040.0048.260110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2010 թվականի N 48-Ն
i
ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ)` ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ` ՄԻՋԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կամավոր վերադարձի մասին դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 21-ի
N 48-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ)` ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ` ՄԻՋԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են կամավոր վերադարձի մասին դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության հետ կապված հարաբերությունները:
i
2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողները կամ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձինք իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցություն ստանալու համար միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմին (այսուհետ` լիազոր մարմին) են ներկայացնում գրավոր դիմում: Դիմումի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
3. Ապաստան հայցողները դիմումով միջնորդում են նաև Հայաստանի Հանրապետությունում իրենց ապաստան տալու մասին դիմումի կապակցությամբ լիազոր մարմնում հարուցված վարչական վարույթը կասեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձինք` իրենց որպես փախստական ճանաչելը դադարեցնելու վերաբերյալ:
4. Լիազոր մարմինն ապաստան հայցողներին 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է այն մասին, որ իրենց ապաստան տալու մասին դիմումի կապակցությամբ լիազոր մարմնում հարուցված վարչական վարույթը կկասեցվի նրանց կամավոր վերադարձի պահից:
5. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է այն մասին, որ նրանց որպես փախստական ճանաչելը կդադարեցվի, եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածքը կամավոր լքելուց հետո 3 ամսվա ընթացքում չեն վերադառնա Հայաստանի Հանրապետություն և հետ չեն վերցնի կամավոր վերադարձի մասին դիմումը:
6. Կամավոր վերադարձի մասին դիմումն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում ապաստան հայցողներին կամ փախստականներին իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկրում առկա իրավիճակի մասին մանրամասն և օբյեկտիվ տեղեկություններ ձեռք բերելու համար: Լիազոր մարմինն այդպիսի տեղեկությունները ձեռք է բերում սեփական նախաձեռնությամբ` իր հաշվին (ինտերնետային կայքերի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների հրապարակումներից) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, հասարակական կազմակերպությունների և այլ մարմինների հետ համագործակցությամբ:
7. Լիազոր մարմինը ձեռք բերված բոլոր տեղեկությունները տրամադրում է ապաստան հայցողներին կամ փախստականներին:
i
8. Եթե լիազոր մարմինը ձեռք բերված տեղեկությունների հիման վրա գտնում է, որ ապաստան հայցողի կամ փախստականի վերադարձն իր քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր անվտանգ չէ, ապա լիազոր մարմինը դրա մասին տեղեկացնում է ապաստան հայցողին կամ փախստականին և անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ կամ վիզա ստանալու հարցում նրան աջակցում է միայն այն դեպքում, եթե ապաստան հայցողը կամ փախստականը տալիս են գրավոր համաձայնություն այն մասին, որ թեև ինքը տեղեկացվել է, որ կամավոր վերադարձն անվտանգ չէ, սակայն ցանկանում է կամավոր վերադառնալ իր քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր: Գրավոր համաձայնության օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, լիազոր մարմնի միջնորդության հիման վրա, 3-օրյա ժամկետում դիմում է ապաստան հայցողների քաղաքացիության կամ հիմնական բնակության երկրների դեսպանություններին` այդ անձանց անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթեր տալու հարցում աջակցելու խնդրանքով:
10. Եթե ապաստան հայցողի կամ փախստականի` իր քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր վերադարձը հնարավոր է միայն երրորդ` միջանցիկ երկիր մուտք գործելու միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, լիազոր մարմնի միջնորդության հիման վրա, 3-օրյա ժամկետում դիմում է երրորդ` միջանցիկ երկրի դեսպանությանը` այդ անձին վիզա տրամադրելու խնդրանքով:
11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապաստան հայցողներին կամ փախստականներին` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության հարցերում իր կողմից ձեռնարկված միջոցների արդյունքների մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է լիազոր մարմնին:
12. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները ձեռք բերելուց հետո 3-օրյա ժամկետում` ապաստան հայցողներին կամ փախստականներին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն և նրանց ուղղորդում համապատասխան մարմիններ` ճամփորդական փաստաթղթեր և վիզա ստանալու համար: