(ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-193-Ն օրենք)
i
010.0094.010605
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի մայիսի 2-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 դեկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-25) 2-րդ հոդվածը «սննդամթերքի անվտանգություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով`
պիտանիության ժամկետ` ժամանակահատված, որի ավարտից հետո սննդամթերքը պիտանի չէ ըստ նշանակության օգտագործման համար.
տեխնոլոգիական գործընթացներ` սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով հումքատեսակները ենթարկվում են որոշակի տեխնոլոգիական մշակման.
տեխնոլոգիական սարքավորումներ` տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք պետք է ապահովեն տվյալ տեխնոլոգիական գործընթացի համար նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների իրականացումը.
տեխնոլոգիական հրահանգ` տեխնիկական փաստաթուղթ, որով ամրագրվում են տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը.
գենետիկորեն ձևափոխված մթերք` ցանկալի որակական հատկանիշների ստացման կամ ձեռքբերման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերք.
գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք` սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկորեն ձևափոխված մթերքի կամ դրա առանձին մասերի օգտագործումից ստացված մթերք.
գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք` գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերով գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերք:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը 3-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով`
«ՀՈԴՎԱԾ 3.1. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Սննդամթերքի արտադրության հետ կապված տեխնոլոգիական գործընթացները պետք է նկարագրվեն տվյալ սննդամթերքի համար նախատեսված տեխնոլոգիական հրահանգներում, որոնք կազմվում և հաստատվում են արտադրողի կողմից:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության սահմանած կարգի համաձայն» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9-րդ հոդվածում`
i
1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, վերամշակվող, փաթեթավորվող սննդամթերքը (բացառությամբ արտահանվողի) մակնշվում է հայերենով:».
2) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնիշը հայերենով պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`».
3) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների և հավելումների ցանկը.».
4) «գ» կետը «արտադրության տարեթիվը» բառերից հետո լրացնել «ամիսը, օրը, պահպանման պայմանները, առանձնահատուկ հանձնարարականներ և ցուցումներ դրա պահպանման մասին` եթե այդպիսիք կան» բառերով.
5) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես տեխնիկական պայմաններով սահմանված բուժիչ, դիետիկ, մանկական սնունդ), առանձնահատուկ հանձնարարականներ դրա օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն` դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).».
6) «ե» կետը «տվյալներ արտադրողի մասին» բառերից հետո լրացնել «(գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը)» բառերով.
7) «թ» կետը ուժը կորցրած ճանաչել.
8) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետ`
«ժա) «գենետիկորեն ձևափոխված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք» տեղեկատվությունները` դրանց առկայության դեպքում:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքը 10-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ հոդվածով`
«ՀՈԴՎԱԾ 10.1. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը ենթակա է համապատասխանության հավաստման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «սարքավորումների տեխնոլոգիական» բառերը փոխարինել «սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերի:
Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
1 հունիսի 2005 թվականի
ՀՕ-94-Ն