020.0141.171198
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 նոյեմբերի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանի,
ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 56 և 21(1) հոդվածներով,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին 1998 թվականի հուլիսի 27-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Սանդոյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագրի նպատակն է նպաստել Կողմերի տնտեսական և սոցիալական առաջընթացին:
Համաձայնագրում նախատեսվում են Կողմերի միջև տեխնիկական համագործակցության հիմնական պայմանները: Ըստ համաձայնագրի, Կողմերը կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր տեխնիկական համագործակցության առանձին նախագծերի վերաբերյալ:
Համաձայնագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն ստանձնում է որոշակի պարտավորություններ` կապված գործուղված մասնագետների աշխատանքի վարձատրության, մասնագետների ու նրանց ընտանիքների անդամների տեղավորման, Հայաստանի տարածքում ու արտերկրում` մասնագետների գործուղման, հայ մասնագետների վերապատրաստման միջոցառումների ծախսերի կատարման հետ:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես ստանձնում է որոշակի պարտավորություններ` նախագծերի իրականացման ուղղությամբ, մասնավորապես, պարտավորվում է հանրապետությունում իրականացվող նախագծերին տրամադրել անհրաժեշտ հողամասեր և շինություններ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ նախագծերի իրականացման նպատակով ներկրվող նյութերն ազատել ներմուծման, արտահանման և այլ պետական վճարումներից, ճանաչել սույն համաձայնագրի շրջանակներում վերապատրաստման կամ կատարելագործման միջոցառումներին մասնակցելուց հետո հայ մասնագետներին տրված ավարտական վկայականները:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է գործուղված մասնագետների և նրանց ընտանիքների անդամների անձի և ունեցվածքի պաշտպանությունը:
Համաձայնագիրը բովանդակում է նաև դրույթներ դրա ուժի մեջ մտնելու կարգի և գործողության ժամկետների վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին 1998 թվականի հուլիսի 27-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
17 նոյեմբերի 1998 թվականի
ՍԴՈ-141