ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
18 դեկտեմբերի 2020 թվականի N 111
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող հարկ վճարողը ֆիզիկական անձի հետ աշխատանքների/ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում պետք է ուղարկի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված գրանցման հայտը:
Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող հարկ վճարողը ունի պարտավորություն ֆիզիկական անձի հետ աշխատանքների/ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում, որպես հարկային գործակալ իրականացնի սոցիալական վճարների պահումը և վճարումը պետական բյուջե:
i
Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող հարկ վճարողը ունի պարտավորություն ֆիզիկական անձի հետ աշխատանքների/ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում, որպես հարկային գործակալ իրականացնի ՀՀ ՀՕ 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում սահմանված եկամտային հարկը` 5000 դրամի, պահումը և վճարումը պետական բյուջե:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 156-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում` մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն, բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի,
i
- 269-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում ՀՀ ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատողը նույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:
i
«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու), վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու), ինչպես նաև քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու, քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքերում:
i
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետին համապատասխան` վարձու աշխատող է համարվում նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձը: Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը:
Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը, հայտնում ենք, որ.
i
1) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից ֆիզիկական անձի հետ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) մասին քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում, հարկային գործակալը գրանցման հայտը հարկային մարմին է ներկայացնում ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում,
2) միկրոձեռնարկատիրության սուբյեկտը` որպես հարկային գործակալ (գործատու) պարտավոր է աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում եկամուտ ստացող ֆիզիկական անձի համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ` հաշվարկելով (վճարելով) սոցիալական վճար (ֆիզիկական անձի` սոցիալական վճար վճարող հանդիսանալու դեպքում), ինչպես նաև դրոշմանիշային վճար,
3) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից ֆիզիկական անձի հետ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում, հարկային գործակալն ազատվում է այդ ֆիզիկական անձին վճարվող եկամուտներից եկամտային հարկը պահելու (վճարելու) պարտավորությունից:
i
Միաժամանակ, միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հետ կնքված աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամուտներից, ֆիզիկական անձը պարտավոր է օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետու տարվա համար եկամտային հարկը օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկել և պետական բյուջե վճարել ինքնուրույն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ, նույն ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (ձևը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 300-Ն հրամանի 3-րդ հավելվածով):
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ