Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆ ...

07.03.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.09.1998  -ից մինչեւ   07.03.2002  -ը:
 

 

040.0528.250898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1998 թվականի թիվ 529

 

i

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել բնական գազից օգտվելու կանոնները (կցվում է):

i

(1-ին կետն ուժը կորցրել է 22.02.02 թիվ 166 որոշում)

2. Հաստատել ջերմային էներգիայից օգտվելու կանոնները (կցվում է):

(2-րդ կետն ուժը կորցրել է 22.02.02 թիվ 166 որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 19-ի «Բնական գազի սակագնի հաստատման և դրա համար վճարման կարգի մասին» թիվ 495 որոշման 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 30-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագների հաստատման և դրանց համար վճարման կարգի մասին» թիվ 554 որոշման 1-ին կետը.

i

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների և ջերմային էներգիայից օգտվելու կանոնների հաստատման մասին» թիվ 461 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.

i

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 2-ի «Բնական գազից օգտվելու կանոնները հաստատելու մասին» թիվ 44 որոշումը.

i

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 160 որոշումը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

օգոստոսի 25-ի թիվ 529 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ I.
Ընդհանուր դրույթներ

 

1. Բնական գազից (այսուհետև` գազ) օգտվելու կանոններում (այսուհետև` ԳՕԿ) օգտագործված հիմնական հասկացություններն են`

գազ` բնական կամ նավթին ուղեկից չոր գազեր, որոնք ստացվում են հանքավայրերից կամ արտադրվում են գազանավթավերամշակման գործարաններում` համապատասխան ստանդարտներով ամրագրված որակական հատկանիշներով.

գազմատակարարող ձեռնարկություն` գազի ներկրման, կամ փոխադրման, կամ բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

սպառող (բաժանորդ)` գազատար ցանցից սույն կանոններով և այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխանող գազատարի միացում ունեցող և գազամատակարարող ձեռնարկության հետ գազի մատակարարման (առքի ու վաճառքի) պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

գազի տնտեսություն` սպառողի սեփականություն հանդիսացող կամ նրա տնօրինության տակ գտնվող գազատար խողովակագծերի, գազասարքավորումների, կարգավորիչ կայանների ու փականների տեխնիկական համակարգ.

գազի բաշխման ցանց` բաշխիչ գազամուղների, գազակարգավորիչ կետերի և տեղակայանքների, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական համակարգ, որի միջոցով իրականացվում է գազի առաքումն աշխարհագրական որոշակի տարածքում տեղաբաշխված սպառողներին.

գազի ներտնային համակարգ` գազի առևտրային հաշվառքի սարքից անմիջապես հետո (սահմանազատման կետ) սկսվող ներտնային գազատար ցանցը` իր փականային հարմարանքներով, և բնակարանում տեղադրված բոլոր գազասարքերը.

տեխնիկական պայմաններ` գազի տնտեսության տեխնիկական համակարգի անխափան և անվտանգ շահագործումն ապահովող նորմատիվ ակտերով ու ղեկավարող փաստաթղթերով սահմանված և տեխնիկատնտեսական հիմնավորմամբ նոր սպառողին առաջադրված գազամատակարարման իրականացման պայմաններ և պահանջներ.

հաշվարկային ժամանակաշրջան` պայմանագրով ամրագրված ժամանակահատված, որի համար պետք է որոշվի գազի ծախսը, կատարվեն փոխադարձ հաշվարկներ գազամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև.

գազի միջին օրական քանակ` մատակարարվող գազի ծավալը, որը որոշվում է ամսական մատակարարվող գազի ծավալի և համապատասխան ամսվա օրերի թվի հարաբերությամբ.

գազի ժամային ծախս` գազասարքավորման տեխնիկական անձնագրով ամրագրված գազասպառման անվանական (նոմինալ) չափաքանակ.

գազասպառման հայտ` գազի պահանջվող օրական (ամսական, տարեկան) ծավալը, որով ապահովվում է սպառողի տեխնոլոգիական սարքերի պահանջարկը.

գազի առևտրային հաշվառքի սարք` սարք, որի միջոցով չափվում է առաքված գազի քանակը և որի ցուցմունքի համաձայն կատարվում են փոխադարձ հաշվարկներ` գազամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև.

սահմանազատման կետ` սահման, որով բաժանվում են գազամատակարարող ձեռնարկության և սպառողի հաշվեկշիռներում գտնվող կամ նրանց կողմից տնօրինվող գազահամակարգերը.

առաքման կետ` սահման, որտեղ տեղակայված է գազի առևտրային հաշվառքի սարքը:

2. ԳՕԿ-ը սահմանում է գազամատակարարող ձեռնարկությունների կողմից սպառողներին (բաժանորդներին) իրականացվող գազամատակարարման պայմանները, նրանց փոխհարաբերությունները և պարտադիր են նրանց համար` անկախ գերատեսչական ենթակայությունից, կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:

Սույն կանոններից բացի, գազամակատարարող ձեռնարկությունների և բաժանորդների համար պարտադիր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` գազի տնտեսությունում անվտանգության, տեխնիկական շահագործման, բնապահպանական և հրդեհային անվտանգության, շինարարական նորմերն ու կանոնները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի նորմատիվ ակտերը:

3. Գազից օգտվել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանող հետևյալ հիմնական պայմանների բավարարման դեպքում`

- գազատար ցանցին նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխանող, գազի տնտեսությունների տեխնիկական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների (այսուհետև` իրավասու մարմիններ) կողմից հավաստագրված գազասարքավորումների և գազատարի առկա միացում.

- գազամակատարարող ձեռնարկության հետ կնքված գազի մատակարարման (առքի ու վաճառքի) պայմանագրի (այսուհետև` պայմանագիր) առկայություն:

Պայմանագրին կցվում է գազատար ցանցերի հաշվեկշռային պատկանելության, շահագործման պատասխանատվության սահմանազատման և գազի ծախսի հաշվառման կազմակերպման մասին ակտը, որը պայմանագրի անբաժանելի մասն է:

Պայմանագիրը համարվում է երկարացված, եթե դրա ավարտի ժամկետից առաջ կողմերից մեկի պահանջով այն չի վերանայվել կամ լուծվել:

Բնակչության կողմից գազից օգտվելու պայմանները սահմանված են ԳՕԿ-ի YIII գլխում:

 

ԳԼՈՒԽ II.
Սպառողների գազասարքավորումները գազատար ցանցին միացնելու տեխնիկական պայմանները

 

4. Նոր սպառողների գազասարքավորումները գազամատակարարող ձեռնարկության գազատար ցանցին միացնելու կամ ցանցից սնվող բաժանորդների գազասարքավորումներում նոր կամ օգտագործվող հզորությունների ավելացման, գազասարքավորումների վերակառուցման տեխնիկական պայմանների մշակումը, առաջադրումը և փոխհամաձայնեցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցված կարգով:

5. Գազամատակարարող ձեռնարկությունը նոր սպառողին իր բաժանորդի գազատար ցանցի սահմանազատման կետից հետո միանալու համար տեխնիկական պայմաններ կարող է տալ բաժանորդի գրավոր համաձայնության դեպքում:

6. Գազամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև փոխհամաձայնեցված տեխնիկական պայմանների կատարումը պարտադիր է կողմերի համար:

Նոր սպառողներին գազատար ցանցին միացնելու տեխնիկական պայմաններում պարտադիր կարգով նշվում է դրանց գործողության ժամկետը:

7. Նոր հզորությունների միացման մասին սպառողի հայտը դիտարկելու և տեխնիկական պայմաններ առաջադրելու ժամկետը սահմանվում է մինչև մեկ ամիս` հայտն ստանալու օրվանից հաշված:

8. Պատվիրատուն (սպառողը), նախքան շինարարական աշխատանքներն սկսելը, նախագծային կազմակերպության մասնակցությամբ սահմանված կարգով իրավասու մարմիններ է ներկայացնում իր ձեռնարկության գազի տնտեսության նախագծի (աշխատանքային նախագծի) բաժինները և աշխատանքային գծագրերը: Իրավասու մարմինները, յուրաքանչյուրը մինչև 10-օրյա ժամկետում, ստուգում են նախագծի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին և մյուս անհրաժեշտ տեխնիկական նորմերին ու ստանդարտներին և համաձայնություն տալիս գազի տնտեսության մասով շինարարությունն սկսելու համար:

Քննարկվող նախագծային փաստաթղթերում տեխնիկական պայմաններից կամ նորմատիվային պահանջներից շեղումներ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուին (սպառողին) ուղարկվում է համապատասխան հիմնավորված գրություն:

9. Գազիֆիկացման նախագծային, շինարարական-հավաքակցման և կարգաբերման աշխատանքներ կարող են կատարել համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

 

ԳԼՈՒԽ III.
Գազի տնտեսությունը թողարկելու և շահագործելու թույլտվությունը

 

10. Գազի նոր միացվող և վերակառուցվող տնտեսությունները, ինչպես նաև գազի բաշխման ցանցերը (անկախ սեփականության ձևից) պետք է համապատասխանեն շինարարական նորմերին ու կանոններին, հրդեհային անվտանգության, գազի տնտեսություններում անվտանգության կանոններին և այլ նորմատիվ ակտերին, ապահովված լինեն սահմանված կարգով համաձայնեցված նախագծային և հանձնման - ընդունման տեխնիկական փաստաթղթերով:

11. Գազի նոր միացվող կամ վերակառուցված տնտեսությունները, ինչպես նաև գազի բաշխման ցանցերը (անկախ սեփականության ձևից) նախքան թողարկումը սահմանված կարգով ենթարկվում են հանձնման - ընդունման փորձարկումների: Փորձարկումների դրական արդյունքի հիման վրա համապատասխան իրավասու մարմնի կողմից տրվում է գազի տնտեսության թողարկման թույլտվություն:

Գազի բաշխման ցանցում կամ տնտեսությունում թողարկումից հետո սահմանված կարգով իրականացվում են համապատասխան կարգաբերման աշխատանքներ:

12. Գազամատակարարող ձեռնարկությունը նոր բաժանորդի գազամատակարարումն իրականացնում է երկկողմ կապարակնքված գազի հաշվառքի սարքերի առկայության դեպքում` համաձայն պայմանագրի:

13. Իրավասու մարմինների կողմից բաժանորդի գազի տնտեսությունում սարքավորումների տեղակայման թերությունների, առաջադրված տեխնիկական պայմաններից և այլ նորմերից շեղումների հայտնաբերման դեպքերում, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, արգելվում է գազամատակարարող ձեռնարկությանը գազամատակարարման իրականացումը:

14. Գազի կոնսերվացված տնտեսությունների թողարկումը և շահագործումն իրականացվում են սույն գլխով սահմանված դրույթների համաձայն: Թողարկումից առաջ գազի կոնսերվացված կամ սպառման սեզոնային բնույթ ունեցող տնտեսությունները փորձարկման ենթարկելու անհրաժեշտության մասին որոշումն ընդունում է համապատասխան իրավասու մարմինը:

15. Առանց իրավասու մարմինների թույլտվության գազի մատակարարման և (կամ) սպառման դեպքում խախտում թույլ տված կողմը (կողմերը) ենթարկվում է (են) պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ IY
Գազամատակարարող ձեռնարկությունների և գազի տնտեսությունների տեխնիկական վերահսկողությունը

 

16. Գազամատակարարող ձեռնարկությունների և գազի տնտեսությունների (անկախ սեփականության ձևից, կազմակերպական-իրավական տեսակից և գերատեսչական ենթակայությունից) տեխնիկական վերահսկողությունն իրականացնում են իրավասու մարմինները` իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Իրավասու մարմինները գազամատակարարող ձեռնարկություններում իրենց անցկացրած ստուգումների արդյունքներում արձանագրած խախտումների մասին տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին:

17. Իրավասու մարմինների կողմից տեխնիկական վերահսկողության իրականացումն իրավաբանական և ֆիզիկական անձանց չի ազատում գազի տնտեսությունների անվտանգության, շահագործման ու տեխնիկական վիճակի հսկման և պահպանման պարտականություններից ու պատասխանատվությունից:

18. Իրավասու մարմինների ներկայացուցիչների մուտքը գազամատակարարող ձեռնարկություն և սպառողի գազի տնտեսություն խոչընդոտելու դեպքում վերջիններիս պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Իրավասու մարմինների պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ Y.
Գազի սպառման ռեժիմները և հիմնական պայմանները

 

20. Բաժանորդի կողմից գազի սպառումն իրականացվում է պայմանագրում նշված քանակների համաձայն:

21. Գազի քանակների փոփոխություն կատարել թույլատրվում է բաժանորդի և գազամատակարարող ձեռնարկության փոխհամաձայնությամբ` պայմանագրով ամրագրված կարգով և ժամկետներում:

22. Գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է գազի առաքման կետում ապահովել գազի ճնշման պայմանագրային մեծությունը, եթե սպառողն ապահովում է պայմանագրով ամրագրված գազի սպառման քանակը:

Այն դեպքերում, երբ պայմանագրով ամրագրված չեն գազի ճնշման մեծությունը և սպառման քանակը, գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է գազի առաքման կետում ապահովել ստանդարտներով սահմանված գազի ճնշման մեծությունը:

23. Գազը մատակարարվում է անընդհատ, եթե պայմանագրով դրա մատակարարման ընդհատում կամ սահմանափակում չի նախատեսվում:

24. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գազի մատակարարման սահմանափակումները և (կամ) դադարեցումն իրականացվում են գազամատակարարման համակարգի կենտրոնական կարգավարական ծառայության հրահանգով, գազամատակարարող ձեռնարկության կարգավարական ծառայության կողմից, նախապես մշակված և սպառողների հետ փոխհամաձայնեցված գրաֆիկներով: Գազամատակարարման սահմանափակման և դադարեցման պայմաններն ամրագրվում են պայմանագրով: Գազամատակարարող ձեռնարկությունը վթարային իրավիճակի և դրանից բխող գազամատակարարման սահմանափակման մասին պարտադիր տեղեկացնում է բաժանորդին:

25. Բաժանորդն սպասարկող անձնակազմի կյանքին վտանգ սպառնացող վթարային իրավիճակների մասին գազի տնտեսության անվտանգությունը վերահսկող իրավասու մարմնի կարգադրագրի հիման վրա պարտավոր է դադարեցնել կամ սահմանափակել գազի սպառումը, իսկ գազամատակարարող ձեռնարկության կարգավարական ծառայությունը` գազի մատակարարումը` երկուստեք անմիջապես տեղեկացումով:

Բաժանորդի գազամատակարարումը վերականգնվում է իրավասու մարմնի համապատասխան կարգադրագիրը (հեռախոսագիրը) ստանալուց հետո:

26. Բաժանորդին նախօրոք գրավոր նախազգուշացումից հետո գազամատակարարող ձեռնարկությունը պայմանագրով ամրագրված դեպքերում և պայմաններով իրավունք ունի մասնակի կամ լրիվ դադարեցնելու նրա գազամատակարարումը:

27. Գազամատակարարման դադարեցումը և վերականգնումը կատարում է գազամատակարարող ձեռնարկության ներկայացուցիչը` բաժանորդի պատասխանատու անձի ներկայությամբ կամ սահմանված կարգով բաժանորդին անջատման մասին տեղյակ պահելով, իսկ միացման դեպքում` համաձայնությունն ստանալով:

28. Գազամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են պայմանագրով, սույն կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ YI.
Սպառված գազի քանակի, արժեքի որոշման և վճարման կարգը

 

29. Սպառված գազի քանակը որոշվում է համաձայն գազի առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների, իսկ դրա արժեքը` ըստ սակագնի:

30. Բաժանորդի և գազամատակարարող ձեռնարկության պատասխանատու անձինք` պայմանագրով ամրագրված հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, պարտադիր կարգով կատարելով գազի առևտրային հաշվառքի սարքի տեղակայման տեխնիկական պայմանների և արտաքին վիճակի զննում, նշված սարքի ցուցմունքի համաձայն, կազմում են երկկողմանի ակտ սպառված գազի քանակի մասին: Պայմանավորված ժամկետում բաժանորդի պատասխանատու անձի չներկայանալու դեպքում գազամատակարարող ձեռնարկությունն իրավասու է կազմելու միակողմանի ակտ:

Գազամատակարարող ձեռնարկությունն սպառված գազի արժեքի վճարման փաստաթուղթը կազմում է սպառված գազի քանակի և որակի մասին ակտերի հիման վրա:

Ակտը կազմելուց հետո պայմանագրով վճարման համար ամրագրված ժամկետի ընթացքում պայմանագրի կողմերին իրավունք է վերապահվում վիճարկելու ակտով ամրագրված սպառված գազի քանակը և պահանջելու վերստուգում: Մինչև նշված ժամկետի ավարտը գազի առևտրային հաշվառքի սարքերը շահագործող կողմը պարտավոր է պահպանել և առաջին իսկ պահանջով վիճարկող կողմին կամ իրավասու մարմին ներկայացնել հաշվարկային ժամանակաշրջանում գազի սպառման հաշվառմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը` օպերատիվ տեղեկությունների գրառումները, քարտագրերը, համակարգչային ելքային փաստաթղթերը և այլն: Նշված փաստաթղթերը պետք է պահպանվեն մինչև վեճի վերջնական լուծումը:

31. Բաժանորդն սպառված գազի համար վճարումը կատարում է գազամատակարարող ձեռնարկության ներկայացրած վճարման փաստաթղթի հիման վրա` պայմանագրով վճարման համար ամրագրված ժամկետի ընթացքում:

32. Վճարման փաստաթուղթն ստանալու պահից մինչև պայմանագրով վճարման համար ամրագրված ժամկետի վերջին օրը չվճարելու դեպքում բաժանորդից գանձվում է տույժ հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվճարված գումարի պայմանագրով սահմանված տոկոսադրույքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքի չափով, իսկ գազամատակարարող ձեռնարկությանն իրավունք է վերապահվում դադարեցնելու գազի մատակարարումը բաժանորդին` պայմանագրում նշված ժամկետում պաշտոնապես զգուշացնելուց հետո:

33. Գազամատակարարող ձեռնարկությունը պահպանում է վճարում չկատարելու պատճառով բաժանորդին գազի մատակարարումը դադարեցնելու իրավունքը` մինչև նրա կողմից պարտքի և հաշվարկված տույժի լրիվ մարումը:

Գազի մատակարարման դադարեցման դեպքում դրա վերականգնումն իրականացվում է բաժանորդի կողմից պարտքի և հաշվարկված տույժի, անհրաժեշտության դեպքում` նաև անջատման - միացման հետ կապված ծախսերի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` 24 ժամվա ընթացքում, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված: Գազամատակարարող ձեռնարկությունը նշված ժամանակահատվածում գազի մատակարարումն իր մեղքով չվերականգնելու դեպքում պարտավոր է այդ ժամկետը գերազանցած ժամանակահատվածում թերամատակարարված գազի համար փոխհատուցել բաժանորդին` ԳՕԿ-ի 43-րդ կետով սահմանված կարգով:

34. Վճարման փաստաթղթերում գրառման սխալի հայտնաբերման դեպքում բաժանորդը պետք է դիմի գազամատակարարող ձեռնարկությանը:

Բաժանորդի դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է ստուգել իր գրառումները:

Վճարման փաստաթղթերում գրառման սխալի հաստատման դեպքում գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է երկօրյա ժամկետում ուղղել սխալը և, բաժանորդի հետ համաձայնեցնելով, ավելի գանձված գումարը վերադարձնել կամ ձևակերպել որպես կանխավճար, իսկ թերի գանձված գումարի համար բաժանորդին ներկայացնել նոր վճարման փաստաթուղթ, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված: Բաժանորդին ավելի գանձված գումարը վերադարձվում է նրա դիմելու պահից 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` չվճարված գումարի` պայմանագրով սահմանված տոկոսադրույքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքի չափով: Նոր վճարման փաստաթղթով վճարումը կատարվում է ԳՕԿ-ի 31-րդ և 32-րդ կետերով սահմանված կարգով:

35. Բաժանորդի կամ գազամատակարարող ձեռնարկության կողմից գազի առևտրային հաշվառքի սարքերի սխալ աշխատանքի հայտնաբերման դեպքում կողմերը վարվում են պայմանագրով ամրագրված կարգով: Պայմանագրում նման կարգի բացակայության դեպքում գազի առևտրային հաշվառքի սարքերի սխալ աշխատանքի մասին կազմվում է համատեղ ակտ, իսկ կողմերից մեկի չհամաձայնելու դեպքում միակողմանի ակտ, որը իրավասու մարմնի ներկայացուցչի, անհրաժեշտության դեպքում` նաև Հայպետստանդարտի գրավոր եզրակացությունից հետո հիմք է հանդիսանում հաշվառքի սարքի ստուգման և սպառված գազի քանակի վերահաշվարկ կատարելու համար: Եթե հաշվառքի սարքի սխալ աշխատանքի փաստը հաստատելու համար անհրաժեշտ է այդ սարքն ապամոնտաժել և տեղափոխել Հայպետստանդարտի ստուգաչափման կենտրոն, ապա այդ սարքի շահագործման պատասխանատու կողմը պարտավոր է առնվազն 2 օր առաջ գրավոր տեղեկացնել մյուս կողմին` ստուգաչափման ամբողջ գործընթացին վերջինիս մասնակցությունն ապահովելու համար:

Ստուգման արդյունքներով վերահաշվարկ կատարվում է հետևյալ նախապայմանների առկայության դեպքում`

ա) սպառված չէ հաշվառքի սարքի հերթական պետստուգաչափման ժամկետը.

բ) չափման սխալը գերազանցում է տվյալ սարքի սխալի թույլատրելի տիրույթը.

գ) սխալի առկայությունը հանգեցրել է այն կողմի վնասին, որը պատասխանատու չէ հաշվառքի սարքի շահագործման համար:

Գազամատակարարող ձեռնարկությունը վերահաշվարկը կատարում է գազի առևտրային հաշվառքի սարքերի վերջին զննումից մինչև հաշվառքի վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար` սարքի սխալի թույլատրելի տիրույթը գերազանցած մասով:

Սպառված գազի քանակի վերահաշվարկ կատարվում է պայմանագրային այն կողմի օգտին, որը պատասխանատու չէ հաշվառքի սարքի շահագործման համար: Այդ ժամանակահատվածում`

ա) ավելի գանձված գումարը ձևակերպվում է որպես կանխավճար, եթե հաշվառքի սարքի շահագործման համար պատասխանատու է գազամատակարարող ձեռնարկությունը.

բ) թերի գանձված գումարի համար բաժանորդին ներկայացվում է նոր վճարման փաստաթուղթ, եթե հաշվառքի սարքի շահագործման համար պատասխանատու է բաժանորդը:

36. Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի սահմաններում գտնվելու դեպքում դրա ստուգման հետ կապված ծախսերը կատարում է հայտ ներկայացնող կողմը, իսկ սխալ աշխատանքը հաստատվելու դեպքում` այն կողմը, որը պատասխանատու է հաշվառքի սարքի շահագործման համար:

Հաշվառման սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված գազի և դրա արժեքի վերահաշվարկ, եթե շեղումներն ստուգաչափման արդյունքում գտնվում են հաշվառման սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

37. Բաժանորդի կամ գազամատակարարող ձեռնարկության պատասխանատվության տակ գտնվող գազի առևտրային հաշվառքի սարքի տեղակայման տեխնիկական պայմանների և (կամ) շահագործման նորմերի միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքում խախտումը հայտնաբերած և փաստացի վնաս կրած կողմը մյուս կողմի հետ համատեղ կազմում է հաշվառքի խախտման ակտ: Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում ծախսված գազի քանակի վերահաշվարկի համար:

Ակտին մյուս կողմի չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է ԳՕԿ-ի 28-րդ կետով սահմանված կարգով:

Գազի ծախսի վերահաշվարկ կատարվում է համատեղ, գազի առևտրային հաշվառքի սարքերի վերջին զննման օրվանից մինչև հաշվառքի վերականգնումն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար`

ա) բաժանորդի գազ օգտագործող սարքերի նախագծային հզորությամբ և աշխատանքի ժամերի քանակով (հաշվի առնելով գազի սպառման փաստացի ժամանակահատվածը), եթե հաշվառքի սարքի շահագործման պատասխանատվությունը կրում է բաժանորդը և պայմանագրով այլ բան չի նախատեսված.

բ) սարքի սխալի թույլատրելի տիրույթը գերազանցած մասով, եթե հաշվառքի սարքի շահագործման պատասխանատվությունը կրում է գազամատակարարող ձեռնարկությունը և պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Հաշվառքի սարքի խախտումները վերացվում են հաշվառքի խախտման ակտի հիման վրա, շահագործման պատասխանատուի կողմից և իր ծախսերով` ոչ ավելի, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում գանձումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ YII.
Գազամատակարարող ձեռնարկության և բաժանորդի պատասխանատվությունը

 

38. Գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է ապահովել բաժանորդի գազամատակարարումը կնքված պայմանագրի համաձայն:

39. Բաժանորդի գազամատակարարման ընդհատումների կամ սահմանափակումների դեպքում, բացառությամբ ԳՕԿ-ի 40-րդ կետում նշված դեպքերի, գազամատակարարող ձեռնարկությունը թերամատակարարման համար բաժանորդին վճարում է տուգանք` համաձայն կնքված պայմանագրի: Պայմանագրով չնախատեսված գազի ընդհատումների կամ սահմանափակումների հետևանքով բաժանորդի կրած վնասը փոխհատուցում է գազամատակարարող ձեռնարկությունը` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

Բաժանորդի կողմից գազի` պայմանագրով ամրագրված քանակների շարունակական թերառման դեպքում, եթե այն պայմանավորված չէ գազի ծախսի խնայողական տեխնոլոգիաների ներդրմամբ, գազամատակարարող ձեռնարկությանն իրավունք է վերապահվում պայմանագրով ամրագրված կարգով բաժանորդից պահանջելու կրած վնասի փոխհատուցում:

40. Գազամատակարարող ձեռնարկությունը բաժանորդի նկատմամբ պատասխանատվություն չի կրում գազի թերամատակարարման համար, եթե այն հետևանք է`

ա) պայմանագրում ամրագրված ֆորս-մաժորային պայմանների.

բ) բաժանորդի այնպիսի օպերատիվ գործողությունների, որոնք հանգեցնում են գազասնուցման ընդհատման (սխալ անջատումներ, շահագործման կանոնների խախտումներ, գազի տնտեսության վթարներ և այլն).

գ) բաժանորդին գազի մատակարարման` օրենքով թույլատրվող սահմանափակման կամ պայմանագրով ամրագրված ընդհատման պայմանների:

Վթարային իրավիճակի և գազամատակարարման սահմանափակման պատճառների մասին գազամատակարարող ձեռնարկությունը պարտադիր տեղեկացնում է բաժանորդին:

41. Բաժանորդներին թերամատակարարված գազի քանակը որոշվում է մատակարարման սահմանափակման փաստացի ժամանակով և նախորդ հաշվարկային ժամանակաշրջանի միջին ծախսի ու թերամատակարարման ընթացքում առաքված գազի քանակների տարբերությամբ:

42. Գազի մատակարարման ընդհատման մասին բաժանորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել գազամատակարարող ձեռնարկությանը:

Գազի թերամատակարարման ժամանակը և պատճառները որոշվում են գազամատակարարող ձեռնարկության ու բաժանորդի համապատասխան փաստաթղթերով և արձանագրվում երկկողմանի կազմված ակտով:

43. Գազամատակարարող ձեռնարկությունը 7-օրյա ժամկետում քննարկում է բաժանորդի գազի թերամատակարարման մասին դիմումը և դրա բավարարման դեպքում ԳՕԿ-ի 39-րդ կետի և կնքված պայմանագրի համաձայն վճարում տուգանք` ոչ ուշ, քան սպառողի դիմումն ստանալուց 15 օրվա ընթացքում: Յուրաքանչյուր ուշացած օրվա համար տուգանքի գումարը հավելվում է չվճարված գումարի պայմանագրում նշված տույժի տոկոսադրույքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքի չափով:

44. Եթե որևէ բաժանորդի մեղքով ԳՕԿ-ի 40-րդ կետի «բ» ենթակետում նշված պատճառով կատարվել է գազամատակարարող ձեռնարկության այլ բաժանորդների գազի թերամատակարարում, ապա գազամատակարարող ձեռնարկությանն իրավունք է վերապահվում կնքված պայմանագրի համաձայն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ բաժանորդից պահանջելու գազի թերամատակարարման համար իր կրած վնասների փոխհատուցում:

45. Գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է գազատար ցանցի` պայմանագրով ամրագրված կետում պահպանել պայմանագրում նշված, իսկ դրանց բացակայության դեպքում` ստանդարտներով սահմանված գազի որակական ցուցանիշները:

46. Որակական ցուցանիշներին չհամապատասխանող ծախսված գազի դիմաց բաժանորդը վճարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի սահմանած և պայմանագրով ամրագրված գնով, եթե այդպիսի որակով գազը բավարարում է բաժանորդին:

Մատակարարվող գազի որակը պայմանագրի պայմաններին չհամապատասխանելու դեպքում բաժանորդին իրավունք է վերապահվում գազամատակարարող ձեռնարկությանը պայմանագրով ամրագրված կարգի համաձայն պաշտոնապես տեղեկացնելուց հետո, մինչև գազի որակի վերականգնումը, դադարեցնելու կամ սահմանափակելու գազի սպառումը:

47. Գազի որակական ցուցանիշները և որակական ցուցանիշներին չհամապատասխանող գազի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են մատակարարի և բաժանորդի համապատասխան սարքերի չափումների արդյունքներով: Դրա մասին կազմվում է ակտ` գազամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև. գազի քանակը որոշվում է ակտում նշված գազամատակարարման ժամանակով և այդ ընթացքում մատակարարված գազի միջին ծախսով:

48. Գազի ապօրինի սպառում է համարվում`

ա) սպառումն առանց պայմանագրի.

բ) սպառումը հաշվառման սարքի կողանցումով.

գ) սպառումն առանց հաշվառման սարքի կամ վերջինիս սարքավորման հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով:

Գազի ապօրինի սպառման դեպքում մեղավոր կողմը (կողմերը) ենթարկվում է (են) պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

49. Գազամատակարարող ձեռնարկությունը և բաժանորդը պատասխանատվություն են կրում իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղակայված և պայմանագրով սահմանազատված գազասարքավորումների, գազատար խողովակների ու գազի առևտրային հաշվառքի սարքերի տեխնիկական վիճակի, պահպանության, անվտանգության տեխնիկայի կանոնների և շահագործման նորմերի պահպանման համար:

50. Բաժանորդի սեփականությունը հանդիսացող կամ տնօրինության տակ գտնվող գազասարքավորումների, գազատար խողովակների և հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացնել գազամատակարարող ձեռնարկությունը` նման ծառայության համար սահմանված կարգով հաստատված գնացուցակով: Բաժանորդի գազի տնտեսության սպասարկումը և շահագործումը պայմանագրային հիմունքներով կարող են իրականացնել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

51. Բաժանորդի սեփականությունը հանդիսացող, բայց պայմանագրով գազամատակարարող ձեռնարկության պատասխանատվության տակ գտնվող գազի առևտրային հաշվառքի սարքերի պլանային և ոչ պլանային սպասարկման ու շահագործման ծախսերը կատարում է գազամատակարարող ձեռնարկությունը: Այդ հաշվառքի սարքերի պլանային կամ ոչ պլանային փոխարինումը կատարվում է գազամատակարարող ձեռնարկության ծախսերով. փոխարինված սարքը հանձնվում է սեփականատիրոջը, իսկ նոր տեղադրված սարքը հանդիսանում է գազամատակարարող ձեռնարկության սեփականությունը:

52. Բաժանորդի սեփականությունը հանդիսացող և պայմանագրով իր պատասխանատվության տակ գտնվող գազի առևտրային հաշվառքի սարքերի պլանային և ոչ պլանային սպասարկման ու շահագործման ծախսերը կատարում է բաժանորդը: Այդ հաշվառքի սարքերի պլանային կամ ոչ պլանային փոխարինումը կատարվում է գազամատակարարող ձեռնարկության ծախսերով. փոխարինված սարքը հանձնվում է սեփականատիրոջը, իսկ նոր տեղադրված սարքը հանդիսանում է գազամատակարարող ձեռնարկության սեփականությունը:

53. Սահմանված կարգով գազի հոտավետացումը (օդորանտացում) և հոտի սրության չափի հսկողությունն իրականացնում է գազամատակարարող ձեռնարկությունը` ղեկավարվելով ստանդարտների և անվտանգության գործող կանոնների պահանջներով:

54. Արտադրական ձեռնարկություններին և ջերմաէլեկտրակայաններին տրվող գազը, կնքված պայմանագրի համաձայն, կարող է չենթարկվել հոտավետացման: Այդ բաժանորդները պետք է ունենան գազի արտահոսքի առկայությունն ահազանգող ավտոմատ համակարգեր:

 

ԳԼՈՒԽ YIII.
Գազի օգտագործումը բնակչության կողմից

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

55. Բնակչությանը գազից օգտվել թույլատրվում է գազամատակարարման մասին դիմումի առկայության և հետևյալ պայմանների ապահովման դեպքում`

- գազատար ցանցին նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխանող, իրավասու մարմինների կողմից հավաստագրված գազասարքավորումների և գազատարի առկա միացում.

- գազամատակարարող ձեռնարկության հետ կնքված պայմանագրի առկայություն:

Սեփականատերն իր սեփականությունը հանդիսացող յուրաքանչյուր բնակարանի (առանձնատան), ամառանոցի հասցեով, իսկ վարձակալը, եթե բնակելի տարածքի վարձակալման պայմանագրով այլ բան չի նախատեսված, վարձակալած տարածքի հասցեով, գազամատակարարող ձեռնարկության հետ կնքում է մեկ պայմանագիր` հանդես գալով որպես մեկ բաժանորդ:

Պայմանագրին կցվում է գազի ներտնային համակարգի շահագործման պատասխանատվության և բաժանորդի համապատասխան հրահանգավորման անցկացման մասին ակտը, որը պայմանագրի անբաժանելի մասն է:

56. Գազամատակարարման մասին դիմումներին պատասխանելու ժամկետը սահմանվում է մինչև մեկ ամիս:

57. Գազամատակարարող ձեռնարկությունը, պայմանագրի կնքման պահից սկսած, պարտավոր է կազմակերպել բաժանորդի կողմից գազի ծախսի և վճարումների հաշվառում:

58. Նոր առանձնատան, ամառանոցի գազիֆիկացումը, ներառյալ նաև գազի ներտնային համակարգը, իրականացնում է գազամատակարարող ձեռնարկությունը, իսկ ծախսերը հատուցում է նախաձեռնող կողմը: Նախկինում գազիֆիկացված առանձնատան, ամառանոցի գազամատակարարման վերականգնումը, ներառյալ սկզբնական նախագծով և տեխնիկական պայմաններով ընդգրկված ներտնային համակարգը (բացառությամբ գազասարքերի), իրականացվում է գազամատակարարող ձեռնարկության նախաձեռնությամբ և ծախսերով: Սկզբնական նախագծից և տեխնիկական պայմաններից շեղումների դեպքում գազիֆիկացման վերականգնումն իրականացվում է սպառողի հաշվին:

59. Բազմաբնակարան նոր շենքերի գազիֆիկացումը, ներառյալ նաև գազի ներտնային համակարգը, իրականացվում է դրանց սեփականատիրոջ նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով: Նախկինում գազիֆիկացվածների գազամատակարարման վերականգնումը, ներառյալ սկզբնական նախագծով և տեխնիկական պայմաններով ընդգրկված ներտնային համակարգը (բացառությամբ գազասարքերի), իրականացվում է գազամատակարարող ձեռնարկության նախաձեռնությամբ և ծախսերով: Սկզբնական նախագծից և տեխնիկական պայմաններից շեղումների դեպքում գազիֆիկացման վերականգնումն իրականացվում է սպառողի հաշվին:

60. Բնակելի տարածքների գազիֆիկացումն իրականացվում է գազամատակարարող ձեռնարկության մշակած տեխնիկական պայմանների և կազմած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա գազի տնտեսությունում անվտանգության, շահագործման, հրդեհային անվտանգության կանոնների, շինարարական նորմերով ու կանոններով սահմանված դրույթների և սույն կանոնների պահանջների կատարմամբ:

61. Բնակարանների, առանձնատների և ամառանոցների գազամատակարարումը թույլատրվում է իրականացնել միայն մեկ սնման կետով` առանց դրանց համար պահեստային սնման կետի նախատեսման:

 

Բ. Բնակելի բազմաբնակարան շենքերի, ամառանոցների և

առանձնատների (բնակելի տարածքների)

գազասարքավորումների շահագործումը

 

62. Բնակելի տարածքներում գազի ներտնային համակարգից օգտվելու անվտանգության տեխնիկայի կանոնների և գազասարքերի ամբողջական պահպանման համար պատասխանատվությունը կրում է բաժանորդը, իսկ դրանց տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացնել գազամատակարարող ձեռնարկությունը` սահմանված կարգով հաստատված գնացուցակով:

63. Գազի ներտնային համակարգի սպասարկումը և վերանորոգումը պայմանագրային հիմունքներով կարող են իրականացնել նաև սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

 

Գ. Բնակելի տարածքներում սպառված գազի քանակի,

արժեքի որոշման և վճարման կարգը

 

64. Բաժանորդների գազի առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրառումը և վճարման փաստաթղթերի ձևակերպումը կատարում է գազամատակարարող ձեռնարկության ներկայացուցիչը` պայմանագրով ամրագրված հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, պարտադիր կարգով իրականացնելով գազի առևտրային հաշվառքի սարքի տեղակայման տեխնիկական պայմանների և արտաքին վիճակի, գազի ներտնային համակարգի զննում:

Գազի առևտրային հաշվառքի սարքերը ենթակա են կապարակնքման գազամատակարարող ձեռնարկության և բաժանորդի կողմից:

Գազի առևտրային հաշվառքի սարքերի կապարակնքման հնարավորություն չունեցող բաժանորդները կարող են կապարակնքումը փոխարինել հաշվառքի սարքերի աշխատանքը չխոչընդոտող այլ համարժեք միջոցներով:

Բաժանորդի կողմից գազի առևտրային հաշվառքի սարքերի կապարակնքման ձևն ամրագրվում է բաժանորդի քարտում կամ առանձին ակտով:

Գազամատակարարող ձեռնարկությունը և բաժանորդը երկուստեք պատասխանատվություն են կրում կապարակնիքների կամ դրանց փոխարինող միջոցների խախտման համար:

65. Բաժանորդները սպառած գազի համար վճարում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով:

66. Բաժանորդը վճարումը կատարում է գազամատակարարող ձեռնարկության կողմից գազի հաշվառքի սարքի ցուցմունքի համաձայն կազմված և ներկայացված վճարման փաստաթղթի հիման վրա` 10 օրվա ընթացքում:

67. Վճարման փաստաթուղթն ստանալու պահից սպառած գազի արժեքի մուծումը 10 օրից ավելի ուշացնելու դեպքում գազամատակարարող ձեռնարկությունը կարող է դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` անջատումից 5 օր առաջ նրան գրավոր զգուշացնելուց հետո: Գազի մատակարարումը վերականգնվում է բաժանորդի կողմից պարտքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

68. Վճարման համար ներկայացվող գումարի ճշտության նկատմամբ կասկածի դեպքում բաժանորդը վճարման համար հատկացված 10 օրվա ընթացքում պետք է դիմի գազամատակարարող ձեռնարկությանը:

Բաժանորդի դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է ստուգել իր գրառումները:

Վճարման փաստաթղթերում գրառման սխալը հաստատվելու դեպքում գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է երկօրյա ժամկետում ուղղել սխալը և բաժանորդին ներկայացնել նոր վճարման փաստաթուղթ:

69. Բաժանորդի դիմումի համաձայն գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է 5 օրվա ընթացքում ստուգել գազի առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը:

Իր օգտին հաշվառքի սխալի հայտնաբերման դեպքում գազամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է վերահաշվարկ կատարել հաշվառքի սարքի տեխնիկական վիճակի վերջին զննման օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար` սարքի սխալի թույլատրելի տիրույթը գերազանցած մասով, և ավելի գանձված գումարը ձևակերպել որպես կանխավճար: Այս դեպքում գազի առևտրային հաշվառքի սարքերի ստուգման հետ կապված ծախսերը կատարում է գազամատակարարող ձեռնարկությունը:

Բաժանորդը պատասխանատվություն չի կրում իր օգտին գազի հաշվառքի սխալի հայտնաբերման դեպքում:

Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի սահմաններում գտնվելու դեպքում դրա ստուգման հետ կապված ծախսերը կատարում է բաժանորդը, եթե հանդիսանում է հաշվառքի սարքի ստուգման նախաձեռնողը:

Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված գազի վերահաշվարկ, եթե շեղումները գտնվում են հաշվառքի սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

70. Գազի ապօրինի սպառման փաստի հայտնաբերման դեպքում գազամատակարարող ձեռնարկությունը դադարեցնում է սպառողի (բաժանորդի) գազամատակարարումը և սպառողի (բաժանորդի) հետ կազմում գազի ապօրինի սպառման մասին ակտ: Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկի համար:

Ակտին բաժանորդի չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գազամատակարարող ձեռնարկությունը գազի ապօրինի սպառման մասին ակտի հիման վրա բաժանորդի մոտ գազի առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքը գրառելու վերջին օրվանից սկսած մինչև գազի ապօրինի սպառման մասին ակտը կազմելու պահն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար բաժանորդի գազ օգտագործող սարքերի նախագծային հզորությամբ (հաշվի առնելով գազի փաստացի սպառման ժամանակահատվածը) կատարում է գազի ծախսի վերահաշվարկ` հիմք ընդունելով հետևյալ աշխատաժամերը`

ա) ջեռուցող և ջրատաքացուցիչ սարքերի համար`

դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին` 16 ժամ/օր,

մնացած ամիսներին` 5 ժամ/օր.

բ) գազ օգտագործող այլ սարքերի համար` 10 ժամ/օր:

Գազի ապօրինի սպառման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում հաշվարկված գումարը բաժանորդից գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բաժանորդի գազամատակարարումը վերականգնվում է գազի ապօրինի սպառման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարի, գազի ներտնային համակարգի խախտման դեպքում` նաև դրա վերականգնման համար հաշվարկված գումարի վճարման փաստաթուղթը բաժանորդի կողմից ներկայացվելուց հետո` 3 օրվա ընթացքում:

71. Բաժանորդի կողմից գազի ներտնային համակարգի խախտման դեպքում դրա վերականգնումը կատարում է գազամատակարարող ձեռնարկությունը` բաժանորդի հաշվին, սահմանված կարգով հաստատված գնացուցակի համաձայն:

72. Գազի ապօրինի սպառման դեպքում տվյալ բաժանորդը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

73. Գազամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ I.
Ընդհանուր դրույթներ

 

1. Ջերմային էներգիայից օգտվելու կանոններում (այսուհետև` ՋԷՕԿ) օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ջերմային ցանց` խողովակագծերի և սարքավորումների համախումբ, որոնցով կատարվում են ջերմային էներգիայի տեղափոխումը և բաշխումը.

ջերմամատակարարող ձեռնարկություն` ջերմային էներգիայի արտադրման կամ տեղափոխման, կամ բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

սպառող (բաժանորդ)` ջերմամատակարարող ձեռնարկության ջերմային ցանցին սույն կանոնների և այլ նորմատիվ ակտերի պահանջներին ու տեխնիկական պայմաններին համապատասխանող միացում ունեցող և ջերմամատակարարող ձեռնարկության հետ ջերմային էներգիայի մատակարարման (առքի ու վաճառքի) պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

ենթասպառող (ենթաբաժանորդ)` սպառողի ջերմային ցանցին սույն կանոնների և այլ նորմատիվ ակտերի պահանջներին ու տեխնիկական պայմաններին համապատասխանող միացում ունեցող և ջերմամատակարարող ձեռնարկության ու սպառողի հետ ջերմային էներգիայի մատակարարման (առքի ու վաճառքի) եռակողմ պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

ջերմամատակարարման համակարգ` ջերմամատակարարող ձեռնարկության հաշվեկշռում կամ տնօրինության տակ գտնվող ջերմային էներգիայի արտադրման կայանքների և ջերմային ցանցերի համախումբ.

ջերմասպառման համակարգ` սպառողի հաշվեկշռում կամ նրա տնօրինության տակ գտնվող ջերմային ցանցերի և ջերմային էներգիայի սպառիչների համախումբ.

ջերմասպառման ներտնային համակարգ` ջերմային էներգիայի առևտրային հաշվառքի սարքից անմիջապես հետո (սահմանազատման կետ) սկսվող ներտնային ջերմային ցանցը` իր փականային հարմարանքներով, և բնակարանում (բնակարաններում) տեղադրված բոլոր ջերմասպառող սարքերը.

տեխնիկական պայմաններ` ջերմային ցանցի անխափան և անվտանգ շահագործումն ապահովող նորմատիվ ակտերով ու ղեկավարող փաստաթղթերով սահմանված և տեխնիկատնտեսական հիմնավորմամբ նոր սպառողին առաջադրված ջերմամատակարարման իրականացման պայմաններ ու պահանջներ.

ջերմային էներգիայի պայմանագրային քանակ` ջերմային էներգիայի առավելագույն և նվազագույն քանակ, որը փոխհամաձայնեցվում է ջերմամատակարարող ձեռնարկության ու սպառողի միջև և ամրագրվում է կնքված պայմանագրով.

ջերմաստիճանային գրաֆիկ` ցանցային ջրի ջերմաստիճանային գրաֆիկ` կախված արտաքին օդի ջերմաստիճանից.

հաշվեկշռային պատկանելության սահման (սահմանազատման կետ)` ջերմամատակարարման և ջերմասպառման համակարգերի սահմանազատման կետ.

առաքման կետ` ջերմամատակարարման և ջերմասպառման համակարգերի սահման, որտեղ տեղայակված են ջերմային էներգիայի առևտրային հաշվառքի և ջերմակրի պարամետրերի չափիչ-հսկիչ սարքերը կամ որտեղ իրականացվում է ջերմակրի առքն ու վաճառքը:

2. ՋԷՕԿ-ը կարգավորում է ջերմամատակարարող ձեռնարկությունների կողմից սպառողներին (բաժանորդներին) և ենթասպառողներին (ենթաբաժանորդներին) իրականացվող ջերմամատակարարման պայմանները և նրանց փոխհարաբերությունները:

Սույն կանոնները, անվտանգության, տեխնիկական շահագործման, բնապահպանական և հրդեհային անվտանգության, շինարարական նորմերն ու կանոնները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի նորմատիվ ակտերը պարտադիր են ինչպես ջերմամատակարարող ձեռնարկությունների, այնպես էլ բաժանորդների համար, անկախ նրանց սեփականության ձևից, գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական տեսակից:

3. Բաժանորդին վերաբերող ՋԷՕԿ-ի բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթաբաժանորդների վրա, եթե վերջիններիս վերաբերյալ ՋԷՕԿ-ում այլ դրույթ չի սահմանվում:

4. Ջերմային էներգիայից օգտվել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հետևյալ հիմնական պայմանների բավարարման դեպքերում`

- ջերմամատակարարման համակարգին նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխանող, ջերմամատակարարման և ջերմասպառման համակարգերի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների (այսուհետև` իրավասու մարմիններ) կողմից հավաստագրված ջերմասպառող սարքավորումների և ջերմատարի առկա միացումը,

- ջերմամատակարարող ձեռնարկության հետ ջերմային էներգիայի մատակարարման (առքի ու վաճառքի) պայմանագրի (այսուհետև` պայմանագիր) առկայությունը, որին կցված պետք է լինի ջերմամատակարարման և ջերմասպառման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման և ջերմային էներգիայի հաշվառման կազմակերպման մասին ակտը:

Պայմանագիրը համարվում է երկարացված, եթե դրա ավարտի ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ կողմերից մեկի պահանջով այն չի վերանայվել կամ լուծվել:

5. Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48 հոդվածի` ՋԷՕԿ-ի ջերմային էներգիայի հաշվառմանը վերաբերող կետերի կիրառումն իրականացվում է աստիճանաբար` օրենքով սահմանված ժամկետներում:

Բնակչության կողմից ջերմային էներգիայից օգտվելու պայմանները սահմանված են ՋԷՕԿ-ի IX գլխում:

 

ԳԼՈՒԽ II
Ջերմասպառման համակարգը ջերմամատակարարման համակարգին միացնելու տեխնիկական պայմանները

 

6. Նոր սպառողների ջերմասպառման համակարգի` ջերմամատակարարող ձեռնարկության ջերմային ցանցին միացման կամ ցանցից սնվող բաժանորդների մոտ նոր կամ օգտագործվող հզորությունների ավելացման, ջերմասպառման համակարգի վերակառուցման տեխնիկական պայմանների մշակումը, առաջադրումը և փոխհամաձայնեցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցված կարգով:

7. Ջերմամատակարարող ձեռնարկությունը բաժանորդի ջերմային ցանցի սահմանազատման կետից հետո միանալու համար նոր սպառողին տեխնիկական պայմաններ կարող է տալ բաժանորդի գրավոր համաձայնության դեպքում:

8. Ջերմամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև փոխհամաձայնեցված տեխնիկական պայմանների կատարումը պարտադիր է կողմերի համար:

Նոր սպառողներին ջերմային ցանցին միացնելու տեխնիկական պայմաններում պարտադիր կարգով նշվում է դրանց գործողության ժամկետը:

9. Նոր հզորությունների միացման մասին սպառողի հայտը դիտարկելու և տեխնիկական պայմանների առաջադրման և փոխհամաձայնեցման ժամկետը սահմանվում է հայտն ստանալու օրվանից մինչև մեկ ամիս:

10. Նախքան շինարարական աշխատանքներ սկսելը պատվիրատուն (սպառողը) նախագծային կազմակերպության մասնակցությամբ իրավասու մարմիններ է ներկայացնում իր ձեռնարկության ջերմասպառման համակարգի նախագծի (աշխատանքային նախագծի) բաժինները և աշխատանքային գծագրերը: Իրավասու մարմինները` յուրաքանչյուրը մինչև 10-օրյա ժամկետում, ստուգում են նախագծի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին և մյուս անհրաժեշտ տեխնիկական նորմերին ու ստանդարտներին և համաձայնություն տալիս շինարարությունը ջերմասպառման համակարգի մասով սկսելու համար:

Քննարկվող նախագծային փաստաթղթերում տեխնիկական պայմաններից կամ նորմատիվային պահանջներից շեղումներ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուին (սպառողին) ուղարկվում է համապատասխան հիմնավորված գրություն:

11. Ջերմաֆիկացման նախագծային, շինարարական-հավաքակցման և կարգաբերման աշխատանքներ կարող են կատարել համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

 

ԳԼՈՒԽ III.
Ջերմասպառման համակարգերի շահագործման թույլտվությունը

 

12. Նոր միացվող, վերակառուցվող բոլոր տեղակայանքները (անկախ սեփականության ձևից) պետք է համապատասխանեն շինարարական նորմերին և այլ նորմատիվ ակտերին, ապահովված լինեն սարքավորումների անձնագրերով, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային, կատարողական և հանձնման-ընդունման տեխնիկական փաստաթղթերով, ջերմասպառող համակարգի փորձարկման ու կարգաբերման ակտով:

13. Սպառողն իր ջերմակայանքը, նախագծային և հանձնման-ընդունման տեխնիկական փաստաթղթերը ներկայացնում է իրավասու մարմիններ` նրանց իրավասության սահմաններում հավաստագրելու նպատակով:

Իրավասու մարմինների կողմից բաժանորդի ջերմասպառման սարքավորումների տեղակայման թերությունների, առաջադրված տեխնիկական պայմաններից և այլ նորմերից շեղումների հայտնաբերման դեպքերում, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, ջերմամատակարարող ձեռնարկությանն արգելվում է ջերմամատակարարման իրականացումը:

14. Իրավասու մարմնի կողմից ջերմասպառման նոր կառուցված համակարգերի շահագործման թույլտվությունն սպառողին տրվում է միայն ջերմային էներգիայի հաշվառքի սարքերի առկայության դեպքում:

 

ԳԼՈՒԽ IY.
Ջերմային էներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տեղադրումը և շահագործումը

 

15. Բոլոր բաժանորդների ջերմասպառման համակարգերը պարտադիր կարգով պետք է ապահովվեն առևտրային հաշվառքի սարքերով` համաձայն ՋԷՕԿ-ի 5-րդ և 14-րդ կետերի դրույթների:

16. Ջերմային էներգիայի ծախսի հաշվառումը կատարվում է առաքման կետում: Առաքման և սահմանազատման կետերը չհամընկնելու դեպքում սպառված ջերմային էներգիայի ծախսի հաշվառումը պետք է կատարվի հաշվի առնելով սահմանազատման կետից մինչև առաքման կետն ընկած հատվածում առաջացած ջերմակորուստները:

Ջերմակորուստների հաշվարկը, սահմանված կարգով հաստատված մեթոդիկայի համաձայն, կատարում է ջերմամատակարարող ձեռնարկությունը` բաժանորդի հետ համատեղ:

17. Առևտրային հաշվառքի սարքերի տեղադրումը կատարվում է համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից` նախաձեռնողի հաշվին: Առևտրային հաշվառքի սարքերի տեղադրումը, սպասարկումը և շահագործումն իրականացվում են սահմանված կարգով հաստատված հրահանգի համաձայն:

18. Առևտրային հաշվառքի սարքերի պետստուգումները կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը` սարքի անձնագրով ամրագրված ժամկետներում:

Սահմանված ժամկետներում պետստուգման անցկացման վերաբերյալ դրոշմի բացակայության դեպքում` այդպիսի հաշվառման սարքերով կատարված հաշվառումը համարվում է անօրինական:

19. Առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումն իրականացնում է պայմանագրային այն կողմը, որի սեփականությունն են հանդիսանում կամ որի տնօրինության տակ են գտնվում այդ սարքերը: Բաժանորդի սեփականությունը հանդիսացող հաշվառքի սարքերի սպասարկումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացնել ջերմամատակարարող ձեռնարկությունը:

 

ԳԼՈՒԽ Y.
Ջերմամատակարարման և ջերմասպառման համակարգերի տեխնիկական վերահսկողությունը

 

20. Ջերմամատակարարման և ջերմասպառման համակարգերի (անկախ դրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից) նկատմամբ տեխնիկական վերահսկողությունն իրականացնում են իրավասու մարմինները` իրենց վերապահված իրավասության սահմաններում:

Իրավասու մարմիններն իրենց ստուգումների արդյունքներում արձանագրած խախտումների մասին տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին:

21. Իրավասու մարմինների կողմից տեխնիկական վերահսկողության իրականացումն իրավաբանական և ֆիզիկական անձանց չի ազատում իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց տնօրինության տակ գտնվող ջերմամատակարարման և ջերմասպառման համակարգերի անվտանգության, շահագործման ու տեխնիկական վիճակի հսկման և պահպանման պարտականությունից ու պատասխանատվությունից:

22. Իրավասու մարմինների ներկայացուցիչների մուտքը ջերմամատակարարող ձեռնարկության և սպառողի ջերմային ցանց խոչընդոտելու դեպքում վերջիններիս պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Իրավասու մարմինների ներկայացուցիչներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ YI.
Ջերմասպառման ռեժիմները և հիմնական պայմանները

 

24. Բաժանորդի կողմից ջերմասպառումն իրականացվում է համաձայն պայմանագրում նշված քանակների:

25. Պայմանագրում նշված քանակների փոփոխություն թույլատրվում է կատարել բաժանորդի և ջերմամատակարարող ձեռնարկության համաձայնությամբ` պայմանագրով ամրագրված կարգով և ժամկետներում:

26. Ջերմամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է առաքման կետում ապահովել ջերմատարի պարամետրերի պայմանագրային մեծությունները, եթե բաժանորդն ապահովում է ջերմասպառման պայմանագրային քանակը:

27. Ջերմային էներգիայի մատակարարումը կատարվում է անընդհատ, եթե պայմանագրով դրա մատակարարման ընդհատում չի նախատեսվում:

28. Բաժանորդն սպասարկող անձնակազմի կյանքին կամ սարքավորումներին վտանգ սպառնացող վթարային իրավիճակները հսկող իրավասու մարմնի կարգադրագրի հիման վրա պարտավոր է դադարեցնել կամ սահմանափակել ջերմասպառումը, իսկ ջերմամատակարարող ձեռնարկության կարգավարական ծառայությունը` ջերմամատակարարումը` երկուստեք անմիջապես տեղեկացումով:

29. Ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավասու է իր նախաձեռնությամբ, պայմանագրով ամրագրված ժամկետում և կարգով սպառողին նախապես զգուշացնելուց հետո (հեռախոսագրով, հեռագրով) մասամբ կամ լրիվ դադարեցնելու նրա ջերմամատակարարումը`

ա) բաժանորդի պատասխանատվության տակ գտնվող առևտրային հաշվառքի սարքերի երկարատև խափանման դեպքում.

բ) պայմանագրային մեծություններից դուրս ցանցային ջրի կորստի և աղտոտման դեպքում.

գ) օգտագործման սահմանված մեծությունների և ժամային առավելագույն ու նվազագույն բեռնվածքների համապատասխանաբար գերազանցման և նվազեցման դեպքերում, ինչպես նաև վերադարձվող ցանցային ջրի ջերմաստիճանային գրաֆիկով սահմանվածից 5 աստիճան C և ավելի բարձր լինելու դեպքում, եթե պայմանագրում այլ մեծություն չի նախատեսվում.

դ) պայմանագրում նախատեսված խտուցքի վերադարձվող քանակի 50 տոկոսից պակաս վերադարձնելու դեպքում.

ե) ջերմասպառման համակարգերի կամ ջերմային էներգիայի առևտրային հաշվառքի սարքերի մոտ ջերմամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի մուտքի արգելման դեպքում:

30. Ջերմամատակարարման համակարգի արտապլանային վերանորոգման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման դադարեցումն իրականացվում է բաժանորդներին 10 օր առաջ զգուշացնելուց հետո` անջատման ճշգրիտ ժամկետը (օրը և ժամը) համաձայնեցնելու համար:

Եթե նախազգուշացումից հետո 5-օրյա ժամկետում բաժանորդը չի համաձայնեցնում ընդհատման ժամկետը, ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավունք ունի ինքնուրույն նշանակելու այդ ժամկետը` պայմանագրով ամրագրված կարգով:

Ջերմային էներգիայի մատակարարման ընդհատումը հնարավորության դեպքում պետք է իրականացվի սպառողի ոչ աշխատանքային ժամին` անջատումից առնվազն 24 ժամ առաջ նրան զգուշացնելով:

31. Վթարների վերացման կամ կանխարգելման հրատապ միջոցառումների անցկացման համար ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավունք ունի անջատելու բաժանորդի ջերմասպառման համակարգը` հայտնելով նրան անջատման պատճառները և ջերմամատակարարման վերականգնման մոտավոր ժամկետը` ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:

32. Ջերմամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են պայմանագրով, սույն կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ YII.
Ջերմասպառման քանակի, արժեքի որոշման և վճարման կարգը

 

33. Ջերմասպառման քանակը որոշվում է համաձայն առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների կամ ՋԷՕԿ-ի 5-րդ կետի, իսկ արժեքը` ըստ գործող սակագների:

34. Բաժանորդի և ջերմամատակարարող ձեռնարկության պատասխանատու անձինք` պայմանագրով ամրագրված հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, պարտադիր կարգով իրականացնում են առևտրային հաշվառքի սարքի տեղակայման տեխնիկական պայմանների ու արտաքին վիճակի զննում և նշված սարքի ցուցմունքի համաձայն ջերմասպառման քանակի մասին կազմում երկկողմանի ակտ: Պայմանավորված ժամկետում բաժանորդի պատասխանատու անձի չներկայանալու դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավասու է կազմելու միակողմանի ակտ:

Ջերմամատակարարող ձեռնարկությունը վճարման փաստաթուղթը կազմում է սպառված ջերմային էներգիայի քանակի և որակի մասին ակտերի հիման վրա:

Ակտը կազմելուց հետո պայմանագրով վճարման համար ամրագրված ժամկետի ընթացքում պայմանագրի կողմերին իրավունք է վերապահվում վիճարկելու ակտով ամրագրված սպառված ջերմային էներգիայի քանակը և պահանջելու վերստուգում: Մինչև նշված ժամկետի ավարտը հաշվառքի սարքերը շահագործող կողմը պարտավոր է պահպանել և առաջին իսկ պահանջով վիճարկող կողմին կամ համապատասխան իրավասու մարմին ներկայացնել հաշվարկային ժամանակաշրջանում ջերմասպառման հաշվառմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը պետք է պահպանվեն մինչև վեճի վերջնական լուծումը:

35. Բաժանորդը և ենթաբաժանորդն սպառված ջերմային էներգիայի համար վճարումը կատարում են ջերմամատակարարող ձեռնարկության կողմից ներկայացված վճարման փաստաթղթի հիման վրա` պայմանագրով վճարման համար ամրագրված ժամկետի ընթացքում:

36. Վճարման փաստաթուղթն ստանալու պահից մինչև պայմանագրով վճարման համար ամրագրված ժամկետի վերջին օրը գումարը չվճարելու դեպքում բաժանորդից գանձվում է տույժ` հաջորդող յուրաքանչյուր ուշացրած օրվա համար չվճարված գումարի պայմանագրով սահմանված տոկոսադրույքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքի չափով, իսկ ջերմամատակարարող ձեռնարկությանն իրավունք է վերապահվում դադարեցնելու ջերմամատակարարումը բաժանորդին` պայմանագրում նշված ժամկետում պաշտոնապես զգուշացնելուց հետո:

37. Ջերմամատակարարող ձեռնարկությունը պահպանում է վճարում չկատարելու պատճառով բաժանորդին ջերմամատակարարումը դադարեցնելու իրավունքը` մինչև նրա կողմից պարտքի և հաշվարկված տույժի լրիվ մարումը:

Ջերմամատակարարման դադարեցման դեպքում դրա վերականգնումն իրականացվում է բաժանորդի կողմից պարտքի և հաշվարկված տույժի, անհրաժեշտության դեպքում` նաև անջատման-միացման հետ կապված ծախսերի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` 24 ժամվա ընթացքում, եթե պայմանագրով այլ կարգ չի նախատեսված: Ջերմամատակարարող ձեռնարկությունը նշված ժամանակահատվածում ջերմամատակարարումն իր մեղքով չվերականգնելու դեպքում այդ ժամկետը գերազանցած ժամանակահատվածում թերամատակարարված ջերմային էներգիայի համար պարտավոր է փոխհատուցել բաժանորդին` ՋԷՕԿ-ի 46-րդ կետով սահմանված կարգով:

38. Վճարման փաստաթղթերում գրառման սխալի հայտնաբերման դեպքում բաժանորդը պետք է դիմի ջերմամատակարարող ձեռնարկությանը:

Բաժանորդի դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում ջերմամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է ստուգել իր գրառումները:

Վճարման փաստաթղթերում գրառման սխալը հաստատվելու դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է 2-օրյա ժամկետում ուղղել սխալը և, բաժանորդի համաձայնությամբ, ավելի գանձված գումարը վերադարձնել կամ ձևակերպել որպես կանխավճար, իսկ թերի գանձված գումարի համար բաժանորդին ներկայացնել վճարման նոր փաստաթուղթ, եթե պայմանագրով այլ կարգ չի նախատեսված: Բաժանորդին ավելի գանձված գումարը վերադարձվում է նրա դիմելու պահից 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` չվճարված գումարի պայմանագրով սահմանված տոկոսադրույքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքի չափով: Նոր վճարման փաստաթղթով վճարումը կատարվում է ՋԷՕԿ-ի 36-րդ կետով սահմանված կարգով:

39. Բաժանորդի կամ ջերմամատակարարող ձեռնարկության կողմից առևտրային հաշվառքի սարքերի սխալ աշխատանքի հայտնաբերման դեպքում կողմերը վարվում են պայմանագրով ամրագրված կարգով: Պայմանագրում նման կարգի բացակայության դեպքում առևտրային հաշվառքի սարքերի սխալ աշխատանքի մասին կազմվում է համատեղ ակտ, իսկ կողմերից որևէ մեկի չհամաձայնելու դեպքում` միակողմանի ակտ, որը համապատասխան իրավասու մարմնի ներկայացուցչի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Հայպետստանդարտի գրավոր եզրակացությունից հետո, հիմք է հանդիսանում հաշվառքի սարքն ստուգելու և սպառված ջերմային էներգիայի քանակի վերահաշվարկ կատարելու համար: Եթե հաշվառքի սարքի սխալ աշխատանքի փաստը հաստատելու համար անհրաժեշտ է սարքն ապամոնտաժել և տեղափոխել Հայպետստանդարտի ստուգաչափման կենտրոն, ապա սարքի շահագործման պատասխանատու կողմը պարտավոր է առնվազն 2 օր առաջ գրավոր տեղեկացնել մյուս կողմին` ստուգաչափման ամբողջ գործընթացին վերջինիս մասնակցությունն ապահովելու համար:

40. Ստուգման արդյունքներով վերահաշվարկ կատարվում է հետևյալ նախապայմանների առկայության դեպքում`

ա) սպառված չէ հաշվառքի սարքի հերթական պետստուգաչափման ժամկետը.

բ) չափման սխալը գերազանցում է տվյալ սարքի սխալի թույլատրելի տիրույթը.

գ) սխալի առկայությունը հանգեցրել է այն կողմի վնասին, որը պատասխանատու չէ հաշվառքի սարքի շահագործման համար:

Ջերմամատակարարող ձեռնարկությունը վերահաշվարկը կատարում է հաշվառքի սարքերի վերջին զննումից մինչև հաշվառքի վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար` սարքի սխալի թույլատրելի տիրույթը գերազանցած մասով:

Սպառված ջերմային էներգիայի քանակի վերահաշվարկ կատարվում է պայմանագրային այն կողմի օգտին, որը պատասխանատու չէ հաշվառքի սարքի շահագործման համար:

Այդ ժամանակահատվածում`

ա) ավելի գանձված գումարը ձևակերպվում է որպես կանխավճար, եթե հաշվառքի սարքի շահագործման համար պատասխանատու է ջերմամատակարարող ձեռնարկությունը.

բ) թերի գանձված գումարի համար բաժանորդին ներկայացվում է նոր վճարման փաստաթուղթ, եթե հաշվառքի սարքի շահագործման համար պատասխանատու է բաժանորդը:

41. Ջերմային էներգիայի հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի սահմաններում գտնվելու դեպքում դրա ստուգման հետ կապված ծախսերը կրում է հայտ ներկայացնող կողմը, իսկ սխալ աշխատանքը հաստատվելու դեպքում` այն կողմը, որը պատասխանատու է հաշվառքի սարքի շահագործման համար: Ծախսերը հաշվարկվում են սահմանված կարգով հաստատված գնացուցակի համաձայն:

Հաշվառման սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված ջերմային էներգիայի ու դրա արժեքի վերահաշվարկ, եթե շեղումներն ստուգաչափման արդյունքում գտնվում են հաշվառման սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

42. Բաժանորդի կամ ջերմամատակարարող ձեռնարկության պատասխանատվության տակ գտնվող առևտրային հաշվառքի սարքի տեղակայման տեխնիկական պայմանների և (կամ) շահագործման նորմերի միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքում հայտնաբերած և փաստացի վնաս կրած կողմը մյուս կողմի հետ համատեղ կազմում է հաշվառքի խախտման ակտ: Ակտը հանդիսանում է հատուկ հաշվառման փաստաթուղթ և հիմք է ծառայում ծախսված ջերմային էներգիայի քանակի վերահաշվարկի համար:

Ակտին մյուս կողմի չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է ՋԷՕԿ-ի 32-րդ կետով սահմանված կարգով:

Ջերմային էներգիայի ծախսի վերահաշվարկը կատարվում է համատեղ, առևտրային հաշվառքի սարքերի վերջին զննման օրվանից մինչև հաշվառքի վերականգնումն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար`

ա) բաժանորդի ջերմային էներգիա օգտագործող սարքերի նախագծային հզորությամբ և աշխատանքի ժամերի քանակով (հաշվի առնելով ջերմասպառման փաստացի ժամանակահատվածը), եթե հաշվառքի սարքի շահագործման պատասխանատվությունը կրում է բաժանորդը.

բ) սարքի սխալի թույլատրելի տիրույթը գերազանցած մասով, եթե հաշվառքի սարքի շահագործման պատասխանատվությունը կրում է ջերմամատակարարող ձեռնարկությունը և, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Հաշվառքի սարքի խախտումները վերացվում են հաշվառքի խախտման ակտի հիման վրա, շահագործման պատասխանատուի կողմից և իր ծախսերով` ոչ ավելի, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում գանձումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

43. Ջերմամատակարարող ձեռնարկությունը հատուցում է բաժանորդին նրա ենթաբաժանորդի ջերմակայանքների սպասարկման համար կատարված ծախսերը` պայմանագրում նախատեսված չափով:

 

ԳԼՈՒԽ YIII.
Ջերմամատակարարող ձեռնարկության և բաժանորդի պատասխանատվությունը

 

44. Ջերմամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է ապահովել բաժանորդի ջերմամատակարարումը` առաքման կետում պահպանելով պայմանագրով ամրագրված ջերմակրի (գոլորշի և տաք ջուր) պարամետրերը թույլատրված շեղումների սահմաններում, և եթե պայմանագրով չեն նախատեսվում այլ մեծություններ, ապա`

+

ա) թույլ չտալ գոլորշու պարամետրերի շեղում` ավելի քան - 5 տոկոս.

բ) սահմանված ջերմաստիճանային գրաֆիկի համաձայն պահպանել ցանցային ջրի ջերմաստիճանը` թույլ չտալով միջին օրական ջերմաստիճանի շեղում` ավելի քան + - 5 տոկոս:

45. Ջերմամատակարարող ձեռնարկությունը բաժանորդի նկատմամբ պատասխանատվություն չի կրում ջերմակրի պարամետրերի իջեցման և ջերմային էներգիայի թերամատակարարման համար, եթե դրանց պատճառներն են`

ա) պայմանագրով ամրագրված ֆորս-մաժորային պայմանները.

բ) բաժանորդի սխալ գործողությունները, որոնք հանգեցնում են ջերմամատակարարման խափանմանը.

գ) բաժանորդի կողմից ջերմասպառման սահմանաքանակների գերազանցումը կամ սպառման սահմանված ռեժիմների խախտումը.

դ) օրենքով սահմանված կարգով սահմանափակումները:

46. Ջերմային էներգիայի թերամատակարարման դեպքում, բացառությամբ ՋԷՕԿ-ի 45-րդ կետում նշված դեպքերի, ջերմամատակարարող ձեռնարկությունը բաժանորդին վճարում է տուգանք` պայմանագրով ամրագրված չափով:

Պայմանագրով չնախատեսված ջերմային էներգիայի մատակարարման ընդհատումների կամ սահմանափակումների հետևանքով բաժանորդի կրած վնասը փոխհատուցում է ջերմամատակարարող ձեռնարկությունը` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

Բաժանորդի կողմից ջերմային էներգիայի պայմանագրային չափաքանակների խախտման դեպքում, եթե այն պայմանավորված չէ ջերմային էներգիայի ծախսի խնայողական տեխնոլոգիաների ներդրմամբ, ջերմամատակարարող ձեռնարկությանն իրավունք է վերապահվում պայմանագրով ամրագրված կարգով բաժանորդից պահանջելու կրած վնասի փոխհատուցում:

47. Ջերմամատակարարող ձեռնարկությունը 7-օրյա ժամկետում քննարկում է ջերմային էներգիայի թերամատակարարման մասին բաժանորդի դիմումը և դրա բավարարման դեպքում ՋԷՕԿ-ի 46-րդ կետի ու կնքված պայմանագրի համաձայն վճարում է տուգանք` ոչ ուշ, քան բաժանորդի դիմումն ստանալուց 15 օրվա ընթացքում: Յուրաքանչյուր ուշացրած օրվա համար տուգանքի գումարը հավելվում է պայմանագրում նշված տուգանքի տույժի տոկոսադրույքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքի չափով:

48. Մատակարարվող գոլորշու պարամետրերի` պայմանագրով սահմանված մեծություններից ավելի քան 3 ժամվա ընթացքում 25 տոկոսով իջեցման դեպքում բաժանորդն իրավունք ունի դադարեցնելու սպառումը` նախապես դրա մասին հեռախոսագրով հայտնելով ջերմամատակարարող ձեռնարկությանը, եթե պայմանագրով այլ կարգ չի նախատեսված: Այդ դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում բաժանորդի հանդեպ` համաձայն կնքված պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենքների:

49. Ջերմային էներգիայի թերամատակարարման չափը որոշվում է յուրաքանչյուր օրվա համար, որպես թերամատակարարմանը նախորդող 3 օրվա միջին օրական սպառման և թերամատակարարման ժամանակահատվածի օրական փաստացի սպառման տարբերություն (ջերմային էներգիայի սպառման չափավորման դեպքում` որպես պլանային և փաստացի սպառման տարբերություն` տվյալ օրվա համար):

Ջերմային էներգիայի միջին օրական սպառումը որոշելու ժամանակ թերամատակարարմանը նախորդող օրերի մեջ հանգստյան օր չի մտնում, եթե բաժանորդն այդ օրերին ջերմային էներգիա չի օգտագործում:

Եթե թերամատակարարումը կատարվել է հանգստյան օրը, ապա ջերմային էներգիայի թերամատակարարման չափը որոշվում է որպես նախորդող 3 հանգստյան օրվա միջին օրական սպառման և այդ հանգստյան օրը ջերմային էներգիայի փաստացի սպառման տարբերություն:

Սույն կետի դրույթների վերաբերյալ պայմանագրով կարող է նախատեսվել այլ կարգ:

50. Եթե որևէ բաժանորդի սխալ օպերատիվ գործողությունների հետևանքով կատարվել է ջերմամատակարարող ձեռնարկության կողմից այլ բաժանորդների ջերմային էներգիայի թերամատակարարում, ապա ջերմամատակարարող ձեռնարկությանն իրավունք է վերապահվում կնքված պայմանագրի համաձայն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ բաժանորդից պահանջելու ջերմային էներգիայի թերամատակարարման համար իր կողմից կրած վնասների փոխհատուցում:

51. Ջերմային էներգիայի որակի ցուցանիշների իջեցման համար մեղավոր կողմը և ցածրորակ ջերմային էներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են մատակարարի ու բաժանորդի գրանցող սարքերի չափումների արդյունքներով, իսկ գրանցող սարքերի բացակայության դեպքում` համապատասխան հաշվարկներով` մատակարարի և բաժանորդի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Դրա մասին ջերմամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև կազմվում է համապատասխան ակտ:

52. Ջերմային էներգիայի ապօրինի սպառում է համարվում`

ա) սպառումն առանց պայմանագրի.

բ) սպառումը հաշվառման սարքերի կողանցումով.

գ) սպառումն առանց հաշվառման սարքի կամ վերջինիս սարքավորման հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով:

Ջերմային էներգիայի ապօրինի սպառման դեպքում մեղավոր կողմը (կողմերը) ենթարկվում է (են) պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

53. Բաժանորդի սեփականություն հանդիսացող, նրա տնօրինության տակ կամ սպասարկման տարածքում գտնվող ջերմակայանքների տեխնիկական վիճակի պահպանման, դրանց շահագործման ու անվտանգության տեխնիկայի համար պատասխանատու է բաժանորդը: Բաժանորդի ջերմային տնտեսության սպասարկումը պայմանագրային հիմունքներով կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

 

ԳԼՈՒԽ IX.
Ջերմային էներգիայի օգտագործումը բնակչության կողմից

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

54. Բնակչությունը ջերմային էներգիայից օգտվում է հետևյալ պայմանների ապահովման դեպքում`

- ջերմամատակարարման համակարգին նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխանող, իրավասու մարմինների կողմից հավաստագրված ջերմասպառող սարքավորումների և ջերմատարի առկա միացում.

- ջերմամատակարարող ձեռնարկության հետ պայմանագրի կնքում:

Պայմանագրին կցվում է ջերմատար ցանցի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը, որը պայմանագրի անբաժանելի մասն է:

55. Ջերմամատակարարող ձեռնարկության հետ պայմանագիր են կնքում և որպես բաժանորդ հանդես են գալիս`

առանձնատան կամ ամառանոցի համար` դրանց սեփականատերերը.

բազմաբնակարան շենքերի համար` դրանց սեփականատերերը կամ այն մարմինները, որոնց տնօրինության տակ են գտնվում տվյալ շենքերը, և որոնք ունեն լիազորություն բնակարանների սեփականատերերի կամ վարձակալների կողմից:

Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի կամ նշված մարմինների և այդ շենքերի բնակիչների փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմունքներով:

Բնակելի տների (բնակելի և ոչ բնակելի տարածքների) սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված մարմիններն իրենց զբաղեցրած տարածքների պահպանումը, շահագործումը, նորոգումը և սպասարկումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 18-ի «Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները հաստատելու մասին» թիվ 47 որոշմամբ հաստատված միասնական կանոններին համապատասխան:

56. Ջերմաֆիկացման վերաբերյալ բնակչության դիմումներին պատասխանելու ժամկետը սահմանվում է մինչև մեկ ամիս:

57. Ջերմամատակարարող ձեռնարկությունը, պայմանագրի կնքման պահից սկսած, պարտավոր է կազմակերպել բաժանորդի կողմից ջերմային էներգիայի ծախսի և վճարումների հաշվառումը:

58. Նոր առանձնատան կամ ամառանոցի կենտրոնացված ջերմաֆիկացումը, ներառյալ նաև ջերմասպառման ներտնային համակարգը, կատարում է ջերմամատակարարող ձեռնարկությունը` առևտրային հաշվառքի սարքերի պարտադիր տեղադրումով, իսկ ծախսերը հատուցում է նախաձեռնող կողմը: Նախկինում ջերմաֆիկացված առանձնատան կամ ամառանոցի ջերմամատակարարման վերականգնումը, ներառյալ սկզբնական նախագծով և տեխնիկական պայմաններով ընդգրկված ներտնային համակարգը, իրականացվում է ջերմամատակարարող ձեռնարկության նախաձեռնությամբ և ծախսերով: Սկզբնական նախագծից և տեխնիկական պայմաններից շեղումների դեպքում կենտրոնացված ջերմաֆիկացման վերականգնումն իրականացվում է սպառողի հաշվին` շեղումների վերացման մասով:

59. Բազմաբնակարան նոր շենքերի ջերմաֆիկացումը, ներառյալ նաև ջերմասպառման ներտնային համակարգը, առևտրային հաշվառքի սարքերի պարտադիր տեղադրումով, իրականացվում է դրանց սեփականատիրոջ նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով: Նախկինում ջերմաֆիկացվածների ջերմամատակարարման վերականգնումը, ներառյալ սկզբնական նախագծով և տեխնիկական պայմաններով ընդգրկված ներտնային համակարգը, իրականացվում է ջերմամատակարարող ձեռնարկության նախաձեռնությամբ և ծախսերով: Սկզբնական նախագծից և տեխնիկական պայմաններից շեղումների դեպքում ջերմաֆիկացման վերականգնումն իրականացվում է սպառողի հաշվին շեղումների վերացման մասով:

60. Բնակելի տարածքների ջերմաֆիկացումն իրականացվում է ջերմամատակարարող ձեռնարկության կողմից մշակված տեխնիկական պայմանների և կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա` ջերմասպառման համակարգում անվտանգության, շահագործման կանոնների, շինարարական նորմերի ու կանոնների սահմանված դրույթների և սույն կանոնների պահանջների կատարումով:

 

Բ. Բնակելի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և ամառանոցների

(բնակելի տարածքների) ջերմասպառող համակարգի շահագործումը

 

61. Բնակելի տարածքներում ջերմասպառման ներտնային համակարգի օգտագործման անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման պատասխանատվությունը կրում է բաժանորդը: Դրանց տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացնել ջերմամատակարարող ձեռնարկությունը` սահմանված կարգով հաստատված գնացուցակով:

62. Ջերմասպառման ներտնային համակարգի սպասարկումը և վերանորոգումը կարող են պայմանագրային հիմունքներով իրականացնել սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

 

Գ. Բնակելի տարածքներում սպառված ջերմային էներգիայի

քանակի, արժեքի որոշման և վճարման կարգը

 

63. Բաժանորդների ջերմային էներգիայի հաշվառքի սարքերի ցուցմունքների գրառումը, առքի ու վաճառքի ակտի կազմումը և վճարման փաստաթղթերի ձևակերպումը կատարում է ջերմամատակարարող ձեռնարկության ներկայացուցիչը` պայմանագրով ամրագրված հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` պարտադիր կարգով իրականացնելով առևտրային հաշվառքի սարքի տեղակայման տեխնիկական պայմանների և արտաքին վիճակի, ջերմասպառման ներտնային համակարգի զննում:

64. Բաժանորդների կողմից սպառված ջերմային էներգիայի հաշվառման սահմանված հաշվարկային մեթոդի կիրառման դեպքում սպառված ջերմային էներգիայի հաշվառումը կատարվում է պայմանագրով ամրագրված կարգով` սպառման մասին երկկողմանի ակտի կազմմամբ:

65. Սպառած ջերմային էներգիայի համար բաժանորդները վճարում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով:

66. Բաժանորդը վճարումը կատարում է ջերմամատակարարող ձեռնարկության կողմից առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի համաձայն կազմված և ներկայացված վճարման փաստաթղթի հիման վրա` 30 օրվա ընթացքում:

67. Վճարման փաստաթուղթն ստանալու պահից սպառած ջերմային էներգիայի արժեքի մուծումը 30 օրից ավելի ուշացնելու դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը կարող է դադարեցնել բաժանորդի ջերմամատակարարումը` անջատելուց 5 օր առաջ նրան գրավոր զգուշացնելուց հետո: Ջերմամատակարարումը վերականգնվում է բաժանորդի կողմից պարտքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

68. Վճարման համար ներկայացվող գումարի ճշտության նկատմամբ կասկածի դեպքում բաժանորդը վճարման համար հատկացված 30 օրվա ընթացքում պետք է դիմի ջերմամատակարարող ձեռնարկությանը:

Բաժանորդի դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում ջերմամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է ստուգել իր գրառումները:

Վճարման փաստաթղթերում գրառման սխալը հաստատվելու դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է երկօրյա ժամկետում ուղղել սխալը և բաժանորդին ներկայացնել վճարման նոր փաստաթուղթ:

69. Բաժանորդի դիմումի համաձայն` ջերմամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է 5 օրվա ընթացքում ստուգել ջերմային էներգիայի հաշվառքի սարքի աշխատանքը:

Իր օգտին հաշվառքի սարքի սխալ աշխատանքի հայտնաբերման դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է վերահաշվարկ կատարել հաշվառքի սարքի տեխնիկական վիճակի վերջին զննման օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար սարքի սխալի թույլատրելի տիրույթը գերազանցած մասով և ավելի գանձված գումարը ձևակերպել որպես կանխավճար: Այս դեպքում հաշվառքի սարքերի ստուգման հետ կապված ծախսերը կատարում է ջերմամատակարարող ձեռնարկությունը:

Բաժանորդն իր օգտին ջերմային էներգիայի հաշվառքի սարքի սխալ աշխատանքի հայտնաբերման դեպքում չի կրում պատասխանատվություն:

70. Ջերմային էներգիայի հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի սահմաններում գտնվելու դեպքում դրա ստուգման հետ կապված ծախսերը կատարում է բաժանորդը` սահմանված կարգով հաստատված գնացուցակի համաձայն, եթե հանդիսացել է հաշվառքի սարքի ստուգման նախաձեռնող:

Ջերմային էներգիայի հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված ջերմային էներգիայի վերահաշվարկ, եթե շեղումները գտնվում են հաշվառքի սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

71. Բաժանորդի կողմից ջերմային էներգիայի ապօրինի սպառման փաստի հայտնաբերման դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը դադարեցնում է նրա ջերմամատակարարումը և սպառողի (բաժանորդի) հետ կազմում ջերմային էներգիայի ապօրինի սպառման մասին ակտ: Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում բաժանորդի ծախսած ջերմային էներգիայի քանակի վերահաշվարկի համար:

Ակտին բաժանորդի չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ջերմամատակարարող ձեռնարկությունը ջերմային էներգիայի ապօրինի սպառման մասին կազմված ակտի հիման վրա, բաժանորդի մոտ ջերմային էներգիայի առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքը գրանցելու վերջին օրվանից սկսած մինչև նշված ակտը կազմելու պահն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար, բաժանորդի ջերմային էներգիա սպառող սարքերի նախագծային հզորությամբ կատարում է ջերմային էներգիայի ծախսի վերահաշվարկ` հիմք ընդունելով ջերմային էներգիայի սպառման փաստացի ժամանակահատվածը:

Ջերմային էներգիայի ապօրինի սպառման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է գանձում:

Բաժանորդի ջերմամատակարարումը վերականգնվում է ջերմային էներգիայի ապօրինի սպառման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարի, անհրաժեշտության դեպքում նաև ջերմասպառման ներտնային համակարգի խախտման վերականգնման համար հաշվարկված գումարի վճարման փաստաթուղթը նրա կողմից ներկայացվելուց հետո` 3 օրվա ընթացքում:

72. Ջերմասպառման ներտնային համակարգի խախտման դեպքում դրա վերականգնումը կատարվում է ջերմամատակարարող ձեռնարկության կողմից, բաժանորդի հաշվին, սահմանված կարգով հաստատված գնացուցակի համաձայն:

73. Ջերմային էներգիայի ապօրինի սպառման փաստը համապատասխան իրավասու մարմնի կողմից հայտնաբերվելու դեպքում տվյալ բաժանորդը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

74. Ջերմամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

75. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անցումային ժամանակաշրջանում սպառված ջերմային էներգիայի հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդիկայի համաձայն:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1998
N 529
Որոշում