Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ե ...

 

31.05.2024 -

 

040.0596.090615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2015 թվականի N 596-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 596-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ` քաղաքաշինական փաստաթղթեր) փորձաքննության իրականացման (այսուհետ` փորձաքննություն) հետ կապված հարաբերությունները:

2. Փորձաքննության հիմնական նպատակն ընտրված նախագծային լուծումների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանության ապահովումն է:

3. Քաղաքաշինական փաստաթղթերը, մինչև դրանց` սահմանված կարգով համաձայնեցումն ու հաստատումը, ենթակա են փորձաքննության: Բացառություն են կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի (այսուհետ` N 4 հավելված) NN 1 և 2 ցանկերով սահմանված` ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) և միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը:

4. Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը կարող է փոխարինվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով, եթե նման պայման նախատեսված է կապալի պայմանագրով:

5. Փորձաքննություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզիա ունեցող անձինք (այսուհետ` քաղաքաշինական փորձագիտական մարմին), օրենքով սահմանված դեպքերում` նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող` քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), ինչպես նաև բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտի հատուկ համալիր փորձաքննության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը:

(5-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

6. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննության աշխատանքներում:

7. Քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում կառուցապատողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, ինչպես նաև նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի կողմից (այսուհետ` պատվիրատու), եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրով:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

9. Ելնելով քաղաքաշինական փաստաթղթերի նշանակությունից, ինչպես նաև դրանցով իրականացվող քաղաքաշինական օբյեկտների բարդությունից` իրականացվում են փորձաքննության հետևյալ տեսակները`

1) պարզ փորձաքննություն` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով, ինչպես նաև միջին (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով, եթե առկա չէ սույն կարգի 4-րդ կետում նշված երաշխավորագիրը.

2) պետական համալիր փորձաքննություն` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների, ինչպես նաև բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով` սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կողմից հատուկ համալիր եզրակացության կազմման նպատակով ներկայացնելու համար.

3) հատուկ համալիր փորձաքննություն` բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով:

(9-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

10. Նախագծային փաստաթղթերի պարզ փորձաքննությունն իրականացվում է քաղաքաշինական օբյեկտի ճարտարապետաշինարարական և արտաքին ու ներքին ինժեներական համակարգերի հուսալիության, կայունության, անվտանգության, ինչպես նաև մարդկանց առողջության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին` նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը հավաստելու համար բավարար ծավալով:

10.1. Պարզ փորձաքննությունն անցկացվում է պատվիրատուի և քաղաքաշինական փորձագիտական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

(10.1-ին կետը լրաց. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

11. Նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագիրը պետք է պարունակի սույն կարգի 10-րդ կետով սահմանված պարտադիր պահանջներին` նախագծային փաստաթղթերի համապատասխանությունն ապահովող բավարար երաշխիքներ:

12. Բազմակի (կրկնակի) օգտագործման օրինակելի նախագծերի և սերտիֆիկացված նախագծերի օգտագործման դեպքում փորձաքննության են ենթակա միայն օբյեկտի զրոյական նիշից ներքև տեղակայված կառուցվածքների նախագծային փաստաթղթերը (տեղակապման նախագծերը): Ընդ որում, II կատեգորիայի դասակարգում ունեցող` սույն կետում նշված օբյեկտների տեղակապման նախագծերի փորձաքննությունը ևս կարող է փոխարինվել երաշխավորագրով:

(12-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

13. Պետական համալիր փորձաքննության ենթակա են այն քաղաքաշինական այդ թվում` նաև ծրագրային փաստաթղթերը, որոնցով, բացի քաղաքաշինական նորմերին համապատասխանության անհրաժեշտությունից, օրենքով պահանջվում է նաև շրջակա միջավայրի պահպանության վրա ազդեցության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ, փլուզումներ և այլն) կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման վերաբերյալ համապատասխան ոլորտին առնչվող փորձագիտական կամ մասնագիտական եզրակացության կամ համաձայնեցման տրամադրում:

(13-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

14. Պետական համալիր փորձաքննությունն իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան փորձագիտական և (կամ) սույն կարգի 13-րդ կետում նշված համապատասխան ոլորտին առնչվող մասնագիտական եզրակացություն կամ համաձայնություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ պետական մարմինների (այսուհետ` շահագրգիռ մարմիններ) մասնակցությամբ:

(14-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

15. N 4 հավելվածի հատուկ նշանակության օբյեկտների N 3 ցանկում ներառված պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող կառույցների կամ պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտում կառուցվող օբյեկտների համար պարտադիր է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառներում կառավարումն իրականացնող լիազորված մարմնի համաձայնությունը:

(15-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

15.1. Պետական համալիր փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ, հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովը համակարգում և ամփոփում է սույն կարգի 21-րդ կետով սահմանված` պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները):

(15.1-ին կետը լրաց. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

16. Պետական համալիր փորձաքննության ենթակա են`

1) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի).

2) նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փորձարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը.

3) N 4 հավելվածի N 3 ցանկով սահմանված բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող կարևորագույն (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևոր) նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 24-րդ կետով նախատեսված դեպքերում` բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը:

(16-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

17. Պատվիրատուի նախաձեռնությամբ` պետական համալիր փորձաքննության կարող են ենթարկվել նաև ավելի ցածր ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը` փորձագիտական մարմնի և պատվիրատուի միջև կնքվող պայմանագրում այդպիսի պայման նախատեսվելու դեպքում:

(17-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

18. Հանձնաժողովը նախապատրաստում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն` հաշվի առնելով տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին:

(18-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

21. Շահագրգիռ մարմինները` ըստ համապատասխան բնագավառների, իրենց եզրակացությունները տրամադրում են պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին, որը դրանք ներառում է սույն կարգի 31-րդ կետով սահմանված փաստաթղթերի կազմում` վերջիններիս կազմն ու բովանդակությունը համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին:

(21-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

22. Պատվիրատուի կողմից քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում նախագծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով և սույն կարգով նախատեսված լրիվ ծավալով:

(22-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

23. Պետական և համայնքի բյուջեների (ներառյալ` վարկային և դրամաշնորհային միջոցները) հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող ճարտարապետաշինարարական օբյեկտների նախագծերը փորձաքննության են ներկայացվում նախահաշվային փաստաթղթերի ներառմամբ: Մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը ներկայացվում են պատվիրատուի որոշմամբ:

24. Հատուկ համալիր փորձաքննության ենթակա են հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ օբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող քաղաքաշինական օբյեկտների նախագծային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվում ծրագիրն իրականացնող համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` կախված տվյալ օբյեկտի գործառնական նշանակությունից (էներգետիկա, տրանսպորտ, ջրային համակարգեր և այլն): Յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ օբյեկտի փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում է (ընդգրկվում են) քաղաքաշինության տվյալ բնագավառում պետական համալիր փորձաքննություն իրականացնող, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող և այլ շահագրգիռ մարմինները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում կարող են ներառվել նաև խնդրին առնչվող այլ մարմիններ և կազմակերպություններ: Հատուկ համալիր փորձաքննությունը կարող է իրականացվել նաև միջազգային փորձագիտական մարմինների (կամ փորձագետների) ներգրավմամբ: Սույն կետում նշված լիազորված մարմինը ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի հատուկ համալիր ամփոփ եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման:

(24-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

25. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը երկու փուլով («Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր») մշակելու դեպքում փորձաքննության է ներկայացվում համաձայնեցման ենթակա` «Նախագիծ» փուլը, որի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

26. Հաստատված «Նախագիծ» փուլին հաջորդող` «Աշխատանքային փաստաթղթեր» փուլի նախագծային փաստաթղթերի մշակումը` հատուկ համալիր և համալիր փորձաքննության ենթակա օբյեկտների համար, պատվիրատուի նախաձեռնությամբ, կարող է զուգորդվել փորձագիտական ուղեկցմամբ:

27. Փորձագիտական ուղեկցումը կիրառվում է «Նախագիծ» փուլով համաձայնեցված լուծումներին հաջորդող աշխատանքային փաստաթղթերի համապատասխանությունը հանձնաժողովի կողմից հավաստելու նպատակով: Այս դեպքում հանձնաժողովի հետ կնքվող պայմանագրով սահմանված ժամկետներում և պայմաններով վերջինիս կողմից պատվիրատուին ներկայացված դիտողություններն ու առաջարկություններն ընդգրկվում են սույն կարգի 28-րդ կետում նշված` աշխատանքային փաստաթղթերի մշակման փուլերում:

(27-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

28. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված դեպքերում աշխատանքային փաստաթղթերի համապատասխանությունը համաձայնեցված «Նախագիծ» փուլով ընդունված լուծումներին հավաստվում է հանձնաժողովի տեղեկանք-երաշխավորագրերով` շինարարության թույլտվությամբ սահմանված աշխատանքների իրականացման հաջորդականությամբ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն), որոնք ներառվում են կատարողական փաստաթղթերի փաթեթում:

(28-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2015
N 596-Ն
Որոշում