(ուժը կորցրել է 03.04.03 թիվ 352-Ն որոշում)
i
040.0066.300101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2001 թվականի N 66
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ԳԱՆՁԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհորդների ակումբ» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության և «Պարմանի» ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհորդների ակումբ» փակ բաժնետիրական ընկերությանը կամ դրա լիազոր ներկայացուցչին մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության մի շարք ջրային ավազանների տարածքներում (համաձայն հավելվածի) իր միջոցներով կատարել կամ կազմակերպել բնության և պատմամշակութային օբյեկտների ուսումնասիրման ու գանձի որոնման աշխատանքներ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
i
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհորդների ակումբ» փակ բաժնետիրական ընկերության կամ դրա լիազոր ներկայացուցչի հետ 45 օրվա ընթացքում կնքել նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև գանձի կամ դրա հայտնաբերման հետ կապված վարձատրության բաշխման մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 186-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
3. Սահմանել, որ գանձի հայտնաբերման դեպքում`
ա) հայտնաբերողն այն հանձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջոցով ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ գանձի` պատմության և մշակույթի հուշարձաններ պարունակելը որոշելու նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն կատարելու համար.
բ) հայտնաբերված գանձի ցուցակագրման, գնի որոշման և այլ գործողություններ կատարելու նպատակով նախապատրաստվում և անվճար տրամադրվում են անհրաժեշտ պահոցներ.
գ) եթե հայտնաբերված գանձը պարունակում է պատմության և մշակույթի հուշարձաններ, ապա այն ի սեփականություն է հանձնվում Հայաստանի Հանրապետությանը` ապահովելով աշխատանքները կատարողի (լիազոր ներկայացուցիչների) անարգել մասնակցությունը գնահատումներ և այլ ուսումնասիրություններ (այդ թվում` նկարահանումներ) կատարելու գործում.
դ) հայտնաբերված գանձի, իսկ եթե այն պարունակում է պատմության և մշակույթի հուշարձաններ` համապատասխան վարձատրության բաշխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 186-րդ հոդվածի համաձայն:
4. Հետազոտման (գանձի որոնման) ենթակա օբյեկտների ցանկերն աշխատանքները կատարողի կողմից նախապես ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` այդ օբյեկտների տնօրինության մասին տվյալներն ու սահմանափակումները պարզելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը 14-օրյա ժամկետում նշված սահմանափակումների մասին իրազեկում է աշխատանքները կատարողին:
5. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` ապահովել գիտական համագործակցությունը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքում սանիտարական և բնապահպանական միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողությունը:
i
7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքում ապահովել հասարակական կարգի պահպանությունը, անհրաժեշտ հսկողությունը և հայտնաբերված գանձի տեղափոխումն ու պահպանումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշմամբ սահմանված կարգով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 30-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թ.
հունվարի 30-ի N 66 որոշման
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության այն ջրային ավազանների,
որոնց տարածքներում թույլատրվում է կատարել
հետազոտական ու գանձի որոնման աշխատանքներ
Սևանա լիճ (Լճաշենի մոտ, Գեղարքունիքի մարզ)
Այղր լիճ (Արմավիրի մարզ)
Քարե լիճ (Արագած լեռան վրա, Արագածոտնի մարզ)
Պարզ լիճ (Տավուշի մարզ)
Արփի լիճ (Շիրակի մարզ)