ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
29 հոկտեմբերի 2020 թվականի N 95
2019 Թ.-ԻՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԴԵՂՈՐԱՅՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ) ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Հաշվի առնելով ՀՀ-ում սույն թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը և կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տվյալ պահին ստեղծված իրավիճակը ՀՀ ռեզիդենտ ՄԱՀ վճարող կազմակերպությունը ցանկանում է ՀՀ Պաշտպանության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարել իր կողմից 03.12.2019 թ.-ին երրորդ երկրից ներմուծված իտալական արտադրության դեղորայք:
i
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը վերոնշյալ գործարքի մասով օգտվել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից:
03.12.2019 թ.-ին ներմուծված դեղորայքը (ԱՏԳ ԱԱ 3004) անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում ՀՀ Պաշտպանության նախարարությանը ենթակա է արդյո՞ք դրոշմապիտակներով դրոշմավորման ՀՀ Հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի համաձայն:
03.12.2019 թ.-ին ներմուծված դեղորայքը (ԱՏԳ ԱԱ 3004) անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում ՀՀ Պաշտպանության նախարարությանը ի՞նչ հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրվում:
Պատասխան
«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)`
i
- 2-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցիզային հարկից և բնապահպանական հարկից,
i
- 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Կառավարության հաստատած ցանկում ներառված և ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 73-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն,
i
- 3-րդ հոդվածի համաձայն` դրոշմավորման ենթակա չեն ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ հարկային օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածների համաձայն` ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները` պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:
Ընդ որում, վերոնշյալ նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է հարկ վճարողների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված և ստացող համապատասխան նախարարության կողմից վավերացրած հաշվարկային փաստաթղթերով:
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 56-րդ հոդվածով սահմանված են գործարքների փաստաթղթավորմանը վերաբերող կարգավորումները: Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ և 12-րդ մասին համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017 թ. 141257-Ն որոշմամբ,
i
- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է նվիրատվության ձևով ապրանքի մատակարարումը պետությանը,
i
- 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հարկային հաշիվներ դուրս չեն գրում ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք ազատված են ԱԱՀ-ից: Ընդ որում, նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հարկային հաշվի փոխարեն կազմվում և օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրվում հաշիվ վավերագրեր,
i
- 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու սահմանափակումները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում եթե ձեռքբերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին,
i
- 73-րդ հոդվածով սահմանված են պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ
1) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ապրանքների ներմուծման մասով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառելի չէ,
i
2) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանն ազատվում է ԱԱՀ-ից` ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետին համապատասխան:
i
Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Կառավարության հաստատած ցանկում ներառված և ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 73-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն: Ընդ որում, Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` նշված դրույթը կիրառվում է նաև 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ապրանքատեսակների ցանկը սահմանելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների մասով,
i
3) ռազմական դրության ժամանակահատվածում օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված դրոշմավորման ենթակա ապրանքները կազմակերպության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում այդ ապրանքները ենթակա չեն դրոշմավորման,
i
4) ռազմական դրության ժամանակահատվածում ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարման գործարքի մասով դուրս է գրվում հաշիվ վավերագիր` ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածին համապատասխան:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ