11.07.2016 - 01.01.2017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին
i
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:
Հոդված 2. |
Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(2-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն օրենք)
Հոդված 3. |
Տեղական ինքնակառավարումը |
Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ և օրենքի շրջանակներում ինքնուրույն գործող տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային խնդիրները լուծելու և համայնքի սեփականությունը տնօրինելու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով երաշխավորված իրավունքն ու համայնքի կարողությունն է:
Տեղական ինքնակառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Սևանա լճի կարգավիճակը սահմանվում է օրենքով:
Համայնքը պետական համակարգի ժողովրդավարական հիմքն է: Համայնքը բնակիչների հանրություն և վարչատարածքային միավոր է, որի սահմաններում համայնքի բնակիչներն ուղղակիորեն կամ օրենքով սահմանված ընտրովի մարմինների միջոցով իրականացնում են տեղական ինքնակառավարում: Համայնքն իրավաբանական անձ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Համայնքն ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
i
Հոդված 5. |
Համայնքի բնակիչները |
Համայնքի բնակիչ է այն անձը, որը հաշվառված է տվյալ համայնքում:
Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
Հոդված 6. |
Համայնքի վարչական տարածքը |
Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող հողերը, որոնց սեփականատեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, Հայաստանի Հանրապետությունը:
Համայնքները, դրանց վարչական սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանվում են օրենքով:
(6-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 14.12.04 ՀՕ-42-Ն, 23.06.11 ՀՕ-227-Ն օրենքներ)
Հոդված 7. |
Տեղական ինքնակառավարման մարմինները |
Ժողովրդի իշխանություն իրականացնելու և համայնքային խնդիրները լուծելու նպատակով համայնքներում օրենքով սահմանված կարգով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար:
Համայնքի ավագանին ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորություններ:
Համայնքի ավագանին իր լիազորություններն ստանձնում է ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը:
Համայնքի ղեկավարը պաշտոնապես ներկայացնում է համայնքը, համայնքի գործադիր մարմինն է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու սույն օրենքով նախատեսված լիազորությունները:
Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը:
Արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
(7-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-166-Ն, 26.12.08 ՀՕ-8-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն, 07.12.15 ՀՕ-174-Ն օրենքներ)
Հոդված 8. |
Տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը |
Տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, գործում են իրենց որոշած նստավայրում:
Համայնքի նստավայրի շենքի վրա տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում` նաև Հայաստանի Հանրապետության զինանշանը:
Հոդված 9. |
Տեղական ինքնակառավարման սկզբունքները |
Տեղական ինքնակառավարման սկզբունքներն են`
1) ընդհանուր իրավասությունը` համայնքային շահերին վերաբերող, ցանկացած գործունեության իրականացման իրավունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) ինքնուրույնությունը և սեփական պատասխանատվությունը տեղական ինքնակառավարումն իրականացնելիս.
3) համայնքներին օրենքով վերապահված լիազորությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը.
4) պետական մարմինների լիազորությունների փոխանցումը համայնքներին, եթե այդ լիազորություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում` օրենքով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պարտադիր ապահովմամբ.
5) համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության` օրենքով սահմանված կարգով պաշտպանությունը.
6) ֆինանսապես թույլ համայնքներին ֆինանսական համահարթեցման միջոցով աջակցությունը.
7) առանձին խնդիրներ համատեղ լուծելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, այլ համայնքների հետ միջհամայնքային միավորումներ ձևավորելը.
8) համայնքի անդամների առջև հաշվետու լինելը.
9) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը.
10) տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը:
(9-րդ հոդ. փոփ. 19.06.13 ՀՕ-72-Ն օրենք)
Հոդված 10. |
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը |
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական և պետության կողմից պատվիրակված:
Սեփական լիազորությունները բաժանվում են պարտադիր և կամավոր լիազորությունների:
Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:
Պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է սույն օրենքով փոխանցվել համայնքներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ:
Պետության պատվիրակած լիազորություններն իրականացվում են օրենքով կամ կառավարության սահմանած կարգով: Պետության պատվիրակած լիազորություններն ամբողջովին և պարտադիր ֆինանսավորվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին:
Պարտադիր և պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են համայնքի կողմից առաջնահերթությամբ և օրենքով սահմանված կարգով կատարման:
Կամավոր լիազորություններն իրականացվում են համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներին համապատասխան և ավագանու սահմանած կարգով:
Սույն օրենքում թվարկված կամավոր լիազորություններն սպառիչ չեն: Այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները համայնքները կարող են իրականացնել միայն որպես կամավոր լիազորություններ: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն:
Հոդված 10.1. |
Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը |
Սույն օրենքի իմաստով համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և ուղղակի կամ անուղղակի ներգործություն են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա: Համայնքում տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:
Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում, նրանց գործունեության բնագավառներում: Համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձևերը, ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ինչպես նաև ավագանու ընդունած` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ:
(10.1-ին հոդ. լրաց. 19.06.13 ՀՕ-72-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 11. |
Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը |
Համայնքի ավագանին կազմավորված է համարվում, եթե ընտրվել են ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն երկու երրորդը:
Համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որը կարգավորում է ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը: Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր:
Համայնքի ավագանին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:
Համայնքի անունից համայնքի ավագանին իրականացնում է համայնքային կառավարչական հիմնարկի հիմնադրի գործառույթներ:
Համայնքի ղեկավարը համայնքի նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում համայնքի ավագանու` սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով նախատեսված կարգով գործունեության իրականացման համար:
Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ: Սույն օրենքով սահմանված դեպքերում ավագանին կազմում է արձանագրություններ:
Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ պետական այլ մարմիններին:
Պետական մարմինները կամ համայնքի ղեկավարն ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են քննության առնել և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:
(11-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն, 02.05.13 ՀՕ-30-Ն օրենքներ)
Հոդված 12. |
Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը |
Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները` աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասը օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից: Սույն օրենքի իմաստով աշխատակազմ է համարվում համայնքապետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):
Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, և չորս տոկոսը` մինչև հազար բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի` դրան կողմ բնակիչները և ներկայացնում են համայնքի ղեկավարին: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով ներկայացվում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում: Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կարող է կրկին ներկայացվել և սույն հոդվածով սահմանված կարգով ընդգրկվել օրակարգում` դրա հերթական (նաև առաջին) քննարկումից առնվազն վեց ամիս հետո: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը` որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր: Յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները և յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները:
Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:
Նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:
(12-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-135-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն,19.06.13 ՀՕ-72-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն օրենքներ)
Հոդված 12.1. |
Տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին |
Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:
Հնարավորության դեպքում այդ տեղեկությունը լրացուցիչ կերպով կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով և ինտերնետային ցանցի միջոցով:
Ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիստում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում:
Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն այդ փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:
Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերի հրապարակումները փակցնելու և դնելու տեղերը սահմանվում են ավագանու աշխատակարգով:
(12.1-ին հոդ. լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն օրենք)
Հոդված 13. |
Նորընտիր ավագանու առաջին նիստը |
Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում:
Հոդված 14. |
Համայնքի ավագանու նիստը |
Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:
Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, և նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու` նիստին ներկայացած անդամները:
Համայնքի ավագանու որոշումները և ուղերձներն ընդունվում են ավագանու` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը:
Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում: Ավագանու նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրությունները ստորագրում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները:
Համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:
Համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի: Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են աշխատակազմի աշխատակիցները:
Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:
Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է` մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:
Համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:
Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է պահանջել հրավիրել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը իր կարծիքով հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում` սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը (այսուհետ` բողոքարկվող որոշում) հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով` առաջարկելով համայնքի ղեկավարին փոխելու իր բողոքարկվող որոշումը:
Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողոքարկվող որոշումը դեռևս չի կատարվել, և եթե բողոքարկվող որոշման կատարումը հնարավոր է հետաձգել:
Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապատասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:
Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված:
Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:
(14-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-135-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն, 02.05.13 ՀՕ-30-Ն օրենքներ)
Հոդված 14.1. |
Գյումրու և Վանաձորի ավագանիների հերթական նստաշրջանները և նիստերը |
1. Գյումրու և Վանաձորի ավագանիների հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ:
2. Նիստերի օրերը որոշում է ավագանին:
(14.1-ին հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 14.2. |
Հանրության տեղեկացումը գյումրու և վանաձորի ավագանիների հերթական նիստերի մասին |
1. Գյումրու կամ Վանաձորի ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ համապատասխան համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ` կցելով օրակարգի նախագիծը: Այդ տեղեկությունները փակցվում են համայնքապետարանում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համապատասխանաբար Գյումրու և Վանաձորի համայնքապետարանների պաշտոնական համացանցային կայքերում և հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքում:
2. Ավագանու անդամներին նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը և դրանց կից փաստաթղթերը տրամադրվում են նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ: Նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը և դրանց կից փաստաթղթերը տեղադրվում են Գյումրու և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում` ներբեռնման հնարավորությամբ:
(14.2-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 14.3. |
Գյումրու և Վանաձորի ավագանիների նիստերը |
1. Գյումրու, Վանաձորի նորընտիր ավագանիների առաջին նիստերն օրենքի ուժով գումարվում են ավագանի ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
2. Ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համայնքի ղեկավարի առաջին տեղակալը:
3. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
4. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալու, ինչպես նաև պատասխանելու հարցերին: Ավագանու նիստերին համայնքի ղեկավարի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:
(14.3-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 14.4. |
Գյումրու և Վանաձորի ավագանիների արտահերթ նիստերը |
1. Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ նիստեր գումարում է համապատասխանաբար Գյումրու, Վանաձորի համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից:
3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և դրանց կցված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո` ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն նաև համապատասխանաբար Գյումրու և Վանաձորի համայնքապետարանների պաշտոնական համացանցային կայքերում:
(14.4-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 14.5. |
Գյումրու և Վանաձորի ավագանիների խմբակցությունների ստեղծման կարգը |
1. Գյումրու, Վանաձորի ավագանիների խմբակցություններն ստեղծվում են նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` հետևյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:
2. Խմբակցությունը համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:
3. Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին:
4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ:
5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման և վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է համայնքի ղեկավարը կամ ավագանու նիստը վարողը, որն այդ մասին հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:
(14.5-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 14.6. |
Գյումրու և Վանաձորի ավագանիների խմբակցությունների գործունեության ապահովումը |
1. Գյումրու, Վանաձորի համայնքապետարանների նիստերի դահլիճներում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:
2. Գյումրու և Վանաձորի համայնքապետարանների նիստերի դահլիճներում կամ ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով:
3. Խմբակցության գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:
(14.6-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 15. |
Համայնքի ավագանու արտահերթ նիստը |
Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ:
Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշման նախագծերի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվում են համանման պահանջներ:
Հոդված 16. |
Համայնքի ավագանու իրավասությունը |
Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`
1) ընդունում է իր կանոնակարգը սույն օրենքի պահանջներին համապատասխան.
1.1) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է համայնքի ղեկավարին.
1.2) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ.
2) հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը.
3) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.
4) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը.
5) որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները` համայնքի ղեկավարի ներկայացմամբ.
6) նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե.
7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.
7.1) դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.
8) որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը.
9) որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել մարզպետին, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ.
10) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ.
11) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ.
12) որոշում է կայացնում պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ չպարունակող փաստաթղթեր ստանալու վերաբերյալ: Այդ պահանջի կատարումը մեկամսյա ժամկետում պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար.
13) որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ.
14) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.
15) իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին.
16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն կեսից պակաս.
17) (17-րդ կետը հանված է 19.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-342-Ն օրենք)
18) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը.
19) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.
19.1) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
i
20) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու դեպքում համայնքի ավագանու որոշման մեջ պետք է նշվեն նաև հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը.
21) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.
22) իր որոշմամբ վավերացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին.
23) որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ.
24) որոշում է կայացնում համայնքների ավագանիների կողմից` իրենց կանոնակարգերին համապատասխան Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ.
25) որոշում է կայացնում համայնքի զինանշանի վերաբերյալ.
26) համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ:
Համայնքային ծառայության պաշտոնների մասով աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և (կամ) հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև փոփոխելու և (կամ) լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին դիմելու մասին: Աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և (կամ) հաստիքացուցակը հաստատված, ինչպես նաև փոփոխված և (կամ) լրացված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.
27) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
28) հաստատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, ինչպես նաև սույն օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.
28.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին.
29) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.
30) պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի և (կամ) համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրի անվանափոխության վերաբերյալ.
31) օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցերով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան.
32) քննարկում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության և այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները և իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում.
33) քննարկում և որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.
34) քննարկում և որոշում է կայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.
35) սահմանում է այն շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.
36) հաստատում է համայնքի ղեկավարի ներկայացրած, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի (այսուհետ` վարչական ներկայացուցիչ) թեկնածությունը ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը:
Համայնքի ավագանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(16-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 26.09.06 ՀՕ-166-Ն, 30.09.08 ՀՕ-164-Ն, 26.12.08 ՀՕ-8-Ն, 27.04.10 ՀՕ-53-Ն, 22.06.11 ՀՕ-216-Ն, 23.06.11 ՀՕ-227-Ն, 23.06.11 ՀՕ-240-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն, 08.02.12 ՀՕ-14-Ն,19.06.13 ՀՕ-72-Ն, 26.02.15 ՀՕ-9-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն, 25.05.16 ՀՕ-60-Ն օրենքներ)
Հոդված 17. |
Համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին |
Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:
Սույն հոդվածի առաջին մասով սահմանված առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել`
1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարվելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարվելու դեպքում.
2) երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող մի շարք որոշումներ.
3) մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից երկու անգամ նիստ չհրավիրվելու դեպքում:
Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկության քննարկման նպատակով հրավիրված ավագանու նիստին համայնքի ղեկավարի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին: Արձանագրությունը մարզպետի համար հիմք է իր կողմից համայնքի ղեկավարի անվստահության գործընթացը նախաձեռնելու համար:
Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին` դրան կցելով համայնքի ղեկավարի կարծիքը:
Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին համայնքից ստացած փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` կցելով իր կարծիքը:
Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
(17-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 26.12.08 ՀՕ-8-Ն, 02.05.13 ՀՕ-30-Ն օրենքներ)
Հոդված 17.1. |
Գյումրու կամ Վանաձորի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը |
1. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել համապատասխանաբար Գյումրու, Վանաձորի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես համայնքի ղեկավարի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
2. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է համայնքի ղեկավարին, ինչպես նաև ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:
3. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու:
4. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը:
5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
6. Համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
7. Գործող համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում` սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
9. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:
(17.1-ին հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 18. |
Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը |
Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
1) աշխատել նույն աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար.
2) լինել համայնքի ղեկավար.
3) աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:
Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:
(18-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-167-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն օրենքներ)
Հոդված 19. |
Համայնքի ավագանու անդամի իրավունքները |
Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի`
1) առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր.
3) համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ.
3.1) կատարելու համայնքի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ ու քննարկումներ.
4) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատարան, եթե խախտվել են նրա` որպես ավագանու անդամի իրավունքները.
5) ստանալ դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:
(19-րդ հոդ. փոփ. 19.06.13 ՀՕ-72-Ն օրենք)
Հոդված 20. |
Համայնքի ավագանու անդամի պարտականությունները |
Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:
Համայնքի ավագանու անդամը պարտավոր է`
1) մասնակցել ավագանու նիստերին.
2) պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.
3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին.
3.1) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել ավագանու որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.
3.2) օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.
4) չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին.
5) անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին.
6) ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը:
(20-րդ հոդ. փոփ. 02.05.13 ՀՕ-30-Ն,19.06.13 ՀՕ-72-Ն օրենքներ)
Հոդված 21. |
Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը |
Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
1) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.
4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում.
5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
7) նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից.
8) նա հրաժարական է տվել.
9) նա մահացել է:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ավագանու որոշմամբ: Նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն:
(21-րդ հոդ. փոփ. 02.05.13 ՀՕ-30-Ն, 19.06.13 ՀՕ-72-Ն օրենքներ)
Հոդված 21.1. |
Գյումրու և Վանաձորի ավագանիների լիազորությունների ժամկետը կրճատելը |
1. Կառավարությունը կարող է կրճատել Գյումրու, Վանաձորի ավագանիների լիազորությունների ժամկետը, եթե`
1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում.
3) ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում համայնքի ղեկավարի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում:
2. Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սույն օրենքի 24.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
3. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
4. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:
5. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո իրավունք չունի նշանակելու տեղական հանրաքվե, անվստահություն հայտնելու համայնքի ղեկավարին, կատարելու պաշտոնների նշանակումներ, ընդունելու կամ փոփոխելու համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը:
6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:
(21.1-ին հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 21.2. |
Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը |
1. Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
1) դադարել են ավագանու լիազորությունները.
2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել համայնքի ղեկավարին.
6) նա հրաժարական է տվել.
7) նա մահացել է:
2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
(21.2-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 21.3. |
Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի թափուր տեղը համալրելը |
1. Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:
(21.3-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 21.4. |
Գյումրու և Վանաձորի ավագանիների լիազորությունների ժամկետը |
1. Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:
Այս դեպքում ավագանու ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օրվա ընթացքում:
(21.4-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 22. |
Համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը |
Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:
Տվյալ արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմին: Կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե`
1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.
2) օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:
(22-րդ հոդ. փոփ. 02.05.13 ՀՕ-30-Ն օրենք)
Հոդված 23. |
Համայնքի ավագանու անդամի ծախսերի հատուցումը և գործունեության երաշխիքները |
Համայնքի ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:
Համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաև հանրային հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու համար յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ է հատկացնում համայնքի ավագանու անդամին:
(23-րդ հոդ. փոփ. 19.06.13 ՀՕ-72-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ, ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
(3-րդ գլխի վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն, 25.05.16 ՀՕ-60-Ն օրենքներ)
Հոդված 24. |
Համայնքի ղեկավարը |
(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 07.12.15 ՀՕ-174-Ն օրենք)
(24-րդ հոդ. փոփ. 28.11.06 ՀՕ-226-Ն, 30.09.08 ՀՕ-166-Ն, 26.05.11 ՀՕ-167-Ն օրենքներ)
Հոդված 24.1. |
Գյումրու և Վանաձորի համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը |
1. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարներն ընտրվում են համապատասխան ավագանիների կողմից, իսկ ավագանու ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
2. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարներն ընտրվում են իրեն ընտրած համապատասխան ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:
(24.1-ին հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 24.2. |
Գյումրու և Վանաձորի ղեկավարի ընտրության անցկացումը |
1. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը:
2. Եթե Գյումրի, Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:
3. Գյումրու, Վանաձորի ավագանիների խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու և համապատասխանում է համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջներին:
4. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները:
5. Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
6. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:
7. Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
(24.2-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 24.3. |
Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների լիազորությունների դադարումը, դադարեցումը |
1. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների լիազորությունները դադարում են նորընտիր համայնքի ղեկավարի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:
2. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարում են սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(24.3-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 24.4. |
Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները |
1. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ` համայնքի ղեկավարի ընտրությունների համար սահմանված կարգով:
2. Արտահերթ ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
3. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 31.2.-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով:
(24.4-րդ հոդ. լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն օրենք)
Հոդված 25. |
Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը |
Համայնքի ղեկավարը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքից, լինել ավագանու անդամ:
(25-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-167-Ն, 05.02.13 ՀՕ-6-Ն օրենքներ)
Հոդված 26. |
Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը |
Համայնքի ղեկավարի լիազորությունները պետական լիազորված մարմնի ներկայացմամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը, եթե`
1) նա հրաժարական է տվել.
2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
3) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.
4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.
5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
6) նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
7) նա մահացել է:
Նշված դեպքերում համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
Կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:
(26-րդ հոդ. փոփ. 02.05.13 ՀՕ-30-Ն օրենք)
Հոդված 27. |
Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը |
Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`
1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 52,57 տոկոսը.
2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 62,06 տոկոսը.
3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 71,55 տոկոսը.
4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 81,04 տոկոսը.
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 90,52 տոկոսը:
(27-րդ հոդ. փոփ. 05.02.13 ՀՕ-6-Ն օրենք)
Հոդված 28. |
Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կազմավորումը |
Համայնքի ղեկավարն իր լիազորությունները իրականացնում է աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
Համայնքի ղեկավարը իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կառուցվածքները համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում, ինչպես նաև աշխատակիցների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:
Համայնքի ղեկավարը ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում: Համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները վայր են դնում: Համայնքի ղեկավարը աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:
Համայնքային ծառայողների նշանակման և զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին: Բյուջետային հիմնարկների ղեկավարները համայնքի ղեկավարին են ներկայացնում տվյալ հիմնարկների կանոնադրությունները:
(28-րդ հոդ. փոփ. 14.12.04 ՀՕ-45-Ն, 22.12.06 ՀՕ-17-Ն, 30.09.08 ՀՕ-164-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն, 07.12.15 ՀՕ-174-Ն օրենքներ)
Հոդված 29. |
Համայնքի ղեկավարի տեղակալը |
Համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններից բացի, համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
(29-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն օրենք)
Հոդված 29.1. |
Վարչական ներկայացուցիչը |
1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ:
2. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ներկայացուցչի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն ապահովում է աշխատակազմը:
3. Վարչական ներկայացուցչի պաշտոնը հայեցողական պաշտոն է:
4. Վարչական ներկայացուցչի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և աշխատակազմի կանոնադրությամբ:
5. Վարչական ներկայացուցիչը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:
6. Վարչական ներկայացուցիչը գործում է համայնքի ավագանու որոշած նստավայրում:
7. Վարչական ներկայացուցչի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 8-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:
8. Վարչական ներկայացուցչի պահպանման ծախսերը առանձին տողով ներկայացվում են համայնքի բյուջեում:
(29.1-ին հոդ. լրաց. 24.11.15 ՀՕ-149-Ն օրենքներ)
Հոդված 29.2. |
Վարչական ներկայացուցչի լիազորությունների ընդհանուր բնութագիրը |
1. Վարչական ներկայացուցիչը`
1) բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից.
2) հետևում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը և այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
3) աջակցում և կազմակերպում է իր բնակավայրում սույն օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասի 6.1-ին կետով, 33.1-ին հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունների իրականացումը.
4) համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան` անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ և արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
5) մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.
6) իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Համայնքի ղեկավարը պատասխանատու է վարչական ներկայացուցչի գործունեության համար:
(29.2-րդ հոդ. լրաց. 24.11.15 ՀՕ-149-Ն օրենքներ)
1. Աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններում նրա մասնակցությունը:
1.1. Աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ենթակա է հաշվառման:
2. Աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը:
3. Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, մասնավորապես`
1) ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.
2) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.
3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.
4) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.
5) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.
6) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.
6.1) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև ավագանու ընդունած` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ.
7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
8) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.
9) օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
10) օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
11) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
4. Աշխատակազմի քարտուղարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
5. Աշխատակազմի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի) կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային և (կամ) առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանմանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը:
6. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը կարող է ստեղծվել միայն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում:
Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ավագանին:
(30-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-164-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն, 05.02.13 ՀՕ-6-Ն, 19.06.13 ՀՕ-72-Ն օրենքներ)
Հոդված 31. |
Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը |
1. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին:
2. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
3. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգևատրումները և հավելումները:
4. Յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի`
1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,95 տոկոսը.
2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,65 տոկոսը.
3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,43 տոկոսը.
4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,26 տոկոսը.
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար` 81,14 տոկոսը:»:
5. Սույն օրենքի իմաստով հավելումը պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումն է, որը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքում:
6. Հավելավճարը` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումը, սահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաև համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար:
7. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողներին ծանր և վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:
8. Հավելավճարի կիրառման կարգը և չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
9. Աշխատանքի վարձատրության հետ կապված` սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով:
(31-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն, 05.02.13 ՀՕ-6-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 32. |
Համայնքի ղեկավարի իրավասությունը |
Համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով`
1) հրավիրում և վարում է ավագանու նիստերը` սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով.
1.1) համայնքի ղեկավարը անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում.
2) համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
3) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.
4) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունների, կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը` սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված դեպքում.
Համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագիծը և դրանում առաջարկվող փոփոխություններն ընդունվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի երկրորդ պարբերությունով սահմանված կարգով:
5) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.
6) համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
7) համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
8) նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին, վարչական ներկայացուցիչներին.
8.1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով նախատեսված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու և համաձայնեցնելու կարգին համապատասխան` նշանակում է վարչական ներկայացուցիչ.
9) համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքի բյուջետային հիմնարկների ղեկավարներին: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ.
10) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը.
10.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.
10.2) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.
11) կնքում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների համայնքների հետ համագործակցության մասին պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
12) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը.
12.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը և (կամ) դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.
13) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին.
13.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երևան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ` այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ` երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.
14) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.
15) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների).
16) սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը.
16.1) տալիս է համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն.
16.2) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն.
17) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ.
18) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.
19) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրներ.
20) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար.
21) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Սույն հոդվածի 1-17-րդ կետերով նախատեսված լիազորությունները համարվում են համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններ, իսկ 18-19-րդ կետերով նախատեսվածները` պետության պատվիրակած լիազորություններ:
(32-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 20.05.05 ՀՕ-135-Ն, 22.12.06 ՀՕ-17-Ն, 22.02.07 ՀՕ-101-Ն, 30.09.08 ՀՕ-164-Ն, 23.06.11 ՀՕ-227-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն, 06.12.12 ՀՕ-227-Ն, 19.06.13 ՀՕ-72-Ն, 26.02.15 ՀՕ-9-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն օրենքներ)
Հոդված 33. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում |
Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը.
2) կազմակերպում է համայնքի բնակիչների հաշվառումը.
3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
4) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է միջոցներ.
5) իր լիազորությունների շրջանակում կայացրած որոշումներով խթանում է տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի իրականացմանը և նպաստում ու օժանդակում է համայնքում նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացմանը.
6) կանոնակարգում է հավաքների անցկացումը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով.
7) կազմակերպում է փաստաթղթերի պատճենների և կրկնօրինակների տրամադրումը համայնքի արխիվից.
8) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր առանձնացնելու մասին:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) միջոցներ է ձեռնարկում տեխնոլոգիական աղետները կանխելու, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքները վերացնելու ուղղությամբ.
2) սահմանում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը, ապահովում քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան կահավորումը.
2.1) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.
2.2) վերացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը.
3) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեությունն այն համայնքներում, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները.
3.1) միջոցներ է ձեռնարկում իր համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն.
4) վավերացնում է համայնքի բնակիչ համարվող անձանց կտակը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար.
5) հաստատում է համայնքի բնակիչ համարվող անձանց` տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու, աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների` բանկային ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագիրը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար:
(33-րդ հոդ. փոփ. 08.07.05 ՀՕ-145-Ն, 22.12.06 ՀՕ-3-Ն, 16.09.10 ՀՕ-123-Ն, 26.05.11 ՀՕ-167-Ն, 25.05.16 ՀՕ-60-Ն օրենքներ)
Հոդված 33.1. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում |
Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ` իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որևէ ձև կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության և հեռահաղորդակցության).
2) ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ` այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար.
3) կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին.
4) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում և (կամ) ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման և վերապատրաստման ծրագրերում:
(33.1-ին հոդ. լրաց. 19.06.13 ՀՕ-72-Ն օրենք)
i
Հոդված 34. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը ֆինանսների բնագավառում |
Համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն.
2) տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
2.1) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
2.2) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.
3) համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
4) համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ` համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վարկային և փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը.
5) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.
6) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը:
(34-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 27.04.10 ՀՕ-53-Ն օրենքներ)
Հոդված 35. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը հասարակական կարգի պահպանության բնագավառում |
Համայնքի ղեկավարը հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար համայնքի տարածքում գործող ոստիկանությունից կարող է պահանջել համապատասխան աջակցություն, որը ենթակա է պարտադիր կատարման: Ոստիկանությունը համայնքում կատարված իրավախախտումների մասին շաբաթը մեկ անգամ տեղեկատվություն է տրամադրում համայնքի ղեկավարին.
2) անձանց, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ենթարկում է վարչական պատասխանատվության:
Հոդված 35.1. |
Համայնքի ղեկավարի գործառույթները հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում |
1. Հանրային է հավաք չհանդիսացող այն միջոցառումը (տոնակատարություններ, մշակութային ու մարզական միջոցառումներ և այլն), որը տեղի է ունենում բացօթյա վայրում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն), կամ որին կարող են մասնակցել անձինք, որոնց շրջանակը անհատապես որոշված չէ հանրային միջոցառման կազմակերպչի կողմից:
2. Ծիսակատարությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է համայնքի ղեկավարի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով:
4. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցելու երեք հարյուրը, ապա տեղեկացում չի պահանջվում, սակայն հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել համայնքի ղեկավարին:
5. Տեղեկացումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
1) հանրային միջոցառման վայրը,
2) հանրային միջոցառման սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,
3) մասնակիցների սպասվող թիվը,
4) հանրային միջոցառման անցկացման համար օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները,
5) հանրային միջոցառման կազմակերպչի անունը, ազգանունը և առկայության դեպքում` հեռախոսահամարները:
6. Համայնքի ղեկավարը հանրային միջոցառումն անցկացնելու մասին տեղեկացումը քննարկում է հանրային միջոցառման մասին տեղեկացումը ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Եթե պատասխանի ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա պատասխանը ներկայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
7. Եթե համայնքի ղեկավարին ներկայացված տեղեկացումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հանրային միջոցառման ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել սույն հոդվածի 12-րդ մասում նշված վտանգների առաջացմանը, ապա լիազոր մարմինը հանրային միջոցառման անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ: Դրանք կարող են վերաբերել բացառապես հանրային միջոցառման անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին:
8. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին: Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հանրային միջոցառման ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին:
9. Հանրային միջոցառման անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հանրային միջոցառման նպատակը կամ հանրային միջոցառման մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հանրային միջոցառման անցկացման ժամանակի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնել հանրային միջոցառման փաստացի արգելմանը:
10. Այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք է ապահովվի տեղեկացման մեջ նշված` մասնակիցների սպասվող թվով մասնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի տեղեկացման մեջ նշված վայրին:
11. Հանրային միջոցառման մասին տեղեկացման մեջ հիշատակված ժամանակում և վայրում այլ հանրային միջոցառման անցկացումն ինքնին հիմք չէ հանրային միջոցառման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ: Հակառակ դեպքում տեղեկացումն ավելի ուշ ներկայացրած հանրային միջոցառման հանդեպ կիրառվում են սույն հոդվածով սահմանված սահմանափակումները:
12. Եթե ներկայացվել են միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք և հանրային միջոցառում անցկացնելու դիմումներ, ապա նախապատվությունը տրվում է հանրային հավաքին:
13. Եթե միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, ապա նախապատվությունը տրվում է հանրային հավաքին, բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) հանրային միջոցառումն ակնկալվող մասնակիցների թվով էականորեն գերազանցելու է հանրային հավաքի մասնակիցների թիվը, կամ
2) հանրային միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել, և դրա տեղափոխումն այլ վայր կառաջացնի անհամարժեք բարդություններ կամ ծախսեր, և հանրային հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելմանը:
14. Համայնքի ղեկավարը կարող է արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե դա անհրաժեշտ է`
1) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար.
2) հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար.
3) շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար:
15. Համայնքի ղեկավարը չի կարող արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե միջոցառման անցկացման սահմանափակումների միջոցով հնարավոր է կանխել սույն հոդվածի 14-րդ մասում նշված վտանգները:
16. Եթե չեն առաջանում սույն հոդվածով սահմանված հանրային միջոցառումն արգելելու հիմքերը, ապա տեղեկացումը համարվում է ի գիտություն ընդունված: Տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:
17. Հանրային միջոցառման կազմակերպիչը`
1) որոշում է հանրային միջոցառման ընթացքը,
2) պարտավոր է ներկա լինել հանրային միջոցառմանը և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,
3) հանրային միջոցառման ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հանրային միջոցառման մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,
4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հանրային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հանրային միջոցառման բնականոն ընթացքը,
5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին:
(35.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-75-Ն օրենք)
Հոդված 36. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը պաշտպանության կազմակերպման բնագավառում |
1. Համայնքի ղեկավարը պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.
3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:
2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը.
2) աջակցում է զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, ինչպես նաև զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.
3) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
(36-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-216-Ն օրենք)
Հոդված 37. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում |
Համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական գոտիավորման նախագիծը և (կամ) դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները:
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և (կամ) դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների նախագծերը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, կառավարության սահմանած կարգով ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.
1.1) սույն օրենքի 46-րդ հոդվածի չորրորդ մասին համապատասխան կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ).
2) սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը և ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.
3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված` օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները:
Մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով և հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.
4.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.
5) սահմանված կարգով ձևակերպում է շինարարության ավարտական ակտ, ինչպես նաև տրամադրում է ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվություն.
5.1) Կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
6) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
7) իրականացնում է համայնքային սեփականություն համարվող շենքերի ու շինությունների հաշվառումը և բաշխումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.
7.1) մշակում և կազմում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների օտարման ամենամյա և քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.
8) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.
9) կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.
10) կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.
11) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.
12) կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
13) կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները, իրականացնում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նախապատրաստում է համատիրությունների հիմնադիր ժողովները և աջակցում է դրանց անցկացմանը, ինչպես նաև օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձևավորմանը: Ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան.
14.1) կառուցման ավարտի գրանցում չունեցող այն բազմաբնակարան շենքերի, որոնց ստորաբաժանված միավորները առանձին վկայականներով գրանցված են որպես 100 տոկոսից ցածր ավարտվածություն ունեցող անավարտ շինություններ, կառուցման ավարտի գրանցման նպատակներով աջակցում է կառուցապատողի գործառույթների իրականացման համար սեփականատերերի կողմից համապատասխան կազմակերպության ընտրության գործընթացին կամ կառուցապատողի գործառույթների իրականացումը վերապահում է համայնքում գործող` բազմաբնակարան շենքի կառավարմանը որևէ մարմնի, որն իրականացնում է կառուցապատողի գործառույթներ առանձնացված միավորների սեփականատերերի միջոցներով.
15) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.
16) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) իրականացնում է բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը.
2) իրականացնում է կառուցապատման աշխատանքները.
3) կազմում է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, ըստ անհրաժեշտության մշակվող, քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերը.
4) կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը.
5) կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը և շահագործումը:
(37-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 08.07.05 ՀՕ-169-Ն , 26.12.08 ՀՕ-8-Ն, 23.06.11 ՀՕ-227-Ն, 23.06.11 ՀՕ-240-Ն, 29.04.15 ՀՕ-29-Ն, 19.06.15 ՀՕ-92-Ն օրենքներ)
Հոդված 38. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը հողօգտագործման բնագավառում |
Համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կազմում է համայնքների հողերի օգտագործման սխեմաներն ու ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.
1.1) մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա և քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.
2) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով, սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողամասերը.
3) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.
2) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերը.
3) սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողամասերի բարելավման աշխատանքներ.
2) իրականացնում է ներտնտեսային հողաշինարարական աշխատանքներ:
(38-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 23.06.11 ՀՕ-227-Ն օրենքներ)
Հոդված 39. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը տրանսպորտի բնագավառում |
Համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.
1.1) իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթևեկությունը համայնքային ենթակայության ճանապարհների վրա.
2) կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանսպորտային հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը.
3) տալիս է համայնքի տարածքում մարդատար և երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվություն:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.
- իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում և թույլատրում է համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայումն ու հանումը: Երթևեկության այն նշանները, որոնց տեղադրումը համաձայնեցված չէ համայնքի ղեկավարի հետ, իրավական ուժ չունեն:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը.
- կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների և ինժեներական այլ կառույցների շինարարությունը:
(39-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-101-Ն օրենք)
Հոդված 40. |
Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և ծառայությունների բնագավառում |
Համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում.
2) տալիս է ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն:
Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն.
3.1) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.
4) համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:
Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 21.04.2007 թվականից` 27.02.07 ՀՕ-132-Ն օրենք)
6) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին:
7) համայնքի տարածքում տալիս է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի թույլտվություն.
7) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.
8) տալիս է համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:
(40-րդ հոդ. փոփ. 23.05.06 ՀՕ-85-Ն, 27.02.07 ՀՕ-132-Ն, 20.03.12 ՀՕ-40-Ն, 11.09.12 ՀՕ-177-Ն, 06.12.12 ՀՕ-227-Ն օրենքներ)
Հոդված 41. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում |
Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.
- կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.
- կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) աջակցում է արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
2) աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.
3) հաշվառում, դասակարգում և տարածում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային, բնական և տուրիստական-ռեկրեացիոն ռեսուրսների մասին տեղեկատվությունը.
4) աջակցում է երիտասարդության դերի բարձրացմանը.
5) աջակցում է հանրակրթական դպրոցների գործունեությանը:
(41-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն օրենք)
Հոդված 42. |
Համայնքի ղեկավարի գործունեությունն առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում |
Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.
- կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության առողջապահական և մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը.
2) աջակցում է առողջապահական մարմինների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
3) նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ:
Հոդված 43. |
Համայնքի ղեկավարի գործունեությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում |
1. Համայնքի ղեկավարն աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.
1) համայնքի տարածքում կազմակերպում է սոցիալական աջակցության (ծառայությունների) տրամադրումը և տեղական ինքնակառավարման մարմինների` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեությունը:
2. Համայնքի ղեկավարը աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ.
2) միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
(43-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-232-Ն օրենք)
Հոդված 44. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում |
1. Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) կատարում է համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.
2) համաքաղաքային կանոններին համապատասխան` տալիս է քաղաքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում:
2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները`
1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը.
2) աջակցում է տոհմային և սերմնաբուծական աշխատանքներին.
3) կազմակերպում է ագրարային կանոնների պահպանման աշխատանքները:
(44-րդ հոդ. փոփ. 21.06.14 ՀՕ-138-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն օրենքներ)
Հոդված 44.1. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում |
1. Համայնքի ղեկավարը, անասնաբուժության բնագավառում որպես պարտադիր լիազորություն, կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում լիազոր մարմնին:
2. Համայնքի ղեկավարը անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները`
1) աջակցում է անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին.
2) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` ըստ վարակման ռիսկի, սահմանազատում է արոտավայրերը և ջրելատեղերը` անհրաժեշտության դեպքում սահմանափակելով կամ արգելելով դրանց օգտագործումը.
3) աջակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերացման միջոցառումներին, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի և հումքի մեկուսացման, վնասազերծման և ոչնչացման, տարածքների ախտահանման, օրգանական ծագման կենդանական թափոնների տեղադրման, պահման և այդ տարածքներ կենդանիների մուտքի արգելման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի, կենդանական ծագման հումքի և մթերքի հավաքման, պահեստավորման աշխատանքներին.
4) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.
5) աջակցում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման, ինչպես նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման աշխատանքներին:
(44.1-ին հոդ. լրաց. 21.06.14 ՀՕ-138-Ն օրենք)
Հոդված 45. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը բնության և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում |
Համայնքի ղեկավարը բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.
- կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը:
Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումները.
2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից:
ԳԼՈՒԽ 5.
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 46. |
Համայնքի սեփականությունը |
Համայնքն ունի սեփականություն, որի իրավունքը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով: Համայնքի սեփականություն կարող են լինել անշարժ և շարժական գույքը, դրամական միջոցները և գույքային այլ իրավունքներ:
Պետության կարիքների համար համայնքին իր սեփականություն համարվող գույքից զրկելը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ:
Համայնքի սեփականություն համարվող գույքը համայնքի ղեկավարը ենթարկում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք համայնքի ավագանին հաստատում է առաջիկա նիստում:
Գույքագրման փաստաթղթերին կցվում է համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որոնք ներկայացվում են ավագանու հաստատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:
(46-րդ հոդ. փոփ. 23.06.11 ՀՕ-227-Ն օրենք)
Հոդված 47. |
Համայնքի հողի սեփականությունը |
Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին:
Համայնքն իր սեփականություն համարվող հողերը կարող է տնօրինել, տիրապետել և օգտագործել օրենքով սահմանված կարգով:
(47-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն օրենք)
Հոդված 48. |
Համայնքի գույքի սեփականությունը |
Համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը, սույն օրենքին համապատասխան, սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում է համայնքներին, բացի ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվողներից, ինչպես նաև պետությանն իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքից:
Հոդված 49. |
Համայնքի պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքը |
Սույն օրենքով համայնքներին վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքը, որը պատկանում է պետությանը, որպես սեփականություն, անհատույց փոխանցվում է համայնքներին:
Համայնքի պարտադիր լիազորություններն իրականացվում են աշխատակազմի, բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով: Համայնքի սեփականություն կարող են դառնալ համայնքի տարածքում գտնվող մանկապարտեզները, կոմունալ տնտեսության և այլ հաղորդակցության ուղիները, ջրմուղի, կոյուղու, ոռոգման, ջեռուցման, աղբահանության համակարգերը:
Համայնքի սեփականություն կարող են դառնալ նաև համայնքի տարածքում գտնվող մասնագիտացված դպրոցները, ակումբները, մշակույթի տները, թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները, գրադարանները, ցուցահանդեսները, շուկաները, առողջապահական և տրանսպորտային կազմակերպությունները, փողոցները, հրապարակները, կամուրջները, բազմաբնակարան շենքերի բնակարանները և ոչ բնակելի տարածքները, ընդհանուր օգտագործման տարածքները, գերեզմանատները, ինչպես նաև վարչական շենքերը, կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտներն ու շինությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, տրանսպորտային միջոցները, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ներհամայնքային ցանցերը, խմելու և ոռոգման ջրատարները, ինչպես նաև անշարժ ու շարժական այլ գույք:
Համայնքներին, որպես սեփականություն փոխանցվող գույքի հետ միասին, սեփականության իրավունքով փոխանցվում է նաև գույքին ամրակցված հողը:
Գույքը համայնքներին սեփականության իրավունքով փոխանցվում է սույն օրենքով սահմանված կարգով` կառավարության որոշմամբ հաստատված ցանկերին համապատասխան:
(49-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն օրենքներ)
Հոդված 50. |
Համայնքի սեփականության գոյացման աղբյուրները |
Համայնքի սեփականությունը գոյանում է`
1) պետական սեփականություն համարվող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց.
2) համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունից.
3) համայնքի բյուջեի եկամուտներից և օրենքով չարգելված այլ ֆինանսական մուտքերից.
4) համայնքի բյուջեի հաշվին ձեռք բերված գույքից.
5) բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, հիմնարկների և կազմակերպությունների նվիրատվություններից.
6) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Հոդված 51. |
Համայնքի սեփականության օտարման սահմանափակումը |
Համայնքի սեփականություն համարվող հողերը կարող են օտարվել համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու համայնքի հողերի օգտագործման սխեմայով սահմանված նպատակներին համապատասխան և համայնքի տարածքում տնտեսական գործունեության խթանման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված դեպքերում:
Համայնքն իր տարածքում տնտեսական գործունեությունը խթանելու նպատակով իր օտարած հողի նկատմամբ հինգ տարվա ընթացքում ունի առաջնային հետգնման իրավունք հողամասի շուկայական գնով:
Համայնքի հողի օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները: Պայմանագրի խախտման դեպքում դա կարող է լուծվել դատական կարգով:
Գույքի օտարումից ստացվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են սույն օրենքով սահմանված կարգով և ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:
Համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման այլ սահմանափակումները սահմանվում են օրենքով:
Համայնքի սեփականություն համարվող ոռոգման համակարգերը (տնտեսային և ներտնտեսային ոռոգման համակարգերը) օտարման ենթակա չեն:
(51-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն,21.12.10 ՀՕ-6-Ն, 23.06.11 ՀՕ-227-Ն, 24.10.11 ՀՕ-271-Ն օրենքներ)
Հոդված 52. |
Համայնքի տնտեսական գործունեությունը |
Համայնքը, իր լիազորությունների իրականացման նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել բյուջետային հիմնարկներ, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:
Համայնքային հիմնարկները և կազմակերպությունները կարող են լինել`
1) բյուջետային հիմնարկներ.
2) առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք ամբողջությամբ պատկանում են համայնքին.
3) առևտրային կազմակերպություններ, որոնցում համայնքը մասնակի սեփականատեր է:
ԳԼՈՒԽ 6.
ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ
Հոդված 53. |
Համայնքի քառամյա զարգացման ծրագիրը |
Համայնքի քառամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը և նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացումը:
Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի քառամյա զարգացման ծրագիրը և իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ներկայացնում ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, անհրաժեշտության դեպքում դրա մեջ կատարում փոփոխություններ և (կամ) լրացումներ և ընդունում է այն նիստին ներկա ավագանու անդամների ձայների կեսից ավելիով: Համայնքի քառամյա զարգացման ծրագրի գործողության ժամկետի ընթացքում համայնքի ավագանու անդամների ընտրություն կայանալու դեպքում ավագանու լիազորություններն ստանձնելուց հետո` եռամսյա ժամկետում, համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կողմից կարող են առաջարկվել քառամյա զարգացման ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ:
Համայնքի քառամյա զարգացման ծրագիրը պետք է համահունչ լինի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման և այլ ռազմավարական ծրագրերին:
Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր կարգով ներառվում են`
1) համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ.
2) շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախատեսվող միջոցառումներ.
3) համայնքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ.
4) աղետների ռիսկերի կառավարման և քաղաքացիական պաշտպանության հիմնական մոտեցումներ.
5) համայնքի կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներ:
Մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը ենթակա է հրապարակման` օրենքով սահմանված կարգով:
Համայնքի քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած հաշվետվությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, քառամյա զարգացման ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են առաջարկվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կամ մշտական հանձնաժողովների (եթե դրանք ձևավորված են) կողմից:
Սույն օրենքի 77.2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մարմինը մշակում և համայնքների ղեկավարներին է ներկայացնում համայնքի քառամյա զարգացման ծրագրի մշակման մեթոդական ուղեցույցը:
(53-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-164-Ն, 23.06.11 ՀՕ-227-Ն, 07.12.15 ՀՕ-174-Ն օրենքներ)
Հոդված 54. |
Համայնքի բյուջեն |
Համայնքի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի և համայնքին` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:
Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին: Ավագանին համայնքի բյուջեում փոփոխություններ է կատարում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ: Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատում է ավագանին:
Համայնքի բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Համայնքի բյուջեն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(54-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-164-Ն օրենք)
Հոդված 54.1. |
Համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունը |
Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և (կամ) տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին` աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ):
Համայնքի ղեկավարը մինչև համայնքի զարգացման քառամյա ծրագրի և (կամ) տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:
Խորհրդակցական մարմնի գործունեության կարգը, հանրային բաց լսումների կազմակերպման, անցկացման և դրանց վերաբերյալ ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է համայնքի ավագանին:
(54.1-ին հոդ. լրաց. 19.06.13 ՀՕ-72-Ն օրենք)
Հոդված 55. |
Համայնքի բյուջեի քննարկումը և հաստատումը |
Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերը փոփոխվում են, ապա համայնքի ղեկավարը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:
Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:
Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:
Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:
Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:
Պետական լիազորված մարմինը և մարզպետարանները մեթոդական և խորհրդատվական օգնություն են ցույց տալիս համայնքի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վերահսկում են բյուջետային գործընթացը:
Համայնքների բյուջեներ կազմելու և ներկայացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:
Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում կայացնելու դեպքում համապատասխան մարզպետը հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:
Եթե դիմումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կառավարությունը նման որոշում չի կայացնում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:
Համայնքի ղեկավարի` կառավարության պահանջով հրաժարական տալու դեպքում, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս համայնքի նոր ղեկավարը համայնքի ավագանուն բյուջեի նախագիծ է ներկայացնում քսան օրվա ընթացքում: Դա քննարկվում և հաստատվում է օրենքով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:
Ավագանիների կողմից համայնքների բյուջեների քննարկման և հաստատման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
Հոդված 56. |
Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները |
Բյուջետային տարվա համար համայնքի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:
Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը` բյուջեի դեֆիցիտը (այսուհետ` պակասուրդ):
Համայնքի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով կատարված մասնավորեցումների) պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքային բյուջեներ` օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Համայնքի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:
Համայնքի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է համայնքի ավագանու` տվյալ տարվա համայնքի բյուջեի մասին որոշմամբ:
Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող համայնքի բյուջեի`
ա) վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա համայնքի բյուջեի վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք և նախորդ տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը.
բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական դրամաշնորհների գումարների և համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:
Եթե համայնքի բյուջեն հաստատվում է առանց պակասուրդի, ապա պետական լիազորված մարմինն այդ համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:
Համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում պետական լիազորված մարմինն այդ համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:
Համայնքի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, վերջինիս սահմանած կարգով, մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա համայնքի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ վարկային պարտքը մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:
(56-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն, 24.10.07 ՀՕ-225-Ն, 23.12.13 ՀՕ-194-Ն օրենքներ)
Հոդված 57. |
Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները |
Համայնքի բյուջեն ձևավորվում է համայնքների բյուջեներին` օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերից, այդ թվում`
1. Հարկային եկամուտներ`
ա) տեղական հարկերից`
- հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,
- գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,
- հյուրանոցային հարկ.
բ) (բ) ենթակետն ուժը կորցրել է 05.06.2010 թվականից` 27.04.10 ՀՕ-53-Ն օրենք)
գ) եկամտային հարկից մասհանումներ.
դ) շահութահարկից մասհանումներ.
ե) բնապահպանական վճարներից մասհանումներ.
զ) հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ:
Եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական վճարների գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների տոկոսաչափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
2. Տուրքեր`
ա) պետական տուրքեր, այդ թվում`
- քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար,
- նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.
բ) տեղական տուրքեր:
3. Այլ եկամուտներ, այդ թվում`
ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ.
բ) համայնքի սեփականություն համարվող հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ.
գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ.
դ) համայնքի սեփականություն համարվող ընկերությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ.
ե) տեղական վճարներ.
զ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարներ.
է) համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.
ը) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորությունների իրականացման համար համայնքների բյուջեներից` ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ.
թ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները:
4. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներ`
ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում` համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող միջոցները.
բ) համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները:
5. Պաշտոնական դրամաշնորհների ձևով ստացվող հատկացումներ, այդ թվում`
ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ.
բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ).
գ) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ:
6. Համայնքի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ, այդ թվում`
ա) վարկերի և փոխատվությունների ձևով ներգրավված միջոցներ, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու կարգը սահմանում է կառավարությունը.
ա1) համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.
բ) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները, որոնք ուղղվում են`
- Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով,
- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:
Երևան քաղաքում գտնվող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:
Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները սույն մասի «բ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:
(57-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 11.04.03 ՀՕ-542-Ն, 13.12.04 ՀՕ-127-Ն, 20.05.05 ՀՕ-103-Ն, 13.06.06 ՀՕ-137-Ն, 24.10.07 ՀՕ-225-Ն , 26.12.08 ՀՕ-8-Ն, 27.04.10 ՀՕ-53-Ն, 22.12.10 ՀՕ-259-Ն, 23.12.13 ՀՕ-194-Ն, 07.12.15 ՀՕ-174-Ն օրենքներ)
Հոդված 58. |
Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները |
Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով հատկացվում են դոտացիաներ: Համայնքներին չեն կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված ֆինանսական միջոցներն օգտագործել որևէ կոնկրետ ծախս իրականացնելու կամ հաշվանցում կատարելու համար:
Պետական բյուջեից համայնքներին համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը (ներառյալ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) հաշվարկվում է` հիմք ընդունելով տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը:
(58-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն օրենք)
Հոդված 59. |
Համայնքային բյուջեների վարկերը և փոխատվությունները |
Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, բյուջեի ծախսերը կատարելու նպատակով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային վարկեր և փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը): Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:
Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Համայնքը պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չի գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:
Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն համայնքի բյուջեի եկամուտները և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները: Համայնքի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի):
(59-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-542-Ն, 20.05.05 ՀՕ-103-Ն օրենքներ)
Հոդված 60. |
Համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները |
Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով մատուցվող ծառայությունների` ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման, բազմաբնակարան շենքերի սպասարկման և այլ ծառայությունների իրականացման համար համայնքն օրենքով սահմանված կարգով սահմանում է վճարներ:
Վճարների չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ: Եթե այդ ծառայություններն իրականացնում են համայնքի բյուջետային հիմնարկները, ապա գանձված գումարն ուղղվում է համայնքի բյուջե:
Այդ ծառայությունների մատուցումն առևտրային կազմակերպություններն իրականացնում են մրցութային կարգով, որին մասնակցում է համայնքային` այդ ոլորտում ծառայություն մատուցող առևտրային կազմակերպությունը: Այդ դեպքում մրցույթի պայմաններից մեկը համայնքի առաջարկած սպասարկման վճարի առավելագույն չափն է:
Համայնքի սեփականություն համարվող առևտրային կազմակերպության կողմից մրցույթը շահելու դեպքում ծառայությունների իրականացման համար վճարները գանձում է տվյալ կազմակերպությունը:
Եթե մրցույթի հաղթող է ճանաչվում համայնքի սեփականություն չհամարվող այլ կազմակերպություն, ապա հաղթող կազմակերպության հետ համայնքը կնքում է պայմանագիր, որում, մրցույթի արդյունքներից ելնելով, ամրագրվում են ծառայության իրականացման պայմանները, դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք գանձում է տվյալ կազմակերպությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(60-րդ հոդ. փոփ. 23.06.11 ՀՕ-240-Ն օրենք)
Հոդված 61. |
Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը |
Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին համայնքի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
Համայնքի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են պարտադիր և կամավոր լիազորությունների իրականացման հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության պատվիրակված լիազորությունների կատարման և ֆոնդային մաս միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:
Համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են պարտադիր և կամավոր լիազորությունների իրականացման հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:
(61-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 11.04.03 ՀՕ-542-Ն, 24.10.07 ՀՕ-225-Ն օրենքներ)
Հոդված 62. |
Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը |
Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:
Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով:
Համայնքի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:
Վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար, ավագանու առաջարկությամբ, կառավարության որոշմամբ և սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղման դեպքերի («ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը»):
Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչև նույն բյուջետային տարվա ավարտն ամբողջ ծավալով համայնքի բյուջեի ֆոնդային մաս հետ չվերադարձնելու դեպքում, համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, կառավարության սահմանած կարգով մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու մեկ բյուջետային տարվա կտրվածքով ծրագիր, որը համայնքի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները հետ վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:
Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:
(62-րդ հոդ. փոփ. 04.12.07 ՀՕ-291-Ն օրենք)
Հոդված 63. |
Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը |
Համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը համայնքի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է`
ա) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը.
բ) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:
(63-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-542-Ն, 20.05.05 ՀՕ-103-Ն օրենքներ)
Հոդված 64. |
Համայնքի զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը |
Համայնքի զարգացման քառամյա ռազմավարական ծրագիրը և տարեկան բյուջեն հրատարակվում են:
Ռազմավարական ծրագիրը և բյուջեն համայնքի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:
(64-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-164-Ն օրենք)
Հոդված 65. |
Համայնքի բյուջեի կատարումը |
Համայնքի ղեկավարը բյուջեի հիման վրա ճշտում է աշխատակազմի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և բյուջետային հիմնարկների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:
Համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, ապահովում է բյուջեի կատարումը, պարտադիր կարգով ստորագրում է բոլոր ֆինանսական փաստաթղթերը և անձնական պատասխանատվություն է կրում ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:
(65-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն օրենք)
Հոդված 66. |
Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը |
Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ` գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով, որտեղ ամեն համայնք ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:
Համայնքի հաստատված բյուջեն, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է համայնքի բյուջեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են համայնքի բյուջեով և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համայնքին` հատուկ ծրագրերի իրականացման նպատակով մասնավոր անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված ֆինանսական միջոցներն այդ անձանց պահանջով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել որևէ բանկում:
Գանձապետական ստորաբաժանումները համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի մասին համայնքի ղեկավարին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ:
(66-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն օրենք)
Հոդված 67. |
Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը |
Տեղական հարկերի, տուրքերի և վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, համայնքի մասնակցությամբ կազմակերպությունների` իրեն հասանելիք շահույթի մասնաբաժնի, համայնքի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը համայնքի բյուջե ինքնուրույն ապահովում են համայնքների համապատասխան ստորաբաժանումները: Եկամտային հարկի, շահութահարկի մասհանումների մուտքը համայնքի բյուջե ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ազգային ժողովի ընդունած օրենքներով` համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի:
(67-րդ հոդ. փոփ. 06.12.04 ՀՕ-165-Ն, 14.12.04 ՀՕ-45-Ն, 11.11.05 ՀՕ-219-Ն, 24.10.07 ՀՕ-225-Ն, 27.04.10 ՀՕ-53-Ն, 22.12.10 ՀՕ-259-Ն օրենքներ)
Հոդված 68. |
Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունը |
Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ` կատարված ծախսերի վերաբերյալ:
Բյուջեի կատարման վերահսկողությունը մշտապես և արդյունավետ իրականացնելու նպատակով համայնքների ավագանիները կարող են սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է համայնքային բյուջեից:
Հոդված 68.1. |
Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը |
Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով:
(68.1-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-5-Ն օրենք)
Հոդված 69. |
Համայնքի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը |
Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում բյուջեի ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն:
Համայնքի ղեկավարը մինչև համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:
Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:
Համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինը համայնքի ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները:
Համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավարը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս է անհրաժեշտ բացատրություններ:
Համայնքի ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ կարող է անցկացնել նաև անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում` դիմել համապատասխան իրավասու մարմիններ:
Համայնքի ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:
Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:
Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:
Համայնքների բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունների քննարկման և հաստատման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
(69-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-542-Ն, 19.06.13 ՀՕ-72-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 7.
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 70. |
Տեղական ինքնակառավարումը և պետական կառավարումը |
Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է անմիջականորեն, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
Տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման մարմինների մասը չեն: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումը պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:
Հոդված 71. |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:
Պետությունն իր ընդունած օրենքներով չի կարող ավելացնել համայնքի պարտադիր լիազորությունները կամ նվազեցնել եկամուտները` առանց համապատասխան ֆինանսական փոխհատուցման սույն օրենքի 67-րդ հոդվածի համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են դատարանում բողոքարկել համայնքի իրավունքները խախտող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները:
Պետական լիազորված մարմինը, ինչպես նաև համապատասխան մարզպետը, կարող են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկել դատարան:
(71-րդ հոդ. փոփ. 14.12.04 ՀՕ-45-Ն, 20.05.05 ՀՕ-103-Ն , 26.12.08 ՀՕ-8-Ն օրենքներ)
Հոդված 72. |
Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի ներկայացմամբ |
Մարզպետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ:
Մարզպետը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն`
1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարվելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարվելու դեպքում.
2) երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող մի շարք որոշումներ.
3) մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից երկու անգամ նիստ չհրավիրվելու դեպքում:
Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի հիմնավորումները և, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետական լիազորված մարմին և մարզպետին: Մարզպետը պետական լիազորված մարմնի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը և համայնքի ավագանու որոշումը:
(72-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 26.12.08 ՀՕ-8-Ն, 02.05.13 ՀՕ-30-Ն օրենքներ)
Հոդված 73. |
Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից |
Համայնքի ավագանու կամ համապատասխան մարզպետի` օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու կամ համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` համայնքի ղեկավարի պաշտոնանկության հիմքերի մասին եզրակացությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ: Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը:
Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում:
Կառավարության` համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ուղարկվում է համայնքի ղեկավարին և ավագանուն:
Պաշտոնանկ անելու` կառավարության որոշումը համայնքի ղեկավարը կամ ավագանին կարող են բողոքարկել դատարան` կառավարության որոշումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:
Մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ չեն կարող նշանակվել, իսկ համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել:
Կառավարությունը, համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նշանակում է արտահերթ ընտրություններ:
(73-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 26.09.06 ՀՕ-166-Ն, 26.12.08 ՀՕ-8-Ն օրենքներ)
Հոդված 74. |
Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կառավարության կողմից |
Սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, նշանակում է արտահերթ ընտրություններ:
(74-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն օրենք)
Հոդված 75. |
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը |
Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի կառուցվածքային և (կամ) հաստիքացուցակի փոփոխություններ:
(75-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 30.09.08 ՀՕ-164-Ն, 08.12.11 ՀՕ-342-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն, 25.05.16 ՀՕ-60-Ն օրենքներ)
Հոդված 76. |
Դատական վեճերի ծախսերը |
Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի, ավագանու անդամի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծագած դատական վեճերի ծախսերն իրականացվում են համայնքի բյուջեից:
Հոդված 77. |
Համայնքների, միջհամայնքային միավորումների միավորման նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը |
Պետությունը համայնքների, միջհամայնքային միավորումների միավորման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Ազգային ժողովի և կառավարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը, ոչ ավելի, քան տարին մեկ անգամ ստուգում է պետական բյուջեից համայնքներին, միջհամայնքային միավորումներին միավորմանը տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը:
Ստուգումների անցկացումը համայնքներում արգելվում է ընտրություններից մեկ ամիս առաջ և մինչև դրանց պաշտոնական ավարտը:
(77-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն, 25.12.06 ՀՕ-5-Ն, 26.12.08 ՀՕ-8-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 7.1.
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
(7.1-ին գլուխը լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն օրենք)
Հոդված 77.1. |
Վարչական հսկողության բովանդակությունն ու սահմանները |
Վարչական հսկողությունը տարածվում է համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:
Համայնքի ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանափակվում է` բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականությունը ստուգելով (այսուհետ` իրավական հսկողություն):
Համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանվում է այդ լիազորությունների իրականացման օրինականությունը, արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով (այսուհետ` մասնագիտական հսկողություն):
Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(77.1-ին հոդ. լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն օրենք)
Հոդված 77.2. |
Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները |
Իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները մարզպետներն են, որոնք իրականացնում են իրավական ու մասնագիտական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:
Մարզպետը իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան:
Առանձին դեպքերում մարզպետը իրավական հսկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ կարող է իրականացնել ամենամյա աշխատանքային ծրագրում չընդգրկված միջոցառումներ:
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաև սույն օրենքի 77.2-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր և հիմնավորված:
Իրավական հսկողության բարձրագույն մարմինը համայնքում կարող է իրականացնել իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:
Իրավական հսկողության բարձրագույն մարմինը սահմանում է կառավարությունը:
Պետության պատվիրակած յուրաքանչյուր լիազորության իրականացման նկատմամբ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում այդ լիազորությունը:
Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները համայնքում պատվիրակված լիազորությունների նկատմամբ մասնագիտական և իրավական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` բարձրագույն իրավական հսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնությամբ, նրա կամ մարզպետի պահանջով:
Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինն արդարադատության նախարարությունն է:
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով:
(77.2-րդ հոդ. լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն, 26.12.08 ՀՕ-8-Ն օրենքներ)
Հոդված 77.3. |
Վարչական հսկողության կանխարգելիչ (պրևենտիվ) միջոցները |
Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով խորհրդատվություն մատուցել նրանց իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:
Իրավական և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով, սեփական և պետության պատվիրակած լիազորությունների հետ կապված, տալ պաշտոնական պարզաբանումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով:
(77.3-րդ հոդ. լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն օրենք)
Հոդված 77.4. |
Վարչական հսկողություն իրականացնող մարմինների` տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու իրավունքը |
Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը, ինչպես նաև սույն օրենքի 77.2-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները իրավասու են ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության ոլորտին առնչվող փաստաթղթերին: Նրանք կարող են այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների և անգործության իրավաչափությունը, ինչպես նաև պահանջել դրանց հետ կապված փաստաթղթեր:
Իրավական հսկողության բարձրագույն մարմինը և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները սույն օրենքի 77.2-րդ հոդվածով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(77.4-րդ հոդ. լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն օրենք)
Հոդված 77.5. |
Վարչական հսկողություն իրականացնելիս կիրառվող միջամտող միջոցառումները |
Համայնքի ավագանու` օրենսդրությանը հակասող որոշումները փոփոխելու համար մարզպետը համայնքի ղեկավարին առաջարկում է այդ հարցով եռօրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ:
Մարզպետի պահանջով հրավիրվող նիստում որոշումը չփոփոխելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում մարզպետն իրավունք ունի որոշումը բողոքարկելու դատական կարգով:
Համայնքի ղեկավարի` օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին հակասող որոշումները փոփոխելու նպատակով մարզպետն իրավունք ունի դիմելու համայնքի ղեկավարին:
Մարզպետի դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է քննարկել մարզպետի դիմումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ մարզպետի դիմումը չընդունելու մասին որոշում: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անհապաղ ուղարկել մարզպետին: Եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարի կողմից բողոքարկվող որոշումն օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին չհամապատասխանեցնելու դեպքում մարզպետը կարող է բողոքարկվող որոշումն անվավեր ճանաչելու հայցով դիմել դատարան:
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետն իրավունք ունի նրանց առաջարկելու իր սահմանած ժամկետում վերացնել խախտումները: Իր սահմանած խելամիտ ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում մարզպետն իրավունք ունի դիմելու դատարան` տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, կամ համայնքին` պարտավորեցնելու համապատասխան գործողություն կատարելու համար:
Եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա մարզպետը վերահսկողության ընթացքում կամ համապատասխան ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է իր միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնին: ՈՒղղակի վտանգի փաստը պետք է հաստատի տվյալ բնագավառի լիազոր մարմինը:
Սույն մասով մարզպետի կատարած աշխատանքները պետք է հատուցվեն համայնքի միջոցներից այն չափով, որքանով դրանք կլինեն համաչափ և չեն գերազանցի վտանգը չվերացնելու դեպքում պատճառվելիք գույքային վնասի չափը:
Մարզպետը, ինչպես նաև մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները` որպես մասնագիտական հսկողություն իրականացնող մարմին, իրավունք ունեն համայնքի ղեկավարին գրավոր ցուցումներ տալու նաև պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ձևի և բովանդակության վերաբերյալ: Այդ ցուցումը կարող է տրվել ինչպես առանձին համայնքի ղեկավարին, այնպես էլ բոլոր համայնքների ղեկավարներին:
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաև սույն օրենքի 77.2-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր և հիմնավորված:
(77.5-րդ հոդ. լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն օրենք)
Հոդված 77.6. |
Վարչական հսկողության միջոցառումների բողոքարկումը |
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների գործողությունը կամ անգործությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են բողոքարկվել դատարան:
(77.6-րդ հոդ. լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 8.
ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 78. |
Միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը |
Համայնքների որոշակի խնդիրներ համատեղ լուծելու և ծախսերը նվազեցնելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ստեղծել միջհամայնքային միավորումներ:
Միջհամայնքային միավորումներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:
Միջհամայնքային միավորումների խնդիրները, իրավասությունները սահմանվում են օրենքով:
(78-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն օրենք)
Հոդված 79. |
Միջհամայնքային միավորումներ կազմելու կարգը |
Միջհամայնքային միավորումներն ստեղծվում են համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների հաստատած պայմանագրերի հիման վրա:
(79-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն օրենք)
Հոդված 80. |
Միջհամայնքային միավորման մարմինները |
Միջհամայնքային միավորման կառավարման համար ստեղծվում է միավորման խորհուրդ` կազմված համայնքների ղեկավարներից: Միջհամայնքային միավորումն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ:
Միջհամայնքային միավորման խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
ԳԼՈՒԽ 9.
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
(9-րդ գլխի վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն օրենք)
Հոդված 81. |
Մարզի խորհուրդը |
Մարզպետին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարները և մարզպետը:
Մարզպետը հրավիրում և վարում է մարզի խորհրդի նիստերը` իր սահմանած օրակարգով:
Մարզի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հոդված 82. |
Երևանի խորհուրդը |
(82-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.06.2009 թվականից` 26.12.08 ՀՕ-8-Ն օրենք)
(82-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 10.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 83. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած համարել 1996 թվականի հունիսի 30-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հոդված 84. |
Անցումային դրույթներ |
1. Մինչև պարտադիր լիազորությունների իրականացման կարգն օրենքով սահմանվելը, դա կարող է սահմանել համայնքի ավագանին:
2. Կառավարությունը, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը սահմանում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման կարգը և համապատասխան ֆինանսական միջոցները:
3. Պետության կողմից սույն օրենքով համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխությունների հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում պետության կողմից պաշտոնական տրանսֆերտների ձևով համայնքին տրամադրվող հատկացումները կասեցվում են մինչև համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը:
4. Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, տեղական ինքնակառավարման մարմիններին է փոխանցում համայնքի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի սկզբնական հաշվառման տվյալները` հողերի ընթացիկ հաշվառումը և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու նպատակով:
5. Սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված լիազորությունը` իրավաբանական անձանց մասով, համայնքներին է փոխանցվում 2003 թվականի հունվարի 1-ից:
6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի լիազորությունն այդ համայնքներին է փոխանցվում մինչև 2004 թվականի հունվարի 1-ը:
7. (7-րդ մասն ուժը կորցրել է 23.01.2003 թվականից` 26.12.02 ՀՕ-493-Ն օրենք)
8. Պետական սեփականություն համարվող հողերը համայնքներին որպես սեփականություն փոխանցելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ սահմանված կարգով կնքված և պետական գրանցում ստացած վարձակալության (օգտագործման և տիրապետման) պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը: Համայնքներն այդ պայմանագրերի մասով դառնում են պետության իրավահաջորդը:
8.1. Համայնքի ավագանու հավանությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:
8.2. Արգելվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:
9. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:
10. (10-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 07.12.15 ՀՕ-174-Ն օրենք)
11. Սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասության դրույթի իրականացումն ապահովվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում:
12. Սույն օրենքի 67-րդ հոդվածի դրույթները համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ են մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարվանից:
13. Օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:
14. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի ՈՒրցաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ, Սյունիքի մարզի Գորիս, Գորայք, Մեղրի, Տեղ համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, Վայոց ձորի մարզի Զառիթափ, Ջերմուկ, Վայք, համայնքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:
Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջանիստ, Շաղափ, ՈՒրցաձոր, Շիրակի մարզի Ալվար, Աղվորիկ, Ամասիա, Աշոցք, Արդենիս, Արեգնադեմ, Արփենի, Բանդիվան, Բաշգյուղ, Բավրա, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Գոգհովիտ, Գտաշեն, Զարիշատ, Զորակերտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Ծաղկուտ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Հողմիկ, Հովտուն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մեղրաշատ, Մուսայելյան, Շաղիկ, Ողջի, Ջրաձոր, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար, Սյունիքի մարզի Ագարակ, Ալվանք, Ակներ, Արավուս, Բարձրավան, Գորայք, Գորիս, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Ծղուկ, Կարճևան, Կոռնիձոր, Կուրիս, Հարթաշեն, Մեղրի, Ներքին Խնձորեսկ, Նռնաձոր, Շուռնուխ, Շվանիձոր, Որոտան, Սառնակունք, Սպանդարյան, Վահրավար, Վաղատուր, Վարդանիձոր, Վերիշեն, Տաշտուն, Տեղ, Քարահունջ, Քարաշեն, Վայոց ձորի մարզի Ազատեկ, Արին, Արտավան, Բարձրունի, Գնդեվազ, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կարմրաշեն, Հերհեր, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Ջերմուկ, Սարավան, Սերս, Փոռ, Վայք, Տավուշի մարզի Այրում, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Նոյեմբերյան, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները համարել դադարած:
Այդ ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանմամբ և համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:
15. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների ստանձնումը:
(84-րդ հոդ. փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 20.05.05 ՀՕ-103-Ն, 26.12.08 ՀՕ-8-Ն, 23.06.11 ՀՕ-227-Ն, 11.09.12 ՀՕ-177-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն, 21.12.15 ՀՕ-186-Ն, 17.06.16 ՀՕ-101-Ն օրենքներ)
Հոդված 85. |
Եզրափակիչ դրույթներ |
(85-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 07.12.15 ՀՕ-174-Ն օրենք)
(85-րդ հոդ. լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, 08.07.05 ՀՕ-169-Ն, 22.02.07 ՀՕ-101-Ն, 26.12.08 ՀՕ-8-Ն օրենքներ)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2002 թ. հունիսի 5 Երևան ՀՕ-337
|