600.0455.311017
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 10 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017430
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2017 թվականի N 455-Ն
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 325-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնակիչ բաժանորդներին առաջարկվող` հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու և ավելի ծառայություններից կազմված փաթեթներում ներառելու համար, որպես այլընտրանքային սակագներ, սահմանել`
1) հիմնական հեռախոսագծի բաժանորդային ամսական վճարը` 600 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը և դրա շրջանակում յուրաքանչյուր հեռախոսագծի համար ամսական տրամադրվող անվճար ներցանցային (տեղական և միջքաղաքային) ելքային զանգերի չափաքանակը` 180 րոպե,
2) հիմնական հեռախոսագծի բաժանորդային ամսական վճարը` 1100 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը և դրա շրջանակում յուրաքանչյուր հեռախոսագծի համար ամսական տրամադրվող անվճար ներցանցային (տեղական և միջքաղաքային) ելքային զանգերի չափաքանակը` 360 րոպե,
3) հիմնական հեռախոսագծի բաժանորդային ամսական վճարը` 1700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը և դրա շրջանակում յուրաքանչյուր հեռախոսագծի համար ամսական տրամադրվող անվճար ներցանցային (տեղական և միջքաղաքային) ելքային զանգերի չափաքանակը` 800 րոպե,
4) հիմնական հեռախոսագծի բաժանորդային ամսական վճարը` 2200 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը և դրա շրջանակում յուրաքանչյուր հեռախոսագծի համար ամսական տրամադրվող անվճար ներցանցային (տեղական և միջքաղաքային) ելքային զանգերի չափաքանակը` 1300 րոպե:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով`
1) նախատեսված փաթեթում սակագնային կարգավորման ենթակա ծառայության (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի) հետ միաժամանակ առնվազն պետք է ներառվի լայնաշերտ ինտերնետ հասանելիության կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական բջջային կապի ցանցի կամ հեռուստահեռարձակման ծառայություններ.
2) սահմանված վճարները և ելքային զանգերի չափաքանակները կիրառվում են միայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու և ավելի ծառայություններից կազմված փաթեթներից որևէ մեկին միանալու վերաբերյալ բաժանորդի (հաճախորդի) գրավոր դիմումի հիման վրա.
3) չնախատեսված սակագնային կարգավորման ենթակա ծառայությունների համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն և 2007 թվականի նոյեմբերի 16-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող առանձին ծառայությունների առավելագույն սակագների սահմանման մասին» N 530-Ն որոշումներով սահմանված սակագները.
4) նշված հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու և ավելի ծառայություններից կազմված փաթեթներում ներառված սակագնային կարգավորման չենթարկվող ծառայություններից որևէ մեկից բաժանորդի կողմից հրաժարվելու դեպքում դիմումի ներկայացման հաջորդ օրվանից հիմնական հեռախոսագծի բաժանորդային վճարի և ներառված անվճար զանգերի համար գործում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշմամբ «Գնային տարբերակ 1»-ի համար սահմանված հիմնական հեռախոսագծի բաժանորդային վճարը և ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 16-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցով «Երեքը մեկում» ծառայությունների փաթեթի շրջանակում տրամադրվող` սակագնային կարգավորման ենթակա ծառայության սակագինը սահմանելու մասին» N 325-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: