01.01.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ`Օրենսգիրք) 189-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 189. |
Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը կամ պարտադիր օրինակները չուղարկելը կամ թողարկման տվյալները չներառելը |
1. Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով:
3. Նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելության ուղարկելու`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
4. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
5. Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
6. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 223.1-ին հոդվածում`
1) 1-ին մասի «, 189-րդ» բառը փոխարինել «հոդվածով, 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով» բառերով, իսկ «հոդվածներով» բառը` «հոդվածով» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարա-րության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը` սույն օրենսգրքի 169.29-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարա-րության անձնական տվյալների գործակալության պետը` սույն օրենսգրքի 189.17-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերա-բերյալ գործերով:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածում «և 182.6-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «,182.6-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-395-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2021 թվական: