Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

31.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի մայիսի 3-ին

 

i

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակը

 

Սույն օրենքի նպատակը ներկայում և ապագայում մարդու բարեկեցության, հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման, տնտեսական և էկոլոգիական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի, ռեժիմի և որակի ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումն է:

 

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջներից բխող` ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները հետևյալ ուղղություններով.

1) ջրային ռեսուրսների կայուն կառավարում.

2) ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայություններ.

3) ջրային ռեսուրսի հաշվառում և գնահատում.

4) ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի ձևավորում.

5) ջրավազանային կառավարման հետ կապված հարաբերություններ:

 

i
Հոդված 3. Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի օրենսդրական հիմքերը

 

Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

ջրային ռեսուրսների կայուն կառավարում` այնպիսի կառավարում, որն ապահովում է մարդկանց, ներկա և ապագա սերունդների հիմնական կարիքները, բարեկեցության բարելավումն ու ջրաէկոհամակարգերի պահպանումը` չվտանգելով ազգային ջրային պաշարը.

ջրային ռեսուրսների թափանցիկ և մասնակցային կառավարում` ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի այնպիսի կառավարում, որոնց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը բաց է և տեսանելի հասարակության բոլոր խավերի համար և հասանելի է նրանց մասնակցությունը այդ գործընթացին.

մարդկանց հիմնական կարիքներ` մարդու գոյատևման և կենցաղի առաջնային նվազագույն կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջուր.

ռիսկերի կարգավորում` ռիսկի հայտնաբերման, վերլուծության, գնահատման, դիտարկման և հակադարձման կարգավորման խնդիրներին ուղղված քաղաքականության, ընթացակարգի և միջոցառումների համակարգված իրականացում:

 

Հոդված 5. Օրենքի խնդիրները

 

Սույն օրենքի խնդիրներն են`

1) ապահովել ջրային ռեսուրսների մատչելիության գնահատման, ազգային ջրային պաշարի բնութագրման, ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի ձևավորման գործընթացի իրականացումը.

2) սահմանել ջրային ռեսուրսների օգտագործման գերակայությունները.

3) ներդնել ջրավազանային կառավարման սկզբունքները, կազմել ջրավազանային կառավարման պլանները և նախապատրաստել Ջրի ազգային ծրագրի հիմքերը:

 

Հոդված 6. Ջրի ազգային քաղաքականության սկզբունքները

 

Ջրի ազգային քաղաքականությունը ապահովում է հետևյալ սկզբունքների իրականացումը.

1) բնակչության հիմնական կենսական կարիքների ապահովումը.

2) ներկա և ապագա սերունդների լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներով ապահովումը (քանակ և որակ).

3) բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրապահանջի ապահովումը.

4) բնակչության հատկապես սոցիալապես անապահով խավի հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրի մատչելիության ապահովումը.

5) բնակչության մեջ ջրի խնայողաբար օգտագործման վերաբերմունքի դաստիարակումը և ձևավորումը, ջրի խնայողաբար օգտագործման խրախուսման տնտեսական և ֆինանսական մեխանիզմների մշակումը և կիրառումը.

6) «առաջարկն է ձևավորում պահանջարկը» սկզբունքի կիրառումը.

7) ելնելով պահանջարկից` ջրային ռեսուրսների կարգավորման խնդիրների ձևավորումը (ներառյալ` ջրամբարների զարգացումը).

8) երկրի զարգացման շահերից բխող տարբերակված և ճկուն սակագնային քաղաքականության մշակումը և կիրառումը.

9) Սևանա լճի` որպես սոցիալական, տնտեսական, բնապահպանական արժեքների և բնության մշակութային ժառանգության, պահպանությունն ու վերականգնումը.

10) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցման փուլային միջոցառումների մշակումը և կիրառումը` ելնելով ջրավազանի նշանակությունից.

11) շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.

12) «աղտոտողն է վճարում» և «օգտագործողն է վճարում «մեխանիզմի կիրառումը.

13) ջրային ռեսուրսների պահպանության, կառավարման և օգտագործման ոլորտներում մարդկային և տեխնոլոգիական հզորությունների զարգացման ապահովումը.

14) ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ավազան վնասակար նյութերի ու միացությունների արտանետման համար վճարների գանձումից հավաքագրված գումարների մասնահանման միջոցով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը և ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը.

15) պետական ջրային կադաստրի վարման ապահովումը.

16) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում միջազգային ընդունված պարտավորությունների կատարման և համագործակցության զարգացման ապահովումը.

17) ջրի ազգային քաղաքականության ոլորտում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության մատչելիության ապահովումը:

 

Հոդված 7. Ջրային ռեսուրսների կառավարման սկզբունքները

 

Ջրային ռեսուրսների կառավարումն ապահովում է հետևյալ սկզբունքների իրականացումը.

1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գիտական հիմնավորվածությունը.

2) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված գնագոյացման կարգավորման, խթանման և այլ չափանիշների կիրառումը.

3) ռիսկերի կարգավորման կիրառման ապահովումը.

4) բնապահպանական, մշակութային, սոցիալական և տնտեսական արժեքների համալիր գնահատմամբ ջրային ռեսուրսների կառավարման իրականացումը.

5) ջրային ռեսուրսների ազատ հոսքի կուտակումը և տեղափոխումը արհեստական ջրամբարների ու պատվարների կառուցմամբ.

6) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում իրավական ակտերով սահմանված նորմերին և ստանդարտներին համապատասխանող որակով հետզհետե շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը.

7) ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի թափանցիկ և մասնակցային կառավարումը, ինչպես նաև գենդերային քաղաքականության սկզբունքների իրականացումը.

8) ջրավազանային կառավարման մակարդակով ջրային ռեսուրսների ջրառատության, ինչպես նաև ջրային ռեսուրսների սպառողական և ոչ սպառողական արժեքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխման, վերաբաշխման և գնագոյացման ապահովումը.

9) անդրսահմանային ջրային ռեսուրսների և ջրահոսքերի կառավարումը:

 

Հոդված 8. Ջրի ազգային ծրագրի մշակման սկզբունքները

 

1. Ջրի ազգային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ներկայացնում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի առաջարկվող կառավարման կարճաժամկետ ծրագիրը, նախագծերի և ծրագրերի նկարագրությունները, ծախսերն ու օգուտները և դրանց բաշխվածությունը:

2. Ծրագիրը ներկայացնում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի առաջարկվող կառավարման միջնաժամկետ ծրագիրը, հաշվարկելի նախագծային և ծրագրային նկարագրությունները, ծախսերն ու օգուտները և դրանց բաշխվածությունը:

3. Ծրագրում ներկայացվում են ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի ու կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ (մինչև 15 տարի) նախատեսվող բոլոր միջոցառումները:

4. Ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաղորդումը ներառում է`

1) նախորդ տարում Ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները.

2) Ծրագրի կառավարման և օպերատիվ ռազմավարության իրականացման շարունակելիության նպատակահարմարությունը.

3) Ծրագրի նոր բաղադրիչներ նախաձեռնելու, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները:

 

ԳԼՈՒԽ 2
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՋՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

i
Հոդված 9. Ջրային ռեսուրսների գնահատումը

 

Ջրային ռեսուրսների գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսի որակի, քանակի, ձևի եւ բաշխվածության և ըստ ջրային մարմինների կարգավիճակների ամբողջական գույքագրմամբ` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի և դրանից բխող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Ջրային ռեսուրսների վերագնահատումն իրականացվում է պարբերաբար` առնվազն 6 տարին մեկ:

Ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատումը կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխանաբար ջրօգտագործողի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Ջրային ռեսուրսների գնահատման մեխանիզմները սահմանված կարգով սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդ. փոփ. 07.07.22 ՀՕ-318-Ն օրենք)

 

Հոդված 10. Ջրային ռեսուրսների առաջարկի ձևավորումը

 

Ջրային ռեսուրսների գնահատման, վերագնահատման և ազգային ջրային պաշարի ու բնապահպանական (էկոլոգիական) թողքերի հաշվարկման արդյունքների հիման վրա ձևավորվում է ջրի առաջարկը:

 

ԳԼՈՒԽ 3
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

 

Հոդված 11. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման և ձևավորման ընթացակարգը

 

1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումն իրականացնում է ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման պետական լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և իրավական այլ ակտերով` հիմք ընդունելով «առաջարկն է թելադրում պահանջարկը» սկզբունքը:

2. Ջրային ռեսուրսների պահանջարկը ձևավորում է ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման պետական լիազոր մարմինը` Ծրագրի հիման վրա:

 

Հոդված 12. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման բաղադրիչները

 

1. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառում է, սակայն չի սահմանափակում հետևյալ ջրօգտագործումները (քանակ և որակ).

1) տնտեսական-կենցաղային, կենսական.

2) գյուղատնտեսական.

3) արդյունաբերական.

4) ձկնաբուծական.

5) ռեկրեացիոն.

6) էներգետիկ` էլեկտրաէներգիայի արտադրություն և սարքավորումների հովացում. ատոմային էլեկտրակայաններ.

7) միջազգային պարտավորություններ անդրսահմանային ջրային ռեսուրսների վերաբերյալ.

8) ջրային ռեսուրսների կուտակումներ:

2. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ընդգրկում է`

1) ջրօգտագործման նպատակը, ջրապահանջի հիմնավորումը, ջրօգտագործման զարգացման հեռանկարը.

2) պահանջվող ջրի քանակը, ռեժիմը, ջրառի վայրը.

3) պահանջվող ջրի որակը.

4) ջրօգտագործումից ջրային ռեսուրսներին պատճառված աղտոտվածությունը:

 

ԳԼՈՒԽ 4
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 13. Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունները

 

1. Ջրային ռեսուրսների պահպանության և կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջև ըստ առաջնահերթության իրականացվում է հետևյալ գերակա ուղղություններով` ըստ հերթականության.

1) ազգային ջրային պաշար` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետևանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու և ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի և որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանում.

2) ռազմավարական ջրային պաշար` արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ և այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման և ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար ջրային ռեսուրսների պահպանում և օգտագործում.

3) ավանդական` ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում.

4) ջրային ռեսուրսների օգտագործում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն.

5) կենցաղային` մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքները բավարարելու համար ջրօգտագործում.

6) գյուղատնտեսական` ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության և այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար.

7) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու համար.

8) արդյունաբերական` ջուր արտադրական գործընթացներում.

9) ձկնաբուծական նպատակով ջրօգտագործում.

10) ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործում` ջուր` մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար.

11) հակաերաշտային միջոցառումներ` երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:

2. Ջրերի բաշխում չի կարող տեղի ունենալ, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին:

(13-րդ հոդ. փոփ. 07.07.22 ՀՕ-318-Ն օրենք)

 

Հոդված 14. Արտակարգ իրավիճակների հետ կապված առանձնահատկությունները

 

1. Ջրային ռեսուրսների մատչելիության հետ կապված արտակարգ իրավիճակներում ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակումն իրականացվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-11-րդ կետերով սահմանված` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունների փոփոխությամբ` հակառակ հերթականությամբ:

2. Ջրային ռեսուրսների քանակի և (կամ) որակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակների դեպքում ջրօգտագործողներին ավելի ցածր, բայց դեռևս պիտանի որակի ջրային ռեսուրսներ են ապահովում այլընտրանքային աղբյուրներից:

(9-րդ հոդ. փոփ. 07.07.22 ՀՕ-318-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Հոդված 15. Ջրային ռեսուրսների ռազմավարական կառավարումը

 

1. Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարության հիմքում ընկած են ջրավազանային կառավարման կայացումն ու զարգացումը:

2. Ջրավազանային կառավարման մարմինների կողմից կազմվող ջրավազանային կառավարման պլանները ներառում են տվյալ ջրավազանի`

1) քարտեզագրման տվյալները.

2) տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալները.

3) ջրային և առափնյա էկոհամակարգերի մասին տվյալները.

4) հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալները.

5) բնական ջրային ռեսուրսներից ջրառի և հեռացվող կեղտաջրերի վերաբերյալ տվյալները.

6) տարածքում արգելված կամ որոշ սահմանափակումներով գործունեության տեսակների ցանկը:

3. Ջրավազանային կառավարման պլանները կազմվում են` ղեկավարվելով սույն օրենքով և սահմանված գերակայություններով, Ծրագրով` հաշվի առնելով տվյալ ջրավազանի առանձնահատկությունները:

4. Ջրավազանային կառավարման պլանները կազմելու գործընթացում հասարակության մասնակցությունը ապահովվում է հասարակական լսումներ և քննարկումներ կազմակերպելու, զանգվածային լրատվության միջոցներով այդ մասին տեղեկություններ հաղորդելով:

 

ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 16. Եզրափակիչ դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 2
Երևան
ՀՕ-96-Ն

 

 

pin
ՀՀ 03.05.2005
N ՀՕ-96-Ն օրենք