ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
9 հունիսի 2023 թվականի N 579-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԵԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 258-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգը և պայմանները` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը` համաձայն հավելված 2-ի:
3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների քանակ սահմանել հարյուր միավորը:
4. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորները, սույն հրամանի 5-րդ կետի պայմանների ապահովման դեպքում, հատկացվում են ստորև նշված դեպքերում և քանակով.
1) Մաքսային ձևակերպումների տվյալ մասնագետի կողմից տվյալ տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացված յուրաքանչյուր մաքսային հայտարարագրի համար, որի հիման վրա տեղի է ունեցել ապրանքների բացթողում, տվյալ մասնագետին հատկացվում է 0.5 միավոր,
2) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացներին տվյալ տարում մասնակցելու համար տվյալ մասնագետին հատկացվում է 20 միավոր,
3) տվյալ տարում մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների ամփոփիչ քննության ընթացքում տրված յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տվյալ մասնագետին հատկացվում է 2.3 միավոր:
5. Սույն հրամանի 4-րդ կետում հիշատակված միավորների հատկացման պայմաններ են հանդիսանում.
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքով միավորներ հատկացվում են, եթե տվյալ տարվա ընթացքում մաքսային ձևակերպումների տվյալ մասնագետի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացրած բոլոր մաքսային հայտարարագրերի քանակի մեջ այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ տվյալ մասնագետի նկատմամբ, մաքսային իրավախախտում (մաքսային կանոնների խախտում) թույլ տալու համար, նշանակվել է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոց, կազմում են տասը տոկոսից ոչ ավելի.
2) 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հիմքով միավորներ հատկացվում են, եթե տվյալ մասնագետը ներկա է եղել տվյալ դասընթացի բոլոր դասաժամերի առնվազն 95 տոկոսին.
3) 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով միավորներ հատկացվում են, եթե տվյալ քննության ընթացքում մաքսային ձևակերպումների տվյալ մասնագետը ճիշտ է պատասխանել քննական բոլոր հարցերի առնվազն 60 տոկոսին:
6. Սահմանել, որ`
1) Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների հաշվառումն իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչությունը, որն այդ նպատակով օգտվում է իր տրամադրության տակ գտնվող, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այլ ստորաբաժանումներից ստացվող տեղեկատվությունից:
2) Յուրաքանչյուր տարվա համար մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների հաշվառման արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը` սկսած 2024 թվականից:
i
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 26-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման, վերապատրաստման անցկացման կարգերը հաստատելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 354-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 79-Ն հրամանը:
8. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՍՄԲԱՏՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
Պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2023 թ. հունիսի 9-ի
N 579-Ն հրամանի
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու հետ կապված հարցերը:
2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար տարեկան առնվազն երկու անգամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (Այսուհետ` Կոմիտե) կազմակերպում է քննություն (այսուհետ` քննություն):
3. Քննությունն անցկացնում է Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծած հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` սույն կարգի 5-րդ կետում նշված նախապատրաստական դասընթացի ավարտից ոչ շուտ քան 5-րդ և ոչ ուշ քան 15-րդ աշխատանքային օրը:
4. Քննությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող ՀՀ այն քաղաքացիները, որոնք մասնակցել են Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` Ուսումնական կենտրոն) սույն կարգի 5-րդ կետի համապատասխան անցկացված քննության նախապատրաստական դասընթացներին:
5. Ուսումնական կենտրոնը`
1) Յուրաքանչյուր քննության անցկացումից առաջ կազմակերպում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների նախապատրաստական դասընթաց (այսուհետ` դասընթաց)` առնվազն 60 ակադեմիական ժամ (1 ժամը` 45 րոպե) տևողությամբ: Սույն կարգի 4-րդ կետի նպատակներով դասընթացի մասնակից է համարվում դասախոսությունների առնվազն 95%-ին ներկա գտնված անձը:
2) Դասընթացի անցկացման ժամանակահատվածի, գրաֆիկի, վայրի և պայմանների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև քննության անցկացման օրվա, ժամի և վայրի, նախատեսված հարցերի շրջանակի, դասընթացին և քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում են Կոմիտեի պաշտոնական կայք-էջում` դասընթացի մեկնարկից առնվազն 20 օր առաջ:
3) Դասընթացի ավարտի օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում հրապարակում է դասընթացի արդյունքներով քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկը` հաշվի առնելով սույն կետի 1-ին պարբերության պահանջները:
6. Դասընթացին և քննությանը մասնակցելու համար դիմորդները դասընթացի մեկնարկից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ Կոմիտե են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում` Կոմիտեի նախագահի անունով.
2) անձը հաստատող և անձի քաղաքացիության մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի պատճենը.
3) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը,
4) Դասընթացին մասնակցության համար սահմանված վճարի և քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:
7. Քննությունն անցկացվում է երկու փուլով` համակարգչային թեստավորման (այսուհետ` թեստավորում) և մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատման (այսուհետ` հմտությունների գնահատում): Քննությունը դրական հանձնած է համարվում դրա երկու փուլերը դրական հանձնած մասնակիցը:
8. Քննության փուլերն անցկացվում են այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով և տեսաձայնագրող համակարգով:
9. Անձը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մտնել թեստավորման անցկացման համար առանձնացված սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել թեստավորման անցկացման համար նախատեսված ցանկացած տեղ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելու համար նախատեսված ժամանակից 10 (տասը) րոպե առաջ:
10. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում թեստավորման սենյակ ներս բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական կամ էլեկտրոնային սարքեր, աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց: Մասնակիցները պարտավոր են թեստավորման ընթացքում պահպանել սույն կարգի կանոնները: Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը պարտավոր է դադարեցնել մասնակցի հետագա մասնակցությունը թեստավորմանը` գնահատելով նրա աշխատանքը 0 (զրո) միավոր: Մասնակցի կողմից թեստավորման համար սահմանված ժամանակից շուտ թեստավորման սենյակը լքելու դեպքում նրա աշխատանքը համարվում է ավարտված:
11. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 40 (քառասուն) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող ՀՀ միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի իմացությանը:
12. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը, մինչև թեստավորման սկիզբը հայտարարելը, մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին:
13. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 (երեք) կամ 4 (չորս) ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:
14. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:
15. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 80 (ութսուն) րոպե ժամանակ: Թեստավորման ավարտից 10 (տասը) րոպե առաջ մասնակիցներին հիշեցվում է թեստավորման ավարտին մնացած ժամանակի մասին: Սահմանված ժամկետը լրանալուց անմիջապես հետո հայտարարվում է թեստավորման ավարտը, որից հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները:
16. Թեստավորման ընթացքում մասնակիցները դուրս չեն գալիս սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է դուրս գալ սենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է ավարտված:
17. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 (մեկ) միավոր, իսկ սխալը` 0 (զրո): Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը: Թեստավորման արդյունքում մասնակիցը ստանում է գնահատական, որն արտահայտում է ճիշտ պատասխան ստացած հարցերի տեսակարար կշիռն առաջադրանքի հարցերի ընդհանուր քանակում` տոկոսային արտահայտությամբ (0-ից 100 գնահատական):
18. Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
19. Թեստավորման ավարտից հետո Հանձնաժողովի կողմից հայտարարվում են մասնակիցների ստացած գնահատականները: Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին գրավոր` արդյունքները մասնակիցներին հայտարարելուց հետո 1 (մեկ) ժամվա ընթացքում: Բողոքարկումը` թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է: Բողոքարկման գործընթացի ավարտ է համարվում բողոքարկող վերջին մասնակցին բողոքարկման արդյունքների վերաբերյալ գրավոր պատասխանի տրամադրումը: Բողոքարկման գործընթացի ավարտից հետո մասնակիցների ստացած գնահատականները համարվում են վերջնական և կարող են վերանայվել միայն դատական կարգով:
20. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը կամ սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա Հանձնաժողովի կողմից ճշտվում է հարցադրումն ու դրա ճիշտ պատասխանը, որի հիման վրա վերահաշվարկվում են տվյալ հարցադրումն իրենց հարցաթերթիկներում պարունակող բոլոր մասնակիցների միավորները:
21. Թեստավորումն անցկացնելուց և թեստավորման փուլի բողոքարկման գործընթացի ավարտից հետո 1 ժամվա ընթացքում Հանձնաժողովը.
1) կազմում (համակարգից արտատպում) և ստորագրում է թեստավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրությունը, որին կցվում է քննության թեստավորման փուլը հաղթահարած և հմտությունների գնահատման փուլ անցած անձանց ցանկը և
2) քննության անցկացման վայրում հրապարակում է քննության թեստավորման փուլը հաղթահարած և հմտությունների գնահատման փուլ անցած անձանց ցանկը, ինչպես նաև հմտությունների գնահատման փուլի անցկացման օրը և ժամը:
22. Եթե սույն կարգի 21-րդ կետի պահանջների ապահովումից հետո մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը մնում է առնվազն չորս ժամ, ապա նույն օրը սկսվում է քննության հաջորդ` հմտությունների գնահատման փուլը: Հակառակ պարագայում հմտությունների գնահատման փուլ անց է կացվում հաջորդ աշխատանքային օրը:
23. Հմտությունների գնահատման փուլում մասնակիցը պետք է հանձնաժողովի կողմից նախապես պատրաստված` երեք անվանում ապրանքների վերաբերվող փաստաթղթերի փաթեթի հիման վրա մաքսային հայտարարագրման ինքնաշխատ համակարգի թեստային միջավայրում լրացնի և ներկայացնի մաքսային հայտարարագիր, դրան կցի հայտարարագրված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաև արգելքների և սահմանափակումների պահպանումը հիմնավորող փաստաթղթերը, որոնք մասնակիցը պետք է կարողանա ստանալ մեկ պատուհան էլեկտրոնային համակարգի թեստային միջավայրում համապատասխան հայտ ներկայացնելու ճանապարհով: Ընդ որում մասնակցին տրվող փաստաթղթային փաթեթը, ի թիվս այլ տեղեկությունների պետք է պարունակի հայտարարագրման ենթակա ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը և ապրանքի ձեռքբերման գործարքի գնի գնահատման մեթոդով մաքսային արժեքը հաշվարկելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
24. Թեստավորման փուլի համար սույն կարգի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 16-րդ և 19-րդ կետերով սահմանված կանոնները նույնությամբ կիրառվում են նաև հմտությունների գնահատման փուլի համար:
25. Սույն կարգի 23-րդ կետում նշված առաջադրանքի կատարման համար քննության մասնակցին տրվում է 60 (վաթսուն) րոպե ժամանակ, որի ավարտից 10 (տասը) րոպե առաջ մասնակիցներին հիշեցվում է հմտությունների գնահատման փուլի ավարտին մնացած ժամանակի մասին: Սահմանված ժամկետը լրանալուց անմիջապես հետո հայտարարվում է հմտությունների գնահատման փուլի ավարտը, որից հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները:
26. Հմտությունների գնահատման փուլի արդյունքը դրական է համարվում եթե միաժամանակ`
1) Քննության մասնակցի ներկայացրած մաքսային հայտարարագիրը ինքնաշխատ կերպով գրանցվել է (ստացել է գրանցման համար) մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում,
2) Քննության մասնակցի ներկայացրած մաքսային հայտարարագրին կցված են դրանով հայտարարագրված տեղեկությունները հիմնավորող, հանձնաժողովի կողմից մասնակցին նախապես տրված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև արգելքների և սահմանափակումների պահպանումը հիմնավորող փաստաթղթերը,
3) Հայտարարագրված տեղեկությունները համապատասխանում են հայտարարագրի լրացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա տեղեկություններին` հաշվի առնելով սույն կետի չորրորդ ենթակետի դրույթները:
4) Սույն կետի 3-րդ ենթակետի կիրարկման նպատակով հայտարարագրված տեղեկությունները համարվում են հայտարարագրի լրացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա տեղեկություններին համապատասխանող, եթե դրանց միջև առկա անհամապատասխանությունները չեն գերազանցում թվով 2-ը:
5) Սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված պայմաններին չհամապատասխանող ներկայացված հայտարարագիրը գնահատվում է անբավարար, իսկ հմտությունների գնահատման փուլի արդյունքը` բացասական:
27. Սույն կարգի 23-րդ կետում նշված առաջադրանքը կատարելուց հետո, մասնակիցը տպում է իր կողմից ներկայացված հայտարարագիրը և այն առձեռն, իրեն նախապես հանձնաժողովի կողմից տրամադրված փաստաթղթային փաթեթի հետ, ներկայացնում է հանձնաժողովին:
28. Հմտությունների գնահատման արդյունքը պարզելու համար մասնակցի ներկայացրած մաքսային հայտարարագիրը ստուգվում է հանձնաժողովի որևէ անդամի կողմից` մասնակցի ներկայությամբ: Ստուգման արդյունքը, այն իրականացրած հանձնաժողովի անդամի կողմից, սեփական ստորագրությամբ վավերացված և գրավոր կերպով արտացոլվում է մասնակցի ներկայացրած հայտարարագրի դարձերեսին` դրական արդյունքի դեպքում նշելով «դրական», իսկ բացասական արդյունքի դեպքում` «բացասական» բառը, գրանցելով նաև ստուգման օրը, ամիսը, տարին, ստուգողի անունը, ազգանունը: Բացասական արդյունքի դեպքում, ստուգումն իրականացրած հանձնաժողովի անդամը, նույն տեղում գրավոր կերպով նշում է նաև սույն կարգի 26-րդ կետի այն ենթակետը (ենթակետերը), որոնց պայմանները քննության մասնակցի կողմից չեն ապահովվել հմտությունների գնահատման ընթացքում: Ստուգման արդյունքի վերաբերյալ քննության մասնակիցը իրազեկվում է անմիջապես ստուգման ավարտից հետո:
29. Հմտությունների գնահատման փուլի արդյունքների բողոքարկման գործընթացի ավարտի անմիջապես հետո հանձնաժողովը կազմում (համակարգից արտատպում) և ստորագրում է քննության արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրությունը, որին կցվում է քննությունը դրական հանձնած անձանց ցանկը: Նշված ցանկը հաջորդ աշխատանքային օրը հրապարակվում է մաքսային ծառայության կայք էջում:
30. Մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում սույն կարգի 29-րդ կետում հիշատակված ցանկի հրապարակումից 3 (երեք) աշխատանքային օր անց քննության արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անձինք Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունից կարող են ստանալ Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, և մաքսային հայտարարագրման ինքնաշխատ համակարգ մուտք գործելու անուն և գաղտնաբառ:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
Պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2023 թ. հունիսի 9-ի
N 579-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման հետ կապված հարցերը:
2. Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) յուրաքանչյուր տարի առնվազն 1 (մեկ) անգամ կազմակերպվում է մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ինքնաշխատ համակարգչային ծրագրի ուսուցման վերապատրաստման դասընթաց (այսուհետ` դասընթաց):
3. Սույն կարգի իմաստով վերապատրաստում կամ վերապատրաստման դասընթաց է համարվում 48 ակադեմիական ժամ (1 ակադեմիական ժամը` 45 րոպե) և ավելի տևողությամբ դասընթացը, որն ավարտվում է վերապատրաստվող մասնագետների թեստավորմամբ:
4. Կոմիտեն մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստումն իրականացնում է Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Ուսումնական կենտրոն) հետ համատեղ:
5. Վերապատրաստման ծրագիրը պետք է ներկայացված լինի մանրամասն թեմատիկ ուղղվածությամբ (պլանով), որը ներառում է դասընթացի բոլոր թեմաները:
6. Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստումն անցկացվում է Ուսումնական կենտրոնում` վերապատրաստման ծրագրերին համապատասխան:
7. Վերապատրաստման դասընթացներին մաքսային ձևակերպումների մասնագետների մասնակցությունը դասընթացի յուրաքանչյուր օր արձանագրվում է Ուսումնական կենտրոնի գրանցամատյաններում: Գրանցամատյանների վարման պատասխանատու է հանդիսանում ուսումնական միջոցառումների կազմակերպիչը:
8. Վերապատրաստման դասընթացի ավարտի օրվան հաջորդող ոչ շուտ քան 5-րդ և ոչ ուշ քան 15-րդ աշխատանքային օրն անցկացվում է քննություն` թեստավորման ձևով, որի հարցաշարը կազմվում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացի ընթացքում ներկայացված ծրագրերի շրջանակներում քննարկված թեմաներին համապատասխան և վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ու մաքսային հայտարարագրման ինքնաշխատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:
9. Թեստավորումն անցկացվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների շրջանակում անցկացվող թեստավորման համար սահմանված ընթացակարգին համապատասխան:
10. Թեստավորումն անցկացնելուց և բողոքարկման գործընթացի ավարտից հետո հանձնաժողովը կազմում (համակարգից արտատպում) և ստորագրում է թեստավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրություն և 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում Կոմիտեի նախագահին:
11. Ուսումնական կենտրոնը`
1) Սույն կարգի 10-րդ կետի պահանջների ապահովումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափով կազմում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացներին և դրանց ամփոփիչ քննություններին մասնակցության հավաստագրեր /այսուհետ Հավաստագրեր/:
2) Սույն կետի առաջին ենթակետում նշված ժամկետի ավարտից սկսած 1 տարվա ընթացքում Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների ամփոփիչ քննություններում դրական արդյունք արձանագրած անձանց տրամադրում է Հավաստագրեր:
Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունիսի 2023 թվական: