(ուժը կորցրել է 03.06.16 թիվ 465-Ա որոշում)
i
041.0354.180510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2010 թվականի N 354-Ա
ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել`
1) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 24-ի «Իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 154-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2010 թվականի մայիսի 18-ի
N 354-Ա որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ջ. Բաղդասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ս. Բարսեղյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Քառյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման
ընթացակարգերի վարչության մաքսային ընթացակարգերի
բաժնի պետ
Ս. Քրմոյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
ղեկավար
Գ. Գևորգյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ
վիճակագրության պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական
հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր
և մանկան առողջության պահպանման վարչության պետ
Ջ. Հարությունյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի աղետների բժշկության վարչության պետ
Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության պետ
Ա. Ավոյան - ՀՀ պաշտպանության նախարարության
հիգիենիկ-համաճարակային անվտանգության ծառայության
համաճարակաբանության բաժնի պետ
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության ռազմաբժշկական վարչության
բժիշկ-համաճարակաբան
Ն. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական
վարչության հիգիենիկ-հակահամաճարակային կենտրոնի
բժիշկ-համաճարակաբան
Կ. Կոստանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
առողջապահական ծրագրերի և որակի կառավարման
վարչության պետ
Ի. Աբգարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Գ. Ղուկասյան - Առողջապահության համաշխարհային կազմակերպության
հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր
պաշտոնակատար (համաձայնությամբ)
Լ. Հովակիմյան - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի
առողջապահական և սնուցման ծրագրերի ղեկավար
(համաձայնությամբ)
Ռ. Գյուրջյան - «Ռոստրոպովիչ-Վիշնևսկայա» հիմնադրամի հայաստանյան
գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Հայրապետյան - Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի
առողջապահության ավագ մասնագետ (համաձայնությամբ)
Ռ. Ջամալյան - ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության
առողջապահական թիմի անդամ (համաձայնությամբ)
Ն. Ասլանյան - «Պացիենտների իրավունքների պաշտպանության կենտրոն»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Պողոսյան - «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական
կազմակերպության սեռական և վերարտադրողական
առողջության ծրագրի համակարգող (համաձայնությամբ)
Գ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման
ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 02.10.12 թիվ 964-Ա որոշում)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2010 թվականի մայիսի 18-ի
N 354-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական (միջգերատեսչական) հանձնաժողովի նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի բնականոն կազմակերպման նպատակով հանձնաժողովը քննարկում է իմունականխարգելման վերաբերյալ քաղաքականությունը, նոր պատվաստանյութերի ներդրման ռազմավարություններն ու բնագավառին վերաբերող այլ հարցեր:
3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
1) նպաստում է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման աշխատանքների արդյունավետ ղեկավարմանը և համակարգմանը.
2) օժանդակում է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի բարելավմանը.
3) Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային ծրագրի կառավարումն ու համակարգումն իրականացնող առողջապահության ոլորտի կառավարման լիազոր մարմին է ներկայացնում իմունականխարգելման ոլորտում ուղղորդող առաջարկություններ.
4) ապահովում է իմունականխարգելման աշխատանքներում գործուն և արդյունավետ համագործակցություն, տեղեկատվության փոխանակում:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են`
1) իմունականխարգելման ոլորտում շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների միջև սերտ համագործակցության զարգացման համար որպես համակարգող մարմին հանդես գալը.
2) իմունականխարգելման ոլորտում համագործակցող կողմերի միջև պարտականությունների և պատասխանատվությունների հստակեցումը.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների միջև շարունակական, գիտական համագործակցության խրախուսումը` նպաստելով դրանց միջև կառուցողական հարաբերությունների ստեղծմանը.
4) պետական մարմինների գործունեության ոլորտին և իմունականխարգելման ոլորտում առկա խնդիրներին ու գերակայություններին համապատասխան` հանձնաժողովի անդամների միջև պարտականությունների և պատասխանատվության հստակ բաշխումը.
5) իմունականխարգելման հիմնական ռազմավարությունների` նոր պատվաստանյութերի ներդրման, այդ թվում` համակցված պատվաստանյութերի կիրառման, ծառայությունների մատուցման համակարգի բարելավման, պատվաստումների անվտանգության և կայուն ֆինանսավորման ապահովման իրականացմանը նպաստելը.
6) ֆինանսական միջոցների հայթայթմանը մասնակցությունը` իմունականխարգելման գործընթացի կայուն ֆինանսավորման համար ներգրավելով նաև մասնավոր սեկտորին.
7) իմունականխարգելման ազգային ծրագրի բազմամյա և տարեկան պլանի մշակման աշխատանքներին մասնակցությունը.
8) հանրապետության իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի պահանջների իրականացման վերլուծությունը.
9) իմունականխարգելման ոլորտի նորմատիվ իրավական փաստաթղթերի նախագծերի մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
10) հանրապետությունում իմունականխարգելման ուղղությամբ առաջընթացի վերլուծությունը, խոչընդոտների և բացթողումների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
11) Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի բարելավման համար արդյունավետ միջոցառումների մշակումը` շահագրգիռ նախարարություններ և կազմակերպություններ ներկայացնելով առաջարկություններ.
12) իմունականխարգելման գործընթացում խնդիրների լուծման երկարաժամկետ ծրագրերի մշակմանն աջակցելը և դրանց իրականացման ապահովումը.
13) նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և դոնոր կազմակերպությունների կողմից` իմունականխարգելման ոլորտում ձեռնարկվող միջոցների մասին տեղեկատվություն ներկայացնելն ապահովելը.
14) Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում իմունականխարգելման հարցերին վերաբերող տեղեկատվական-կրթական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:
7. Հանձնաժողովի նիստերը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը:
8. Հանձնաժողովի նիստերում, բացի հանձնաժողովի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու շահագրգիռ պետական մարմինների, կազմակերպությունների, մասնավոր ոլորտի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` խորհրդակցական ձայնի իրավունքով:
9. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերի և դրանց վերաբերյալ որոշումների նախագծերը մշակվում են հանձնաժողովի անդամների կողմից` շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ: Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում է հանձնաժողովի անդամների կողմից հարցերը գրավոր ներկայացվելու միջոցով` նիստից 15-20 օր առաջ:
10. Հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ` ըստ նախապես կազմված ժամանակացույցի: Անհրաժեշտության դեպքում հրավիրվում է հանձնաժողովի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից առնվազն 3 օր առաջ:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
12. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից: Արձանագրություններն ուղարկվում են շահագրգիռ պետական մարմիններ, կազմակերպություններ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին, հասարակական և միջազգային կազմակերպություններ` էլեկտրոնային փոստի միջոցով:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
13. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը: Իր բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.
2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.
3) հանձնաժողովին է ներկայացնում հանձնաժողովի նիստերի օրակարգերի նախագծերը.
4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
14. Հանձնաժողովի անդամները`
1) իրավունք ունեն`
ա. հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու հարցեր,
բ. ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ,
գ. ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
2) պարտավոր են`
ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,
բ. կատարել հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
15. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.
2) կազմակերպում է հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում միջոցառումների իրականացումը, հանձնաժողովի նիստերի գումարման նախապատրաստական աշխատանքները.
3) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը.
4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
5) սահմանում է հսկողություն հանձնաժողովի որոշումների իրականացման նկատմամբ.
6) հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին.
7) կազմում է աշխատանքային խմբեր` իմունականխարգելման ոլորտում ի հայտ եկած խնդիրների լուծման, գերակա միջոցառումների իրականացման համար: Աշխատանքային խմբերի կազմը հաստատում է հանձնաժողովի նիստը կամ հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակամիջոցում.
8) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ լիազորություններ:
VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
16. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: