(ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-206-Ն օրենք)
010.0160.231204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 6-ին
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԲԱԺԻՆ 6.
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 46. |
ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ |
1. Երկու փուլով մրցույթ անցկացնելու դեպքում այդ մասին նշվում է բաց մրցույթով գնումների կատարման դեպքում մրցույթի հայտարարության, իսկ փակ մրցույթի դեպքում` մրցույթի հրավերի մեջ:
2. Երկու փուլով մրցույթի ընթացակարգի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 4-րդ բաժնի դրույթները, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:
3. Երկու փուլով մրցույթի առաջին փուլում մասնակիցները, սույն օրենքին համապատասխան, ներկայացնում են մրցույթի սկզբնական հայտեր, որոնք չպետք է ներառեն գնային առաջարկին վերաբերող պայմաններ: Առաջին փուլում գնահատվում են ներկայացված սկզբնական հայտերը, և դրա շրջանակներում կարող են բանակցություններ վարվել բոլոր մասնակիցների հետ: Բանակցություններ վարելու մասին գրավոր ծանուցվում են մրցույթի հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցները:
4. Երկրորդ փուլում առաջին փուլն անցած մասնակիցներին տրամադրվում է երկրորդ փուլին մասնակցելու հրավեր և առաջարկվում ներկայացնել մրցույթի վերջնական հայտեր, ներառյալ` գնի առաջարկը:
5. Երկրորդ փուլի հրավերում կարող են փոխվել մրցույթի առաջին փուլի հրավերով սահմանված պայմանները, որոնց մասին նշվում է երկրորդ փուլի հրավերում: Մրցույթի վերջնական հայտերը գնահատելու և համեմատելու ժամանակ բանակցություններն արգելվում են:
6. Երկու փուլով մրցույթի դեպքում մրցույթի հայտի ապահովումը ներկայացվում է երկրորդ փուլում` մրցույթի վերջնական հայտով:
7. Մրցույթի առաջին փուլն անցած մասնակիցն իրավունք ունի հրաժարվելու երկրորդ փուլին մասնակցելուց:
1. Փակ մրցույթ անցկացվելու դեպքում տեղեկագրում մրցույթի հայտարարություն չի հրապարակվում, իսկ մրցույթի հրավերը տրամադրվում է բոլոր հնարավոր մասնակիցներին:
i
2. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Փակ մրցույթի ժամանակ կիրառվում են սույն օրենքի 4-րդ բաժնի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
ՀՈԴՎԱԾ 48. |
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԸ |
1. Եթե կիրառվում է սահմանափակ մրցույթի ձևը, ապա մասնակիցներ ներգրավելու նպատակով հրավեր է ուղարկվում բոլոր հնարավոր մասնակիցներին:
2. Սահմանափակ մրցույթի ժամանակ կիրառվում են սույն օրենքի 4-րդ բաժնի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
ՀՈԴՎԱԾ 49. |
ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ |
1. Գնանշման հարցման ձևով գնումներ կատարելու դեպքում գնանշման հարցումն ուղարկվում է առնվազն երեք անձի: Այդ անձանց որոշելու նպատակով համապատասխան հայտարարություն է հրապարակվում առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում, եթե գնմանը վերաբերող տեղեկությունները չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք:
2. Գնանշման հարցումը ներառում է մասնակիցների որակավորման հատկանիշներին և գնման առարկայի բնութագրերին վերաբերող պայմանները, մասնակիցների առաջարկների ներկայացման, գնահատման և համեմատման կարգը:
3. Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ գնանշում, որը հետագայում չի կարող փոփոխվել: Գնանշումները ներկայացվում են գնանշման հարցման հրապարակման, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիքի դեպքում` գնանշման հարցման տրամադրման օրվան հաջորդող աշխատանքային տասն օրվա ընթացքում` սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան կազմված ծրարով:
4. Արգելվում են բանակցությունները գնանշում ներկայացրած անձանց հետ: Առաջարկների գնահատման ժամանակ օգտագործվում են միայն գնանշման հարցման մեջ նշված չափանիշները:
5. Գնանշման հարցման ժամանակ կիրառվում են սույն օրենքի 4-րդ բաժնի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
ՀՈԴՎԱԾ 50. |
ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Սույն օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքում`
ա) մրցակցային բանակցություններ կատարելու հրավերը ուղարկվում է առնվազն երկու անձի: Այդ անձանց որոշելու նպատակով համապատասխան հայտարարություն է հրապարակվում առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում, եթե գնմանը վերաբերող տեղեկությունները չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք.
բ) մասնակիցն իրավունք ունի հայտարարությամբ սահմանված կարգով պահանջելու և աշխատանքային երկու օրում ստանալու մրցակցային բանակցությունների հրավեր.
գ) մրցակցային բանակցություններին մասնակցելու հայտերը ներկայացվում են հայտարարության հրապարակման, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման դեպքում հրավերի տրամադրման օրվան հաջորդող աշխատանքային տասն օրվա ընթացքում.
դ) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո` աշխատանքային հինգ օրվա ընթացքում, գնահատվում և համեմատվում են ներկայացված առաջարկները: Ոչ գնային պայմաններին բավարարող գնահատված մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ` առաջարկված գների նվազեցման հնարավորության վերաբերյալ: Բանակցություններին ներգրավվում են բոլոր մասնակիցները, և յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնի առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել գնային իր առաջարկը.
ե) բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը հայտարարվում է հաղթող, որի հետ աշխատանքային երեք օրվա ընթացքում կնքվում է գնման պայմանագիր:
2. Սույն օրենքի 22-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված դեպքում կարող են բանակցություններ վարվել մեկ մասնակցի հետ, և դրա հիման վրա կարող է կնքվել գնման պայմանագիր: Սույն կետի համաձայն` գնման պայմանագիր կնքելու դեպքում պայմանագրի կատարման ապահովում չի պահանջվում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում կիրառվում են սույն օրենքի 4-րդ բաժնի դրույթները, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:
ՀՈԴՎԱԾ 51. |
ԳՆՈՒՄՆԵՐԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ |
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է գնման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացվել մեկ անձի:
2. Մեկ անձից գնումներ կատարելու դեպքում կարող են բանակցություններ վարվել մասնակցի ներկայացրած հայտի ցանկացած դրույթի կապակցությամբ: Սույն կետի համաձայն` գնման պայմանագիր կնքելու դեպքում պայմանագրի կատարման ապահովում կարող է չպահանջվել:
ԲԱԺԻՆ 7.
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 52. |
ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
1. Յուրաքանչյուր անձ ունի բողոքարկման իրավունք, եթե հայտարարում է, որ պատվիրատուի և (կամ) մրցույթի հանձնաժողովի գործողությունների հետևանքով կրել է կամ կարող է կրել վնասներ:
2. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի`
ա) բողոքարկելու պատվիրատուի և (կամ) մրցույթի հանձնաժողովի գործողությունները լիազոր մարմին` սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն.
բ) դատական կարգով բողոքարկելու լիազոր մարմնի, պատվիրատուի և (կամ) մրցույթի հանձնաժողովի գործողությունները` սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 53. |
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Լիազոր մարմին բողոքը ներկայացվում է գրավոր: Լիազոր մարմին ներկայացված բողոքը քննում և դրա վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարին առաջարկ է ներկայացնում սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման միավորը, որի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Լիազոր մարմինը բողոքն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային երեք օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է պատվիրատուին:
3. Լիազոր մարմինն իրավունք ունի ընդունելու պատվիրատուին և (կամ) մրցույթի հանձնաժողովին վերաբերող հետևյալ որոշումները`
ա) արգելելու կատարել որոշակի գործողություններ և ընդունել որոշումներ.
բ) պարտավորեցնելու ընդունել համապատասխան որոշումներ, բացառությամբ պայմանագիրը լուծելու մասին որոշման.
գ) վերանայելու ընդունված որոշումները.
դ) դադարեցնելու գնման գործընթացը:
4. Լիազոր մարմինը գնումների մասին օրենսդրության հիման վրա բողոքը ստանալու օրվանից ոչ ուշ, քան քսան, և ոչ շուտ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում, բողոքի կապակցությամբ ընդունում է որոշում: Լիազոր մարմնի որոշումը համարվում է վերջնական, եթե դատարանն այլ որոշում չի ընդունում:
5. Լիազոր մարմնի կողմից բողոքը բավարարվելու դեպքում պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին պատճառված և սահմանված կարգով հիմնավորված վնասի հատուցման համար:
ՀՈԴՎԱԾ 54. |
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐՄԵՐԸ |
1. Լիազոր մարմինը բողոքն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային երեք օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն է հրապարակում առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում` չնշելով բողոքը ներկայացրած անձի տվյալները:
2. Յուրաքանչյուր անձ, որի շահերը խախտվել են կամ կարող են խախտվել բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ունի մասնակցելու բողոքարկման ընթացակարգին մինչև բողոքի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը` լիազոր մարմին ներկայացնելով համանման բողոք: Սույն հոդվածի համաձայն` բողոքարկման ընթացակարգին չմասնակցած անձը զրկվում է լիազոր մարմին համանման բողոք ներկայացնելու իրավունքից:
3. Բողոքի վերաբերյալ լիազոր մարմնի որոշումն այն կայացնելու օրվանից աշխատանքային հինգ օրվա ընթացքում ուղարկվում է պատվիրատուին և բողոքարկման ընթացակարգին մասնակցած անձանց:
ՀՈԴՎԱԾ 55. |
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ |
1. Լիազոր մարմինն իրավունք ունի կասեցնելու գնման ընթացակարգը մինչև բողոքարկման վերաբերյալ որոշման ընդունումը:
2. Կասեցումը չի կիրառվում, եթե պատվիրատուն լիազոր մարմնին գրավոր հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով` անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը:
ՀՈԴՎԱԾ 56. |
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ |
Լիազոր մարմնի և (կամ) պատվիրատուի և (կամ) մրցույթի հանձնաժողովի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով: Եթե գնման պայմանագրով, դատական կարգով վեճերի լուծման հետ կապված, սահմանված են պայմաններ, ապա բողոքարկումն իրականացվում է այդ պայմաններին համապատասխան:
ԲԱԺԻՆ 8.
ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 57. |
ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ |
1. Եթե գնումը չի պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա պետական գնումների գործակալությունն է կազմակերպում բաց մրցույթով և սույն օրենքի 6-րդ, 20-րդ, 21-րդ հոդվածներով և 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմաններով գնումների կատարումը և պատվիրատուի անունից կնքում գնման պայմանագրերը: Պետական գնումների գործակալության ներկայացուցիչները նշանակվում են հանձնաժողովների քարտուղարներ և կարող են լինել միայն բաց պարբերական մրցույթի հանձնաժողովի անդամներ:
2. Պետական գնումների գործակալությունն իրականացնում է պարբերական բաց մրցույթների կազմակերպման` սույն օրենքով պատվիրատուին վերապահված լիազորությունները:
3. Պետական գնումների գործակալության գործունեության կարգի հետ կապված առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 58. |
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային հիմնարկների գնումների կատարման դեպքում սույն օրենքի`
ա) 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով, 17-րդ հոդվածի 3-րդ մասով և 57-րդ հոդվածով նախատեսված նորմերը չեն գործում, և տեղական ինքնակառավարման մարմիններն ու համայնքային հիմնարկները պարտավոր չեն գնումներ կատարել պետական գնումների գործակալության կազմակերպած պարբերական մրցույթների արդյունքում կնքված գնման պայմանագրերի շրջանակներում.
բ) 16-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» և «ժ» կետերով նախատեսված լիազորություններն իրականացնում է համայնքի ավագանին:
ՀՈԴՎԱԾ 59. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման դեպքում սույն օրենքի`
ա) դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու դեպքերում.
բ) 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով, 17-րդ հոդվածի 3-րդ մասով և 57-րդ հոդվածով նախատեսված նորմերը չեն գործում, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր չէ գնումներ կատարել պետական գնումների գործակալության կազմակերպած պարբերական մրցույթների արդյունքում կնքված գնման պայմանագրերի շրջանակներում.
գ) 16-րդ հոդվածով նախատեսված լիազորությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` ինքնուրույն կամ այդ լիազորությունն այլ մարմնի վերապահելու միջոցով.
դ) 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիազորությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը:
ՀՈԴՎԱԾ 60. |
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների կատարման դեպքում`
ա) սույն օրենքով նախատեսված նորմերը չեն գործում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան է նախատեսված.
բ) սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով, 17-րդ հոդվածի 3-րդ մասով և 57-րդ հոդվածով նախատեսված նորմերը չեն գործում և պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունները պարտավոր չեն գնումներ կատարել պետական գնումների գործակալության կազմակերպած պարբերական մրցույթների արդյունքում կնքված գնման պայմանագրերի շրջանակներում.
գ) 16-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» և «ժ» կետերով նախատեսված լիազորություններն իրականացնում է տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմինը:
ԲԱԺԻՆ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 61. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ՀՈԴՎԱԾ 62. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած և չդադարած, ինչպես նաև կնքված և գործող գնման պայմանագրերի վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կատարման պահին գործող իրավական ակտերով:
i
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-62 օրենքը:
3. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-62 օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը և իրավական նորմերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
23 դեկտեմբերի 2004 թվականի
ՀՕ-160-Ն