Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

22 հունիսի 2020 թվականի N 1

 

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը պատրաստվում է տեղադրել գովազդ Facebook սոցիալական կայքում և այդ ծառայության դիմաց կատարել վճարումներ: Գովազդային ծառայությունները հասանելի են լինելու բացառապես արտերկրի լսարանի համար: Ընկերության կողմից ստացվել է տեղեկանք, որով հավաստվում է, որ Facebook ընկերությունը հանդիսանում է Իռլանդիայի ռեզիդենտ ընկերություն: Արդյո՞ք վերոնշյալ գործարքը ՀՀ հարկային օրենսդրության համաձայն համարվում է ոչ ռեզիդենտ ընկերության կողմից ՀՀ տարածքից ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթ, թե համարվելու է այլ եկամուտ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի`

- 1-ին մասի առաջին պարբերության 1-ին կետի համաձայն` ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում ձեռնարկատիրական եկամուտները` նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, իսկ երկրորդ պարբերության համաձայն` նույն մասի 1-ին կետում նշված եկամուտներում ներառվում են նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ՀՀ տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները` նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում,

- 2-րդ մասի 2-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում, եթե գովազդի պատրաստումը և (կամ) տարածումը կատարվում է ՀՀ տարածքում,

- 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-ին կետի կիրառության նպատակով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ՀՀ տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից:

i

Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ռեզիդենտ շահութահարկ վճարողին գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները դասվում են ոչ ռեզիդենտի ՀՀ աղբյուրներից ստացվող ձեռնարկատիրական եկամուտների թվին և ենթակա են հարկման հարկային գործակալի կողմից 20% դրույքաչափով:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իռլանդիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի`

i

- 1-ին հոդվածի համաձայն` նույն համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ,

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենքների համաձայն, ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման (գրանցման) վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, ինչպես նաև ներառում է այդ Պետությունը և նրա իշխանության տեղական մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձ, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ,

i

- 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը,

i

- 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի` նույն համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և գույքը կամ իրավունքը, որոնց մասով վճարվել է եկամուտը, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

ՀՀ հարկային օրենսգրքի

i

- 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը,

i

- 314-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը իրականացվում է հարկային մարմնի սահմանած` ՀՀ ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրման կամ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված` օտարերկրյա ռեզիդենտության փաստը հաստատող ձևի հաստատման միջոցով: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ձևը համարվում է ռեզիդենտության փաստը հաստատող ձև, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած` ՀՀ ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի բովանդակությանը:

i

Միաժամանակ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ժ» ենթակետին համապատասխան` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան` միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացումը:

i

ՀՀ կառավարության 11.06.2018թ. N 702-Լ որոշման հավելված 1-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության» 2-րդ բաժնի 11-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան` կոմիտեի խնդիրներից է, մասնավորապես` հարկային և մաքսային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով ՀՀ պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային, մաքսային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե Facebook Ireland Limited կազմակերպությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում Facebook Ireland Limited կազմակերպության կողմից գովազդային ծառայությունների մատուցումից ՀՀ աղբյուրներից ստացվող ձեռնարկատիրական եկամուտներն ազատվում են ՀՀ-ում ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկումից: Ընդ որում` օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պարտականության կատարման նպատակով, եկամուտ վճարող հարկային գործակալը ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտը ՀՀ-ում հարկումից ազատելու համար պետք է ինքնուրույն ապահովի արտոնության իրավունքի բավարար հիմնավորումները, այդ թվում` համաձայնագրերի իմաստով տվյալ պետության ռեզիդենտ հանդիսանալու փաստի հիմնավորման մասով: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը բովանդակային առումով պետք է արտացոլի հարկային մարմնի սահմանած` ՀՀ ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքում ներառվող տվյալները:

Տվյալ դեպքում` անհրաժեշտ է հաշվի առնել, որ գրությամբ ներկայացված` Facebook Ireland Limited կազմակերպության վերաբերյալ Իռլանդիայի իրավասու մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթը (տեղեկանքը) բավարար է համաձայնագրի իմաստով կազմակերպությանը 2019թ.-ին Իռլանդիայի Հանրապետության ռեզիդենտ համարելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ համաձայնագրի իմաստով գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները չեն համարվում այլ եկամուտներ, այլ ներառվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթի մեջ և հարկվում են համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.06.2020
N 1
Իրազեկման թերթիկ