040.0144.250213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2013 թվականի N 144-Ն
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը և 29-րդ հոդվածը` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին դրույթների կիրարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
i
1) «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն 2013 թվականի հունվարի 1-ից հետո վճարում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի հաշվին.
i
2) եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն ժամանակավոր անաշխատունակության նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի գումարի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշմամբ սահմանված լիազոր մարմինը` հարկային մարմնի հաստատած տեղեկանքի հիման վրա, որում արտացոլվում են`
ա. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը,
բ. ժամանակավոր անաշխատունակության նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարը,
գ. ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը),
դ. փոխհատուցման ենթակա ծախսի գումարը,
ե. կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կազմակերպության կնիքը,
զ. հարկային տեսչության ղեկավարի ստորագրությունը և հարկային տեսչության կնիքը.
3) 2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` որպես եկամուտ հաշվառվում է հաշվարկային ժամանակահատվածի`
ա. 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող` 2012 թվականին նախորդող ամիսների)` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը,
բ. 2013 թվականի ամիսների` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը,
գ. ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.
i
4) 2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը.
5) եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է 2012 թվականին, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս)` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով սահմանված` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը.
i
6) եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է 2013 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս)` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով սահմանված դեպքերում, որպես նվազագույն ամսական աշխատավարձ, հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող եկամտային հարկի հանրագումարը.
7) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը (այդ թվում` 2012 թվականի դեկտեմբեր ամսվա պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին) վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը հարկվում է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
i
8) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը գործատուի կատարած` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությամբ սահմանված միջոցները փոխհատուցվում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ