Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

040.0800.200602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2002 թվականի N 800-Ն

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը (կցվում է):

3. «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների ու արտադրանքի (ապրանքների) մատուցումը և իրացումն է.

բ) «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացնումն է.

գ) «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն օրենքին, հիմնադրամի որոշմանը համապատասխան` սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում, արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով միայն, որքանով այդ գործունեությունը ծառայում և համապատասխանում է կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.

դ) «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

5. «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

(5-րդ կետը փոփ. 17.09.04 թիվ 1420-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

փետրվարի 28-ի N 800-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը (այսուհետև` հրատարակչություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Հրատարակչության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հրատարակչությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

4. Հրատարակչության գործունեությունը ֆինանսավորվում է հիմնադրի, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց, իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական և օրենքով չարգելված այլ գործունեությամբ ստեղծված միջոցներով:

5. Հրատարակչությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

Հրատարակչությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Հիմնադիրը պատասխանատու չէ իր ստեղծած հրատարակչության պարտավորությունների, իսկ հրատարակչությունը` իր հիմնադրի պարտավորությունների համար:

7. Հրատարակչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ինչպես նաև ձևաթղթեր, խորհրդանիշ, ապրանքային նշան և ֆիրմային անվանում:

8. Հրատարակչությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

9. Հրատարակչության գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Թումանյան 17:

10. Հրատարակչության անվանումն է`

հայերեն լրիվ` «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` ՀՀՀ,

ռուսերեն լրիվ` «Իզդատելստվօ «Առմյանսկայա էնցիկլօպեդիյա» Գօսուդառսվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա,

ռուսերեն կրճատ` ԻԱԷ,

անգլերեն լրիվ` «Armenian Encyclopaedia» Publishing-House» Non-commercial State Organization,

անգլերեն կրճատ` AEP:

 

2. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

 

11. Հրատարակչությունն ստեղծվել է հանրագիտարանային հրատարակությունների նկատմամբ հասարակական պահանջարկի բավարարման, համապարփակ, ճյուղային հանրագիտարանների, տեղեկատուների, բառարանային և ցանկացած տեսակի այլ տպագիր, այդ թվում` համատեղ հրատարակությունների, ինչպես նաև գիտական և այլ տիպի տեղեկատվության` թղթի, մեքենայական ու այլ տեսակ նյութական կրիչների վրա պատրաստման և լույսընծայման նպատակով:

12. Նշված նպատակի իրագործման համար հրատարակչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) հրատարակչական,

բ) ճյուղային խմբագրությունների (բաժիններ, խմբեր և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ) կազմավորում,

գ) հաստիքային ու արտահաստիքային խմբագիրների և մյուս աշխատողների ընտրություն,

դ) հրատարակվող գրականության թեմատիկ ծրագրերի (պլանների) կազմում ու հաստատում,

ե) պետական գրահրատարակչական ծրագրերին համապատասխան` տպագիր հրատարակությունների լույսընծայման լիազորված պետական մարմնի առաջադրանքի կատարման ապահովում,

զ) հեղինակների, գրախոսների, գիտական խորհրդատուների ընտրություն,

է) սահմանված կարգով ձեռագրերի հրատարակության պատրաստում,

ը) պոլիգրաֆիական աշխատանքների կատարման, ինչպես նաև` ստեղծած տպագիր արտադրանքի տպաքանակի պատրաստման համար պոլիգրաֆիական կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքում,

թ) սեփական արտադրանքի (աշխատանքներ, ծառայություններ) տարածում և իրացում,

ժ) պայմանագրային հիմունքներով ստեղծված մտավոր սեփականության առարկաների ինքնուրույն տնօրինում,

ժա) գովազդային-տեղեկատվական,

ժբ) սահմանված կարգով հրատարակությունների տպաքանակների և անվանական գների որոշում,

ժգ) գիտական և գիտամեթոդական աշխատանքի իրականացում` հանրագիտարանային տեղեկատվության և գիտելիքին հարակից բնագավառներում,

ժդ) ստեղծագործական հասարակայնության, զանգվածային լրատվության միջոցների, ընթերցողների հետ կապերի զարգացում, ընթերցողական պահանջարկի ուսումնասիրում և դրանով գիտականորեն հիմնավորված հրատարակչական քաղաքականության մշակում,

ժե) կադրերի պատրաստում և վերապատրաստում,

ժզ) օրենքով սահմանված կարգով ինքնուրույն կամ միջնորդի միջոցով արտասահմանյան կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա թարգմանության իրավունք տալը, օտարերկրյա պետություններում և սփյուռքում իր պատրաստած գրականության տպագրություն ու տարածում, արտասահմանյան հրատարակությունների հայերեն հրատարակում և դրանց տարածման իրավունքի ձեռքբերում, ինչպես նաև արտասահմանյան կազմակերպություններին ծառայությունների մատուցում,

ժէ) հրատարակչական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրերի կնքում,

ժը) իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում, արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով միայն, որքանով այդ գործունեությունը ծառայում և համապատասխանում է կազմակերպության ստեղծման նպատակին ու դրա իրականացմանը:

 

3. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Հրատարակչության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը:

14. Լիազորված պետական մարմինը`

ա) ապահովում է հրատարակչության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրա չիրականացման կամ ոչ պատշաճ իրականացման համար.

բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրի ներկայացմամբ, հաստատում է հրատարակչության կառուցվածքը և աշխատողների թիվը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրին.

գ) հաստատում է հրատարակչության պետական պատվերի տարեկան ծախսերի նախահաշիվը.

դ) հրատարակչության գործունեության նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

զ) լսում է հրատարակչության գործունեության մասին հաշվետվությունները, քննում նրա գործունեության վերստուգման արդյունքները, հաստատում հրատարակչության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

է) վերահսկողություն է իրականացում հրատարակչությանն ամրացված պետական սեփականության օգտագործման ու պահպանության նկատմամբ.

ը) վերահսկողություն է իրականացնում հրատարակչության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս հրատարակչության գույքի օգտագործման կամ վարձակալության հանձնման համար.

թ) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

15. Հրատարակչության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագիրը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

16. Հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը կարգավորվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրի իրավունքները, պարտավորությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարեցման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք անհրաժեշտ կգտնեն պայմանավորվող կողմերը: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

17. Հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագիրը կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

18. Հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագիրը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

19. Հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագիրը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով հրատարակչությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասի հատուցման պարտականությունը չկատարելու համար:

20. Հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագիրը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս հրատարակչության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում պայմանագրեր.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հրատարակչության գույքը և ֆինանսական միջոցները.

գ) տալիս է հրատարակչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

դ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

ե) լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում հրատարակության կառուցվածքը, աշխատողների թիվը, հաստատում է հրատարակչության ընդհանուր և առանձին կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոնները.

զ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հրատարակչության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր: Կատարում է պարտականությունների բաշխում հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրի տեղակալների միջև.

է) սահմանված կարգով` լիազորված պետական մարմին է ներկայացնում հրատարակչության պետական պատվերի տարեկան ծախսերի նախահաշիվը.

ը) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտները և ծախսերի նախահաշիվը.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

21. Հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագիրը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգներն ու դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

22. Հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրի բացակայության ժամանակ նրա լիազորություններն իրականացնում է տնօրեն-գլխավոր խմբագրի տեղակալներից մեկը:

23. Հրատարակչության աշխատողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, կոլեկտիվ պայմանագրով, հրատարակչության ընդհանուր և առանձին ստորաբաժանումների ու աշխատանքային ներքին կանոնակարգով և այլ իրավական ակտերով:

24. Հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտախմբագրական և գիտաճյուղային խորհուրդներ:

25. Գիտախմբագրական խորհուրդը քննարկում և լուծում է ճյուղային հանրագիտարանների պատրաստման, նյութի ընդգրկման ծավալին ու մատուցմանն առնչվող մեթոդական հարցեր: Խորհրդի կազմում ընդգրկվում են տվյալ հանրագիտարանի թեմատիկ մասնագիտությամբ հայտնի մասնագետներ: Խորհրդի կազմը հաստատվում է հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագրի հրամանով: Գիտախմբագրական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են նաև հրատարակչության տնօրեն-գլխավոր խմբագիրը` որպես խորհրդի նախագահ, տվյալ հանրագիտարանային հրատարակության աշխատանքը համակարգող նրա տեղակալը և պատասխանատու քարտուղարը: Գիտախմբագրական խորհրդի գործառույթները սահմանվում են նրա կանոնադրությամբ:

26. Գիտաճյուղային խորհուրդները կազմվում են բոլոր այն մասնագիտությունների գծով, որոնց վերաբերյալ հոդվածներ են պատրաստվում հրատարակչությունում: Գիտաճյուղային խորհուրդների կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ակադեմիական և այլ գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, նախարարությունների համապատասխան մասնագետների, սփյուռքի ճանաչված գիտնականներ, ինչպես նաև համապատասխան գիտաճյուղային խմբագրության վարիչը: Գիտաճյուղային խորհուրդները լուծում են պատրաստվող հանրագիտարաններում իրենց մասնագիտությամբ զետեղվող նյութերի ընտրությանը և պատրաստմանն առնչվող ցանկացած հարց, որոշում բառացանկում եզրույթների ընդգրկման նպատակահարմարությունը, առաջարկում հեղինակների ու գրախոսների թեկնածություններ:

 

4. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Հրատարակչության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հրատարակչության գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:

Հրատարակչության գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային հատկացումներն ու նվիրատվությունները, կտակած գույքը:

28. Հրատարակչությունն իրավունք ունի, օրենքներին, հիմնադրի կողմից լիազորված պետական մարմնի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ, տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն ու ֆինանսական միջոցները:

29. Հիմնադիրը հրատարակչությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ հրատարակչության լուծարումից հետո մնացած գույքի:

30. Հրատարակչության սեփականության պահպանման հոգսը կրում է հրատարակչությունը:

31. Հրատարակչության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

 

5. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

32. Հիմնադրի որոշմամբ հրատարակչությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:

33. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից հրատարակչությանն ամրացված գույքը:

34. Հրատարակչությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

Հրատարակչությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում հրատարակչության ստացած եկամուտները հրատարակչության սեփականությունն են:

35. Հիմնադրի կողմից հրատարակչությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ հրատարակչության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

6. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Հրատարակչությունը կարող է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով:

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար հրատարակչությունն իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

Հրատարակչությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

37. Հրատարակչությունը գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար` հիմնադրի կողմից սահմանված կարգով:

38. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հրատարակչության համար ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում հրատարակչության կողմից պետությանը մատուցվող ծառայությունները, աշխատանքներն ու ապրանքները գնվում են մեկ աղբյուրից գնումների կատարման ձևով: Խմբագրության կողմից պետությանն այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

39. Հրատարակչությունը հարկերը, տուրքերն ու այլ պարտադիր վճարումները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

 

7. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

40. Հրատարակչության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

41. Հրատարակչության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

 

8. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

42. Հրատարակչությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հրատարակչությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

43. Հրատարակչության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտավորություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

44. Հրատարակչությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հրատարակչությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

45. Հրատարակչությունը կարող է դատական կարգով լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

46. Հրատարակչության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2002
N 800-Ն
Որոշում