված 17. Հեռարձակող կազմակերպության կողմից կարճատև ձայնագրությունների և տեսագրությունների ազատ օգտագործումը

 

Հեռարձակվող կազմակերպությունն իրավասու է առանց հեղինակի համաձայնության և առանց հավելյալ վարձատրության կատարել կարճատև ձայնագրություն կամ տեսագրություն այն երկից, որի վերաբերյալ ստացել է հեռարձակման իրավունք, եթե այդ ձայնագրությունը կամ տեսագրությունը կատարում է տվյալ կազմակերպությունն իր տեխնիկական միջոցներով և իր հաղորդումների համար:

Կազմակերպությունը պարտավոր է նման ձայնագրության կամ տեսագրության ստեղծումից 6 ամիս անց ոչնչացնել այն, եթե այդ ձայնագրության կամ տեսագրության հետագա օգտագործումը չի համաձայնեցված երկի հեղինակի հետ:

Նման ձայնագրությունը կամ տեսագրությունը առանց երկի հեղինակի համաձայնության կարող է պահպանվել պաշտոնական արխիվներում, եթե այն բացառապես վավերագրական է:

 

Հոդված 18. Համակարգչային ծրագրի ազատ վերարտադրումը

 

Առանց համակարգչային ծրագրի հեղինակի կամ հեղինակային իրավունք կրող այլ անձի համաձայնության և վարձատրության թույլատրվում է իրականացնել հետևյալ գործողությունները`

ա) օգտագործողի տեխնիկական միջոցների անձնական գործառնության համար ծրագրում անհրաժեշտ փոփոխությունների կատարում, համակարգչի հիշողության և այլ միջոցների մեջ գրանցում և պահպանում, ինչպես նաև ակնհայտ սխալների ճշգրտում, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված.

բ) արխիվային նպատակների համար, ինչպես նաև համակարգչային ծրագրի օրինակի կորստյան, ոչ պիտանի լինելու դեպքում` պահեստային օրինակի նախնական պատճենահանում` եթե այն հատկապես չի արգելված:

Համակարգչային ծրագրի լիաբեռնման, ցուցադրման, գործառնությունների հաղորդման կամ հիշողության մեջ գրանցման նպատակով հեղինակը կամ օրինակի օգտագործման իրավունք ունեցող այլ անձը կարող է առանց համակարգչային ծրագրի սեփականության իրավունք ունեցող անձի թույլտվության ծանոթանալ, ուսումնասիրել, հետազոտել համակարգչային ծրագրի հիմքում ընկած գաղափարներն ու սկզբունքները:

Տեղեկատվություն ստանալու նպատակով հեղինակին կամ օգտագործման իրավունք ունեցող այլ անձին թույլատրվում է համակարգչային ծրագրի ազատ ապաբանաքաղում (դեկոմպիլյացիա)` կոդն ընդօրինակելու և նոր ձևի թարգմանելու համար:

 

Հոդված 19. Ծառայողական երկի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Ծառայողական հանձնարարությամբ ստեղծված երկի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է երկը ստեղծող հեղինակին:

Ծառայողական երկն օգտագործելու իրավունքը պատկանում է այն անձին, ում հանձնարարությամբ ստեղծվել է երկը (գործատու), եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Գործատուն կամ երկը թողարկող անձն իրավասու է ծառայողական երկի ցանկացած օգտագործման դեպքում նշել իր անունը կամ անվանումը կամ պահանջել նման նշում:

Ծառայողական երկի յուրաքանչյուր օգտագործման համար հեղինակային վարձատրության չափն ու վճարման կարգը որոշվում է հեղինակը և գործատուի միջև կնքված պայմանագրով:

Հեղինակի կողմից երկը ներկայացնելու պահից տասը տարի անցնելուց հետո, իսկ պատվիրատուի համաձայնության դեպքում` ավելի վաղ, երկը օգտագործելու և հեղինակային վարձատրություն ստանալու իրավունքը լիովին անցնում է հեղինակին` անկախ կնքված պայմանագրից:

Հեղինակն իրավասու է օգտագործել իր երկը` ծառայողական հանձնարարությամբ չպայմանավորված ցանկացած եղանակով:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի ու ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:

 

Հոդված 20. Տեսալսողական երկի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Տեսալսողական ամբողջական երկի հեղինակներն են բեմադրող ռեժիսորը, սցենարի հեղինակը, հատկապես տվյալ տեսալսողական երկի համար ստեղծված երաժշտական երկի հեղինակը (տեքստով կամ առանց տեքստի), բեմադրող օպերատորը: Նշված հեղինակների համաձայնությամբ համահեղինակներ կարող են համարվել նաև տվյալ երկում օգտագործված այլ երկերի հեղինակները:

Տեսալսողական երկի ստեղծումը կազմակերպող անձը չի կարող լինել տվյալ երկի հեղինակ:

Երկի հեղինակներից յուրաքանչյուրը պահպանում է իր երկի նկատմամբ հեղինակային իրավունքը և կարող է այն օգտագործել ինքնուրույն` տեսալսողական ամբողջական երկից անկախ, եթե տեսալսողական երկի ստեղծումը կազմակերպող անձի հետ կնքված պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Տեսալսողական երկի ստղծման պայմանագրի համաձայն հեղինակները երկի օգտագործման իրավունքը փոխանցում են երկի ստեղծումը կազմակերպողին:

Տեսալսողական երկի հրապարակային կատարման ժամանակ երկի հեղինակները պահպանում են տվյալ երկի յուրաքանչյուր հրապարակային կատարման կամ օրինակները վարձույթով տալու դեպքում հեղինակային վարձատրություն ստանալու իրենց իրավունքները:

Տեսալսողական երկի ստեղծումը կազմակերպող անձն իրավասու է այդ երկի ցանկացած օգտագործման դեպքում նշել իր անունը կամ անվանումը, կամ պահանջել նման նշում:

Առանց հեղինակների և գույքային իրավունքներ կրող այլ անձանց համաձայնության արգելվում է տեսալսողական երկի միակ տարբերակի (բնօրինակի կամ նեգատիվի) ոչնչացումը:

 

Հոդված 21. Կերպարվեստի երկի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Հեղինակային իրավունքի գործողության ժամկետում հեղինակը կամ նրա մահից հետո իրավահաջորդը օգտվում է հեղինակի կողմից վաճառված կերպարվեստի երկի բնօրինակի աճուրդի, պատկերասրահների, սրահների, խանութների և այլնի միջոցով յուրաքանչյուր հաջորդ վաճառքի գնի հինգ տոկոսը ստանալու անօտարելի իրավունքից:

Երկի սեփականատերը երկը հետագայում շահութաբեր օգտագործելիս պարտավոր է ունենալ հեղինակի թույլտվությունը և վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված դրույքաչափերից ոչ պակաս վարձատրություն:

Կերպարվեստի երկի հեղինակն իրավասու է երկի սեփականատիրոջից պահանջել հնարավորությունների ապահովում` իր երկի վերարտադրման իրավունքի իրականացման համար, ընդ որում երկի սեփականատերը պարտավոր չէ երկը հասցնել հեղինակին:

 

Հոդված 22. Ժողովածու երկի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Ժողովածու երկ կազմողին է պատկանում ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող նյութերի ընտրության և տեղադրման հեղինակային իրավունքը:

Ժողովածու երկ կազմողին է պատկանում ամբողջական երկն օգտագործելու հեղինակային իրավունքը:

Ժողովածու երկ կազմողի հեղինակային իրավունքը չպետք է վնասի ժողովածուի մեջ ընդգրկված երկի հեղինակների իրավունքներին:

Ժողովածուի մեջ ընդգրկված երկերի հեղինակներն իրավասու են իրենց երկերն օգտագործել առանձին, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Ժողովածու երկի մեջ ընդգրկված ստեղծագործությունն այլ անձանց կողմից կարող է օգտագործվել նաև մեկ այլ ժողովածու երկի մեջ:

 

Հոդված 23. Ածանցյալ երկի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Ածանցյալ երկի հեղինակ են այլ երկեր վերամշակողները, թարգմանիչները, ժողովածուներ և այլ կազմածո երկեր ստեղծողները:

Ածանցյալ երկի հեղինակին է պատկանում իր աշխատանքի արդյունքն օգտագործելու հեղինակային իրավունքը:

Ածանցյալ երկի նկատմամբ հեղինակային իրավունքը չպետք է վնասի թարգմանության, վերափոխման, վերադաշնակման կամ այլ վերամշակման ենթարկված երկի հեղինակի իրավունքներին:

Միևնույն երկը կարող է թարգմանվել կամ վրամշակվել նաև այլ անձանց կողմից:

 

Հոդված 24. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Հարցազրույցի ձայնագրության կամ տեսագրության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է ինչպես հարցազրույց տվող անձին, այնպես էլ հարցազրույց անցկացնող և ձայնագրող կամ տեսագրող անձին` որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն:

i

Ձայնագրության կամ տեսագրության հրապարակումը թույլատրվում է միմիայն հարցազրույց տվող անձի համաձայնությամբ:

 

i
Հոդված 25. Կոլեկտիվ երկի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Հանրագիտարաններ, բառարաններ, գիտական աշխատությունների պարբերական և շարունակական ժողովածուներ, թերթեր, ամսագրեր և այլ պարբերականներ հրատարակող անձինք ունեն կոլեկտիվ երկն ամբողջությամբ օգտագործելու բացառիկ իրավունք: Այդ անձինք իրավասու են նշել իրենց անունը (պարբերականի անվանումը) կամ պահանջել նման նշում` տվյալ կոլեկտիվ երկի ցանկացած օգտագործման դեպքում:

Կոլեկտիվ երկի մեջ ընդգրկված երկերի հեղինակները պահպանում են իրենց երկերն առանձին օգտագործելու և տնօրինելու բացառիկ իրավունքները, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Կոլեկտիվ երկի ստեղծումը կազմակերպող անձը չի կարող լինել տվյալ երկի հեղինակ:

 

i
Հոդված 26. Հեղինակային իրավունքի ժառանգումը և գործողության ժամկետը

 

Հեղինակի գույքային իրավունքները փոխանցվում են ժառանգաբար:

Հեղինակն իրավասու է կտակով սահմանված կարգով նշել այն անձին, ում փոխանցում է երկի նկատմամբ հեղինակային իրավունքը` իր մահից հետո: Կտակով նշված լիազորություններն այդ անձը իրականացնում է օրենքով սահմանված ժամկետում:

Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի ամբողջ կյանքի ընթացքում և նրա մահից հետո 50 տարի` հաշված հեղինակի մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:

Երկի նկատմամբ գույքային իրավունք կրող իրավաբանական անձի հեղինակային իրավունքը գործում է 50 տարի` հաշված երկն առաջին անգամ լույս ընծայվելուն հաջորդող տարվա հունվարի 1-ից, իսկ եթե երկը լույս չի ընծայվել, ապա ստեղծման տարեթվից:

Անհայտ կամ կեղծանունով հանդես եկող հեղինակի կողմից հրատարակված երկի նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է 50 տարի` հաշված երկն առաջին անգամ լույս ընծայվելուն հաջորդող տարվա հունվարի 1-ից:

Եթե անհայտ կամ կեղծանունով հանդես եկող հեղինակը 50 տարվա ընթացքում բացահայտվում է, կիրառվում է սույն հոդվածի երրորդ մասի դրույթը:

Հեղինակի մահից հետո 30 տարվա ընթացքում առաջին անգամ լույս ընծայված երկի նկատմամբ գույքային իրավունքը գործում է 50 տարի` հաշված երկն առաջին անգամ լույս ընծայվելուն հաջորդող տարվա հունվարի 1-ից:

Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները պահպանվում են անժամկետ: Հեղինակի մահից հետո երկի անձեռնմխելիության պաշտպանությունն իրականացնում են նրա ժառանգները, եթե կտակով այլ բան չի նախատեսված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձինք:

Հեղինակի գույքային իրավունքների պահպանության ժամկետը լրանալու դեպքում երկը դառնում է հանրության սեփականություն:

 

Հոդված 27. Գույքային իրավունքների փոխանցումը հեղինակային պայմանագրերով

 

Հեղինակային պայմանագիրը կարգավորում է հեղինակի կամ հեղինակային իրավունքը կրող այլ անձի ու օգտագործողի փոխհարաբերությունները և կողմերի համար իրավաբանական երաշխիք է:

Հեղինակային պայմանագիրը կարող է կնքվել ինչպես պատրաստի երկի, այնպես էլ այն երկի վերաբերյալ, որը հեղինակը պարտավորվում է ստեղծել (պատվերային պայմանագիր):

Հեղինակային պայմանագիր է համարվում նաև հեղինակի կամ նրա իրավահաջորդների կողմից կնքված պայմանագիրը` երկը որոշակի սահմաններում օգտագործելու թույլտվության մասին (հեղինակային լիցենզիոն պայմանագիր):

Գույքային իրավունքների փոխանցումը և երկն օգտագործելու համար թույլտվությունը ձևակերպվում են հեղինակային (բացառիկ կամ ոչ բացառիկ) պայմանագրով:

Ըստ բացառիկ պայմանագրի բացառիկ իրավունքների փոխանցում և որոշակի եղանակով ու պայմանագրով սահմանված կարգով երկի օգտագործում թույլատրվում է այն անձին, որին փոխանցվում են այդ իրավունքները: Վերջինս կարող է արգելել երկի օգտագործումն այլ անձանց կողմից:

Ոչ բացառիկ պայմանագիրը թույլատրում է օգտագործողին երկն օգտագործել միայն պայմանագրով հաստատված սահմաններում:

Երկի օգտագործման յուրաքանչյուր եղանակի համար հեղինակային իրավունքը կրող անձի թույլտվությունը պարտադիր է:

 

Հոդված 28. Հեղինակային պայմանագրի պայմաններն ու ձևերը

 

Հեղինակային պայմանագրում նշվում են երկն օգտագործելու եղանակները, իրավունքի փոխանցման ժամկետն ու տարածքը, վարձատրության չափը կամ վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական: Պայմանագրում չեն կարող նշվել հեղինակային իրավունքը սահմանափակող դրույթներ:

Հեղինակային պայմանագրում տարածքի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում, պայմանագրով փոխանցվող իրավունքը գործում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Հեղինակային պայմանագրով փոխանցվող իրավունքի ժամկետի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում հեղինակն իրավունք ունի պայմանագիր կնքելու օրվանից հինգ տարի անց հրաժարվել պայմանագրից` այդ մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին վեց ամիս առաջ:

Երկն օգտագործելու վերաբերյալ հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ հեղինակի:

Հեղինակային պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:

Պարբերական հրատարակություններում և հանրագիտարաններում երկը հրապարակելու վերաբերյալ պայմանագրեր կնքելիս գրավոր ձևը պարտադիր չէ:

Հեղինակային լիցենզիոն պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է` հեղինակային իրավունքի գործողության ժամկետը լրանալու պահից:

Անկախ պայմանագրում նշված ժամկետից երկի հեղինակը կամ նրա իրավահաջորդը իրավունք ունի պայմանագրի կնքման պահից 10 տարի անց միակողմանի հրաժարվել պայմանագրից` այդ մասին 6 ամիս առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին: Հեղինակը կամ նրա իրավահաջորդը նման իրավունք ձեռք է բերում յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ:

Պայմանագրում կարող են նախատեսվել երկի օգտագործման այնպիսի ժամկետներ, որոնց խախտումն առաջացնում է պայմանագրի միակողմանի լուծման իրավունք:

 

i
Հոդված 29. Հեղինակային պայմանագրի խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը

 

Այն կողմը, որը չի կատարել հեղինակային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պետք է փոխհատուցի մյուս կողմին պատճառած վնասը` ներառյալ կորցրած օգուտը:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

Հոդված 30. Հարակից իրավունքների սուբյեկտները

 

Հարակից իրավունքների սուբյեկտներն են կատարողները, հնչյունագիր ստեղծողները, հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունները:

 

Հոդված 31. Հարակից իրավունքների պահպանման կարգը

 

Կատարողներն իրենց իրավունքներն իրականացնելիս պետք է պահպանեն երկի նկատմամբ հեղինակային իրավունքները: Հնչյունագիր ստեղծողներն ու հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունները պարտավոր են պահպանել հեղինակների և կատարողների իրավունքները: Հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունները պարտավոր են պահպանել հնչյունագիր ստեղծողների իրավունքները:

Հարակից իրավունքների առաջացման ու իրագործման համար չի պահանջվում որևէ ձևականության պահպանում: Հնչյունագիր ստեղծողները և կատարողներն իրենց հարակից իրավունքների պահպանման նպատակով կարող են հնչյունագրի կամ դրա փաթեթի վրա դնել հարակից իրավունքների պահպանման նշանը, որն իրենից ներկայացնում է լատինական «P» տառը, վերցված շրջանակի մեջ, հարակից իրավունքների տիրոջ անունը և հնչյունագրի լույս ընծայման տարեթիվը:

 

Հոդված 32. Հարակից իրավունքների պահպանության պայմանները

 

Կատարողների իրավունքները պահպանվում են սույն օրենքով, եթե`

ա) կատարողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

բ) առաջին կատարումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում.

գ) կատարումը գրանցված է հնչյունագրի վրա և հնչյունագիր ստեղծողի իրավունքները պահպանվում են սույն հոդվածի երկրորդ մասով.

դ) կատարումը գրանցված չէ հնչյունագրի վրա, բայց ընդգրկված է հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների մեջ և վերջիններիս իրավունքները պահպանվում են սույն հոդվածի երրորդ մասով:

Հնչյունագիր ստեղծողի իրավունքները պահպանվում են սույն օրենքով, եթե`

ա) հնչյունագիր ստեղծողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ իրավաբանական անձ է, կամ էլ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ.

բ) հնչյունագիրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության տարածքում` առաջին անգամ կամ այլ վայրում առաջին անգամ հրապարակվելուց հետո 30 օրվա ընթացքում.

գ) հնչյունագրի առաջին ամրագրումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հաղորդումներ հեռարձակող կազմակերպության իրավունքները պահպանվում են սույն օրենքով, եթե այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում ունի հաղորդումներ հեռարձակելու համար պաշտոնապես հատկացված տարածք և հաղորդումները հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված հաղորդիչներով:

 

Հոդված 33. Կատարողի իրավունքները

 

Կատարողի բացառիկ իրավունքն է թույլատրել կամ արգելել իր կատարումների հրապարակային հաղորդումները, նախկինում չգրանցված իր կատարումների գրանցումը նյութակիրների վրա, ինչպես նաև կատարումների վերարտադրումը, վաճառքի միջոցով տարածումը կամ մեկ այլ անձին փոխանցումը:

Կատարողի բացառիկ իրավունքները պայմանագրային կարգով կարող են փոխանցվել այլ անձանց: Պայմանագրում նշվում են կատարման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրման չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը և այլն:

Կատարողն ունի անունի, իր կատարումները հնարավոր աղավաղումից պաշտպանելու և կատարումների օգտագործման դեպքում իր անվան հիշատակումը պահանջելու անձնական ոչ գույքային իրավունքներ:

Այն դեպքում, երբ կատարումն օգտագործվում է տեսալսողական երկում, տեսալսողական երկի թողարկումն իրականացնող կազմակերպության ու կատարողի փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով:

Եթե կատարողն իր կատարման առաջին ամրագրումն իրականացնելիս հնչյունագիր ստեղծողին թույլ է տալիս կատարման հետագա վերարտադրությունը, ապա վերջինս ձեռք է բերում նաև կատարման օրինակի տնօրինման իրավունքը, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

 

Հոդված 34. Հնչյունագիր ստեղծողի իրավունքները

 

Հնչյունագիր ստեղծողին է պատկանում հնչյունագրի վերարտադրությունը թույլատրելու կամ արգելելու, հանրության մեջ տարածելու, հնչյունագրի օրինակներն արտահանումից, վաճառքից, կրկնօրինակումից և այլ կարգի օգտագործումից պաշտպանելու իրավունքը:

Հնչյունագիր ստեղծողի բացառիկ իրավունքները պայմանագրային կարգով կարող են փոխանցվել այլ անձանց: Պայմանագրում նշվում են հնչյունագրի օգտագործման վայրն ու եղանակները, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության, հնչյունագրի օգտագործման ժամկետը և այլն:

 

Հոդված 35. Հաղորդումներ հեռարձակող կազմակերպության իրավունքները

 

Հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի թույլատրել կամ արգելել իր կողմից հեռարձակված նյութերի հրապարակային վերարտադրումը, նյութակիրների վրա գրանցումը, վերարտադրումը և այլ նմանատիպ գործողությունների կատարումը:

Հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի իր հաղորդման օգտագործման դեպքում ստանալ վճար:

 

Հոդված 36. Կատարողի, հնչյունագիր ստեղծողի, հաղորդումներ հեռարձակող կազմակերպության իրավունքների սահմանափակումը

 

Առանց կատարողի, հնչյունագիր ստեղծողի և հաղորդումներ հեռարձակող կազմակերպության համաձայնության և վարձատրության, թույլատրվում է օգտագործել կատարումը, հնչյունագիրը և հաղորդման ծրագիրը սույն օրենքի 13-18 հոդվածներով սահմանված կարգով, եթե նման օգտագործումն անհիմն կերպով չի սահմանափակում կատարողի, հնչյունագիր ստեղծողի և հաղորդումներ հեռարձակող կազմակերպության օրինական շահերը:

 

Հոդված 37. Կոմերցիոն նպատակով ստեղծված հնչյունագրի օգտագործումը

 

Առանց հնչյունագիր ստեղծողի և տվյալ հնչյունագրի վրա գրանցված կատարման հեղինակի համաձայնության, սակայն վարձատրության պայմանով, թույլատրվում է կոմերցիոն նպատակով ստեղծված հնչյունագրի հրապարակային օգտագործումը, հաղորդումը եթերում, հաղորդումը հաղորդագծով:

Վարձատրության վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում հասանելիք գումարը հնչյունագիր ստեղծողի ու կատարողի միջև բաշխվում է հավասարաչափ:

 

Հոդված 38. Հարակից իրավունքների գործողության ժամկետը

 

Կատարողների գույքային իրավունքները պահպանվում են կատարման առաջին գրանցումից կամ ներկայացումից հետո` 50 տարվա ընթացքում: Կատարողների անձնական ոչ գույքային իրավունքները պահպանվում են անժամկետ:

Հնչյունագիր ստեղծողի իրավունքները պահպանվում են հնչյունագրի առաջին հրապարակումից հետո` 50 տարվա ընթացքում, իսկ եթե այն չի հրապարակվել, ապա առաջին ձայնագրումից կամ առաջին գրանցումից հետո` 50 տարվա ընթացքում:

Հաղորդումներ հեռարձակող կազմակերպության իրավունքները պահպանվում են եթերում կամ հաղորդագծով տրված առաջին հաղորդումից հետո` 50 տարվա ընթացքում:

Սույն հոդվածով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերում նշված իրավաբանական փաստերին հաջորդող տարվա հունվարի 1-ից:

Կատարողի, հնչյունագիր ստեղծողի և հաղորդումներ հեռարձակող կազմակերպության իրավահաջորդներին սահմանված կարգով փոխանցվում է կատարումը, հնչյունագիրը, եթերային կամ հաղորդագծով հաղորդումների օգտագործումը թույլատրելու կամ արգելելու իրավունքը, ինչպես նաև սույն հոդվածով նախատեսված ժամկետների մնացած մասի սահմաններում վարձատրություն ստանալու իրավունքը:

 

ԳԼՈՒԽ 4. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 39. Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպությունների ստեղծումը

 

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանումը և պաշտպանությունն իրականացնելու նպատակով կարող են ստեղծվել գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությունն իրականացնելիս պետք է հիմնվեն հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրող անձանց կողմից տրված լիազորությունների և սահմանված կարգով հաստատված կանոնադրությունների վրա:

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպության կանոնադրությունն իր մեջ պետք է բովանդակի սույն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող դրույթները:

Նշված կազմակերպության գործունեությունը ղեկավարում են հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողները, ում գույքային իրավունքները կառավարում է այդ կազմակերպությունը: Վարձատրության չափի և օգտագործման համար թույլտվություն տալու պայմանների, գանձված գումարի բաշխման ու վճարման եղանակների, ինչպես նաև այլ սկզբունքային հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը իրականացվում է բացառապես հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողների կողմից` կոլեկտիվ հիմունքներով:

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է այդ կազմակերպության գրանցումն իրականացնող պետական մարմինը (կամ հատուկ լիազորված պետական մարմինը):

 

Հոդված 40. Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպության գործունեությունը

 

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպության լիազորությունները տրվում են հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողների կողմից կամավոր` այդ կազմակերպության անդամակցության կամ պայմանագրի հիման վրա ինչպես նաև համանման իրավունքներ կառավարող օտարերկրյա կազմակերպություններում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ համապատասխան համաձայնագրերով:

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպությունն իրեն տրված լիազորությունների սահմաններում թույլատրում է օգտագործողներին երկը և հարակից իրավունքների օբյեկտը համապատասխան եղանակով օգտագործել: Օգտագործման պայմանները միևնույն կատեգորիայի բոլոր օգտագործողների համար պետք է լինեն միատեսակ: Կազմակերպությունն առանց բավարար հիմքի իրավունք չունի արգելել երկի կամ հարակից իրավունքների օբյեկտի օգտագործումը:

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպությունն իրավունք ունի երկը և հարակից իրավունքների օբյեկտը օգտագործողներից պահանջել դրանց օգտագործմանը վերաբերող այն փաստաթղթերի ներկայացումը, որտեղ նշվում են վճարվող գումարի հավաքման և բաշխման համար անհրաժեշտ ճշգրիտ տվյալները:

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ու հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողների կողմից տրված լիազորությունների շրջանակներում, վերջիններիս գույքային իրավունքները պաշտպանելու նպատակով իրավասու են համաձայնեցնել օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ:

 

i
Հոդված 41. Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպությունների գործառույթները և պարտականությունները

 

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպությունները հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողների կողմից տրված լիազորությունների սահմաններում իրականացնում են հետևյալ գործառույթները և պարտականությունները`

ա) հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտն օգտագործելու համար տալիս են արտոնագիր, կողմերի հետ համաձայնեցնելով վարձատրության չափը և օգտագործման պայմանները: Արտոնագրային համաձայնագիրը խախտելու դեպքում օգտագործողին զրկում են օբյեկտն օգտագործելու իրավունքից.

բ) գանձում, բաշխում և վճարում են հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողներին հասանելիք գումարը.

գ) գանձում, բաշխում և վճարում իրականացնելիս առաջացած փաստացի ծախսերը ծածկելու համար գանձված գումարից սահմանված կարգով կատարում են մասհանում.

դ) պահպանվող և չպահպանվող օբյեկտների միաժամանակյա օգտագործման դեպքում, երբ հնարավոր չէ չգանձել չպահպանվող օբյեկտի օգտագործման դիմաց, գումարի այդ մասը փոխանցում են իրենց կողմից ստեղծված համապատասխան ստեղծագործական հիմնադրամներ, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` պետական բյուջե.

i

ե) հեղինակի կամ հեղինակային իրավունք կրող անձի կողմից քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետում չպահանջված գումարը օգտագործում են ի շահ հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողների.

զ) սույն օրենքով նախատեսված խնդիրներն իրականացնելու նպատակով կատարում են ցանկացած իրավաբանական գործողություն.

է) հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողներին օգտագործված օբյեկտների դիմաց հասանելիք գումարի վճարման հետ միաժամանակ ներկայացնում են հաշվետվություն` օբյեկտների օգտագործման վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 42. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտումը

 

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Սույն օրենքին հակասող յուրաքանչյուր գործողություն համարվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտում: Նման խախտման հետևանքով ստեղծված օրինակը համարվում է նմանակված (կոնտրաֆակտ):

Նմանակված օրինակ է համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով պահպանվող երկի և հնչյունագրի այն օրինակը, որն առանց հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողների համաձայնության Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում այլ պետություններից, որտեղ այդ երկն ու հնչյունագիրը երբեք չեն պահպանվել կամ դադարել են պահպանվելուց:

 

Հոդված 43. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը

 

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կրողն իր իրավունքները պաշտպանելիս կարող է պահանջել`

ա) իր իրավունքների ճանաչում.

բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող իրավիճակի վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.

գ) նմանակված օրինակը, դրա բռնագրավում կամ ոչնչացում.

i

դ) վնասի հատուցում, ներառյալ կորցրած օգուտը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

Հեղինակային իրավունք կամ հարակից իրավունքներ կրողի պահանջները չբավարարելու դեպքում իրավունքները կարող են պաշտպանվել դատական կարգով:

 

i
Հոդված 44. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հայցի ապահովման միջոցները

 

Դատարանը կամ դատավորը գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կարող է հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել` արգելանք դնել երկերի և հնչյունագրերի ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, արգելել որոշակի գործողություններ:

i

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այնպիսի խախտման մասին բավարար տվյալների առկայության դեպքում, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք քաղաքացիական հայցի ապահովման համար օրենսդրությամբ լիազորված իրավապահ մարմինները պարտավոր են միջոցներ ձեռնարկել` կալանք դնել ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանք առգրավել և ի պահ հանձնել:

 

ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 45. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

i

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի /հաստատված 1964 թվականի հունիսի 4-ին/ IV հատվածի գործողությունը` փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

27 մայիսի 1996 թ.

ՀՕ-57

 

 

pin
ՀՀ 13.05.1996
N ՀՕ-57 օրենք