Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱ ...

 

01.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2009 թվականի հունիսի 11-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) պետական ծառայության հիմնական սկզբունքները, և կարգավորվում են Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դասակարգման, պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների ատեստավորման և վերապատրաստման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, պետական ծառայության կառավարման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Աշխատակազմում պետական ծառայությունը

 

1. Աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության տեսակ է:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) Աշխատակազմում պետական ծառայություն (այսուհետ` պետական ծառայություն)` քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Ազգային ժողով) և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը.

2) պետական ծառայության պաշտոն` պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

3) պետական ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

4) Աշխատակազմում պետական ծառայող (այսուհետ` պետական ծառայող)` պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող անձ.

5) պետական ծառայության պաշտոնի անձնագիր` տվյալ պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար պետական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև պետական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

6) պետական ծառայության դասային աստիճան` պետական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

7) պետական ծառայողի ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

8) պետական ծառայողի վերապատրաստում` պետական ծառայողի աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

9) պետական ծառայության կադրերի ռեզերվ` սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոններ չզբաղեցնող պետական ծառայողների և սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հանրույթ.

10) ծառայողական քննություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով պետական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

11) մասնագիտական աշխատանքային ստաժ` բարձրագույն կրթության, իսկ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ` անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը:

(3-րդ հոդ. փոփ. 08.12.17 ՀՕ-243-Ն օրենք)

 

Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական ծառայողների վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում Աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:

(4-րդ հոդ. փոփ. 08.12.17 ՀՕ-243-Ն օրենք)

 

Հոդված 5. Պետական ծառայության հիմնական սկզբունքները

 

1. Պետական ծառայության հիմնական սկզբունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

2) պետական ծառայության կայունությունը.

3) պետական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը և օրենքի առջև պետական ծառայողների իրավահավասարությունը.

4) պետական ծառայության հրապարակայնությունը.

5) պետական ծառայողների քաղաքական զսպվածությունը.

6) քաղաքացիների համար պետական ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

7) պետական ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

8) պետական ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

9) պետական ծառայողների պատասխանատվությունը իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

10) պետական ծառայողների գործունեության վերահսկելիությունը և հաշվետու լինելը:

 

Հոդված 6. Պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Պետական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով և Աշխատակազմի ղեկավարի հաստատած ներքին կարգապահական կանոններով:

(6-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-189-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

Հոդված 7. Պետական ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Պետական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

 

Հոդված 8. Պետական ծառայության դասային աստիճանները

 

1. Պետական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

3) պետական ծառայության առաջատար պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ:

3. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում է Ազգային ժողովի նախագահը` Աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:

4. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է Աշխատակազմի ղեկավարը:

5. Պետական ծառայության պաշտոնի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պետական ծառայողին շնորհվում է պետական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի պետական ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

6. Պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո:

7. Պետական ծառայության պաշտոն, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին պետական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

8. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ և 18-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ պետական ծառայողը զրկվում է պետական ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

9. Պետական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են պետական կառավարման այլ մարմիններում պետական (քաղաքացիական) ծառայողների պաշտոններում նշանակվելիս, իսկ պետական (քաղաքացիական) ծառայողների այլ դասային աստիճանները` Աշխատակազմում պետական ծառայության պաշտոններում նշանակվելիս:

 

Հոդված 9. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, պետական ծառայության պաշտոնների անձնագրերը և աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելը

 

1. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը` պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:

2. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմի հաստիքացուցակը Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվում է պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց հետո` 15-օրյա ժամկետում:

 

Հոդված 10. Պետական ծառայության պաշտոնի անձնագիրը

 

1. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև կրթության և աշխատանքային ստաժի հետևյալ չափանիշները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ, ստորաբաժանման ղեկավարի և տեղակալի, այդ թվում` ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու դեպքում` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ` առնվազն բարձրագույն կրթություն:

2. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ` հանրային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ` հանրային ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

3. Պետական ծառայության պաշտոնի անձնագրում աշխատանքային ստաժի չափանիշները կարող են փոփոխվել միայն այն դեպքում, եթե տվյալ պաշտոնը թափուր է:

(10-րդ հոդ. փոփ. 08.12.17 ՀՕ-243-Ն, 26.05.21 ՀՕ-213-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

 

Հոդված 11. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

Հոդված 12. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

 

1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է պետական (քաղաքացիական) ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

5) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

(12-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-202-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 13. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

 

1. Պետական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

 

Հոդված 14. Պետական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

 

1. Պետական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր ստեղծված պետական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում (ներառյալ` սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի) մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`

1) Աշխատակազմի այն պետական ծառայողին, որը միաժամանակ`

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. համարվում է պետական ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է պետական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում` 2-րդ ենթախմբի պաշտոն,

գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.

2) պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակում չի կարող կատարվել, եթե տվյալ թափուր պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ:

 

Հոդված 15. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Նոր (բացառությամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի) ստեղծված պետական ծառայության պաշտոնները, ինչպես նաև պետական ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

i

2. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար Աշխատակազմը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

i

Թեստերը կազմվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

2) պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

3) Աշխատակազմի գործառույթներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի: Հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) ճիշտ պատասխանները հրապարակման ենթակա չեն:

Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

8. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, որոնք քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ուղարկվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

11. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

12. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում: Այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

14. Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

15. Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

16. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

17. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 16. Պետական ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Պետական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Պետական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:

4. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(16-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-189-Ն, 08.12.17 ՀՕ-243-Ն օրենքներ)

 

Հոդված 17. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը

 

1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել պետական ծառայության պաշտոններ:

2. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ծառայողական քննությունների, նրանց վերապատրաստման, ատեստավորման, կատարած աշխատանքների մասին կիսամյակային հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաև պետական ծառայության այլ գործընթացների հետ կապված առանձնահատկությունները և պետական ծառայության այդ պաշտոնների ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությունները:

 

Հոդված 18. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելիս պետական ծառայողի երդումը

 

1. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի և նրա հրավիրած անձանց ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել պետական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր պետական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Պետական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին:

 

Հոդված 19. Պետական ծառայության ստաժը

 

1. Պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծառայության պաշտոն, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, պետական կառավարման մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակահատվածը:

Պետական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ պետական կառավարման մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչև պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակահատվածը:

2. Պետական ծառայության ստաժը հաշվարկվում է պետական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների, Երևանի վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է պետական ծառայության ստաժին:

 

Հոդված 20. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

 

1. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև պետական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`

1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձի կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում`

2) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող պետական ծառայողի կամ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի կամ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Չի թույլատրվում սույն մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե պետական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա տվյալ պաշտոնից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ և 18-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

2. Սույն օրենքի հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

 

ԳԼՈՒԽ 4
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

 

Հոդված 21. Պետական ծառայողի ատեստավորումը

 

1. Յուրաքանչյուր տարի պետական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Պետական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի գրավոր պատճառաբանված որոշման հիման վրա:

5. Ատեստավորումն անցկացվում է պետական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող պետական ծառայողները.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները.

3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառայողները վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի անց:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ պետական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Սույն մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածով և սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

7. Ատեստավորման ենթակա պետական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է պետական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ պետական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածի երկու երրորդից ավելին, ապա պետական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Պետական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի:

10. Պետական ծառայողի ատեստավորումն անցկացնում է սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը:

11. Այն պետական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն պետական ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր պետական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի չորրորդ պարբերության 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:

Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

i

12. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն պետական ծառայողները`

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 11-րդ մասի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:

13. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է ատեստավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար:

14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը պետական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

15. Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

i

16. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 22. Պետական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

 

1. Յուրաքանչյուր պետական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պետական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` պետական ծառայողի կամ Աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

2. Պետական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

3. Պետական ծառայողներին վերապատրաստողների թեկնածությունը և վերապատրաստման ծրագրերը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը:

4. Պետական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

5. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են պետական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ:

7. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 23. Պետական ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Պետական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են`

1) կադրերի կարճաժամկետ ռեզերվը.

2) կադրերի երկարաժամկետ ռեզերվը:

2. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 6-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 19-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են`

1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված` կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու ժամկետը լրացած անձինք.

2) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

4. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվներում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

5. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

 

ԳԼՈՒԽ 5
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Հոդված 24. Պետական ծառայողի հիմնական իրավունքները

 

1. Պետական ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.

9) պետական ծառայության դասային աստիճանի` սահմանված կարգով բարձրացումը.

10) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) դատական կարգով մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

12) պետական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:

Պետական ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

(24-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-189-Ն օրենք)

 

Հոդված 25. Պետական ծառայողի հիմնական պարտականությունները

 

1. Պետական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

5) ներքին կարգապահական կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) պետական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը, որոնք հաստատվում են Ազգային ժողովի նախագահի կողմից.

9) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

10) սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորմանը և վերապատրաստմանը մասնակցելը:

Պետական ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

(25-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-189-Ն օրենք)

 

Հոդված 26. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Պետական ծառայողն իրավունք չունի`

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) խախտելու պետական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքը` իր ծառայողական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պետական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Պետական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Պետական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

(26-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-124-Ն օրենք)

 

Հոդված 27. Պետական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

 

1. Պետական ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում պետական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա պետական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել Աշխատակազմի ղեկավարին, եթե վերջինը վերադաս չէ, իսկ այդ դեպքում` Ազգային ժողովի նախագահին: Պետական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:

 

Հոդված 28. Պետական ծառայողի սոցիալական երաշխիքները

 

1. Պետությունը պետական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում` նրան, իսկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, պետական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում` բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Ազգային ժողովի նախագահի սահմանած դեպքերում և կարգով պետական ծառայողին հատկացվում է տրանսպորտային միջոց, կամ տրվում է տրանսպորտային ծախսերի հատուցում:

 

Հոդված 28.1. Պետական ծառայողի արձակուրդը

 

1. Պետական ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:

2. Պետական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տևողությունը` չորս աշխատանքային օր:

(28.1-ին հոդ. լրաց. 16.09.19 ՀՕ-156-Ն օրենք)

 

Հոդված 29. Պետական ծառայողի վարձատրությունը

 

1. Յուրաքանչյուր պետական ծառայող, առանց որևէ խտրականության, ունի համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Պետական ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(29-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-167-Ն օրենք)

 

Հոդված 30. Պետական ծառայողի սոցիալական ապահովությունը

 

1. Պետական ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 31. Պետական ծառայողի իրավական վիճակը աշխատակազմի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

 

1. Աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են Աշխատակազմի կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող պետական ծառայողին:

2. Աշխատակազմի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով պետական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով` 15-օրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:

 

Հոդված 32. Պետական ծառայողի անձնական գործը

 

1. Պետական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում:

2. Պետական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը:

 

ԳԼՈՒԽ 6
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Հոդված 33. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

5) կարգապահական տույժի հանում:

Պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

Հոդված 34. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում.

5) պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում` մեկ աստիճանով.

6) զբաղեցրած պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է պետական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված պետական ծառայողից: Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաստը պետք է ամրագրվի արձանագրությամբ:

5. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

6. Կարգապահական տույժը պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

8. Պետական ծառայողի նկատմամբ պաշտոնից ազատման հանգեցնող կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել` պետական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

Սույն օրենքի հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

9. Եթե պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե պետական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

(34-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-189-Ն օրենք)

 

Հոդված 35. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 3-րդ և 5-րդ կամ 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

4) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

5) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

6) հաստիքների կրճատումը.

7) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

8) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

9) պետական ծառայության պաշտոնի նշանակելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

10) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

11) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

12) ազատազրկման դատապարտվելը.

13) պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

14) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

15) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

16) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

17) սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

18) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

19) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

20) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը:

2. Պետական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-20-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պետական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նշված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում պետական ծառայողին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

 

Հոդված 36. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ պետական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

 

Հոդված 37. Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

 

1. Պետական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու (այդ թվում` պետական ծառայության պաշտոնից ազատելու) որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Պետական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում պետական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

ԳԼՈՒԽ 7
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 38. Պետական ծառայության կառավարման մարմինը

 

1. Պետական ծառայության կառավարման մարմինը Ազգային ժողովի նախագահն է:

2. Ազգային ժողովի նախագահի` որպես պետական ծառայության կառավարման մարմնի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 39. Պետական ծառայության ղեկավարման մարմինը

 

1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Աշխատակազմի ղեկավարն է, որն ի պաշտոնե Ազգային ժողովի գլխավոր քարտուղարն է:

2. Աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Աշխատակազմի ղեկավարին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով, Աշխատակազմի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

(39-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-189-Ն օրենք)

 

Հոդված 40. Պետական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

 

1. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը և պետական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:

i

2. Սույն օրենքի հիման վրա մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը և կազմերը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում կարող են ընդգրկվել նաև Ազգային ժողովի պատգամավորներ և համապատասխան բնագավառների մասնագետներ:

(40-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-189-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Պետական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են պետական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

2. Պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 42. Անցումային դրույթ

 

1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դրույթը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարաբերությունների վրա:

 

Հոդված 43. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

i

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-472-Ն օրենքը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. հուլիսի 4
Երևան
ՀՕ-158-Ն

 

pin
ՀՀ 11.06.2009
N ՀՕ-158-Ն օրենք