041.0638.070711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2011 թվականի N 638-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործարար միջավայրի բարելավման հարցերով պետության և գործարար համայնքի արդյունավետ երկխոսությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ:
(1-ին կետը փոփ. 01.10.18 թիվ 1281-Ն որոշում)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 01.10.18 թիվ 1281-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում առաջարկել գործարար համայնքի և աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդին առաջարկություն ներկայացնել խորհրդի քարտուղարությանն իրենց կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի առաջին նիստը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 01.10.18 թիվ 1281-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 18.10.2022 թիվ 1220-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2011 թվականի հուլիսի 7-ի
N 638-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 01.10.18 թիվ 1281-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 11.04.12 թիվ 332-Ն, 29.05.13 թիվ 393-Ն, 10.06.13 թիվ 444-Ն, 17.10.13 թիվ 939-Ն, 11.09.14 թիվ 873-Ն, 15.03.16 թիվ 167-Ն, 21.04.16 թիվ 330-Ա, 06.12.16 թիվ 1152-Ն, 31.05.17 թիվ 505-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2011 թ. հուլիսի 7-ի
N 638-Ն որոշման
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՆԹԱԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) գործունեության կազմակերպման և աշխատանքների համակարգման հետ կապված հարաբերությունները:
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի ստեղծման նպատակներն են պետական և մասնավոր հատվածների երկխոսության միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) համար գործարար միջավայրի զարգացմանը նպաստելը, ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության իրականացման համար առկա խոչընդոտները բացահայտելը և դրանց վերացման համար լուծումներ առաջարկելը: Ենթախորհուրդը գործում է Էկոնոմիկայի նախարարին կից և իրականացնում է Խորհրդի քննարկմանը ներկայացվելիք հարցերի նախնական քննարկումներն ու առաջարկների մշակումը: Ենթախորհրդի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ:
3. Խորհրդի կազմում ներգրավվում են պետական հատվածի ներկայացուցիչները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ինչպես նաև այն շահագրգիռ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ցանկություն են հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Խորհրդին` իր գործունեության կազմակերպման հարցում:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Խորհրդի գործունեության սկզբունքներն են`
1) գործունեության թափանցիկությունը.
2) Խորհրդի անդամների իրավահավասարությունը.
3) մասնավոր հատվածի ներկայացվածության ապահովումը:
5. Խորհրդի գործառույթներն են`
1) ՓՄՁ-ի զարգացման համար արդիական հարցերի քննարկումը.
2) Խորհրդի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) միջոցով` ՓՄՁ-ի զարգացման նպատակով ներկայացված համապատասխան առաջարկությունների քննարկումը.
3) քննարկված խնդիրների լուծումների վերաբերյալ որոշումների ընդունումը:
III. ԽՈՐՀՐԴԻ, ԵՆԹԱԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
6. Խորհրդի կազմում ընդգրկվում են`
1) ներդրումների և գործարար միջավայրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը և ընթացիկ հարցերը համակարգող փոխվարչապետը (այսուհետ` փոխվարչապետ).
2) Էկոնոմիկայի նախարարը.
3) գործարար միջավայրի բարելավմանը և ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված աշխատանքները համակարգող Էկոնոմիկայի նախարարի տեղակալը (տեղակալները).
4) «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` ՆԱԿ) գործադիր տնօրենը (համաձայնությամբ).
5) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավարը (համաձայնությամբ).
6) սույն կարգի պահանջներին համապատասխան ընտրված` գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):
(6-րդ կետը փոփ. 18.10.2022 թիվ 1220-Ն որոշում)
7. Խորհրդի կազմում ընդգրկվելու դիմում ներկայացրած գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների կազմից որպես Խորհրդի անդամ կազմակերպություն ընտրում և փոխվարչապետի հաստատմանն է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարը` ելնելով սույն որոշմամբ սահմանված չափորոշիչներից:
8. Ենթախորհրդի կազմում ընդգրկվում են`
1) Էկոնոմիկայի նախարարը (ենթախորհրդի նախագահ).
2) գործարար միջավայրի բարելավմանը և ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված աշխատանքները համակարգող Էկոնոմիկայի նախարարի տեղակալը (տեղակալները).
2.1) Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի մեկական ներկայացուցիչ` մարմնի ղեկավարի տեղակալ.
3) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի ներկայացուցիչները (համաձայնությամբ).
4) Խորհրդի կազմում ընդգրկված` գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):
(8-րդ կետը փոփ. 02.12.2021 թիվ 1373-Ն, 18.10.2022 թիվ 1220-Ն որոշումներ)
9. Ենթախորհրդի կազմում ընդգրկվում են Խորհրդի անդամները` բացառությամբ փոխվարչապետի: Ենթախորհրդի գործունեության կազմակերպման կարգը հաստատում է Էկոնոմիկայի նախարարը:
(9-րդ կետը փոփ. 18.10.2022 թիվ 1220-Ն որոշում)
10. Առանձին հարցերի քննարկման համար ենթախորհրդում կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր, որոնց կազմը հաստատում է Էկոնոմիկայի նախարարը:
11. Անհրաժեշտության դեպքում ենթախորհրդի և աշխատանքային խմբերի աշխատանքներին կարող են ներգրավվել հրավիրյալներ` այլ պետական մարմիններից, ոլորտային ոչ առևտրային կազմակերպություններից, ինչպես նաև անհատ փորձագետներ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
12. Խորհուրդն իրավունք ունի`
1) անհրաժեշտության դեպքում իր նիստերին հրավիրելու պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ այլ շահագրգիռ անձանց` նիստում առաջադրված լուծումների համատեղ քննարկման նպատակով.
2) պետական մարմիններին ներկայացնելու առաջարկություններ փոքր և միջին ձեռնարկատիրության հետագա զարգացման պետական քաղաքականության վերաբերյալ.
3) պետական մարմիններից ստանալու ՓՄՁ-ի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
13. Խորհրդի կազմում մասնավոր հատվածը ներկայացնում է գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների առավելագույնը տասնմեկ ներկայացուցիչ, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր կառույցից մեկ ներկայացուցիչ, որոնք Խորհրդի կազմում ընդգրկվում են երկու տարի ժամկետով, ռոտացիոն կարգով: Խորհրդի կազմում ընդգրկված անդամը կարող է կրկին դիմել Խորհրդի կազմում ընդգրկվելու համար:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ձևավորված Խորհրդի առաջին կազմի գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների ռոտացիան սկսվում է վերջիններիս` Խորհրդում ընդգրկվելու օրացուցային 2-րդ տարին լրանալուց հետո հաջորդող նիստին 2-ական անդամի լիազորությունները դադարեցնելով և նոր անդամներ ներգրավելով կամ վերընտրելով: Խորհրդի անդամների յուրաքանչյուր 2-ական թեկնածուների ռոտացիայի հերթականությունը որոշվում է պարզ վիճակահանությամբ կամ Խորհրդի անդամի ինքնաառաջադրմամբ:
(13-րդ կետը փոփ. 02.12.2021 թիվ 1373-Ն որոշում)
14. Գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների` Խորհրդի կազմում ընդգրկվելու ժամանակաշրջանի ավարտին նախորդող եռամսյակում քարտուղարությունը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում հայտարարություն է հրապարակում նոր անդամների թեկնածությունների ընտրության նպատակով:
15. Խորհրդի կազմում` որպես գործարար համայնքի շահերը ներկայացնող անդամներ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն ոչ առևտրային կազմակերպությունները և առևտրաարդյունաբերական պալատները`
1) որոնց գործունեության հիմնական նպատակն է գործարար միջավայրի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, կամ
2) որոնք ունեն մասնավոր-պետություն երկխոսության/համագործակցության շրջանակներում գործունեության կամ նախագծերի իրականացման առնվազն մեկ տարվա փորձ:
(15-րդ կետը փոփ. 18.10.2022 թիվ 1220-Ն որոշում)
16. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունները և առևտրաարդյունաբերական պալատները հայտին կից ներկայացնում են պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը և 15-րդ կետում նշված փաստերը հիմնավորող փաստաթղթերը:
17. Միջազգային կազմակերպությունները Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտին կից ներկայացնում են տեխնիկական աջակցության տեսակը և համառոտագիրը:
18. Որպես Խորհրդի անդամ` գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների լիազորությունները, քարտուղարության ներկայացմամբ, կարող են դադարեցվել ժամկետից շուտ հետևյալ դեպքերում`
1) Խորհրդի կազմում ընդգրկված գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների կողմից ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա.
2) Խորհրդի նիստերին անընդմեջ երկու անգամ առանց հիմնավոր պատճառի չմասնակցելու դեպքում:
19. Խորհրդի աշխատանքներին Խորհրդի համապատասխան անդամի կողմից ներկայացվող գործարար համայնքի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը քարտուղարությանն է տրամադրվում գործարար համայնքի հանդիպումների արձանագրությունների միջոցով:
20. Խորհրդի` մասնավոր հատվածը ներկայացնող անդամի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում նոր անդամների ընտրությունն անցկացվում է սույն գործունեության կարգի 13-17-րդ կետերով սահմանված կարգով:
21. Խորհրդի անդամ միջազգային կազմակերպություններն անհրաժեշտության դեպքում տեխնիկական աջակցություն են տրամադրում քարտուղարությանը:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
22. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Խորհուրդը կարող է հրավիրել նաև արտահերթ նիստեր:
Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել անհետաձգելի հարցերի և խնդիրների լուծման համար` փոխվարչապետի նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկով:
23. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների 2/3-ը:
24. Խորհրդի անդամներին Խորհրդի նիստի օրակարգը և նյութերը տրամադրվում են հերթական նիստի կայացման օրվանից առնվազն 5 օր առաջ, իսկ արտահերթ նիստերի անցկացման դեպքում` առնվազն 2 օր առաջ:
25. Խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերը մշակում և նախապատրաստում է քարտուղարությունը:
26. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի քարտուղարի զեկուցմամբ:
27. Հարցի քննարկման ընթացքում Խորհրդի անդամների կողմից նոր առաջարկներ ներկայացվելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ կամ արտահերթ նիստ:
28. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական մարմինների և մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
29. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
30. Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահողի ձայնը որոշիչ է, իսկ Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ Խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել գրավոր կարծիք, որը կցվում է Խորհրդի նիստի արձանագրությանը:
31. Խորհրդի նիստերն արձանագրվում են փոխվարչապետի գրասենյակի կողմից: Արձանագրության մեջ ամրագրվում են օրակարգում ընդգրկված հարցերը, Խորհրդի նիստի մասնակիցների ելույթները, ինչպես նաև պետական և այլ մարմինների համար ՓՄՁ-ի ոլորտի բարելավման հարցերի վերաբերյալ հանձնարարականները: Արձանագրության նախագիծը փոխվարչապետի գրասենյակի կողմից համաձայնեցվում է Խորհրդի քարտուղարի հետ:
32. Խորհրդի նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխվարչապետի գրասենյակը Խորհրդի արձանագրությունը տրամադրում է Խորհրդի անդամներին և քարտուղարությանը, ինչպես նաև այն հրապարակում է Կառավարության պաշտոնական կայքէջում:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒՄԸ
33. Խորհուրդը նախագահում է փոխվարչապետը, որը վարում է Խորհրդի նիստերը, ստորագրում է Խորհրդի արձանագրությունները, իր բացակայության դեպքում Խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել Խորհրդի նիստերը, հանձնարարականներ է տալիս քարտուղարությանը: Ելնելով Խորհրդի օրակարգում քննարկվելիք հարցի էությունից, Խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ և փոխվարչապետի հրավերով, ինչպես նաև իր նախաձեռնությամբ` Խորհրդի նիստը կարող է վարել Վարչապետը:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
34. Խորհրդի անդամը`
1) աջակցում է քարտուղարության աշխատանքներին.
2) կարող է Խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.
3) կարող է ներկայացնել առաջարկություններ Խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ:
35. Խորհրդի անդամը Խորհրդի նիստերին մասնակցում է անձամբ:
VIII. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
36. Խորհրդի գործունեության կազմակերպչական, մեթոդաբանական ապահովումն իրականացնում է քարտուղարությունը:
37. Քարտուղարության անհատական կազմը հաստատում է Էկոնոմիկայի նախարարը:
38. Քարտուղարության անհատական կազմում ներառվում են`
1) Խորհրդի քարտուղարը.
2) Էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի համար պատասխանատու ստորաբաժանման առնվազն մեկ ներկայացուցիչ.
3) ՆԱԿ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ.
4) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի (այսուհետ` գրասենյակ) առնվազն մեկ ներկայացուցիչ:
(38-րդ կետը փոփ. 18.10.2022 թիվ 1220-Ն որոշում)
39. Քարտուղարության անդամները համատեղ իրականացնում են`
1) ՓՄՁ-ի ոլորտի առկա վիճակի ուսումնասիրություն և վերլուծություն.
2) ՓՄՁ-ի զարգացման, ինչպես նաև ոլորտի բարելավման լուծումների ու դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակման և դրանք Խորհրդի քարտուղարին ներկայացնելու աշխատանքները.
3) Խորհրդի գործունեության տեղեկատվական ապահովումը.
4) ՓՄՁ-ի ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը Խորհուրդ.
5) պետական մարմիններից, մասնավոր հատվածից, հասարակական և միջազգային կազմակերպություններից ստացված` ՓՄՁ-ի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփումը.
6) Խորհրդի նիստերում ներկայացվող հարցերի մասին պահանջվող տեղեկատվության ապահովումը, ինչպես նաև ներկայացված առաջարկությունների վերլուծությունը.
7) աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություններ ներկայացնելը Խորհուրդ:
40. Քարտուղարությունը կարող է ըստ աշխատանքային անհրաժեշտության` հասարակական կարգով ոլորտային և պետական կառավարման համակարգի փորձագետների ներգրավել ՓՄՁ-ի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներում, ինչպես նաև կազմակերպել կլոր սեղան-քննարկումներ, հարցումներ և հանրային քննարկումներ Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի շուրջ:
41. Քարտուղարության աշխատանքները քարտուղարության անդամների միջև բաշխվում են հետևյալ կերպ`
1) Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները`
ա. ապահովում են Խորհրդում քննարկված հարցերից բխող, քարտուղարության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի շրջանառումը պետական մարմինների միջև, ինչպես նաև այդ նախագծերը սահմանված կարգով Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը,
բ. աշխատանքներ են իրականացնում` Խորհրդի նիստերին պետական մարմինների մասնակցությունը և ներգրավվածությունն ապահովելու համար,
գ. Խորհրդի իրավասության սահմաններում գտնվող հարցերի շուրջ հարցումներ են ուղարկում պետական մարմիններ,
դ. համակարգում են պետական մարմինների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև Խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի միջև համագործակցությունն ու երկխոսությունը.
2) ՆԱԿ-ի ներկայացուցիչներն առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ, քարտուղարության անդամների ներգրավմամբ, մարզային գրասենյակներում կազմակերպում են հանդիպումներ ՓՄՁ-ի ներկայացուցիչների հետ` վերջիններիս խնդիրների բացահայտման և իրազեկման նպատակով.
3) գրասենյակի անդամները`
ա. նախապատրաստում են Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու ապահովում դրանց տրամադրումը Խորհրդի անդամներին,
բ. իրականացնում են Խորհրդի որոշումների կատարման ընթացքի մոնիթորինգը` մասնավոր հատվածից,
գ. հանդիպում են մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` խնդիրները բացահայտելու նպատակով,
դ. մշակում են Խորհրդի նիստի օրակարգի հարցերից բխող իրավական ակտերի նախագծեր,
ե. ապահովում են մասնավոր հատվածի մասնակցությունը և ներգրավվածությունը Խորհրդի աշխատանքներում,
զ. տեխնիկական աջակցություն են ցուցաբերում քարտուղարության աշխատանքներին:
(41-րդ կետը փոփ. 18.10.2022 թիվ 1220-Ն որոշում)
IX. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
42. Խորհրդի քարտուղարը Էկոնոմիկայի նախարարի` ՓՄՁ-ի ոլորտը համակարգող տեղակալն է:
43. Խորհրդի քարտուղարը`
1) կազմակերպում և ղեկավարում է քարտուղարության աշխատանքները.
2) Խորհրդի նիստում զեկուցում է Խորհրդի նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ և ներկայացնում օրակարգում ընդգրկված հարցերը.
3) Խորհրդի յուրաքանչյուր նիստին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է քարտուղարության անդամներին` Խորհրդի նիստի արդյունքների ամփոփման և կատարման ենթակա աշխատանքների` քարտուղարության անդամների միջև բաշխման նպատակով.
4) համաձայնեցնում է քարտուղարության անդամների կողմից համատեղ իրականացվող մարզային այցերի ժամանակացույցը.
5) դիտանցում է Խորհրդի նիստերում տրված հանձնարարականների կատարումը.
6) ըստ աշխատանքային անհրաժեշտության` կարող է հասարակական կարգով աշխատանքներում ներգրավել ոլորտային և պետական կառավարման համակարգի փորձագետների:
X. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ
44. Ենթախորհուրդը գործարարների հետ հանդիպումների ընթացքում ներկայացված հարցերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ձևավորում է հերթական նիստի օրակարգի նախագիծը, պատրաստում օրակարգի հարցերը հիմնավորող նյութերը, Խորհրդի նիստի մասնակիցների ցանկը, որոնք ներկայացվում են քարտուղարության քննարկմանը:
45. Քարտուղարության կողմից օրակարգի, անհրաժեշտ նյութերի և Խորհրդի նիստի մասնակիցների ցանկի վերջնական հաստատումից հետո Էկոնոմիկայի նախարարությունն օրակարգը ներկայացնում է փոխվարչապետի գրասենյակ:
46. Փոխվարչապետը հաստատում է Խորհրդի նիստի անցկացման օրը:
47. Խորհրդի նիստի հաստատված օրակարգը, անհրաժեշտ նյութերը և Խորհրդի նիստի մասնակիցների ցանկը փոխվարչապետի գրասենյակի կողմից 5 օրվա ընթացքում ներկայացվում են Խորհրդի նիստին մասնակցող պետական մարմիններ, իսկ քարտուղարության կողմից` մասնավոր հատվածը ներկայացնող մասնակիցներին և անհատ փորձագետներին, արտահերթ:
(2-րդ հավելվածը խմբ. 31.05.17 թիվ 505-Ն, 11.04.12 թիվ 332-Ն 01.10.18 թիվ 1281-Ն, 02.12.2021 թիվ 1373-Ն, 18.10.2022 թիվ 1220-Ն որոշումներ)