040.1421.190902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1421-Ա
«ՋԵՐՄՈՒԿԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ջերմուկի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 123839000 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Կեչուտ թաղամաս) փոխանակել Ջերմուկի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող N 3 նախադպրոցական հիմնարկի` 9375000 դրամ հաշվեկշռային արժեքով երկու մասնաշենքի հետ (Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Ձախափի թաղամաս)` օրենքով սահմանված կարգով համապատասխանաբար փոփոխելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Շենքերի փոխանակման համար որպես պարտադիր պայմաններ սահմանել, որ`
ա) «Ջերմուկի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության 6000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով շենքը Ջերմուկի քաղաքապետարանի կողմից օգտագործվելու է որպես բնակելի ֆոնդ` Ջերմուկի քաղաքային համայնքի բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին հատկացնելու համար.
բ) Ջերմուկի քաղաքապետարանի N 3 նախադպրոցական հիմնարկի 576,2 քառակուսի մետր ընդհանուր տարածքով 2 մասնաշենքը Վայոց ձորի մարզպետարանի կողմից օպտիմալացման և շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվում է «Ջերմուկի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` ստացիոնար և ամբուլատոր ծառայություններ իրականացնելու համար:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Ջերմուկի քաղաքապետի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի փոխանակության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` համապատասխանաբար «Ջերմուկի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության և Ջերմուկի քաղաքապետարանի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 556 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնում`
i
ա) «Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն» ենթաբաժնի 3-րդ կետի առաջին պարբերությունը «առաջարկվում է» բառից հետո լրացնել «Ջերմուկ քաղաքում ունենալ 1 բազմապրոֆիլային հիվանդանոց` ամբուլատոր և ստացիոնար ծառայություններով» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել երկրորդ և երրորդ պարբերությունները.
գ) հանել չորրորդ պարբերության աղյուսակի «Ջերմուկի ԱԿ-15» տողը:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ