(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենքով)
010.0266.301298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«14» դեկտեմբերի 1998 թ.
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի`
ա) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Գործատուները սոցիալական վճարումները կատարում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ 28 տոկոսի չափով, բայց յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական ոչ պակաս 2500 և ոչ ավելի 20 հազար դրամից:
2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, բայց ամսական ոչ ավելի 2500 դրամից, որոնց պահումները կատարում և լիազորված մարմին են փոխանցում գործատուները:».
i
բ) 4-րդ կետում «նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունվեցապատիկը» բառերը փոխարինել «150 հազար դրամ» բառերով.
i
գ) 5-րդ կետում «ամսական նվազագույն աշխատավարձի մեկուկեսից ոչ պակաս և տասներեքից ոչ ավելի չափով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ամիս ոչ պակաս 1500 և ոչ ավելի 20 հազար դրամի չափով» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 6 հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0,2 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար:»:
Հոդված 3. Օրենքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հոդված 7. Ավել վճարված սոցիալական վճարները ապահովադրին
վերադարձնելու կարգը
Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, ապահովադրի համաձայնությամբ` առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին` դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում, որից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար լիազորված մարմինը վճարում է տույժ` վերադարձման ենթակա գումարի 0,2 տոկոսի չափով:»:
Հոդված 4. Օրենքի 9 հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ա) գործատուների մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռներեցների, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձանց մոտ` սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.»:
Հոդված 5. Օրենքի 10 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են որպես ապահովադիր գրանցվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13 հոդվածով`
i
«Հոդված 13. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-266