020.0057.230597
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 մայիսի 1997թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Դարբինյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու մասին:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 22-ին` Լյուքսեմբուրգ քաղաքում, տասը տարի նախնական գործողության ժամկետով: Գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն տարի, քանի դեռ Կողմերից որևէ մեկը դրա ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնի համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին:
Համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունը Կողմերի միջև` տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում: Պայմանավորվող կողմերը համաձայնել են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են. կանոնավոր քաղաքական երկխոսության հաստատումը, ապրանքային առևտուրը, ձեռնարկատիրական գործունեությունը և ներդրումները, ապօրինի գործողությունների և անօրինական ներգաղթի կանխման ու վերահսկման հարցերով համագործակցությունը, տեխնիկական օգնության բնագավառում ֆինանսական համագործակցությունը: Համաձայնագրի Կողմերը պարտավորվել են համագործակցել նաև այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են` գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մաքսային, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ոլորտները և այլն:
Համաձայնագիրը նպատակ ունի նաև բարենպաստ պայմաններ ստեղծել մի Կողմի քաղաքացիների ու ընկերությունների համար` մյուս Կողմի անդամ պետությունների տարածքում կապիտալ ներդրումներ իրականացնելիս:
Համաձայնագրի առանձնահատկությունն այն է, որ մեկ փաստաթղթով Հայաստանի Հանրապետության և մեծ թվով եվրոպական պետությունների միջև միջպետական հարաբերությունների տարբեր ոլորտներում սահմանվում է բարենպաստության ռեժիմ:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի պահանջներից, համաձայն որի «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ համաձայնագրի 4, 29, 30, 32 և մի շարք այլ հոդվածներում, ինչպես նաև հավելվածներում տեղ են գտել ոչ հստակ ձևակերպումներ և այլ լեզուներով կազմված տեքստերի հետ անհամապատասխանություններ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
23 մայիսի 1997թ.
ՍԴՈ - 57